bannerbannerbanner
полная версияԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)

Լևոն Ադյան
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)

Полная версия

–Ես պատահաբար հետս վերցրել եմ փոցխը։ Բերե՞մ,– հեռվից, տան բակից հարցնում է Հեղինեն։

''Խորամանկությունդ չանցավ, քույրիկս…'',-մտքում ասում եմ ես Հեղինեին։ Եվ ձայնիս խիստ տոն հաղորդելու նպատակով բարձր ու շատ չոր ասում եմ.

–Ոչ, պետք չէ։– Այդ էր պակաս, որ գյուղացի հայ աղջիկն իր մեծ եղբոր քողքին սիլի-բիլի անի ինչ-որ մեկի հետ, թեկուզ այդ մեկը քո ամենամոտ ընկերը լինի անգամ:

Հետո, ձևացնելով, թե իբր նայում եմ ցանկապատի վրա թեքված ընկուզենուն, աչքի տակով հետևում եմ Զավենին. նա աշխատում է չնայել Հեղինեի կողմը, բայց դա նրան չի հաջողվում։ Իբր ոչինչ չեմ նկատում, ակնոցս հանում, թաշկինակով մաքրում եմ ապակիները, հետո անտարբեր ձայնով ասում եմ.

–Հետաքրքիր է, վաղն ի՞նչ դասեր ունենք։

Զավենը շատ լավ է հասկանում, որ դասերի մասին հենց այնպես ասացի՝ ստեղծված իրավիճակը սքողելու համար (Հեղինեն իմ խոսքից հետո շրխկոցով փակեց բատշգամբի դուռը, մտավ տուն)։ Զավենը իմ հարցին չի պատասխանում, նա ասում է.

–Ի՜նչ գեղեցիկ աստղեր են։ Առաջին անգամ եմ այսպիսի աստղեր տեսնում։

Ես նույնպես նայում եմ երկնքին, Մեծ արչի համաստեղությանը, որի շուրջը առկայծում, ցոլցոլում է աստղերի բույլը։ Երկնքում շատ աստղեր կան, աստղերը անբնական շողշողուն են։ Երկնքից մի աստղ է պոկվում և, ասես պարսատիկից նետված՝ աղեղ գծելով գնում, ընկնում է սարերի ետևում։

–Գեղեցիկ են,– համաձայնում եմ ես։– Նորությո՞ւն է:Մեր լեռներում աստղերը միշտ էլ այդպիսին են եղել՝ խոշոր ու գեղեցիկ։– Եվ որ սատանան դրդեց ինձ փիլիսոփայել։– Եթե աստղերը փայլում են երկնքում, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է։ Այդ աստղերը գեղեցիկ էին և ինը տարի առաջ, երբ մենք առաջին դասարանում էինք, այդպիսի կլինեն նաև մի քանի ամիս հետո, երբ կավարտենք դպրոցը։ Այդ ամենը հին է, իչպես աշխարհը։-Բռնելով Զավենի՝ զարմանք արտահայտող հայացքը՝ ես արագ եզրափակում եմ։-Ավելի լավ է ուրիշ բանից խոսենք։

Զավենը շարունակում է նայել ինձ։ Ես շրջվում եմ, որպեսզի չհանդիպեմ նրա հայացքին։

–Դու տեսա՞ր նրանց,– անսպասելի հարցնում է Զավենը։Ես զգում էի, որ նա հենց դրանից կսկսի:

–Ո՞ւմ։

–Ռուզանին ու Մարատին։ Հենց նոր անցան ձեր տան մոտով. գրադարանից էին գալիս։

–Եվ հետո՞։

–Ամբողջ ամառը քաղաքում է եղել, մոր մոտ…մազերն էլ կտրել, ոնց որ կինոդերասանուհի լինի…

–Ո՞վ։

–Տասերորդ «Ա»-ի Ռուզանը։– Զավենը շեղակի նայում է ինձ։– Լուսնի՞ց ես ընկել, ինչ է,– կեղծ կշտամբանքով հանդիմանում է նա և ավելացնում,– այնպես սիրուն էր…Գիտե՞ս,նա տեղափոխվել է մեր դասարանը:

–Ինչո՞ւ:

–Չգիտեմ: Մարատն ասաց…Իբր թե իր խնդրանքով է փոխադրվել մեզ մոտ:

Երևի յուրաքանչյուր մարդ էլ իմ տարիքում սպասում է ինչ-որ մեկին։ Ես նույնպես սպասում եմ։ Մարդ չգիտի, թե ով է այդ մեկը, ե՞րբ և որտեղից է գալու, որպեսզի տակնուվրա անի կյանքդ։ Իսկ որ նա գալու է՝ դա անկասկած է։ Գրքերում եմ կարդացել այդ մասին:Նախազգացումները, ինչպես երազները, երբեմն ճիշտ են լինում։ Զավենի խոսքերից հետո ինձ հանկարծ այնպես է թվում, թե ես ամբողջ կյանքում սպասել եմ Ռուզանին։ Զարմանալի է…

–Ասում են, իբր, սիրում են իրար։– Նորից Զավենն է։

–Ովքե՞ր,– ակամաբար արտաբերում եմ ես, իսկույն ևեթ զգալով, որ հիմար հարց տվի:

–Դու խելքդ թռցրե՞լ ես,– քմծիծաղում է Զավենը։

Ես փայտի ծայրով խառնում եմ կրակը, կրակը բորբոքվում է, կայծերը երկինք են թռչում։ Մի պահ ոչինչ չեմ գտնում ասելու։

–Իսկ այդ ամենը դու որտեղի՞ց գիտես, -վերջապես հարցնում եմ ես։

–Իսկ ով չգիտի,– ուսերն անտարբեր թոթվում է Զավենը։– Առավոտվանից մինչև իրիկուն միասին են…

Ես Զավենին չեմ ասում, որ առավոտյան ինքս էլ տեսել եմ նրանց։ Աշխույժ զրուցի բռնված՝ նրանք գնում էին փոստի կողմը, հեռվից-հեռու բարևեցին, Ռուզանը նույնիսկ ժպտաց ինձ հրավառության նման շողարձակող իր գեղեցիկ աչքերով։ Ոչինչ չեմ ասում, որովհետև Զավենը, իր սովորության համաձայն, կսկսի հարցերի շարանը։

Աշնան արևը չի ելել դեռ հեռու սարերի ետևից։ Բայց հորիզոնը հրդեհվել է ասես։ Հետո ելավ արևը՝ ներկված մուգ կարմիր գույնի։ Հետո հնչեց դպրոցական զանգը։ Ուր որ է, կհնչի նաև երկրորդ զանգը։ Հարկավոր է շտապել։ Մեր տունը հեռու չէ դպրոցից, մի քանի րոպեում հասնում եմ։ Կանգնել եմ միջանցքում ու չեմ համարձակվում մտնել դասարան։ Այ քեզ հիմարություն. ինձ այնպես է թվում, թե բոլորը գիտեն, որ հանկարծակի սիրահարվել եմ Ռուզանին, և որ այս գիշեր մինչև լույս համարյա չեմ քնել, իսկ լուսադեմին, հազիվ աչք փակած, ես երազում տեսա նրան…

Գրողը տանի, ինչո՞ւ այդպես միանգամից վեհերոտ եմ դարձել։ Սիրտս արագ ու անկանոն խփում է, թվում է ևս մի քանի վայրկյան՝ և այն կանգ կառնի. ուրեմն հուզվում եմ։ Այ քեզ բան, ուղղակի ծիծաղելի է։ Բայց անհարմար է այսպես ցցվել դռան մոտ, մտնում եմ դասարան՝ աշխատելով ինչքան կարելի է անտարբեր ձևանալ։ Ինչպես միշտ բարձր, որպեսզի բոլորը լսեն, ասում եմ.

