bannerbannerbanner
полная версияԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)

Լևոն Ադյան
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)

Полная версия

          Երբ ես չեմ լինի` ոչինչ չի փոխվի, արևը կելնի ու մայր կմտնի, անտառից եկող հավքի դայլայլն ու լորի սաղմոսը` հանդարտ ալիքվող դեղձան արտերում, նույնը կլինի, հեռու քաղաքում,  անմոռաց սիրո մրմունջը հոգում`  կորստի ցավից մեկը կարկամած կարտասվի թաքուն…

   Երբ ես չեմ լինի`   ոչ ոք ինձ համար   արցունք չի հեղի նրանից բացի..

Ա՜Խ,  ԵՍ  Ի՞ՆՉ  ԱՆԵՄ…

                                                                                                                    Զույգ որդիներն իմ  թևերն էին իմ,  հատված թևերով,  ա՜խ, ես  ի՞նչ  անեմ:  Ու՞մ բացեմ  սիրտս, որ  ինձ  հասկանա:

Անընդգրկելի, ծանր  է  ցավս, առավել ծանր, որ  այս լույս  օրն  ու  ալվան  աշխարհը նրանց համար  չէ, որ  ես  այլևս չեմ տեսնի նրանց, չեմ լսի  ձայնը  նրանց հոգեթով, խոսքն ու ծիծաղը  անուշաբարո    էլ   չի հնչելու մեր ականջներում:

Ու՞մ պատմեմ ցավս՝  ծովի պես  խորը, ո՞վ կհասկանա, որ ներսում  այրվում, խորովվում եմ լուռ  և  ամեն անգամ,  որդիներին  իմ մտաբերելիս,   մեռնում – հառնում եմ՝  պատկերը նրանց   իմ  աչքի  առջև, սուրբ անունները՝    շուրթերիս  վրա:

Մեծ  տառապանքը  տանում են լռին, ու  ես ինքնակամ  ժպտում եմ մարկանց, քանզի  ուրիշը  ժպիտն  է տեսնում, քո հոգու  ցավը  ոչ  ոք  չի  տեսնում:

Ես ու՞մ,  ու՞մ պատմեմ  ցավը իմ անանց,   մարդ արարածը  ինձ չի  հասկանա… Գնամ  հայրենի հանդերին պատմեմ իմ տվայտանքը, հովից օրորվող  խոտ  ու  ծաղկունքին, մենավոր  կանգնած  ծառերին տրտում,  անտառի   խորքում   զմրուխտ  մամուռով  պատած  քարերին, երգող հավքերին, ձորում կարկաչող  ջրերին պատմեմ  ու նրանց հետ լամ  ցավն իմ մորմոքուն:

ՀՈԳՆԵԼ  ԵՄ    ԱՐԴԵՆ

Ես այս աշխարհից հոգնել եմ արդեն:

Էլ չեմ դիմանում կեղծիքին, ստին, շողոմքոր մարդկանց

շողոմ խոսքերին, հանկարծ փող տեսած՝ հոգով աղքատի զազիր  պահվածքին, փող ունեցողի քամահրանքին, չունեցողների խղճալից տեսքին էլ չեմ դիմանում:

  Սիրտս տարագիր էլ չի դիմանում դրացու դավին, նախանձ ու դժխեմ բարքերին նրանց ու լեզուներին՝ նենգարկու, քսու, ես չեմ դիմանում:

  Հոգիս կեղեքող մորմոքուն ցավին էլ չեմ դիմանում, զի  անկարող եմ գեղեցկատեսիլ իմ որդիներինտեսնել վերստին, անհուն կարոտից փշրված սրտով իմ գիրկը առնել… ախ, որովհետև այլևս չըկան:

Ոչ ոք չի հիշում՝ ով չկա արդեն, ոչ ոք չի հիշի, երբ չենք լինի էլ։ Ապրողն ապրում է, մեռնողը՝ մեռնում, մեռնելը հեշտ է,ապրելն է դժվար,  քանզի ապրել կա՝ մեռելուց վատ է:

Դժվար է ապրել այնպիսի մի տեղ, ուր որ Կայենը և օրենսդիր է, և  վայրագ դահիճ, դատավոր նաև,  և որ նրանցն է արքայությունը երկըրի   վրա    ու  բիլ   երկնքում:

Ես այս անիրավ աշխարհից, իրավ, հոգնել եմ արդեն:

Երանի նրանց, որ չեն ծնվել դեռ…

ԿՅԱՆՔԸ ԵՐԿԱՐ Է ԹՎՈՒՄ

Կյանքը երկար է թվում, քան թե որ կա իրապես:

Կարճատև է այն, ավաղ, փութկոտ անցնում է  օրը, օրը դառնում է տարի, փոփոխվում է ամեն ինչ՝  ինչ որ թանկ էր մեզ համար ոչ հեռավոր անցյալում, դառնում է սին ու չնչին… Եվ վաղանցիկ  այդ կյանքում՝ վատ օրերը

անհատնում, լավ օրերը՝ աննշմար, ու անցնում է կյանքը մեր՝ մեր

իղձերին խոտորնակ,  մեկն ապրում է հրճվալից, աջ ու ահյակ  կտտելով, մյուսը՝ բախտին հնազանդ, աղի արցունք կուլ   տալով:

Արդարություն անձկացի ողջ իմ կյանքում՝ ապարդյուն, որտեղ բարին՝ չարն այնտեղ, ու հաղթյողը նա է միշտ: Հազար ափսոս արդարին՝ այս անարդար աշխարհում: Աստված վատին ստեղծեց՝ լավերի տեղն իմանանք,  ոչ  արդար գործ, ոչ էլ խոսք, մի սպասիր դու տմարդից,  մարդու լեղին, իմացիր, չի հասնիև ոչ մի թույն: Մահն է արդարը միակ՝ ոչ հարուստ է ճանաչում, ոչ զազրելի պաշտոնյա, ոչ էլ անգետ ու գիտուն. անխտրական տանում է հեռու  անհայտ  մի աշխարհ:

Կյանքը սիրուն խաբկանք   է, գալիք օրվան հույս չկա՝ թռչունն մրջյուն է ուտում, վաղը մրջյունը՝ թռչուն:

Կյանքը երկար է թվում, սակայն կարճ է հիրավի, դանդաղասահ ցատկ է մի՝ ծնված օրից մինչև մահ…

ՍԱՆԴՈՒՂՔՆ Ի ՎԵՐ…

Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։ Երեկ՝ հարուստ, հարգ ու պատիվ՝ խնկարկում էր ազգուտակ, այսօր՝ աղքատ, ուղեկիցդ՝ մտքերըդ են տվայտալի, իսկ ընկերդ՝ անհուսալի հույսը վաղվա փուչ  օրվան։

