bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

Ամբողջ Ապշերոնում Բիլգիան* միակ տեղն է, ուր ծովափը ժայռոտ է, և մենք այստեղ եկանք լողանալու ու քաղաքից դուրս, ծովահայաց ժայռերի վրայից դիտելու անեզր ու անկնճիռ մաքուր ծովը, որի լազուր շողշողուն մակերեսին այս ու այնտեղ կոտորակվում, ճերմակին էին տալիս միանգամից հայտնվող ու կրկին անհետացող թափանցիկ արևով ողողված մեղմափրփուր կոհակները: Արծաթափայլ այդ կոհակները, հետզհետե փշրվելով, համբուրաձայն աղմուկով լիզում էին ափամերձ քարերը:

Մենք մարդկանց աչքից հեռու, ժայռերի մոտ էինք լողանում, որովհետև ես չէի ուզում, որ ուրիշ որևէ մեկը նայեր Ռենային: Երփներանգ լողազգեստով ու «Մակնամարա» արևապաշտպան շքեղ ակնոցով, դեռևս չչորացած ջրի լուսավոր կաթիլներով առձիգ մարմինն արևայրուկից շոկոլադագույն, ծաղկապատվաստման գեղեցիկ հետքը գեղեցիկ թևին՝ սքանչելի էր նա:

Ամրասրունք բարձր ոտքեր, նրբենի ուսեր ու լողազգեստի տակից պրկված գեղանի կուրծք, առասպելական բարակ մեջք ու նրբագեղ բերան՝ գրգասուն բոսոր շուրթերով. ասես ամբողջ լողափը շրջվեց մեր կողմը, երբ մենք հայտնվեցինք այնտեղ: Նրա ստվերն անգամ գեղեցիկ էր:

– Գնանք ժայռերի մոտ, այնտեղ մարդ չկա, – ասացի ես:

Իմ աննման Ռենան ակնթարթորեն հասկացավ իմ հոգու խռովքը և, դեմքին մի չքնաղ հեզություն ու նրբություն, ժպտալով ասաց.

– Գնանք:

Եվ դրա համար ես անչափ երախտապարտ էի նրան: Ես այդ գողունի հայացքները որսացի նաև խորովածանոցում, դա միանգամից ալեկոծեց ինձ: «Ռեն, եթե իմանամ, – կամացուկ, մի տեսակ խռպոտության փոխված ձայնով արտաբերեցի ես,

շնչահեղձվելով իմ ներսում հետզհետե հորձանք տվող ամենակուլ կրքի ու խանդի խառնակ զգացմունքից, – եթե իմանամ, թե մեկի ձեռքը կպել է մարմնիդ, դանակով կկտրեմ այդ տեղը»: Ռենան, գրկելով իմ թևը, շշուկով ասաց.

*Բիլգիա – լողափ Ապշերոնի թերակղզու համանուն ավանի՝ Բաքվի արվարձաններից մեկի հարևանությամբ

– Եթե ես քեզ հետ եմ, ուրեմն ինձ հարկավոր չէ ոչ ոք: Նա չէ երջանիկ, ով շատ երկրպագուներ ունի: Այլ նա, ով ունի մեկը, որից բացի ոչ ոք պետք չէ նրան: Մի խանդիր ինձ, Լեո, հասկացիր, ես երբեք ու ոչ մի անգամ այնպիսի բան չեմ անի, որ վիշտ պատճառի քեզ:

Այդպես ասաց Ռենան ինձ այն ժամանակ:

Մենք խոսում էինք հազար ու մի բանի մասին՝ կարևոր ու անկարևոր, շարունակ մի թեմայից անցնելով մյուսին, անհոգ ծիծաղով՝ իրար վրա ջուր էինք ցողում, արևի ու տաք ավազների միջով ձեռք-ձեռքի վազելով՝ մեզ նետում էինք ջուրը, մրցության մեջ մտած՝ ափից ահագին հեռանում ու նորից առաջկտրուկ ետ էինք լողում, կրկին մրցելով, թե ով առաջինը կհասնի ափ:

Հետո մենք խոսեցինք Զիգմունդ Ֆրոյդի հոգեվարժության ըմբռնման մասին, ես ասացի, որ համաձայն եմ Ֆրոյդի այն կարծիքին, ըստ որի նախնադարյան մարդը շարունակում է ապրել մեր հոգեկերտվածքի անգիտակցական ոլորտում և ամեն մարդ օժտված է բնածին ագրեսիվ բնազդներով, ավերելու հակումներով:

Ռենան առարկեց ինձ: Նա գտնում էր, որ ես դրանով իսկ արդարացնում եմ բռնությունը, ագրեսիան, ավերելու և սպանելու անասնական բնազդները: Նա օրինակ բերեց Ռասկոլնիկովին, հարցնելով, թե որտե՞ղ են նախնադարյանն ու անգիտակցականը նրա արարքների մեջ, նա մարդ է սպանել, երկու կնոջ, նա ասում է, որ ես ոչ թե նրանց, այլ ինքս ինձ սպանեցի, այդ սպանությունից հետո նա լիարժեք մարդու պես չի կարող ապրել, բայց մենք նույնպես նախկին ձևով ապրել այլևս չենք կարող:

Հետո նորից ու նորից խոսում էինք, Ռենայի ձայնն անուշ մեղեդի էր ինձ համար: Հետո մենք անցանք ուրիշ թեմայի՝ երաժշտության: Ռենան ասաց, որ կարող է օրերով Ռավել ու Բախ լսել, ափսոսանքով նշեցինք, որ հավանորեն անկրկնելի լիներ նաև տասներորդ սիմֆոնիան՝ «Ֆաուստի» մոտիվներով, եթե Բեթհովենը հասցներ ավարտել: Հետո գեղանկարչության ու քանդակագործության մասին խոսք եղավ, և ես հարցրի Ռենային, գիտի՞ նա, արդյոք, որ Հայնեն գնում էր Լուվր և, ժամերով նստած Միլոսյան Վեներայի արձանի մոտ, լալիս էր անարգված մարդկային կատարելության համար:

Հետո Ռենան ասաց, որ դեռևս չի եղել Էրմիտաժում և շատ կուզենար մի անգամ՝ արձակուրդներին, մեկնել Լենինգրադ, լինել Էրմիտաժում, Ռուսական թանգարանում ու նաև, իհարկե, առափնյա այն տանը՝ Մոյկայի վրա, ուր իր վերջին ժամերն էր ապրել Պուշկինը:

«Միասին կգնանք», – մտովի ասացի նրան, և այդ մտքից սիրտս թպրտաց:

– Դու կարդացե՞լ ես Պուշկինի նամակներն իր սիրած աղջկա՝ Նատալյա Գոնչարովայի մորը:

Ես ծանոթ էի այդ նամակներին, կարդացել էի, բայց հատկապես ո՞ր նամակի մասին էր նրա խոսքը՝ չգիտեի:

– Այնտեղ Պուշկինը գրում է, որ ինքը պատրաստ է մեռնելու Նատալյայի համար: Ամենավսեմ սերը, կարծում եմ, կարապների սերն է: Եթե նրանցից մեկը զոհվում է, մյուսը չի դիմանում դրան, քարափից իրեն նետում է ծովը… Դու կարող ե՞ս կյանքդ զոհել հանուն քո սիրած աղջկա, – անսպասելի հարցրեց Ռենան՝ կապուտակ աչքերը հառելով ինձ:

– Ռենա, – ասացի ես՝ շոյելով ու համբուրելով արևի ոսկով օծված նրա գեղանի ուսերը, – ես իմ կյանքը կտամ քեզ առանց վայրկյան անգամ վարանելու:

– Ես սիրում եմ քեզ, – նրա հրափափուկ կրակե շուրթերը թեթև հպանքով անցան իմ դեմքի վրայով, կանգ առան տոչորված շուրթերիս: – Ես սիրում եմ քեզ և դրա մեջ է իմ ամբողջ կյանքը, – շշնջաց Ռենան հազիվ լսելի:

Ես համբուրում էի այդ բառերն արտաբերող շուրթերը, և հոգիս ցնծում էր երջանկությունից:

Բարձր երկնքով կռունկների մի ուրիշ երամ էր անցնում՝ դարձյալ անկյունաշար շղթայով ու նույն թախծական կանչերով՝ կուռլո¯ւ, կուռլո¯ւ, կուռլո¯ւ…

Եվ ինձ համար միանգամայն անսպասելի՝ Ռենան արտասանեց Տերյանի տողերը.

Չի հասկանա ձեր հոգին և՛ ծույլ, և՛ օտար,

Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար…

Ես զարմացած ու հիացմունքով նայեցի Ռենային, հիշեցի Էսմիրայի խաղացկուն ժպիտով ասված խոսքերը. «Նա հիմա հայ գրականություն է ուսումնասիրում», ժպտացի՝ լցված նրա հանդեպ քնքշանքով ու երախտագիտությամբ:

– Հազարամյակների մշակույթի պատմություն ունի հայ ժողովուրդը, – ասաց Ռենան: – Ճիշտն ասած, Լեո, առաջ չգիտեի:

– Այո, հազարամյակների մշակույթ ունենք մենք, – հաստատեցի ես, – և առաջին քաղաքակիրթ ազգը եղանք, որ ընդունեցինք քրիստոնեությունը, և մեր բոլոր դժբախտություններն այդտեղից են գալիս:

– Ախր, ինչո՞ւ, ինչո՞ւ, – հանկարծակի ասաց Ռենան՝ շառագունած և մի տեսակ վշտագին ձայնով ու սրտառուչ անկեղծությամբ:

«Նրանց տանը, ամենայն հավանականությամբ, խոսակցություններ են գնում այդ ուղղությամբ, – ցավով մտածեցի ես, – պարզապես չի ուզում ասել»:

Մի պահ լուռ էինք, ձայնի մեջ սքողված թախիծ՝ Ռենան ասաց.

– Աստված չանի, Լեո, մի բան պատահի քեզ՝ մի րոպե անգամ չեմ ապրի… – Նա քիչ դադար տվեց, ավելացրեց, – քեզ ունենալով՝ ես ունեմ ամեն ինչ, կորցնելով քեզ՝ ես կկորցնեմ ամեն ինչ:

Ես գրկեցի նրան, տաքուկ մարմինը սեղմեցի ինձ և ոչինչ չգտա ասելու: Իսկ Ռենան ասաց.