–Ողջույն բոլոր տասերորդցիներին,– և գնում եմ դեպի իմ նստարանը։ Հենց այն է, ուզում եմ նստել, ետևից կանչում են.

–Մհերիկ։

Անտարբեր տեսքով շրջվում եմ ձայնի կողմը։ Ագնեսան է՝ մեր դասկոմը։ Եվ որտեղից են գտել նրա ծնողներն այդ անունը՝ Ագնեսա։ Ոչ մի կերպ ընտելանալ չեմ կարողանում։ Եվ դեռ հպարտանում է հիմարը. ''Իմ անունը հունական ծագում ունի, նշանակում է համեստ''։ Իսկ որ թողնես՝ ժամերով գլուխ կտանի չաչանակի պես։

–Ծանոթացեք,– ձեռքը հանդիսավոր կերպով Ռուզանի կողմը պարզելով ասում է Ագնեսան։-Տասերորդ «ա»-ից փոխադրւել է մեզ մոտ՝ տասերորդ «բ»: Հավերժ դեռատի գեղեցկագույն աստվածուհի Աֆրոդիտեն, որն իշխում է մարդկանց և աստվածների սրտերին։ Համոզված եղիր, Մհեր ջան, որ նա քո սրտին ևս կիշխի:Դա կասկածից վեր է,չէ՞,Ռուզան:

Ռուզանը՝ ճերմակ շրջազգեստով՝ ինչպես ճերմակ վարդ, ժպտում է ինձ փակ շուրթերով ու խոշոր, արտահայտիչ աչքերով։ Այդ աչքերը շփոթեցնում են ինձ, իսկ Ագնեսան ձեռք չի քաշում։

–Խնդրեմ, ծանոթացեք,-ձայնը կեղծելով ասում է նա,-եթե Մհերիկը դեմ չէ, իհարկե։-Այդ էր պակաս, որ Ագնեսան չխայթեր։

Ռուզանը՝ մազերը կարճ կտրած, գեղեցիկ, շարունակում է ժպտալ, ինչպես երևում է, նրան դուր է գալիս Ագնեսայի սարքած խաղը, նա սլացիկ, գեղակազմ իրանը փշրելով առաջ է գալիս.

–Իմ անունը Ռուզան է,-բալի գույնի շրթունքը կծելով՝ որպեսզի զսպի ծիծաղը, ասում է նա։-Ծանոթանանք։

Ես, իհարկե, գիտեմ, թե ինչ է հարկավոր անել նման դեպքում, բայց կանգնել եմ ոնց որ արձան և նույնիսկ ձեռքս շարժել անգամ չեմ կարողանում։ Տարօրինակ է, աչքիս առաջ գիշերվա երազն է. Ռուզանը ինձ մոտ էր եկել ճերմակ շորերով, երազում ես համբուրեցի նրա գրգասուն հնազանդ շուրթերը, և այդ շուրթերը վարդաբույր էին: Գրողը տանի, ինչո՞ւ շարունակ այդ մասին եմ մտածում, ինչո՞ւ կենտրոնանալ չեմ կարողանում։ Զգում եմ, որ բոլորը ինձ են նայում և դրանից ավելի եմ կորցնում ինձ, միայն կմկմում եմ.

–Անունս Մհեր է,– ակամա մտնելով խաղի մեջ , ասում եմ ես:

Պատկերացնում եմ, թե ինչպիսի ապուշ տեսք ունեմ այդ պահին։ Ագնեսան անմիջապես սկսում է ծիծաղել, նրա ետևից՝ մյուսները։ Ռուզանը նույնպես ծիծաղում է, բայց այնպես զուսպ ու համաչափ, ավելի ճիշտ, նա ժպտում է աչքերով ու շուրթերով, հետո շրջվում, գնում է աղջիկների կողմը։

Համարյա լրիվ ուժասպառ, ես վերջապես նստում եմ իմ նստարանին։ Լիլիթը, որին մինչ այդ չէի նկատել, արագ քայլերով մոտենում է ինձ.

–Տուր պայուսակս,-ասում է նա բարկացած։ Ես զարմանքով նայում եմ նրան։ Զայրույթից դողում են Լիլիթի շուրթերը։

–Իսկ ի՞նչ է պատահել,-հարցնում եմ ես։

–Տուր պայուսակս, չեմ ուզում քեզ հետ նստել։ Հասկանո՞ւմ ես, չեմ ուզում։

Գրողը տանի, թունավոր ճա՞նճ է կծել սրան, ինչ է։ Ամբողջ երկու տարի միասին ենք նստել, իսկ հիմա՝ խնդրեմ. տուր տիկնիկս, քեզ հետ խաղալ եմ ուզում։ Չէ, դժվար է այս աղջիկներին հասկանալը։

Լիլիթը պայուսակը վերցնում, գնում, նստում է Մարատի կողքին։ Եվ հիմա Մարատը ներկած աքլորի է նման. նստել է մեջտեղը՝ մի կողմից Ռուզանն է նստած, մյուս կողմից՝ Լիլիթը։

Զանգը հնչում է, և ես այս երկու տարվա մեջ առաջին անգամ, մենակ եմ մնում իմ նստարանին։ Ու նոր միայն հասկանում եմ, թե մենակ մնալը, թեկուզ դա լինի ընդամենը մի դասաժամ, ինչքան դժվար բան է։

Առաջին ժամը անգլերեն է. ուր որ է ընկեր Մարոն ներս կմտնի։ Նա միաժամանակ մեր դասղեկն է և, ինչպես ինքն է ասում, առանձնահատուկ սեր ունի մեր հանդեպ։ Ինչքանով է դա համապատասխանում իրականությանը՝ աստված գիտի, որովհետև մեկ էլ տեսար ասաց. ''Ախ, երբ կավարտեք տասերորդը, որպեսզի ազատվեմ ձեզանից''։ Այդ խոսքերի հետ նա միշտ ժպտում է իր հրապուրական ժպիտով, դրա համար էլ չենք վիրավորվում։ Սպասման րոպեները, ինչպես գեղարվեստական գրքերում է նկարագրվում, ինձ համար անցնում են սարսափելի ծանր ու ձանձրալի։ Եվ, ահա, վերջապես, թեթև կաղալով ներս է մտնում ընկեր Մարոն։