Հրապուրված  սին ու   շողոմ,  սուտ  խոսքերով,  տունս  արած  քարվանսարա,  ոտի  կոխան ամենքի՝ չհասկացա մի  անողորմ ու ցավագին իրողություն. մարդիկ, եղու՜կ, հիշում են քեզ, երբ որ իրենց պետք ես միայն:

Այդպես էլ կար, Տերը վկա, այդպես էլ կար` դժվար օրիս մեկը չկար:

Ինչ    կորցրել՝  չեմ որոնում,  միևնույն  է, էլ չեմ գտնի:Կյանք ասածը դա է,որ կա՝    մեկը ողբում  կորուստը իր, մյուսն` հրճվում իր   գտածով:

Անցածն անցավ, անդարձ անցավ, ինչ որ  պիտի  վաղը     լինի՝ թող որ լինի, ո՞վ  կասի,  թե  վաղվա օրն  ինչ կլինի, ունեցածով    մխիթարվենք ու  չընկճվենք  որպես մի զոհ. չունևորի մորմոքումով՝ ունևորը  հրճվում  է գոհ։

Օրը  մթնում,  անց է կենում,  մութ գիշերվան՝ վաղվա  լույսն  է   հաջորդելու,  բախտդ   թե  սև՝    մի  վհատվիր, սևից  հետո  ճերմակ կգա։ Ամենացուրտ  ձմռանն  անգամ գարնան օրն է դիմավորում,  ո՞վ  է  տեսել, որ ձմեռը  հարատևի…

Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր …

ՈՒՇ Է…

    Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու շեր, շենշող հուշե՜ր, հին հուշերի մշուշներում նվաղ հնչյուն՝ ու՜շ է, ու՜շ է…

    Կարծես երկար կյանք էր տրված՝ վայելելու իմ դիցանույշ գեղեցկուհու սերը վսեմ՝ բայց կյանքն ասես մի ակնթարթ՝ թռավ-անցավ, չհասկացա՝ ինչպե՞ս եկավ, ինչպե՞ս անցավ…

    Հուշե՜ր, հուշե՜ր, ու  հուշերի մշուշներում լուսաշղարշ մի լույս պատկեր կանչում է ինձ սև աչքերի մեղմ դյութանքով, որպեսզի ես  նորից հառնեմ  մոռացումից, գգվեմ նրան ինքնամոռաց,  բույրը առնեմ  ես կաթնահունց  պարանոցի, հրափափուկ շուրթիկների   համը զգամ  ու վերստին տաք շշունջը լսեմ նրա՝ հավերժական սիրո մասին…

    Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու տիվ հուշեր անթիվ, անծայր հուշեր, նվաղուն ձայն   երկնի ծերից՝ արդեն  ու՜շ է, ու՜շ է…

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Կռունկներ իմ, կռունկնե՛ր, անկյունաշար չվերթով ու՞ր եք այդպես թևածում անծայրածիր երկնքով…

Կուռլու-կուռլու… թախծագորով կանչերով գնում եք տաք երկրներ: Ես էլ հավք եմ թևահատ՝ ետ մնացած երամից, ինձ էլ տարեք, ախ, ձեզ հետ, չմնամ այս ցրտերում:

Սիրտս երկիրն է ուզում մեր, ուր մեղմ հով կա շնկշնկան, կակաչազարդ հանդ ու սար, ջինջ գետակներ քչքչան, անտառները թավախիտ իրենց բույրն են ամբրոսում, լորն է կանչում քաղցրալուր դեղնագունած արտերում…

Կուռլու-կուռլու, կռունկներ, սիրուն հավքեր երկնային, իմ տարաբախտ սիրտն առած՝ հեռանում է ձայնը ձեր, իմ կարոտը գեթ տարեք, թե որ ձեր չուն՝ մեղմ տաղով, անց կենա մեր Արցախով …

ՆԶՈՎՔ

     Աստված ստեղծեց երկինք ու երկիր, անծայրածիր էր

երկիրն, ամայի, և սև խավարն էր պատած ամենուր, և Աստծու ոգին լուռ թափառում էր ջրերի վրա:

Եվ Աստված ասաց՝ թող որ լույս լինի, և լույսը եղավ,

և նա գտավ, որ լույսը բարի է ու տարանջատեց լույսը խավարից, լույսը ցերեկն էր, խավարը՝ գիշեր: Եղավ երեկո, եղավ առավոտ, օրն էր առաջին:

Աստված ջրերը հավաքեց մի տեղ ու ծով կոչեց այն, ցամաքը՝ երկիր, հետո նա ծառ ու ծաղկունք արարեց, արև ու լուսին, հորդուն անձրևներ, գետեր

վարարուն, հավքեր բազմաբյուր՝ մեղրածոր երգով, ձուկ ու կենդանի արարեց հետո, որ չէին եղել, աշխարհը համակ լցվեց հմայքով, խոտի շրշյունով, աղբյուրների մեղմ, քնքուշ կարկաչով, և այդ ամենը հաճո էր  ունկին ու աչքին Տիրոջ, նա ասաց՝ լավ է:

Եվ Աստված հետո, վեցերորդ օրը, մի բուռ հող առավ, արարեց մարդուն այդ մի բուռ հողից ու կնոջը նրա՝ իր իսկ ամուսնու սեփական կողից:

   Եվ հետո, հետոտեսավ  տիրադավ բնույթը մարդու՝ ընչաքաղց անդուլ, գծուծ ու դաժան, նենգ ու դրուժան, ագահությունը տեսավ նա նրա, որ հագուրդ չունի, և նրա նախանձն ու տարփանքը զազիր, շուրջը պղծելու, իր մերձավորին  կառափնատելու բնազդը  ատեց ու շատ ափսոսաց, որ ստեղծեց մարդուն  երկրի վրա ու հավիտյանս նզովեց նրան

 

       Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ…

Ո՞վ կմտածեր,որ կգա մի օր`անկամորդ, շվայտ վերնախավերի անողոք կամոք կյանքը մեզ համար շուռ կգա հանկարծ, ու մենք կհայտնվենք կյանքի հատակին:

  Որ կգա մի օր` երեկվա թերուս գողն ու խաբեբան կդառնան հարգի, ամենուր նրանց ծունր կդնեն, լրբերը` սրբեր , կդառնան մի օր, իսկ ազնիվ մարդը կարժեքազրկվի… Ով, տեր իմ Աստված, որտեղի՞ց եկել, այս ու՞ր ենք հասել. գողը փողկապով պատգամավոր է, նա և օրենսդիր, և դատավոր է. փողը իրենցը, երկիրն իրենցը, կամքը իրենցը, կուզեն կայպանեն, կուզեն կսպանեն…