– Կուզենայի նորից այնպիսի մի տեղ լինեինք, ուր ծով լիներ, բայց և անտառներ լինեին, թավախիտ անտառներ, և որ ծովը հեռու չլիներ, շարունակ լսեինք նրա աղմուկը, – և անսպասելի ու չարաճճիորեն ավելացրեց, – ես հայերեն գիտեմ արդեն՝ ես ս-ե-ր-ր-ու-մ եմ կ-ե-զ… ես շ-ա-ա-տ ս-ե-ր-ր-ու-մ եմ կ-ե-զ… ես մ-ե-ր-ր-ն-ու-մ եմ… ես մ-ե-ր-ր-ն-ու-մ եմ կ-ե-զ համմար…

Ես ծիծաղեցի:

– Չծիծաղե¯ս, – ասես կաշեպատ դուռ էր ծեծում, բռունցքներով թմբկահարելով կուրծքս, շիկնահար այտերին լուսաժպիտ՝ ասաց նա, – սխա՞լ եմ խոսում, ասա, սխա՞լ եմ խոսում: – Իսկ հետո, իբր թե նեղացած, ստապատիր արցունքախառն աչքերով, ոսկեհնչյուն ծիծաղի միջից, – ես կանեմ, կանեմ դա, կտեսնես, կգնամ, էլ չեմ գա, թե որ այդպես ուզես…

Աստված իմ, նա շարունակ իրեն սիրել է տալիս՝ առանց որևէ պատկերացում ունենալու այդ մասին:

Ես Ռենային ավելի ամուր սեղմեցի ինձ, դողացող ձայնով ասացի.

– Դու ինքդ էլ չգիտես, թե ինչքան քաղցրիկն ես…

* * * * *

Ռենայի հետ մեր հաջորդ հանդիպումը նույնպես ծովափին էր, առողջարանային Նաբրան անունով ոչ մեծ գյուղում, Բաքվից երկու հարյուր քսան կիլոմետր դեպի հյուսիս, համարյա Դաղստանի և Ադրբեջանի սահմանագծին, անտառների հարևանությամբ:

Այդ անտառներն այստեղ Կովկասյան հեռու լեռների փեշերից տարածվում, հասնում էին ընդհուպ մինչև Կասպից ծովը: Երկինք հասնող վիթխարի ծառերով, մարգագետիններով, քչքչան գետակներով ու անթիվ, անհամար աղբյուրներով կուսական խիտ անտառներ, դրանք այնքան անեզր ու անծայրածիր էին, որ անծանոթ մարդը չէր համարձակվում խորանալ այնտեղ, կարող էր մոլորվել և կորչել մթին թավուտներում: Պիոներական տասնյակ ճամբարներ կային Նաբրանում ու դրանից այն կողմ, ծովափի երկարությամբ՝ մեկը մյուսին հաջորդող լեզգիական փոքրիկ գյուղերում՝ Առաջին Յալամա, Երկրորդ Յալամա, Երրորդ Յալամա, հինգից ավելի գյուղեր և բոլորն էլ նույն անունով՝ Յալամա, բայց թվերով տարբեր:

Անցյալ տարի ամռանը, ռադիոհաղորդում պատրաստելու համար, մենք եղանք այդ ճամբարներից մեկում: Ճամբարը վրաններում էր տեղավորված, զովասուն անտառի մեջ, մի բարձրիկ տեղ, որտեղից մինչև ծով՝ մի հարյուր քայլ էր: Ամենուր մանկական զիլ ձայներ, ճիչ ու ծիծաղ էր, երգեր, որ թնդում էին անտառով մեկ: Այդտեղ ծանոթացանք խոհարարուհի Արաքսյայի հետ: Նրանց ընտանիքը միակ հայ ընտանիքն էր ամբողջ Նաբրանում: Սումգայիթից, հիվանդ աղջկա պատճառով, մի քանի տարի առաջ էին փոխադրվել այստեղ: Ե՛վ Արաքսյան, և՛ ամուսինը՝ Սարգիսը, փոքրամարմին, չնայած տարիքին, մազերը լրիվ սև մի մարդ, որը մասնագիտությամբ շինարար էր, ծեփագործ, հորս ճանաչում էին: Նրանք էլ էին Ղարաբաղից, հիսունական թվականներին հավաքագրման եկածներից: Տուն ունեին Նաբրանում, հենց նրանց հյուրընկալ տանն էլ ապրում էինք այդ օրերին: Մտերմացել էինք, բաժանվելիս Արաքսյան ասաց. «Երբ ուզենաք՝ եկեք, հաշվեք, որ հարազատի տուն եք գալիս»:

Ահա թե ում հիշեցի ես, երբ Ռենան ասաց, որ կուզենար նորից այնպիսի մի տեղ լինեինք, ուր ծով լիներ, բայց և անտառներ լինեին, թավախիտ անտառներ, և դա լիներ ծովից ոչ հեռու: Բայց ես Ռենային ոչինչ չասացի, ուզում էի անակնկալ մատուցել: Չէի ասել նմանապես, որ մեքենա եմ առնում, փողն արդեն մուծված էր, մտածում էի նրա հետ իմ մեքենայով Նաբրան գնալ, եթե, իհարկե, Ռենային հաջողվեր թույլտվություն ստանալ տանը:

Իմ մտերիմ ընկերոջ՝ Ռոբերտի հետ, որին գիտեի գյուղից (նրա քույր Մարիան՝ անսահման բարի, մոր պես մեղմ ու քնքույշ, աստվածային մի էակ, իմ ուսուցչուհին էր, երբ ես գյուղում սովորում էի, և Ռոբերտն ամառները Բաքվից գալիս էր գյուղ), գնացինք Բաքվին մերձակա Բալաջարի հանգուցային երկաթուղու կայարան՝ մեքենան ստանալու: Բայց իմ ուզած գույնը չկար, բոլոր «Վոլգաները» սև գույնի էին, ես սև գույնի չուզեցի, պայմանավորվեցինք սպասել, շուտով նորերը պիտի ստանային: Ես անհանգստացած էի, որովհետև ամառը վերջանում էր, շուտով ինստիտուտում պիտի սկսվեին պարապմունքները, և Ռենան այլևս չէր կարող ինձ հետ Նաբրան գնալ:

– Ախպերո, իսկ դու ինչո՞ւ ես անհանգստանում, – սրտաշարժ ոգևորությամբ ասաց Ռոբերտը: – Ես իմ գազան «Ժիգուլիով» ձեզ երկու, շատ-շատ՝ երկուսուկես ժամում կհասցնեմ Նաբրան:

– Իսկ ես քեզ խոստանում եմ չորս ձևի խորոված, – ուրախացած ասացի ես: – Խոզի, գառան, սևրյուգայի և օսետրինայի:

 

– Խմիչքն ինձ ավելի է հետաքրքրում:

– Ինչ խմիչք ուզում ես՝ պատրաստ եմ գնել քեզ համար:

Գործունյա, սնդիկի պես շարժունակ Ռոբերտն իրար անցավ:

– Գնում ենք: Ուրեմն այսպես: – Նա դեմքին լուրջ արտահայտություն տվեց: – Համեստ ժողովուրդ ենք, բավարարվենք քչով՝ սևրյուգա և գառան խորոված: Մանավանդ, օսետրինան շատ է յուղալի, իսկ խոզի խորովածն ամառ ժամանակ՝ չարժե: Ախպերո, կարճ՝ սպասում եմ զանգիդ:

Ռենային հաջողվեց համոզել մորաքրոջ աղջկան՝ Դիլարային (նա քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում՝ Բինաղադի ավանում էր ապրում և, բարեբախտաբար, հեռախոս չուներ, ստուգել չէին կարող), աշխատանքի վայրից զանգել Ռենայի մորը և խնդրել, որպեսզի Ռենան մի օրով մնա իր մոտ: Ռենայի մայրը դժկամությամբ, բայց համաձայնել էր, պայմանով, որ կիրակի երեկոյան ժամը ութից ոչ ուշ Ռենան տանը լինի:

Ռոբերտն իր խոսքի տերը եղավ. մենք Նաբրան հասանք համարյա երկուսուկես ժամում:

Արաքսյան՝ լղար, երկար, մազերը ծոծրակին ոլորած, իրենց բակի ճյուղատարած ընկուզենու՝ փողոցի վրա սփռած ստվերում կանգնած, խաչած թևերը փորին, ասես մեզ էր սպասում: Բայց հանկարծակիի եկավ, երբ Ռոբերտը մեքենան արգելակեց նրա մոտ: Զարմանքն ու շփոթմունքը նա մի պահ չկարողացավ թաքցնել, հետո վերագտավ իրեն, չորուկ դեմքը սիրալիր ու հյուրընկալ արտահայտություն ստացավ:

– Բարով եք եկել, – բարեհոգի ժպտալով ասաց նա: – Շատ բարով եք եկել:

Ռենան նրան շատ դուր եկավ:

– Ի¯նչ լավ նախշուն աղջիկ է, ասես թփից հենց նոր պոկած զրավարդ լինի, – ասաց նա՝ ոսկե ատամները բաց ժպտալով: – Մութ տեղը կանգնի՝ լույս կտա, – և, նայելով Ռենային, իր իմացած կիսառուսերենով ավելացրեց, – օչեն կրասիվի դեվուշկա:

Ի պատասխան՝ Ռենան լուսաճաճանչ ժպտաց նրան:

– Ձկան հարցը ո՞նց է ձեզ մոտ, – դուրս գալով մեքենայից և աջ ու ձախից մեքենան դիտելով՝ հարցրեց Ռոբերտը:

Նա արդեն իր տարերքի մեջ էր:

– Ձկան երկիր է՝ ոնց պիտի լինի, – նույն ոսկեատամ ժպիտով պատասխանեց Արաքսյան: – Սիրտդ ի՞նչ է ուզում՝ օսետրինա, սևրյուգա, բելուգա:

– Մենք Լեոյի հետ արդեն պայմանավորվել ենք՝ սևրյուգա և մի սև չաղլիկ գառ:

– Ձուկը կլինի առավոտյան շուտ, քեզ հետ մեքենայով կգնանք Երրորդ Յալամա, կբերենք: Նախօրոք իմանայի՝ կառնեի, իսկ գառը՝ երեկոյան ամուսինս կգա, կմորթենք:

Ռոբերտը, գլուխը ետ գցած, երկար ծիծաղում էր:

– Մենակ էդ խոսքի համար արժեր էստեղ գալ, – դեռևս ծիծաղելով ասաց նա: – Ամուսնուդ ինչո՞ւ ենք մորթում, ի՞նչ է արել:

– Ամուսնուս չենք մորթում, – ինքն էլ ծիծաղելով՝ ասաց Արաքսյան: – Թեկուզ արժե մորթել: Ոչխարը դուրսն է, պիտի բերի:

Տան ետևում, այգուց այն կողմ, խշշում էր անտառը:

Կաղնու տերևի պես եզրը կտրտած կատարը ցից, աչքը՝ փողոցում, ճամփեզրի թանձր փոշու մեջ թավալվող իր հարեմին՝ ցանկապատի վրա հպարտորեն կանգնած, փետուրներով հուրհրատին էր տալիս շիկացած ածուխների շեղջի նման հրակարմիր աքաղաղը:

Արաքսյան արագ սեղան գցեց:

Տաքացրած թարմ կաթի բույրը տարածվել էր բակում:

– Չէ, արժե գյուղում ապրել, – ասաց Ռոբերտը: – Ինչ ուզում եք ասեք՝ արժե:

– Գյուղում ապրես, բայց չաշխատես, – ժպտալով ավելացրեց Արաքսյան:

Ես նվերներ էի բերել, հանձնեցի Արաքսյային: Նա նեղացավ:

– Ինչո՞ւ եք նեղություն քաշել, – ասաց: – Անհարմար վիճակի մեջ եք դնում մեզ:

– Այս երկու բլոկ սիգարետն էլ կտաք ձեր ամուսնուն, – սիգարետները մեկնելով նրան՝ ասացի ես:

– Ոչ մի դեպքում, – սիգարետները վերցնելով՝ ծիծաղելով ասաց Արաքսյան: – Նրան ոչ մի տուփ չեմ տա: Օրական տասը սիգարետ՝ այն էլ «Պամիր» կամ «Ավրորա», ավելի ծխելու իրավունք չունի:

Արաքսյայի դուստրը՝ Ալվարդը, նստած էր տան պատշգամբում, այնտեղից նայում էր իր մեծ, նշաձև թախծոտ աչքերով, ժպտում մոր խոսքերի վրա. նա տեղից շարժվել չէր կարող:

– Տասը սիգարետը շատ է, – մեջ ընկավ Ռոբերտը, – հինգն էլ բավական է:

Ռենան մոտեցավ Ալվարդին, ծանոթացան: Երկար խոսում էին, և Ալվարդը նայելով նրան, մեղմ ժպտում էր նույն գեղեցիկ, թախծոտ ժպիտով:

– Ռենա ջան, եկեք, ամեն ինչ պատրաստ է, – կանչեց Արաքսյան: – Լեո, արյունը քաղցր էդ գեղեցկուհուն որտեղի՞ց ես ճարել, ասես քաշած պատկերք լինի:

– Իսկ ի՞նչ է, Լեոն պակա՞ս տղա է, – ինձ պաշտպան կանգնեց Ռոբերտը:

– Իսկ ո՞վ ասաց, թե պակաս է: Պակաս չի, իրար էլ շատ լավ սազում են: Հա, թայը թային որ չգտավ՝ հարամ է: – Արաքսյան հիացած նայեց, ավելացրեց, – էդպիսի աղջիկներ կինոներում են ցույց տալիս մենակ:

– Կինոյից է վերցրել, – կատակեց Ռոբերտը: – Բա զուր տե՞ղն է հեռուստատեսությունում աշխատում:

– Դու էլ ե՞ս էնտեղ աշխատում, – հարցրեց Արաքսյան:

– Ե՞ս… ես ադրբեջանական հանրապետության կապի մինիստրությունում եմ աշխատում: Ուզո՞ւմ ես տունդ հեռախոս անցկացնեմ:

– Շնորհակալ եմ, – ժպտաց Արաքսյան, – հեռախոս ունենք, – և դարձյալ նայեց դեպի Ռենան: – Երևում է շատ բարի սիրտ ունի, – ինքնասույզ ու խորունկ տխրությամբ ավելացրեց նա՝ նայելով պատշգամբի հատակին անշարժ նստած դստեր կողմը:

Ռենան մոտեցավ մեզ, և ես նրա աչքերում, մեկ ուրիշ աչքի համար աննկատելի, արցունքի շող տեսա:

– Մեղք է, – շշնջաց նա, – համարյա իմ տարիքին է, տասնինը տարեկան:

– Դու այդպիսի սրտով ո՞նց ես ուզում բժշկուհի դառնալ, – կամացուկ ասացի ես, – և այն էլ՝ մանկաբույժ:

– Ինքս էլ չգիտեմ, – շշնջաց նա, գլուխը հակելով իմ ուսին: – Տասնինը տարի, սխալ բուժման պատճառով, անշարժ գամված է տեղում:

– Նստեք, – մոտենալով՝ սեղանի մոտ հրավիրեց Արաքսյան: – Ամեն ինչ թարմ է՝ կաթը, ձուն, սերուցքը, յուղն ու մեղրը: Կաթը, յուղը, սերուցքը՝ մեր կովերն ենք կթում, ձուն՝ մեր հավերի ձուն է, մեղրը՝ մեր ճանճի մեղրն է: Մի քիչ կերեք, հանգստացեք, հետո կգնաք ծով, կգաք, ամեն ինչ պատրաստ կլինի: Գալիս չմոռանաք, խանութից հաց կբերեք: Ուրիշ ոչ մի բան պետք չէ: Ամեն ինչ կա:

Ռոբերտը հիշեց, գնաց ավտոմեքենայի բեռնախցիկից հանեց ինչ բերել էինք՝ դեղնաթափանցիկ շահնա տեսակի քաղցր խաղող, ձմերուկ, սեխ, հանքային ջուր, չմոռանալով, իհարկե, իմ «Ախթամարն» ու իր սիրած օղու՝ «Գժելկայի» շշերը:

«Էս «Գժելկայից» ես կգժվեմ մի օր», – ծիծաղեց Ռոբերտը:

* * * * *

Տնամերձ այգուց անտառի վրա բացվող դռնակ կար: Մեր ետևից խնամքով ծածկելով դռնակը՝ մենք տոփանված խոնավ արահետով, մի քանի անգամ անցնելով հորդահոս քչքչան առվակների վրայով, իջանք դեպի ծով, որտեղից փչող մարմանդ հովը շարժում էր մանրիկ թփերը՝ ասես շոյելով մեկ այս, մեկ այն տերևը:

Արահետի երկու կողմերում, մինչև գոտկատեղ հասնող ծաղիկներին թավ բզզոցով նստել էին բոռերը, որոնց ծանրությունից ծաղիկները թեքվել էին գետնին ու հազիվ նշմարելի ճոճվում էին թեթև քամուց:

Ինչ-որ տեղ, ոչ այնքան հեռու, արտույտը երգի անցավ ու լռեց:

Խոտածածկ արահետի եզրից մի երաշտահավ վեր թռավ աղմուկով և միանգամից ճկելով՝ թեք սլացավ ծառերի արանքով: Մի մոշահավ ևս պոկվեց համարյա նույն տեղից, խոյընթաց սլացքով աղեղ տվեց լայն շրջանով, զիլ կչկչաց ու անհետացավ մթին շամբուտում: Շիկակարմիր մրջյունները, վազքի մեջ մտած, սուրում էին ծառերի բներին, միալար երգում էին ծղրիդները, մի թռչնակ ծլվլաց ու լռեց:

– Լեո, նայիր, – Ռենան կանգ առավ, կիսաբաց շուրթերով ժպտում էր, – չե՞ս տեսնում:

Ռոբերտը մեր կողմը չէր նայում, ձեռքերը բարձրացրած՝ մխրճվել էր մոշու կառչուն թփերի մեջ, մոշ էր ուտում:

– Նայիր, մի՞թե չես տեսնում, – Ռենան, թևս մտած, ցույց էր տալիս դիմացի ոչ բարձր ծառը, որի սաղարթներում ցոլցլում էր արևի շողը: – Մեզ է նայում: Լավ նայիր, – բուռն խանդավառությամբ հրճվում էր նա:

Ես տեսա ոչ միանգամից: Տերևների մեջ պտույտ գալով սկսեց ծլվլալ կարմիր բերանով բաց դարչնագույն մի փոքրիկ թռչնակ: Քիչ հեռվում կանչեց կկուն՝ խլաձայն ու թախծոտ: Նրա կանչը սրտի զարկերի էր նման: Հետո միանգամայն անսպասելի կլկլացրեց արու սոխակը, որին գեղ-գեղ ձայնակցեցին դեղձանիկն ու խլահավը, և անտառը ծայրեծայր լցվեց թռչունների զվարթ ծլվլոցով:

Ամենուրեք իրենց դարն ապրած ու տապալված ծառեր կային՝ անտառային խոնավությունից սլկուն, զմրուխտե թավշի պես փայլուն մամուռով ու մամուռի տակ մնացած չեչոտ սուր ոստերով:

Ծառերի արանքից շեղակի լույս էր հորդում, բացատ էր՝ ընդարձակ, քնած ու տաքուկ սաղարթախիտ անշարժ անտառով երիզված, կապտավուն երերուն մշուշի մեջ կովեր էին արածում՝ ծլնգացնելով զանգուլակները: Բխոված ձի էլ կար այնտեղ, որ չէր երևում, նրա երկաթե ոտնակապանքի զնգոցն էր միայն ղողանջում երբեմն:

– Այս ի¯նչ հրաշք տեղեր են, Լեո, – երանությամբ շուրջը նայելով՝ շշնջաց Ռենան: – Ես սա չեմ մոռանա, երբեք չեմ մոռանա…

Ասպիրակի արբեցնող բույրը, անցած տարվա փտած տերևների, խոնավ հողի ու կուսական ծմակների նախաստեղծ սուր հոտը, կեչու աստղիկները՝ անձրևներից գոյացած ջրափոսերում, վերսլաց կաղնիների բարձր սաղարթների արանքներից երևացող կտրատված երկինքը, – այդ ամենը հիշեցնում էր ինձ հեռու-հեռավոր այն օրը, երբ Հայրիկի հետ գնացել էինք Կղնախաչից այն կողմ՝ Բուրջալում գտնվող իրենց հին տնատեղերը տեսնելու:

– Եկեք, սև մոշ եմ քաղել ձեզ համար, – առջևից կանչեց Ռոբերտը:

Խճուղուց այն կողմ երևաց ծովը՝ անմարդ, խաղաղ, անեզր: Ծովն ու երկինքը միացել էին իրար, և հեռվից դժվար էր զանազանել՝ որտեղից էր սկսվում երկինքը և որտեղ վերջանում ծովը: Արևի շռայլ լույսով ողողված մանրիկ կոհակները միանգամից հայտնվում, ցոլցլում էին ծովի կապտակապույտ մակերեսին, անհայտանում, կրկին հայտնվում էին, շողշողում կուրացուցիչ փայլով:

Ռենան, թևս գրկած, այտով իմ ուսին սեղմված, հիացմունքով նայում էր:

Ծովը կանչում էր մեզ:

Այդ կանչին անսալով` մենք ձեռք-ձեռքի իջանք ծովի կողմը: Ինչ անցավ Ռենայի մշտափոփոխ զվարթ մտքով, այդ պահին պարզ չէր, նա լուսատեսք ժպտաց, արագ հանեց կոշիկներն ու, մատները սահեցնելով դրանց մեջ, հապշտապ կտրեց խճուղին, ոտաբոբիկ վազելով գնաց դեպի լողափ:

Եվ մինչ ես նոսր թփուտների արանքներով, սուրսայր մանր քարերի տակից ցայտող աղբյուրակները շրջանցելով, կհասնեի նրան, նա շորերն արդեն հանել, գցել էր ավազներին, լողազգեստով նետվել ջուրը, և հիմա, գեղասրունք ոտքերի ու ձեռքերի համաչափ շարժումներով ճեղքելով ջուրը, իրեն մղում էր առաջ` դեպի ծովի խորքը:

– Հեռու մի՛ գնա, Ռե՛ն, – բարձր կանչեցի ես, – այնտեղ շնաձկներ կան:

Սակայն ծովի խորքից եկող խուլ շառաչի, ալիքների ճողփյունի, ճայերի անվերջանալի կանչերի ներքո հազիվ թե նա ինձ լսեր:

Շնաձկներ իսկապես կային, այն էլ` մի քանի հատ: Շրջան կազմած` մե՛կ գլխիվայր սուզվում էին ջրերի մեջ` մի կարճ պահ փոսորակներ թողնելով իրենց ետևից, մե՛կ ելնում էին` սև ձյութից էլ սևասև, դնչերով վեր փայլածում արեգակի պաղպաջուն ցոլքից:

Ռոբերտը դեռևս չկար, նա այնտեղ մոշ ուտելով էր զբաղված երևի:

Հեռվում, ուր կապույտ երկինքն իջել, ձուլվել էր ծովին, և, իրավ, զանազանել անկարելի էր, թե որտեղ էր վերջանում ծովը, և որտեղից սկսվում երկինքը, ճերմակաթույր նավ էր կանգնած: Գուցե կանգնած չէր, գուցե դանդաղ սահում էր առաջ, այստեղից չէր երևում: Ու չէր հասկացվում նույնիսկ մարդատար նավ էր դա` տախտակամածներով ու նավասենյակներով, թե ձկնորսանավ` խարիսխ ձգած այստեղից հեռու, ծովն ու երկինքը միացնող այդ կապտաշղարշ կետում:

Ռենան հետ էր շրջվել և առաջվա պես, թևերով ճեղքելով ջուրը, լողում էր դեպի ափ: Արևը Ռենայի թիկունքում էր և ոսկեզօծ ճաճանչներով ողողել էր նրա մազերն ու գլուխը:

– Արի՛, – ձայնեց նա հեռվից: – Դու կարծում ես ջուրը սա՞ռն է: Ամենևին: Մի՛ վախեցիր, արի:

Նա ժպտում էր իր լուսաշող աչքերով, և դա ժպիտ չէր սոսկ, առինքնող կանչ էր ու հրավեր: Խանդավառ հիացմունքով նայում էի նրան, ինքս ինձ, իրոք, նախանձելով, որ իմն է նա: Ես արագ հանվեցի, մտա ջուրը, որ սկզբում թվաց շատ սառը, և լողալով գնացի Ռենային ընդառաջ: Երբ բոլորովին մոտ էի արդեն, նա ձեռքը պարզեց ինձ, բռնելով նրա մատները` ես Ռենային ձգեցի դեպի ինձ, պինդ սեղմեցի կրծքիս, և այդպես, ես նրան գրկած` ծովը մեզ օրորում էր արևից շողշող ջրերի վրա:

– Ինչպիսի¯ երանություն, – հրճվագին ասաց Ռենան, և, հավանորեն, այդ երանությունից աչքերը փակ, նա գլուխը թեքած` դեմքով հպվեց իմ այտին:

Նրա մեղրաբույր շնչառությունը խելացնոր էր և, նայելով նրան ու հմայվելով նրա թովիչ տեսքով, ես ժպտալով մտածեցի այն մասին, որ, ըստ երևույթին, երանության հմայքը աչքերը փակ կարելի է զգալ միայն:

– Երանությունը հենց ինքը երջանկությունն է, – ի վերջո վճռական ասաց Ռենան:

– Երևի:

– Իսկ դու կարո՞ղ ես ասել, թե որտեղ է սկսվում երջանկությունը և որտեղ վերջանում:

– Իմ անուշի՛կ Ռեն, – տոթակեզ շուրթերով հպվելով նրա մերկ ուսերին, ասացի ես, ներքուստ ապրելով սքանչելի այդ վայելքը անեզրական ծովում, – ինձ համար երջանկությունը քեզնով է սկսվում ու քեզնով վերջանում:

Ռենան գթասիրտ նայեց ինձ, ասաց փաղաքշական ձայնով.