–Բարև ձեզ, երեխեք,– ասում է նա՝ դասամատյանն անփութորեն նետելով սեղանին։ Նրա մշտապես ժպտացող աչքերը սահում են մեր վրայով։

–Այս ի՞նչ է պատահել,– հարցնում է ընկեր Մարոն քիչ խոժոռվելով։– Ազատ տեղ չկա, ի՞նչ է, ինչո՞ւ եք երեքով նստել,– նա հավանորեն գիտի, որ Ռուզանը փոխադրվել է մեր դասարանը, ոչինչ չի ասում։-Ռուզան, անցիր Մհերիկի մոտ նստիր։

Շշմել կարելի է…Ռուզանը հանգիստ վերցնում է պայուսակը և տեղափոխվում ինձ մոտ։ Նկատում եմ՝ Լիլիթը բարկացած ինչ որ բան է շշնջում Մարատին, Մարատը նրա ասածը հաղորդում է Միքայելին, սա էլ իր հերթին՝ Զավենին, և Զավենը, թեքվելով իմ կողմը, կամացուկ ասում է ականջիս.

–Լիլիթը այլևս քեզ մոտ չի գալու։

–Ավելի լավ,-դիտմամբ բարձր, որ լսելի լինի Լիլիթին, ասում եմ ես և, իբր դա ինձ համար էական ոչ մի նշանակություն չունի, լուսամուտից անտարբեր նայում եմ դուրս։

Ես հո լավ գիտեմ Լիլիթին. մի ժամ չանցած, պայուսակն առած ետ է գալու։ Իսկ մինչ այդ ընկեր Մարոն, դիմելով Ռուզանին, ասում է.

–Սրանից հետո դա քո մշտական տեղն է։ Իսկ Լիլիթը թող նստի Մարատի կողքին։

Եվ վերջ։ Սկսվում է դասը։ Ռուզանից ոչ այն է օծանելիքի, ոչ այն է ծաղիկների այնպիսի անուշ բուրմունք է գալիս, որ ուղղակի շշմել կարելի է։ Եվ իմ հոգու խորքում այնպիսի մի բան է կատարվում, որ առաջներում երբեք չի եղել ու անհնարին է բառերով նկարագրել։ Ես ակամաբար կրկին մտաբերում եմ գիշերվա երազը, Ռուզանին՝ ձյունասպիտակ շորերով…

Աջից, մեր նստարանից քիչ այն կողմ, դուռ է բացվում դեպի հարևան սենյակը, որտեղ պահվում են լաբորատորական փորձասարքերը։ Դռան ապակու մեջ, ինչպես հայելում, անդրադարձվում է ամբողջ դասարանը… ավելի ճիշտ, ոչ թե ամբողջ դասարանը, այլ դասարանի մեծ մասը։ Ապակու մեջ պարզ երևում է Ռուզանը։

Նրա մազերը թափված են ուսերին։ Մազերը բաց գույնի են և, հավանաբար, այնպես փափուկ… Իսկ աչքերը սև են ու խոշոր։ Աստված վկա, ճիշտ էր ասում Զավենը, նա կինոդերասանուհու է նման։

Դռան ապակու մեջ երևում է նաև Մարատը։ Նա երբեմն առ երբեմն խեթ-խեթ նայում է մեր կողմը։ Իսկ Լիլիթը հայացքը բոլորովին չի կտրում ինձանից։ Նա, ըստ երևույթին, կարծում է, թե ես չեմ տեսնում իրեն։ Շատ լավ, ես դա հիմա գլխի կգցեմ նրան։ Ես անսպասելի շրջվում և ծաղրանքով աչքով եմ անում Լիլիթին։ Ուրիշ անգամ Լիլիթը այդ ծաղրանքը ոչ մի կերպ կուլ չէր տա, բայց հիմա, չգիտես ինչու, լռում է։ Կամ հեռու է նստած մեզնից, կամ էլ դաս է՝ դրա համար։ Սակայն նրա լռությունը, ինքս էլ չգիտեմ ինչու, տագնապահույզ է անում ինձ։Գուցե նրա համար, որ նա չհեռացրեց աչքերը, երբ մեր հայացքները հանդիպեցին։ Չգիտեմ։ Ես աչքերով նրան հարցնում եմ՝ ''ի՞նչ է պատահել''։

 

Լիլիթը, միանգամայն անսպասելի, սկսում է լաց լինել։ Դասարանն իսկույն շրջվում է նրա կողմը և, ուղղակի զարմանալի է, բոլորը լուռ են։ Ոչ ոք չի համարձակվում առաջինը խոսել։

–Ի՞նչ է պատահել,– հարցնում է ընկեր Մարոն՝ շարքերի արանքով մոտենալով Լիլիթին։ Քեզ ի՞նչ եղավ, Լիլիթ։

Լիլիթը չի պատասխանում, նրա ուսերը ցնցվում են հեծկլտանքից։ Ընկեր Մարոն քնքշորեն շոյում է նրա մազերն ու սփոփում ոնց որ երեխայի։

–Դե, Լիլիթ, լաց լինել պետք չէ, հանգստացիր, դու հո փոքրիկ աղջիկ չես։ Շուտով կավարտես դպրոցը, կգնաս ինստիտուտ և ամեն ինչ լավ կլինի։

Աստված իմ, ախր, մինչև ե՞րբ պիտի այս մեծահասակ մարդիկ մեզ անխելահաս երեխաների տեղ դնեն։ Մի՞թե նրանք, իրոք, հավատում են այն բանին, որ բարեհաջող կերպով ինստիտուտ ընդունվելը կփրկի Լիլիթին կամ էլ մեկ ուրիշին կյանքի ձախորդություններից։ Ախր, իրենք անգամ չեն հավատում իրենց խոսքին։ Բայց, միևնույն է, ասում են։ Լավ է, որ Լիլիթն ինքն իրեն, առանց մխիթարիչ խոսքերի, հանկարծակի խաղաղվում է՝ ինչպես ամառային տաք անձրև։ Լիլիթն այլևս չի նայում իմ կողմը, նա նայում է լուսամուտից դուրս, բայց ես պարզ տեսնում եմ, թե ինչքան տխուր արտահայտություն ունի նրա դեմքը։ Ես խղճում եմ Լիլիթին։ Ոչ մի կերպ հասկանալ չեմ կարողանում, թե հատկապես ինչի համար, բայց երկու տարվա մեջ առաջին անգամ, խղճում եմ նրան։ Վճռում եմ զանգը տալուն պես մոտենալ Լիլիթին և հարցնել, թե ինչ է պատահել նրան, և նա ինչու հանկարծ լաց եղավ։ Սակայն զանգը հնչում է թե չէ՝ Լիլիթն արագ պայուսակը վերցնում է և գնում տուն։