  Ու՞մ մտքով կանցներ, որ մարդը այսպես կարժեքազրկվեր, որ նա ամեն ինչ թողած թուրքերին, իր մարող հույսը` անտես Աստծուն, փախստականի անդուր պիտակով մունջ կդեգերի քաղաքից-քաղաք` հլու-հնազանդ օրավուր աճող արհավիրքներին:

Ո՞վ կմտածեր, որ սև աչքերով իմ նուրբ գեղուհուն բախտը կնետի մի ուրիշ երկիր, ու ես այլևս չեմ տեսնի նրան: Որ ես ամեն օր կհիշեմ նրան ու կերազեմ, նա այցի կգա ինձ երազներում` առաջվա նման գեղեցկատեսիլ ու միշտ ցանկալի` առաջվա նման, հետո կարթնանամ, հոգին իմ կայրվի կարոտից նրա:

Ո՞վ կհավատար, որ կգա մի օր, ու ես` հուսաբեկ, անպաշտպան, անտուն, ինչպես չոր տերև` քամու բերանին, տեղ չեմ ունենա  այս մեծ աշխարհում: Ու տաժանելի մտքերից խոցված, կարող եմ ընկնել տամուկ փողոցում և մարդկանց հոսքից մեկը չի լինի` թեքվի ինձ վրա, որ գոնե նրան, հանգչող շշունջով մրմնջամ նրան, որ խռով եմ ես այս դժխեմ կյանքից. ողջ աշխարհն իմ մեջ ես տեղավորում ` ես այս աշխարհում չեմ տեղավորվում:

Ո՞վ կմտածեր, որ կգա մի օր` կյանքը մեզ համար շուռ կգա հանկարծ… Ու՞մ մտքով կանցներ… Ո՞վ կհավատար…

ԵՐԱՆԻ ԹԵ

          Ղարաբաղն իմ սիրտն է հեռավոր,  եզերքն իմ` այլևս անհաս,  և հոգին իմ` վհատ ու նկուն,  երբ իջնում է գիշերը լուսնկա,  թափառում է քնած հանդերում ու մանկութ կածաններով նրա։

          Դեղձան արտերն այնտեղ ծփուն օրորվում,  ալիքվում են քամուց,   շրջան կազմած`  ծտերի երամն է անցնում հին կալերի վրայով,  ծիրանագույն արևի մեջ տատրակն  օդում կախվում,  քարանում է անշարժ, լորի  գեղգեղանքն է ծորում ծաղկանախշ դաշտերում։

        Երկինքն`    աստղազարդ,  մուգ կապույտ է այնտեղ,   սարերը վսեմ`  աստղերը շաղ եկած սարերի վրա,  ջրերը  կարկաչում են երգեցիկ,     անտառները խշշում   օրնիբուն,   և դյութիչ  բույրերից տամուկ սիրտն իմ ճաքում է ըղձանքից։

Ախ,  հայրենիք իմ հեռու,    մայրական   գերեզման անտեր,   երանի ես էլ հանգեի այնտեղ   և ավերված երազներից իմ սին`     ծաղկեին    հրագույն կակաչներ   `սրտները,    ավաղ,   սևասև։

          Ղարաբաղն իմ հոգին է հեռավոր`  ինձ համար անհաս այլևս…

       Ի Ր Ի Կ Ն Ա Յ Ի Ն Ն Վ Ա Գ

      Երկինք լուսաջինջ, ծովը կապուտակ՝ տաք արևի տակ, ու սերը մեր ջինջԱխ, ինչ բարեբախտ, երջանիկ էինք այն երանելի հեռու եդեմում: Չարի կամոք էր, սև դևի   կամոք ՝ թողած տուն ու տեղ, լքյալ, վշտաբեկ, ինչպես սովահար վայրի գազանից հալածված մի հոտ՝ բախտը մեզ աշնան տերևի նման նետեց այլ ափեր, ու մենք մնացինք իրարից հեռու ու իրար համար լուռ տվայտելիս:

    Մենք բաժանվելիս՝ սիրտն իմ  ասում էր, որ կհանդիպենք:  Մենք կհանդիպենք՝ ասացի նրան, ինքս իմ խոսքին չհավատալով: Նա հոգնած ժպտաց: Սևշող աչքերում  շողը  արցունքի՝ նայեց վշտալից ու մտամոլոր: Սա չի կրկնվի՝ ասաց  հուսաբեկ, ես զգում եմ դա՝ մենք չենք հանդիպի,  էլ չենք հանդիպի մենք  ոչ մի անգամ…  

Իմ Կիթերուհի, գեղաչյա չքնաղ դու իմ Սուլամիթ, քեզանով լցված,

խաչված քեզանով, այսքան տարիներ չտեսած անգամ՝ ինչու՞ եմ դեռ քեզ տենչում կաթոգին, աչքերիդ հուրը ինչու՞ է այսպես այրում իմ հոգին:

  Իմ հուշերի մեջ, առաջվա նման, դու միշտ ցանկալի ու հուզագրգիռ,

շուրթերով բոսոր ու հուզաթրթիռ, անվերջ սրտիս մեջ, անդուլ ինձ հետ ես,

գիշեր ու ցերեկ քեզ եմ երազում՝ լինի արթմնի կամ թե երազում:

   Ախ, իմ պաշտելի, դու ինձնից հեռու, հեռու-հեռավոր, ես՝ կարոտ հոգով

ու մշտամոլոր, սիրտն իմ նվաղուն անունդ է տալիս, կարոտած հոգիս՝ տխրալիր լալիս: Դու գեղահրաշ, դու իմ աննման, քեզնով ի վերուստ խաչված ինքնակամ, ապրում եմ տրտում այս հեռու ցրտում, ու, եթե բան  է, Աստված   չարասցե  ,մենք չհանդիպենք և ոչ մի անգամ, իմացած եղիր, ողջ կյանքում քեզ եմ  սիրել ես միայն՝ հնազանդ, անկամ, ու քո անունն է լինելու շուրթիս իմ վերջին շնչում, քանզի քեզանով, լոկ քեզանով եմ ապրում ու շնչում այս անագորույն   դժնի աշխարհում

ԻՆՉ ԿԼԻՆԵՐ…

 Հեռո՜ւ, հեռու,  իմ հեռավոր հայրենի տուն, ինչո՞ւ  այսպես ես անընդհատ հիշում եմ քեզ, և իմ հոգին կսկծագին, երբ իջնում է գիշերը խոր` լիալուսնի  լույսով զօծված, դեգերում է եդեմական մեր սարերում,  ձորերում մեր խորնդասույզ  ու ցիրուցան մեր հանդերում ծաղկածփուն:

Ինչո՞ւ  այսպես ես վերստին հիշում եմ քեզ, իմ դեմ՝  կապույտ երկինքը մեր, գետը` խելառ, որ խայտալով գլորվում է քարերն ի վար,  անտառները  ամպածրար` խնկարկում են  բուրմունքները իրենց տամուկ, մեղմիվ հովը օրորում է խոտ ու ծաղիկ, զմրուխտ արտից լորն է կանչում տրտմալիր, ու կարոտից,  ա՜խ,  կարոտից  սիրտն իմ ներսում ճաք է տալիս:

Հեռո՜ւ, հեռու, իմ հեռավոր հայրենի տուն, մայրական սուրբ շիրիմ անտեր,  ի՜նչ կլիներ, որդեկորույս ու հուսաբեկ՝  կռունկների երամի հետ  դառնայի ետ, մորս կողքին մարեի մունջ և իմ ավեր երազներից   ալ կակաչներ հառնեին վեր,   հուրհրային`  սրտները սև  իմ սրտի պես…

ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ ԴԵՌ

Պաշտիր դու մորդ, քանի նա դեռ կա, քանի ուշ չէ դեռ…

Սիրիր դու նրան, քանզի ոչ մի տեղ արար աշխարհում մորդ նմանը դու չես գտնելու։ Դու չես գտնելու որևէ մեկին, որ կարոտ սիրտը քո ճանապարհին՝ քեզ անմնացորդ նվիրված լինի, լոկ քեզնով շնչի, լոկ ապրի քեզնով։

Սիրիր դու մորդ, սիրիր անդուլ դու ու մի թերացիր սրտիդ ջերմ խոսքը ասելու նրան։

Կգա ժամանակ՝ անողորմ ու ժանտ, ու դու կափսոսաս, ա՛խ, շատ կափսոսաս, որ չես հասկացել յուր ժամանակին ասելու նրան, թե նա ինչքան թա՛նկ, հարազատ էր քեզ ու երբ նա չկա՝ որբ ես դու արդեն։ Դու կհասկանաս, ամեն ինչ հետո դու կհասկանաս, բայց ուշ կլինի, շատ ուշ կլինի։

…Օրերից մի օր տուն կվերադարնաս անայգ ու անմիտ քո հեռուներից և խոտակալած հին բակում կանգնած՝ անկար ու տրտում, կկանչես նրան՝ քար լռությունը կարձագանքի քեզ…

   ԻՆՔ ՆԱՆԿԱՐ

                                                         Մհեր Մկրտչյանին

  Մարդը հոգնած էր, թշվառ ու տրտում, բայց, երևում էր, հույս կար դեռ սրտում:

Նա հավատում էր, որ ծեր բժիշկը կձերբազատի տանջող մտքերից:

– Կյանքում լինում են այնպիսի պահեր,– ասաց այցելուն,– երբ աչքերիդ մեջ արցունքներ չկան, այնինչ սիրտդ մի ծով է արցունքի… Ցավը կեղեքում, խեղում է հոգիդ,– շարունակեց նա:– Երբեմն կարծես ժպտալ չես կարող կամ թե ծիծաղել, բայց դե ժպտում ես, նույնիսկ ծիծաղում, ծիծաղը պետք է, քանզի ծիծաղով թվում է հեշտ է տանել խոր ցավը… Ցավը քարին են տվել, որ տանի, քարը չի տարել` մարդը տանում է: Անողոք ցավը, որ գիշեր ու զօր հանգիստ չի տալիս:

Նա դադար տվեց մի կիսավայրկյան:

–Տասը տարի է` կինս ընկել է հոգեբուժարան,-հոգնատանջ ձայնով վերստին խոսեց:– Իմ որդին ևս, տանը պարփակված, հոգեկան ծանր խախտումներ ունի… Նախանցյալ տարի Արգենտինայում դուստր կորցրի ավտովթարից…

  Նա երկար լռեց, խոնջացած տեսքով նայեց բժշկին.

– Ես ոչ ոք չունեմ այլևս կյանքում… Մինչև լույս քնել ինձ չի հաջողվում, տանջվում եմ ծանր մղձավանջներից… Օգնե'ք ինձ, բժի'շկ, իմ այս ցավերին դիմակայելու:

Բժիշկը լռին նայում էր նրան:

–Այստեղ կրկեսում խեղկատակ կա մի,– ասաց բժիշկը:– Հավանական է, ամենաանհոգ խենթը աշխարհի, ամեն մի խոսքից, կատակից նրա` պոռթկուն ծիծաղ է, իմ հիվանդներին երաշխավորում եմ հաճախել նրա ներկայացումներին. ծիծաղը բուժիչ հատկություն ունի, և, գիտեք, այո, շատերը արդեն ապաքինվել են… Դուք էլ այցելեք այդ ծաղրածուին, խորհուրդ եմ տալիս, կօգնի անպայման:

Մարդը հոգնած էր, թշվառ ու տրտում ու, երևում էր, հույսը մարում էր մորմոքուն հոգում: Նա դանդաղ ելավ, դառը հոգոցով հրաժեշտ տվեց ծերուկ բժշկին, առանց ասելու` ինքն է կրկեսի անհոգ ծաղրածուն:

ԵՐԲ ՈՐ  ՍԻՐՈՒՄ ԵՍ

      Եթե  սիրում ես՝ արար աշխարհում քո սիրած աղջկա նմանը չկա, հրաշալիք

է   նա մի   չնաշխարհիկ, նուրբ ու կառուցիկ, տեսքով հմայուն, դյութիչ

աչքերում՝ ծեքծեքուն ծիծաղ

Եթե սիրում  ես՝   ժամադրության վայրն է նա գալիս ժամանակից շուտ, իսկ դու շատ

վաղուց կանգնած ես այնտեղ:  Եվ կարևոր չէ՝ երբ եք հանդիպել դուք վերջին

անգամ, այլ՝ ինչ քնքշալից խոսքեր ես ասել դու քո վարդաշուրթ չքնաղ  էակին:

   Եթե   սիրում ես՝ երկինքը՝ ամպոտ,   թվում է անամպ, օրը արևառ, ջինջ ու

լուսափայլ:  Եվ կռունկների ճերմակ երամն է  թևածում այնտեղ կապտաթույր

հեռվում:                                                                

       Եթե  սիրում ես՝ գիշեր թե  ցերեկ, քուն թե արթմնի, աղոթիր Աստծուն դու նրա համար… Եթե   սիրում ես՝ դու չես թողնի, որ նրա աչքերում արցունք երևաԵթե   սիրում եսերբ որ սիրում ես դու խորունկ սիրով ու քեզ սիրում են փոխդարձ