Դասամիջոց է։ Բոլոր դասարաններից աշակերտները դուրս են հորդում միջանցք, և միջանցքը գվվում է ինչպես մեղվափեթակ։ Ես նստել եմ առանց շարժվելու և չգիտեմ ինչ անել։ Ոչ թե որ չեմ ուզում ելնել նստած տեղից, այլ որովհետև հնարավոր չէ դա. բանն այն է, որ ես նստած եմ պատի կողմը, ես կարող եմ դուրս գալ՝ Ռուզանի ելնելուց հետո միայն, իսկ Ռուզանը, չգիտեմ ինչու, չի ուզում ելնել տեղից։

–Կարողանալո՞ւ ես ոսկե մեդալով ավարտել,-հարցնում է Ռուզանը՝ պայուսակում ինչ-որ բան որոնելով։

–Ե՞ս։– Նրա անսպասելի հարցը հանկարծակիի է բերում, և ես մի վայրկյան կորցնում եմ ինձ։

–Այո։

–Որ ուզենա՝ նրա համար ինչ մեծ բան է դա,-իմ փոխարեն պատասխանում է Զավենը։

–Իսկ կուզենա՞ որ, -հարցնում է Ռուզանը կողքանց նայելով ինձ։ Նրա գեղեցիկ աչքերը ժպտում են խորամանկ փայլով։-Կարո՞ղ է հանկարծ խանգարեմ քեզ՝ հասնելու քո նպատակին,-ձայնը ցածրացնելով տաք շշնջում է Ռուզանը,-թե ընդհակառա՞կն։

–Ընդհակառակն,– ինքնաբերաբար ասում եմ ես՝ զգալով, թե շիկնանքն ինչպես է պատում դեմքս։ Եվ լավ է, որ Զավենը դուրս է եկել դասարանից։

–Իմ բախտը լավ բերել է, չէ՞,-նույն շշուկով ասում է Ռուզանը։

–Ինչո՞ւ,-չեմ հասկանում ես։

–Որովհետև դու բարի սիրտ ունես և չես զլանա օգնել ինձ՝ բարձր գնահատականներ ստանալու։ Իսկ գիտես՞ ինչու։

–Ինչո՞ւ։

–Նոր որոշում կա՝ ինստիտուտներում ընդունելության քննություններին հաշվի են առնում նաև հասունության ատեստատների գնահատականները։ Դու կօգնես, չէ՞, ինձ։

Ես, իհարկե հասկանում եմ, որ այդ ամենը պարզապես կատակ է, բայց գիտեմ նաև, որ ամեն մի կատակի մեջ էլ որոշ ճշմարտություն կա։ Չէ՞ որ ինքը՝ Ռուզանը ևս, դպրոցի ամենալավ սովորողներից մեկն է, նրա լուսանկարը փակցված է դպրոցական պատվո տախտակին։

Նրա խոսքերից այնպիսի մի քնքշություն է իջնում վրաս, որ քիչ է մնում երջանկությունից կտրվի շունչս։ Հարկավոր է ինչ որ բան ասել, կարևոր չէ, թե ինչ, կարևորը մի բան ասելն է, և ես ասում եմ.

–Իհարկե, կօգնեմ, դա ի՞նչ ասելու բան է,– ասում եմ ես, իսկ հետո հիմարաբար բերանից թռցնում եմ,– մայիսի մեկին իմ ծննդյան օրն է։

Ռուզանի շուրթերը՝ թարմ, ինչպես նորաբողբոջ վարդի թերթիկները, զարմանք են արտահայտում։

–Ճի՞շտ,– ասում է նա։ Պարզ տեսնում եմ. շողարձակող սև աչքերը ծիծաղում են, բայց նահանջելու տեղ չկա։

–Այո,– ասում եմ ես, իսկ ինքս ինձ մտածում եմ՝ քո փոխարեն ուրիշը լիներ, երևի, ասեր՝ հետո ինչ, թե ծննդյան օրդ է։ Եվ հասկացնել կտար, որ իր դիմաց կատարյալ ապուշի մեկն է։

–Ուրեմն քո բախտը նույնպես լավ բերել է,– ժպտում է Ռուզանը,– տոն օր ես ծնվել։ Հազարից մեկին է այդպիսի բախտ վիճակվում։

Նորից հնչում է զանգը, և բոլորը խնդուն աղմուկ-աղաղակով լցվում են դասարան։ Սկսվում է հերթական դասը։ Ես չգիտեմ, թե ինչպես են թռչում րոպեները, և երբ հնչում է վերջին զանգը, ի զարմանս իմ, Մարատը հանգիստ մոտենում է մեզ և, առանց իմ կողմը նայելու, Ռուզանին ասում է.

–Գնացինք, Ռուզան։

Սա խելագարվե՞լ է, ինչ է։ Ես նայում եմ Ռուզանին՝ հավատացած, որ նա նույնպես կզարմանա…Բայց ոչ։ Ռուզանը լուռ ելնում, վերցնում է պայուսակը և նրանք երկուսով միասին դուրս են գալիս դասարանից։ Ինձ այնպես է թվում, թե դասարանը դատարկվեց միանգամից և, եթե խոսեմ, ձայնս կարձագանքվի ինչպես լքված վանքում։

–Մեկ՝ զրո։– Ագնեսան է։ Հավես չունեմ գլուխ դնելու:

Որոշ ժամանակ անց ես ու Զավենը նույնպես դուրս ենք գալիս։

Արևը բարձրացել, հասել է Կաղնախաչ բարձր սարին։ Թեթև հովը մեղմիվ խաղում է ծառերի հետ, ծառերից դեղնած տերևները պոկվում , օրորվում են երկար՝ օդում փայլփլելով բազմերանգ գույներով, հետո ընկնում ցած։ Տարվա եղանակներից շատերին գարունն է դուր գալիս, ոչինչ չունեմ, լավ է գարնանը, բայց ինձ ամենից շատ դուր է գալիս աշունը։ Չգիտեմ, չեմ կարող բացատրել, բայց դա այդպես է։

Ես լարված ուշադրությամբ նայում եմ առաջ։ Այնտեղ, առջևում, կողք-կողքի քայլում են Ռուզանն ու Մարատը։ Ինչի՞ մասին են խոսում նրանք։ Տարօրինակ բան է, դեռևս երեկ, այս նույն ժամին, ես համարյա ուրիշ մարդ էի, միանգամայն ուրիշ էի, այո, ոչ այնպիսին, ինչպես հիմա։ Երեկ ինձ համար ամեն ինչ միևնույնն էր։ Երեկ Մարատը իմ մոտ ընկերներից մեկն էր և ոչ ոք արար աշխարհում չէր կարող բաժանել մեզ իրարից։ Բայց դա երեկ էր… իսկ այսօր ամեն ինչ միանգամից փոխվել, խճճճվել է իրար։ Ռուզանն՝ աղջկական իր հրապույրներով միանգամից մտել է սիրտս… Իսկ գուցե ես վաղուց եմ սիրում նրան։ Գուցե միշտ էլ սիրել եմ ու չեմ գիտակցել դա։ Զարմանալի է, երբեք մտքովս չէր անցնի…

–Ինչի՞ մասին ես մտածում,-ընդհատելով իմ մտորումները, հարցնում է Զավենը։

–Հենց այնպես,-ասում եմ,-զանազան բաների…

–Նրա մասին ես մտածում։-Զավենը անունը չի տալիս, բայց ես հո գիտեմ, թե ում մասին է խոսքը: Չեմ վիճում Զավենի հետ, որովհետև նա ձշմարիտ է։ Վիճելու ի՞նչ կա այստեղ։ Մենք լուռ քայլում ենք միասին, հետո մեր այգու մոտ, այնտեղ, ուր միշտ բաժանվում ենք ես ու Զավենը, նա ասում է։

–Կարիք չկա մտածելու։– Եվ առաջին դասարանցու պես պայուսակը գցելով ուսով, լուռ, գլխահակ գնում է դեպի իրենց տուն։

Ես երկար նայում եմ նրա հետևից ու ոչինչ չեմ գտնում ասելու։

Ես այդպես էլ չհասկացա՝ քնեցի՞ այդ գիշեր, թե ոչ։ Այդ գիշեր մինչև լույս ինձ հոգեհան արեց…պատկերացնո՞ւմ եք թե ով՝ Աֆրոդիտեն։ Ծովի փրփուրներից ծնված գեղեցկուհի Աֆրոդիտեն։ Նա ինչո՞ւ այդպես հանկարծակի երևաց ինձ երեզում։ Չէ՞ որ ես բոլորովին չեմ մտածել նրա մասին։ Ես պարզապես մի հին հանդեսում տեսել էի նրա մարմարե արձանը, և ուրիշ ոչինչ, և դա էլ վաղուց էր։ Այդ արձանը շատ վշտացրեց ինձ, որովհետև Աֆրոդիտեն՝ շիկահեր ու գեղեցիկ, կանգնած էր հատված ձեռքերով. պարզ է, երևի անտիկ աշխարհի մի ինչ-որ ստոր արարած կամեցել է թռցնել տաճարից, փշրել է ձեռքերը, որպեսզի հեշտ լինի խոթել պարկի մեջ… Չէ, համենայն դեպս, քնել եմ։ Որովհետև ամբողջ գիշեր այդ Աֆրոդիտեն սիրահետում էր ինձ։ Այո, այո, սիրահետում էր։ Նա մինչև ուսերը հասնող երկար մազեր ուներ, սև աչքեր ու նռան գույն ունեցող ալ շուրթեր։ Նա այնպես քնքշորեն էր ժպտում ինձ, այդ ժպիտն ուղղակի խելքահան էր անում,– ես դա լավ եմ հիշում։ ''Աստված իմ, դու այդ ինչքա՜ն գեղեցիկ ես'',– ասում եմ ես նրան։ Իսկ նա տխուր ժպտում է։ ''Ես ամբողջ տասնյոթ տարի սպասել եմ քեզ'',– ասում եմ ես։ Իսկ նա ոչ մի բառ, միայն ժպտում է իր թախծոտ ու խորհրդավոր ժպիտով։ Եվ դա վառում, այրում է ինձ…ու ես տեսնում եմ, թե նա ինչպես է ձգվում իմ կողմը, ուզում է գրկել ինձ, իսկ ձեռքերը չկան… Եվ ես՝ ոչ այն է նրան խղճալուց, ոչ այն է՝ ինձ, սկսում եմ լաց լինել։ Իսկ հետո, երբ արթնանում եմ քնից, ձեռքս ակամաբար տանում եմ դեմքիս վրայով և, ով զարմանք, այտերս թաց են արցունքներից… Ահա թե ինչպիսի հիմար երազ եմ տեսել։ Սա ի՞նչ բան է, երկու գիշեր շարունակ տարօրինակ երազներ եմ տեսնում։ Չէ, այնուամենայնիվ, քնել եմ այս գիշեր։

Այս մեծ, անծայրածավալ աշխարհում գեղեցիկ գյուղեր շատ կան երևի, բայց մեր Հնձախութն էլ գեղեցիկ է։ Այն գեղեցիկ է անգամ գիշերը, երբ ծուլորեն ելնում է լուսինը և շուրջը ամեն ինչ շողշողում է գիշերային անեզր լռության մեջ։ Ես նայում եմ երկնքին, ամպի կտոր չկա, նորալուսինը անարգելք լողում է դեպի մեր բարձր սարերը, մեկ ասես աղոտանում, մեկ երևում է շատ պայծառ։ Ոնց որ կախարդական հեքիաթում։ Բայց այդ ամենը բնավ չի գրավում ինձ, որովհետև ես մտածում եմ Ռուզանի մասին։

–Մհերիկ, շուտ արա, մայրիկն ուր որ է կգա ֆերմայից, իսկ մենք դեռ ոչինչ չենք արել։

Ինչ-որ ճիշտ է՝ ճիշտ է, մայրիկն իսկապես հիմա կգա աշխատանքից, իսկ մենք ոչինչ չենք հասցրել անել։ Տնամերձ այգիներից ծուխ է ելնում։ Թանձր ծուխը ծալծլվելով ելնում, բարձրանում է վեր, խառնվում երկնքի մուգ կապույտին։ Երևի անծանոթ նայողին հեռվից կարող է թվալ, թե մեր անտառներն են վառվում։ Այնինչ պարզապես աշուն է, բոլորը զբաղված են իրենց տնամերձ հողամասերով, մաքրում են այն, գոմաղբ շաղ տալիս, փխրեցնում. պատրաստվում են գարնանը։ Հեղինեն երեկվա իր գործին է. նա լոբու ծիլերը ցցերից հանում, բերում, կիտում է ինձ մոտ։ Եգիպտացորենի չորացած կողեր ու տերևներ էլ է հավաքում-բերում, ես դրանք լցնում եմ խարույկի վրա, և կապտակարմրավուն ծուխը երկինք է սլանում։ Կրակի լույսի տակ ցոլցոլում են Հեղինեի աչքերը։ Թողնես, մտքերի մեջ խորասուզված, ժամերով կնայի կրակին։ Ես էլ եմ սիրում նայել։

–Մհերիկ։

Շրջվում եմ։ Դարձյալ Զավենն է։ Եվ նորից, ինչպես երեկ, կանգնել է մեր ցանկապատի այն կողմում։