 

սիրով,  թվում է, իրավ,  քոնն է աշխարհը, արև ու լուսին՝ քնած աստղավառ

սարերի ուսին,  խոխոջն աղբյուրի՝ մեղրածոր կարկաչ,  կախկղան  լորի,

շրշյունը հովի, բուրմունքը ծաղկանց, ինքդ՝ սրտացավ, ողորմած, բարի՝

երկնքից իջած սիրո առաքյալ:

Երբ որ սիրում եսերբ քեզ սիրում են

ԵՐԿՆՔԻՆ ՆԱՅԻՐ

Ինչպես որ հավքը՝ մարդը ծնվում է այս մեծ աշխարհում ազատ, երջանիկ ապրելու համար:

Իմ հեռու մանկութ օրերում ես էլ՝ հավք էի անհոգ երազանքներով, բայց ո՞վ է հասել երջանկությանն իր, որ ես հասնեի: Դավն ու ցավերը եղան ինձ ընկեր և մինչև հիմա ուղեկցում են ինձ՝ տանելով դեպի վերջին հանգրվան:

Ժպիտը դեմքի ոչինչ չի ասում, դուք մարդու ներսը նայեցեք մի պահ. կակաչը նույնպես հուրհրատում է տեսքով հրագույն, բայց սիրտը սև է իմ սրտի հանգույն…

Ողջ գիշեր աչքին քուն չեկած մարդը լոկ կհասկանա, թե ինչ երկար է տևում գիշերը, ինչպես որ փայլուն, լավ օրվա գինը չի հասկանա նա, ով որ չգիտի տառապանքն ինչ է: Կամ էլ կուշտ մարդուն հազիվ թե հասնի, թե կողքի մուտքում դրկից է մեռել սովածությունից: Քո ոտքի ցավը քո  սիրտն է զգում, իսկ հոգուդ ցավը ոք չի զգում: Երբ մարդուն կյանքում հասկացող չկա՝ մորմոքուն վիշտն իր ու՞մ պիտի պատմի՝ մամռոտ քարերին, երկնքին մերված ներհուն ծառերին, երգող հավքերին, ջրերին լացկան…

  Ո՜վ մարդ արարած՝ անկշտում, ագահ, ձեռքերդ դատարկ եկար այս աշխարհ, ձեռքերդ դատարկ կգնաս

աշխարհից, այդ ո՞վ է, ասա, բան տարել իր հետ, որ դու էլ տանես, կոշիկդ թե որ ոսկուց էլ լինի, մեկ է՝ ոտքի տակ պիտի որ մաշվի, մարդ եղիր մի քիչ,  տես, արևն ինչպես է գնում մարելու՝ լույսն իր բաշխելով, վարդը թառամում՝ բուրմունքն իր տալով, խունկը այրվում է՝ շուրջը սփռելով հոտն իր բուրավետ: …

Սիրտս կսկծաց. կարկուտը էլի հարուստի արտից խուսանավելով՝ գնաց ջարդելու աղքատի արտը:  Կյանք է, դիմացիր, ասում եմ ես ինձ, թե բախտը քեզնից երես է թեքել, էլ մի ընկրկիր, դառը մտքերը ծանր է տանել: Ոչ թե ոտքի տակ, երկնքի՜ն նայիր՝ լուսաշող մտքեր կունենաս հարկավ:

ՕՐՀՆԵՐԳ

Քեզ հանդիպեցի այսքան ուշացած, այսքան ուշացած սիրեցի ես քեզԻ՞նչ անեմ, ասա, ո՞րն է մեղքը իմ, որ քեզնից ես վաղ, շատ վաղ ծնվեցիՈ՞րն է մեղքը իմ, որ պատահեցի այսքան ուշացած, այսքան ուշացած սիրեցի ես քեզ:

Ողորմիր, Տեր իմ, ողորմիր դու ինձ, պարզիր գաղտնիքդ ազնվաշուք, վսեմ. ի՜նչ ուժ կար քո մեջ՝ ձեռքդ չդողաց, երբ արարվում էր հրաշքն այդ լուսե՝ այդքան անթերի, այդքան կատարյալ ու սքանչելի:

 Սերը ծնվում է անսպասելի ու միանգամից՝ հոգիդ լցնելով ծաղկուն գարունքով: Եվ մի՞թե մեղք է սիրելը, իրավ, այսքան

տարաժամ, բայց ո՞վ է, ասա, որ չի խենթանա քո հուր նայվածքից, տեսքից դեռատի, շուրթերից բոսոր ու սիրատոչոր կամ չի թրթռա հեգ սիրտը նրա՝ քո սև աչքերի լուսաշող փայլից:

Դժվար է կրել ցավը սեփական, խոր սիրո ցավին բալասան չկա, երբ մարդու սրտում մարում է սերը, ապրելը արդեն դառնում է իզուր, և տվայտանքը սիրող սրտերի՝ երբ դու սիրում ես խելահեղ սիրով, նա երջանիկ է մեկ ուրիշի հետՏրվել չեմ ուզում մտքերի նանիր, ուզում եմ, անշուշտ, սիրես դու մեկին՝ քեզ արժանավորին, լինես նրանից կյանքում անմեկին, որ թևավորվեմ քո երջանկությամբ ու քեզնով զգամ ես ինձ բախտավոր...

ԵՂԵՐԳ

 Ես աղերսում էի Աստծուն` Տեր իմ, պահապան եղիր իմ զավակներին, և թախանձում ու պաղատանքն էի հղում  իմ   նրան:

 Խնայիր, Տեր իմ, մրմնջում էի, քանզի կենսարար  արև են նրանք մեր գլխավերև, և  առանց նրանց լուսերես  տեսքի ու մեղուշ   ձայնի  փուչ   է  մեզ  համար աշխարհը արար։

 Երկինքը մթնում. գիշեր էր գալիս. աչքերս բաց էին մինչև լուսաբաց, արցունքի շողն էր լճանում այնտեղ, և վաղնջական օրերը նորեն ետ էին գալիս, ու գեղեցկատեսք իմ որդիները ` միշտ գորովագութ, անապակ հոգով, ուրիշի ցավին հավետ համակիր, մեր կողքին էին, և արեգակը ժպտում էր վերից երջանիկ կյանքի գունեղ ժպիտով:

Եվ այդ տեսիլից թալկացած հոգով, վհատ ու նկուն՝ ձեռքերս պարզած աղաչում էի հեռու Աստըծուն` ողորմիր, Տեր իմ, մի լքիր նրանց ու մի կործանիր, քանզի կորած ենք առանց իրարու:

…Սակայն չանսաց նա պաղատանքին  իմ, եղավ անողորմ, քարսիրտ ու դժնի, և ես հասկացա` սուտ է ամեն բան ու մարեց իմ մեջ հավատն առ Աստված:

ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ

   Ես քեզ սիրում եմ… չէ, սիրելն այն չէ՝ ես քեզ պաշտում եմ, պաշտելն էլ այն չէ՝ քեզնով եմ ապրում, շնչում քո շնչով՝ անարատ ու ջերմ, դու իմ արևն ես, լույսը աչքերիս, տրոփը սրտիս, քանզի ամեն թարթ միտքս ծրում է քո պատկերը թանկ:

Տեսքդ սիրունիկ, աչքերդ ծավի, քո կույս պատկերն ու շուրթերդ կրակ՝ այրում են հոգիս: Դու՝ անկրկնելի ու աննմանական, իմ կ յանք, իմ երազ, իմ սքանչելիս, դու իմ առաջին ու վերջին իմ սեր, դու իմ սուրբ սրբոց, մաքուր ու վսեմ, թույլ տուր մտովի գորովեմ ես քեզ, աղվորիկ դեմքդ շուրթերիս քսեմ, երկնքից իջած դու իմ փերին ես, քո ստվերը անգամ գեղատեսիլ է: Ես սիրում եմ քեզ:

Սերը ծնվում է անսպասելի… ու ես հասկացա՝ սերը հզոր է, առանց մեծ սիրո արև չի ծագի, վարդի կոկոնը չի բացվի բնավ, հավքը չի երգի, ծիլը չի ծակի հաստ շերտը հողի… Իմ սերը նույնպես  ծնվեց ճիշտ այդպես, կյանքս լցնելով դյութիչ հմայքով: Ես սիրում եմ քեզ:

Ու զարմանում եմ, ինչպե՞ս եմ ապրել մինչ այդ առանց քեզ, առանց մատներիդ թովիչ շոյանքի, մեղրածոր ձայնիդ, ծիծաղիդ կարկաչ, առանց շուրթերիդ ջերմին հպումի ինչպե՞ս եմ ապրել. ես դա հասկանալ չեմ կարողանում:

…Ես չեմ տրտնջում ու չեմ արտասվում, որ ինձ հետ չես դու, այլ օրհնում եմ քեզ, որ դու եղել ես, իմն ես եղել դու:

ԿԱՐՈՒՍԵԼ

 Կյանքը փոխվել, շուռ է եկել, արդարին էլ լսող չկա՝ անարդարի ձայնը քանզի բարձր է հնչում, քան արդարի:

Փողի դար է, գողի դար է, բանսարկուի, ստահակի դար է հիմա:  Ֆիանիտը ադամանդի, լիրբը՝ սրբի տեղ է անցնում:

Ով, Արարիչ, խիղճն ինչու՞ ես տվել խեղճին, քար սրտերում խիղճ դնեիր, խիղճը խեղճի ինչի՞ն է պետք:

Ամենախեղճն այս աշխարհում  էշն է մենակ, այդ անլեզու իմաստունը, քաշից ծանր բեռնավորում՝ տանում է լուռ, գլխին խփում, ծեծում են ժանտ,  ձեն չի հանում, տեղովը մեկ բարություն է, անունը՝ էշ: Ութից ավել քուռակ ուներ՝ մինչև հիմա փալանի տակ:

  Մարդ ծնվում է՝ բախտը իր հետ, թե որ աստված բախտ չի տվել՝ զուր է գթալ… Ներիր մեղքը,  բայց մոռացիր ընդմիշտ նրան, ով մի անգամ չի գնահատել  արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ: Ու իմացիր՝ լավ կնոջից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա. բախտն է դա քո: Ծանր խաչը մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից. հնուց ի վեր՝ անհասկացող մարդու ձեռին հասկացողը տանջվել է միշտ:

Էհ, ի՞նչ ասեմ, տերը մեռնի բանսարկուի, քանի՜ տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ՝ իր նենգարկու զազիր լեզվով… Անցողիկ է այս աշխարհում ամեն մի բան, գուցե մի օր էդ էլ կանցնի, հազար անգամ երանի տանք հոգով շռայլ անհատներին, որ փարոսի նման հեռվից լույս են հղում անծիր ծովում մոլորվածին:

Լույսը բարի, խաչակնքենք,՝ չար սրտերը քիչ մեղմանան, սիրտը քար չէ, ամեն դավի որ դիմանա:

ԹԵՎԵՐ ՏՈՒՐ ԻՆՁ

Որտեղ ծնվել, մեծացել ես, այնտեղ պիտի անցնի կյանքդ, որպեսզի քո հայրենի սար ու ձորերի, աղբյուրների ու հանդերի կարոտն անդուլ չայրի հոգիդ…

Ապրեցի ես անհյուրընկալ հեռուներում, վիշտ ու հոգսին ընկերակից, քանի անգամ խաբվեցի ես, բայց մնացի դյուրահավատ ու միամիտ: Ծառ տնկեցի ես քանի հատ` բարը համեղ ուրիշները վայելեցին, զարմ ունեցա գորովագութ` աստված խլեց, տարավ իր հետ` թողնելով ինձ որբ ու վհատ` խոորովվելիս ինքս իմ մեջ, տուն շինեցի ես քանի տեղ` վերջում դարձյալ անօթևան:

Աշխարհներում եղա ես շատ ու շատ բաներ տեսա կյանքում, և հասկացա, որ քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե` նայած զազիր չարակամի զազիր լեզուն այս ու այնտեղ ինչեր կասի անձիդ մասին: Հավատացեք, ճերմակաթույր ձյունը նույնպես աղտոտվում է կեղտոտ ոտքից: Հարևանդ թե որ լավն է` արև է մի շողշողենի, վատը եղավ` քոչիր գնա, օր ու արև չես ունենա աչքից նրա, բայց ու՞ր գնաս և ու՞ր կորչես լավդ չուզող  արյունակից բարեկամից, ու՞ր կարող ես փախչել, ասա, դու քեզանից…

Տեր իմ Աստված, կորով տուր ինձ, որ նենգ մարդկանց մոռանալ ես կարողանամ: Թևեր տուր ինձ անաղուհաց հեռուներից դառնամ ես տուն: Որտեղ ծնվել, մեծացել եմ, այնտեղ պիտի անցնի կյանքս, որպեսզի իմ հայրենի սար ու ձորերի, աղբյուրների ու հանդերի կարոտն անդուլ չայրի հոգիս…

ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ

    Ինչ էլ լինի՝ մի ասա, թե ես եմ, որ կամ, բախտն է տերդ և ոչ թե դու, ժամանակը նաև անկանգ, որ հոսում է հորդ գետի պես՝ տանելով քեզ՝ ափ նետելու մի անհայտ տեղ:

    Մի ասա, թե ես եմ, որ կամ, ժամանակն է տերդ, իմաց, ու բախտը նեռ, կգա մի օր՝ կթառամես, ճոխ մազերդ կճերմակեն ու կթափվեն, կպակասի լույսը աչքիդ, հին օրերի քո գեղանի գեղեցկուհու կերպարանքը կմշուշվի, կգա մի օր՝ դու՝ մեջքից կոր, դեմքդ պատած խորշոմներով, քայլդ՝ գայթուն, թույլ ու անդեմ՝ մարդու հանդեպ, թեկուզ օտար՝ լցված սիրով, նրա ցավին միշտ համակիր, կմտորես մորմոքվելով, թե մարդկային կյանքը ինչու՞ կարճ է այսպես. մարդու կյանքը թատերաբեմ, նա՝ դերասան, դեռ բեմ չելած՝ վարագույրը իջնում է ցած:

    Մի ասա, թե ես եմ, որ կամ, այս աշխարհում մահը որ կա՝ մնացյալը հույսեր են սին, փուչ ու նանիր, ահը մահի սրտից վանիր, ապրիր օրվա ուրախությամբ. վախենում ես կամ թե որ չէ՝ միևնույն է, նա պիտի գա:

         Ինչ էլ լինի՝ մի հոխորտա՝ ես եմ որ կամ, մեկ էլ տեսար՝ դևը եկավ  անագորույն,  ծանր չոքեց տանդ դռան, ասավ՝ ես եմ, ես եմ  որ կամ, տես, եկել եմ քո ետևից:

         Մի ասա, թե ես եմ, որ կամ…

    ՍԵՐԸ Հ ՐԱ Շ Ք Է

  Այս աշխարհում ամեն ինչ էլ անցողիկ է, ու տևական ոչինչ չկա: Ինչ որ կյանքում սկիզբ ունի, ունի և վերջ: Սիրո հուշն է լոկ տևական, որ հեռավոր մշուշների շղարշներից հանկարծ հառնում, թև է առնում, որ դու տարվես ցնորքներով անրջական ու կարենաս երջանկավետ այն պահերի անուշ հուշի ցավը մեղմել: Արագընթաց   քաղցր հուշի, որ առհավետ եկավ անցավ ու այլևս չի կրկնվի:

Ահավասիկ, սիրո հուշն է լոկ տևական, սիրո  հուշը և կորցնելու վախից ծնված խանդը ուժգին, որ մեր ներսում ալեկոծում, ծառս էր  լինում, ընդվզելով սիրացնոր մեր սրտի մեջ, մեր հոգու մեջ, արյան ամեն բջիջի մեջ: Ասում եմ ձեզ` մեռնելն այնքան ահավոր չէ, ինչքան որ այն, որ այլևս չես տեսնելու   զմայլելի տեսքը սիրած քո էակի:

  Սիրո համար ազգություն ու կրոն չկա: Սերը վարդ է, իսկ խանդը` փուշ: Առանց փշի վարդ չի լինում, առանց խանդի` սեր չի լինում: Սերը վեր է ամեն ինչից, քանզի նրա կենդանարար սուրբ լույսով է օծված շուրջը ամեն մի բան: Մի թերացիր, սրտիդ ջերմին խոսքը ասա քո լուսերես գեղեցկուհուն, ով իր կյանքը չի խնայի զուտ քեզ համար: Մի անգամ է կյանքն այդ տրվում ու անցնում է հանց ակնթարթ: Դու պահպանիր սերը նըրա ոնց աչքի լույս և իմացիր, որ փոխադարձ սիրուց վսեմ ոչինչ չկա, այն կորցնելուց հետո, իրավ, անիմաստ է թվում արդեն ապրելն անգամ…

  Սերը` հրաշք, ու անմեռ է, այն հեռավոր մշուշներից հանկարծ հառնում, ճառագում է հանց ծաղկած ծառ` վաղ գարունքին…

                           ՀԻՆ ՀԵՔԻԱԹ

  Հին հեքիաթ է սա: Գուցե եղել է: Գուցե չի եղել: Դա չէ կարևոր:

  Երեք եղբորով երջանկություն էին որոնում մի օր: Եվ պատահեցին երջանկությանը` խորունկ հորի մեջ:

Մեծը` բոլորից, մոտեցավ հորին ու փող խնդրեց: Երջանկությունը փող տվեց նրան, և նա հեռացավ ուրախ, ցնծալից:

Երջանկությունից երկրորդ եղբայրը սիրուն կին ուզեց, որի նմանը չկա ոչ մի տեղ: Երջանկությունը հոժար կատարեց խնդրանքը նրա, և նա հեռացավ սիրուց խենթացած:

Երրորդ եղբայրը մոտեցավ հորին:

–Իսկ քեզ, ասա ինձ, ի՞նչ է հարկավոր,– հարցրեցին հորից:

Եղբայրը երրորդ` մտահոգ նայեց, ասաց կարեկից.

– Դու եղբայրներիս ուզածն արեցիր, նրանք գնացին գոհ ու երջանիկ: Իսկ քե՞զ ինչ է պետք: Գուցե կարենամ մի բանով օգնել:

–Դուրս բեր ինձ հորից:

Երրորդ եղբայրը պարզեց իր ձեռքը, դուրս բերեց հորից, քայլեց դեպի տուն: Երջանկությունը` նրա հետևից…

ԻՆՉՈՒ՞, ԱԽ, ԻՆՉՈՒ՞

Ես նրան տեսա փողոցն անցնելիս:

Գարնան տաք օր էր ու շենշող արև:

Կողք-կողքի կանգնած՝ մինչև որ կանաչ լույսը կվառվեր, շեղահար նայեց, ժպտաց հոգեթով: Այդպես նայում են արբունքի հասած գեղեցկատեսիլ աղջիկները լոկ: Նրա հայացքից ես այրող հարված զգացի իմ մեջ ու թվաց մի պահ՝ կանգ առավ շունչս: Իր սև աչքերով ու աղեղնաձև բարակ հոնքերով, ուսերին մանրալիք իջնող մազերով, շքեղ կորությամբ գծված շուրթերով, տեսքով գեղանի՝ նա թովել էր ինձ: Դու հայուհի՞ ես՝ չգիտեմ ինչու հարցրեցի կարկամ: Նա գլխով արեց ու դարձյալ նայեց նազուն նայվածքով, ու ես հմայված մնացի կանգնած:

Անցավ փողոցը, ժպտուն նայեց ետ, ձեռքով հրաժեշտ տվեց այնտեղից ու խառնվեց մարդկանց անդադար հոսքին:

Ու այդ օրվանից պատկերը նրա աչքիս առջև էր, լուսաստղի նման լույս էր տալիս նա իմ ճանապարհին:

Ինչու՞, ախ, ինչու՞ ես չհարցրի անունը նրա կամ հեռախոսի համարը գոնե, կամ վայրը ուսման, գուցե բախտն էր իմ՝ Աստծո ընծա, որ ամբողջ կյանքում երջանկությունից իմ հոգին ցնծար

Որտե՞ղ է տեսնես իմ հեռու կյանքի չքնաղ գեղուհին, երջանի՞կ է նա, հաջողվե՞ց փրկվել Բաքվի հայատյաց դժխեմ գեհենից, թե՞ հարեմ տարվեց որևէ երկիր կամ թե զոհ գնաց թուրք գազանների վայրի ոհմակին....