–Արի այստեղ,-ձայնում եմ ես բարձր, իսկ հետո նայում եմ Հեղինեին և, կամացուկ, որպեսզի Զավենը չլսի, ասում եմ.-Տուն գնա։

–Մհերիկ, իսկ քանի՞ օրում պիտի ավարտենք այգու փխրեցումը,-ասում է նա այնպիսի անմեղ տոնով, ասես չի էլ լսում իմ ասածը։

–Տուն գնա քեզ ասեցին,– ես ձայնս քիչ բարձրացնում եմ։

–Չեմ գնում,-ասում է Հեղինեն մարտական տեսքով, սակայն, տեսնելով իմ անզիջող հայացքը, գրկի կույտը զայրացկոտ նետում է գետնին ու գնում։

Զավենը անցնում է ցանկապատը, գալիս նստում է ինձ մոտ։ Որոշ ժամանակ մենք լուռ նայում ենք սարերի կողմը, որոնց ուղղածիգ լանջերը հստակ երևում են երկնքի կապտավուն հեռանկարի վրա։ Աստղերը խոշոր են, պայծառ, թվում է, թե դրանք ոչ թե երկնքում են, այլ սարերի բարձր կատարներին կպած։ Հեռվից այդ աստղերը վառվող կանթեղների են նման։

–Դու այդ որտե՞ղ էիր։ Տնի՞ց ես գալիս,-ասում եմ ես։

–Չէ, Մարատի մոտ էի։

–Ի՞նչ էիր անում այնտեղ։

–Գնացել էի հանրահաշվի տետրս վերցնելու։ Դասարանում էր վերցրել, հետո մոռացել, տուն էր տարել։

–Վերցրի՞ր։

–Այո…Ռուզանն էլ այնտեղ էր։-Իբր ի միջի այլոց, ասում է Զավենը՝ սևեռուն նայելով իմ աչքերին։-Պարապում էին միասին։

Ախ, աստված իմ, ինչ նողկալի սովորություն ունի այս Զավենը՝ ինչ-որ խելքին փչեց՝ դուրս կտա առանց մտածելու։ Մի՞թե չի հասկանում նա, որ իր յուրաքանչյուր խոսքը ծանր քարի պես իջնում է իմ սրտին։ Երբ մարդուն հարվածում են, նա բռնում է ցավող տեղը, հառաչում է ցավից, և հառաչանքը մի տեսակ թեթևացնում է տանջանքը։ Իսկ երբ հարվածը սրտի՞ն է իջնում և սուր ծակոցից շունչդ անգամ հատվում է՝ ի՞նչ անել նման դեպքում։ Սիրտդ ձեռքով չես բռնի, իսկ հառաչանքը լոկ ծիծաղ կարող է առաջացնել։

–Եվ հետո ի՞նչ…-ասում եմ ես, և ձայնս այնպես խռպոտ է հնչում, որ իմ իսկ սիրտն անգամ խառնում է։ – Թող ինչքան ուզում են, պարապեն… Եվ կարծեմ, նրանք ինչ որ հեռու ազգականներ են, չէ՞…

–Խանդում ես…-չգիտես ինչու հառաչում է Զավենը։ Նա նայում է ուղիղ իմ դեմքին, չի հարցնում, այլ մի տեսակ ասես հիմնավորում է իր միտքը։-Գիտե՞ս երբ են սկսում խանդել։

–Չգիտեմ, ոչինչ չգիտեմ,-գրգռված ասում եմ, հետո զգում եմ, որ իմ մեջ ինչ-որ բան սկսում է թուլանալ, և ես, ինքս անգամ դա չուզենալով, խոստովանում եմ…-Զավեն, ինձ հետ ինչ –որ անհասկանալի բան է կատարվում, որ երբեք չի եղել առաջներում։ Չգիտեմ նույնիսկ, թե դա ինչ է։

–Մհերիկ, կանչե՞լ ես ինձ։ Ինչ-որ մեկը կանչեց, կարծեցի դու ես։ Բարև, Զավեն։-Ինչպիսի երջանկություն, որ հատկապես այս պահին հայտնվեց Հեղինեն. ես արդեն քիչ էր մնում հիմնովին ջրիկանայի…Կեցցես, քույրիկս։ Բայց, գրողը տանի, Հեղինեն, ասես ոչ մի բան էլ չի եղել, կանգնել է կողքիս ու հարցական նայում է երեսիս։

–Ո՞վ է քեզ կանչել։ Ոչ ոք չի կանչել, գնա,-ասում եմ ես՝ արդեն որոշ չափով հանգստացած։

–Ցտեսություն,-ֆշշացնում է Հեղինեն։ Նրա և Զավենի հայացքները մի ակնթարթ հանդիպում են՝ մի տեսակ վախվորած ու գողունի փաղաքշելով իրար։ Ես արդեն ձևացնում եմ, թե իբր ոչինչ չեմ նկատում։ Ասենք, դա այդպես էլ կա, հիմա իմ մտքերն ուրիշ տեղ են…

Դպրոցի պահակ շիլ Երեմը՝ գլուխը կողքի թեքած, երկար նայում է ինձ, որովհետև այսպես վաղ ես երբեք դպրոց եկած չկամ։

–Հավերը դեռ թառից չեն իջել, էսքան շուտ ո՞ւր ես եկել,-ասում է շիլ Երեմը։

–Հենց այնպես…-քրթմնջում եմ ես՝ չիմանալով ինչ պատասխանել։ Ինձ, չգիտեմ ինչու, մի պահ թվում է, թե շիլ Երեմը երբեք չի հասկանա իմ ասածները, եթե նույնիսկ ես հանգամանորեն բացատրեմ նրան բանի էությունը, քանզի մեր տարիքների տարբերությունը կազմում է շուրջ վաթսուն տարի։

Երկրորդ զանգից հետո դասարանը լցվում է աղմուկ-աղաղակով։ Բայց դեռ ոչ բոլորն են եկել։ Ես լուսամուտից նայում եմ դուրս։ Գյուղի բոլոր թաղամասերից նեղլիկ ճանապարհներ են գալիս դեպի դպրոց։ Աշակերտները՝ տղաներ ու աղջիկներ՝ համարյա բոլոր դասարաններից, այդ ճանապարհների տուտը բռնած շտապում են դպրոց, որովհետև երրորդ զանգին քիչ է մնացել…Ահա և Ռուզանը։ Զգում եմ, թե ինչպես է սիրտս սկսում արագ-արագ խփել… Ռուզանն ինձ, պարզ է, չի նկատում, բայց ես ակամաբար ժպտում եմ նրան։ Երկար չի տևում այդ ժպիտը, այն իսկույն խամրում է իմ հոգում, որովհետև, ասես գետնի տակից, Ռուզանի կողքին հայտնվում է Մարատը։ Նրանք զրուցելով մտնում են դպրոցի բակը։ Այդ տեսարանից աչքերս նույնիսկ մթնում են։ Ես շրջվում, արագ դուրս եմ վազում դասարանից։ Դրսում կարծես թե հեշտ է շնչելը։ Եվ այդ պահին հանկարծ նկատում եմ Լիլիթին… Սպասիր, ուղղակի գալիս է դեմ առ դեմ, սակայն ուզում է ձևացնել, թե իբր չի էլ նկատում ինձ, անբարհավաճ տեսք ունի, բայց չէ, դա ինձ մոտ չի անցնի, սիրելիս։ Ձեռքերս խոթում եմ գրպաններս և, մեջքով շրջվելով նրա կողմը, անտարբեր ինչ-որ եղանակ եմ սուլում։ Այդպես էլ գիտեի։ Ազդեց։ Ոտնաձայները կանգ առան ինձնից երկու քայլ այն կողմ։