   ՈՉ ԵՐԲԵՔ ԻՆՁ ՀԵՏ

  Թե կյանքում ինչ-որ լավ բան է եղել` ինձ հետ չի եղել, այլ մեկ ուրիշի:

  Իմը` միմիայն ջինջ անուրջներում կամ երազի մեջ:

  Այդպես եղել է, հանց ջուրն իր ճամփով` այդպես գնում է, ինչ լավ բան լինում` ինձ հետ չի լինում, միայն ուրիշի:

  Իմը` տվայտանք, անլուր նեղություն, անդուլ տառապանք:

  Ինչու՞ է այդպես` ես չեմ հասկանում: Տերը վերևից այդ է երևի կամեցել գեթ ինձ` որ ինչ որ լավ բան էլ լինի այս կյանքում, ոչ երբեք ինձ հետ, այլ մեկ ուրիշի:

  Իմը` հույսը սին, ու ես ողջ կյանքում` լոկ նրա հույսին:

ԽՐԱՏ ՈՐԴՈՒՍ

Իմացի՛ր, որդի՛ս, կյանքը շատ է կարճ, ժամանակն անցնում՝ անունն է մնում, պիտի աշխատել լավ անուն թողնել մարդկանց սրտերում,որպեսզի հետո ոչ թե ուրիշի,ինքդ քեզ ասես՝ իզուր չապրեցի ես այս աշխարհում: Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ զուտ ինքներս մեզ: Մեր անցած կյանքից ոչինչ չենք վերցնում հուշերից բացի: Այս էլ իմացիր, ուրիշի հորը չհարգող որդին հազիվ իր հորը բանի տեղ դնի: Այդպես է, որդի՛ս, ծընողի տեղը չիմացող մարդը Տեր-Աստծո տեղը հազիվ իմանա:

Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մ՛ի ակնկալիր: Հանուն իր շահի՝ տունդ կքանդի՝ դեմքիդ ժպտալով: Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած՝ բանսարկում է քեզ իր ընկերոջից: Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում: Բարեկամ չէ նա և ոչ էլ ընկեր, եթե կողքիդ չէ, երբ նեղն ես ընկել: Ավա՜ղ, մենք մարդուն գնահատում ենք լոկ՝ երբ չկա արդեն:

  Աստծուն բարձրում չէ՝ քո մեջ որոնիր, թե որ չգտար՝ զուր ես որոնում: Ընկել ես հանկարծ՝ տուր ձեռքդ, ելիր, որ մեկ ուրիշին էլ դու ձեռքդ մեկնես՝ ելնելու տեղից: Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ ճոխություն՝ այնտեղ դավեր ու նենգամտություն:

Ինչ էլ որ անես՝ օտար ափերում  անկոչ հյուր ես դու, հայրենի հողում  սարքիր քո տունը: Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդն իր տանը սոսկ կարող է ըզգալ իրեն երջանիկ:

Ապրիր, վայելիր, քանի ջահել ես, գնա ընդառաջ քո վայելքներին: Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը՝ երկու կես արած՝ մորն է քաշելու: Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի: Աչքիդ մի խաբվիր՝ ականջներիդ էլ հավատա մեկ– մեկ:

Եթե սիրում ես, ի՞նչ կարևոր են գույնը աչքերի, տարիքը անգամ, սերն է կարևոր, արարչական այդ վայելքը վսեմ, պահպանի՛ր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի շենշող բերկրանքով: Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ՞ որ կյանքը հենց դա ինքնին սեր է: Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն ինքնասիրելուց,  դու անքեն եղիր, այն ծնվում է և կորցնելու վախից:

Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ ողջ ու առողջ են, փառք տուր Արարչին՝ նոր օրվա համար, ժպտա արևին, չէ՞ որ արևը ծագել է նաև, որ զվարթ հոգով ժպտաս դու իրեն:

ՄՈՐՄՈՔ

Սարերն ի վեր դեպի լուսին ոլոր-մոլոր ճանապարհ, սարի ուսին թառած լուսին, բլրալանջին՝ քնած մի գյուղ, շուրջն անտառներ, ձոր ու լեռներ, ծղրիդի երգ միալար:

Աստղասփյուռ կապույտ երկինք, լուսապայծառ վառ աստղեր, աստղի կաթոց երկինքն ի վար. տեսնես արդյոք ու՞մ աստղն էր, որ այս պահին խավարեց :

Հովի շնչից՝ խոտի շրշյուն, ծաղկի բուրմունք դյութական, մութ ձորակում գետի խոխոջ, ինչ-որ մի տեղ խուլ կրակոց, կրակոցից ահաբեկված՝ լուսնի սահանք երկինքն ի վեր:

Սարի ուսին՝ կիսալուսին , կիսալուսնի կաթնալույսում աղջկական քաղցրահնչյուն զնգուն ծիծաղ՝ ,,Դե լավ էլի,, ,ու թույլ հառաչ, մունջ տատանում ստվերների , մթության մեջ ծղրիդի երգ անդադար:

…Հին օրերից ծանոթ պատկեր, ծանոթ վայրեր, ձայներ ծանոթ, քուն թե արթուն՝ մտամոլոր այցելում են ինձ ամեն օր:

ԳՈԻՑԵ ՄԻ ՕՐ…

 Ախ,  մոռացած դու ամեն ինչ`  սեր ու երդում ու   խոստումներ հազարումի,  բաժանվեցիր,  թողնելով ինձ վշտերիս հետ մեն  ու մենակ:

Դու հեռացար`  կրքահարույց  շուրթերին քո կամկար ժպիտ,   ափսոսանքի նշույլ չկար  քո հայացքում,  ախ,   քեզ համար տվայտանքն իմ ոչինչ չարժեր,   ոչինչ չարժեր քեզ կորցնելու մտքից ճչուն ցավն իմ անմար։

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23  24  25  26  27  28  29 
Рейтинг@Mail.ru