 

–Բարև,-իմ ետևից հնչում է Լիլիթի ձայնը։ Դե հիմա գնա, հիմարիկս։ Որտեղ քոնն ասես՝ մի մոռացիր նաև իմը։ Կանգնել եմ նույն դիրքում, հայացքս հեռո՜ւ-հեռու Մռավա սարին, որի գագաթները աղոտ շողշողում են հավերժական ձյուներից։

–Ես ասեցի՝ բարև,-կատաղաբար նետում է Լիլիթը։

Ես շինծու հանգստությամբ շրջվում եմ նրա կողմը և…գրողը տանի, նա, պարզվում է, կտրել է մազերը, և նրա սանրվածքը հիմա ճիշտ այնպիսին է, ինչպես Ռուզանինը։

–Դու այդ ի՞նչ ես արել մազերդ,-չարախնդորեն ժպտում եմ ես, թեպետ, ընդհանուր առմամբ, ինձ դուր է գալիս նրա նոր սանրվածքը։

–Իսկ քո ի՞նչ գործն է, թե ինչ եմ արել,-կոտրատվում է Լիլիթը։-Գուցե պիտի հարցնեի քեզնից։ Ներեցեք, խնդրեմ…

–Լավ, գլուխ մի տար,-ասում եմ։– Եվ առհասարակ, չեմ հասկանում, ի՞նչ ես կպել ինձ։ Դու ինչ է, իմ քո՞ւյրն ես, որ թույլտվություն հարցնեիր ինձնից, թե ես քո նշանա՞ծն եմ։

Ինձ հետ հաճախ է այդպես լինում. առանց մտածելու խոսում եմ ու նոր միայն գլխի ընկնում, որ համը հանեցի։

Լիլիթը հանկարծ գունատվում է, նրա աչերը լցվում են արցունքով։ Ամբարհավաճության արտահայտությունն իսկույն չքանում է նրա դեմքից։ Թեթևակի օրորվելով, նա մոտենում է ինձ և կամացուկ, բացառիկ սպառնալիքով ասում.

–Դե մի կրկնիր, ի՞նչ ասացիր…Նորից կրկնիր…

–Կարող եմ և կրկնել,-ասում եմ ես՝ անտարբեր թոթվելով ուսերս։

Կրկնել, սակայն, չի հաջողվում. Լիլիթն անսպասելի ապտակում է ինձ, և նա այնպիսի ուժով է հասցնում ինձ այդ ապտակը, որ աչքերս պեծին են տալիս։ Ակնոցս ընկնում է գետնին, բայց, փառք աստծո, ապակիներն անվնաս են։ Այդ ամենը այնպես արագ է կատարվում, որ ես չեմ հասցնում անգամ զարմանալ։ Առանց մի խոսքի ես թեքվում, վերցնում եմ ակոցս և լուռ նայում եմ Լիլիթին։ Ցնցված սեփական իսկ արարքից, նա այնպիսի հայացքով է նայում ինձ, ասես պատրաստ է նետվելու իմ գիրկն ու աղերսներով ներում խնդրել։ Ոնց որ կուտ գցես՝ հավերի պես այս ու այն կողմից վազելով հավաքվում են աշակերտները։ Լավ է մարդ գետինը մտնի, քան օրը ցերեկով խայտառակվի այսպես։ Բայց ուշ է արդեն։ Որտեղից-որտեղ, անսպասելի հայտնվում է ընկեր Մարոն։

–Գնանք,– բռնելով ձեռքս, կարգադրում է նա։ Ես լուռ հետևում եմ նրան։ Համոզված եմ՝ նա ինձ դիրեկտորի մոտ է տանում, և մտքում ծանրութեթև եմ անում այն ամենը, ինչ պիտի ասեմ այնտեղ, որպեսզի անհարմար կացության մեջ չդնեմ ոչ ինձ, և ոչ էլ առավել ևս՝ Լիլիթին։ Եթե պիտի մեղադրեն, ապա թող ինձ մեղադրեն, որովհետև ես էի մեղավոր։ Լիլիթը, ոչ մի մեղք չունի, ես արժանի էի, դրա համար էլ նա ապտակեց ինձ, վերջ։

–Ընկեր Մարո,-ասում եմ ես նողկալի դողդոջ ձայնով։ Ես ուզում եմ նրան ասել, որ, իրոք, մեղավորը ես էի, և որ Լիլիթի հետ, չեմ առարկում, չափից դուրս կոպիտ վարվեցի, բայց դա կապված էր որոշ հանգամանքների հետ… Լիլիթն ինձ ապտակեց, և ամբողջ դպրոցը տեսավ դա, մի՞թե այդքանը քիչ էր, որ հիմա էլ դիրեկտորի մոտ եք ուզում տանել…Բայց ընկեր Մարոն չի թողնում ասելիքս վերջացնեմ. հավանաբար, հասկացել է, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Նա միշտ էլ այդպիսին է՝ դյուրըմբռնող ու սրտացավ։

–Գնա դասարան, -ասում է նա,– և մի մոռացիր, տղամարդը, ինչ տարիքում էլ ուզում է որ լինի, պետք է տղամարդ մնա։

Ընկեր Մարոն երբեմն սիրում է մանվածապատ արտահայտություններ անել, բայց ես, ամենայն հավանականությամբ, հասկացա նրան, այլապես ինչո՞ւ այսպես հիմարաբար կարմրեցի…

Պատկերացնում եմ, թե ինչպիսի տեսք ունեի, երբ ոտքերս քարշ տալով մտա դասարան և լուռ ու գլխահակ գնացի, նստեցի իմ տեղը։ Չէ, լավն են մեր դասարանցիները, չսկսեցին հարցուփորձը՝ իբր ոչինչ էլ չէր եղել։ Ռուզանը նույնպես չի հարցնում։ Նա միայն կողքանց թռուցիկ հայացքներ է ձգում ինձ վրա և վեհերոտ ժպտում է։ Իսկ ինչ-որ մի պահ նա հանկարծ ձեռքը դնում է իմ ձեռքին և թեթևակի սեղմում է այն։

–Դու այնքան էլ մի մտածիր,– ասում է նա կամացուկ, համարյա միայն շուրթերով, որոնք վառ կարմիր են, թեթևակի ուռած՝ ինչպես մանկան շուրթեր։– Կանցնի, ում հետ էլ ասես, կարող է պատահել…-Եվ քիչ խոնարհվելով իմ կողմը, կրկին ժպտում է։ Նրա մատների ջերմությունն ասես թափանցում է իմ ամբողջ էության մեջ, և ես զգում եմ, թե ինչպես հետզհետե մեղմանում, վերադառնում եմ նորմալ վիճակի։ Աստված իմ, ես հաստատ գիտեմ. այս աղջիկը շատ շուտով խելքահան կանի ինձ։ Թող, միայն թե ձեռքը չվերցնի իմ ձեռքի վրայից, այդպես թող այրի ինձ իր ջերմությամբ։ Հանուն դրա արժե նույնիսկ զրկվել խելքից։ Միթե՞ այդպես չէ…

Վերջին զանգից հետո Մարատը նորից տիրոջ պես կանգնում է մեր նստարանի մոտ և Ռուզանին ասում է.

–Գնացինք։

Ռուզանը հնազանդ ելնում և գնում է դռների կողմը։ Տա՞տն է, ինչ է, սովորեցրել նրան այդ ազգակցական հնազանդությանը։ Այնպես կուզենայի հենց դռների մոտ կանգնեցնել այդ Մարատին և տարահարված թափով խփել նրա դեմքին։ Բայց ոչ, չարժե երկրորդ անգամ կռվի մեջ ընկնել։ Մի օրվա համար չափից դուրս շատ կլինի դա։

Լիլիթը նույնպես ելնում, հավաքում է դասագրքերն ու տետրերը, տեղավորում պայուսակում։ Չի շտապում։ Գաղտուկ նայում եմ նրան։ Եթե առաջինը ես դուրս գամ դասարանից, ստիպված նրա մոտով պիտի անցնեմ։ Հավանաբար ուզում է խոսել հետս, դրա համար է ոտքը կախ գցում։ Ի՞նչ պիտի խոսի։ Պարզ է, ուզում է հաշտվել։ Ոչ միայն Լիլիթի՝ ոչ մեկի հետ խոսելու տրամադրություն չունեմ։ Ես նույնպես դասավորում եմ դասագրքերս ու նույնպես չեմ շտապում։ Լլիլիթը տխուր հետևում է ինձ, հետո գլխիկոր, դանդաղ գնում է դեպի դռները։

Հեռվում վառվում է անտառը… Այդպես թվում է առաջինը հայացքից։ Իրականում անտառը չի վառվում։ Դա արևն է հասել Կաղնախաչի սարերին, անցնում է սարերի այն կողմը, և նրա կարմիր շողերը ոսկեզօծել են անտառը։

Հայացքս հեռավոր անտառներին, ծանոթ արահետով, ցածր, ինքս ինձ սուլելով, տուն եմ գնում։ Իսկ հետո հանկարծ սթափվում եմ՝ ախր, առավոտյան հենց այդ եղանակը սուլելու համար ապտակ կերա։ Քմծիծաղում եմ ու շարունակում ճանապարհս…

Գժտությունը հիմար բան է։ Ես դա գիտեմ, բայց երբեմն լինում է նաև այնպես, որ ստիպված գժտվում եմ ես որևէ մեկի հետ։ Երևի այդպես էլ պետք է լինի, երևի առանց դրան հնարավոր էլ չէ։ Ահա ինչքան ժամանակ է ես ու Լիլիթը խռով ենք։ Մի անգամ ուզում էի հաշտվել, բայց ոչինչ դուրս չեկավ. Նա զայրացկոտ նայեց ինձ և շրջեց դեմքը։ Հո չեմ պարտադրելու՝ թող չուզենա։ Մարատի հետ նույնպես չեմ խոսում: Ռուզանի համար մի թեթև միջադեպ եղավ մեր միջև ու այդ օրվանից չենք խոսում. նրա հետ ես իմ անձնական հաշիվներն ունեմ…

Իսկ ահա Ռուզանի հետ… Իմ գլուխն անգամ չի մտնում այն միտքը, որ երբևէ կարող եմ խռովել նրանից։ Նոր տարվա նախօրյակին նա հանկարծ ասում է ինձ.

–Ես քեզնից ոչ մի քնքուշ խոսք չեմ լսում երբեք…

Ես քիչ մնաց շնչահեղծ լինեի։ Կարծես թե բառերով կարելի է ասել այն, ինչ զգում ես։ Ախր, ես պատրաստ եմ առավոտից մինչև երեկո նրան փաղաքշական խոսքեր ասել, բայց դե, դա այնքան էլ հեշտ չէ։ Թեկուզ հենց հիմա։ Ի՞նչ պատասխանեմ նրան։ Սկզբում լսում եմ, ոնց որ համր, հետո ինչ-որ փնթփնթում եմ.

–Այսինքն, ի՞նչ խոսքեր ի նկատի ունես։

Ազնիվ խոսք, իմ սիրտն անգամ խառնում է իմ ասածից։ Զարմանում եմ, թե Ռուզանն ինչպես է կարողանում նույն նստարանին նստել մի այնպիսի բութ ոչխարի հետ, ինչպիսին ես եմ։ Իսկ նա… միայն ժպտում է լուսաշող , իսկ հետո ասում.

–Դու ուրախ ես, չէ՞, մեր մտերմությամբ…

–Ուրախ եմ… Դե, իհարկե, ուրախ եմ։

Ռուզանը մատը տանում է շուրթերին։

–Սուսս…

Ես բնազդաբար նայում եմ շուրջս, թեպետ ինքս էլ գիտեմ, որ դասասենյակում ոչ ոք չկա ինձ ու Ռուզանից բացի: Դասերը վաղուց ավարտվել են, բայց ես տուն չեմ գնում, որովհետև, ըստ դասացուցակի, այսօր հերթապահ եմ։ Ռուզանը սկզբում գնացել էր Մարատի հետ, սակայն մի տասը րոպե անց, նորից ետ եկավ։ Եվ ահա մենք մենակ ենք՝ կիսամութ ու ընդարձակ դասասենյակում։

–Իսկ դու՞,-հարցնում եմ ես ու զգում, թե ինչպես է ձայնս դողում։ Ռուզանը թոթվում է ուսերը։

–Դու հո տեսնում ես… Ես ինքս էլ զարմանում եմ ինձ վրա…Շարունակ ուզում եմ քեզ մոտ լինել, թեկուզ ոչ մի բանի մասին չխոսենք էլ, միևնույն է, ինձ համար հետաքրքիր ու հաճելի է քեզ հետ…

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21  22  23  24  25  26  27  28  29 
Рейтинг@Mail.ru