– Ցավեդ տանեմ, բայց մի՞թե դու կարող ես ինձ նման սիրել, դու ինձ նման սիրել չես կարող, որովհետև կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են սիրում: Տղամարդու համար սերը իր կյանքի մի մասն է, իսկ կնոջ համար սերը նրա կյանքի մի մասը չէ, սերը ողջ իր կյանքն է:

– Դրա համար կնոջը պիտի պաշտել, մանավանդ, որ նա ամենևին չգիտի իր գինը: Դու իմ կատարելիությունն ես, Ռեն: Դու իմ շունչն ես, իմ հոգին ու իմ ոգին ես: Դու երկրպագության ես արժանի միայն: Դու լսո՞ւմ ես ինձ:

Ռենան խանդաբորբոք խլրտաց իմ գրկում` ասես ձգտելով ներթափանցել իմ մարմնի մեջ: Մեր շուրջը լուսաջինջ արևով ողողված ալիքները երբեմն երևում էին ճերմակափրփուր ծփանքով, երբեմն անհայտանում ու վերստին հայտնվում էին ծովի տարուբերվող մակերեսին` ցոլցլելով կուրացուցիչ լույսով:

Ճայերն անդադար ճախրում էին, երբեմնակի ուղղահայաց իջնում, նստում էին ջրերին, ճոճվում ալիքների վրա:

Ես խենթանում եմ նրա հանկարծակի նուրբ հպումից, թարթիչների տակից ինձ սևեռված ակնթարթային հայացքից, բուռն գրկախառնությունից: Ես շարունակում եմ գորովել նրան, շոյել ու համբուրել ողորկ ուսերը, ուր շողշողում էին ջրի թափանցիկ կաթիլները:

– Չէ՛, ասա՛, դու գիտե՞ս, որ դա այդպես է:

Ես հոժարակամ գլխով արեցի, ներողամիտ ժպիտով ասացի.

– Իհարկե, գիտեմ: Տղամարդու համար սերը իր ողջ կյանքն է, իսկ կնոջ համար իր կյանքի մի մասը միայն, որովհետև նա ունի բազում այլ գործեր. կարող է ծիծաղել, երբ իրականում ուզում է լաց լինել, ժպտալ, երբ սաստիկ վախեցած է հարևանի մի թզաչափ շնիկի տեսքից:

 

Ռենան կրկին խանդավառ խլրտաց, խայտաց իմ գրկում:

– Տե՛ս ոնց էլ հնարում, վերափոխում է իմ ասածը, բառ առ բառ կրկնում, – ծիծաղեց նա: – Խորամանկիս նայի՛ր, իսկ երբ ձեռնտու չէ, բողոքում է հիշողությունից, – ասաց ու հավելեց խանդաղատանքով, – ես շարունակ ուզում եմ քեզ հետ լինել, Լեո՛: Ամեն մի սեր կատարյալ է ու գեղեցիկ յուրովի, միայն թե այն սրտի մեջ լինի, բխի միայն սրտից: Այդպես էլ կա, ես շարունակ ուզում եմ տեսնել քեզ, վայրկյաններ եմ հաշվում մինչև հանդիպում: Բաժանումը խենթացնում է ինձ, ու երբ քեզ մոտ եմ, քեզ հետ, ամեն ինչ մոռանում եմ աշխարհում, սկսում եմ հավատալ լավ բաների հնարավորությանը: Եվ այդ կյանք ասածը չնչին ու ոչինչ է թվում` երջանկության հետ համեմատած, և որ այդ երջանկությամբ պարուրված` գույնզգույն թիթեռնիկներ են ճախրում հիմա իմ հոգում…

Ես միանգամից շրջեցի նրան դեպի ինձ` բուռն տենչանքով համբուրելով կամակոր շուրթերը, պարանոցը, աչքերը, կրկին ու դարձյալ հղկուն պարանոցն ու հրաբորբ շուրթերը… Հագենալ չէի կարողանում:

Հետո մենք ձեռք-ձեռքի լողալով հասանք ափից հեռու, ծովի խորքում շարունակ ճոճվող խարսխավոր լողակին, որից այն կողմ անցնելը խստիվ արգելվում էր: Հետո դանդաղորեն ալիքվող ծովի մակերեսին մեջքի պառկած` երկար ժամանակ լողում էինք, և ծովը` խորունկ, մուգ կապույտ ու անեզր, մեզ մեղմ օրորում էր, մեր գլխավերևում կապտաժեռ երկինքն էր ամպի հատուկենտ մալանչներով, և ճայերը, որ շարունակ ուղեկցում էին մեզ` երբեմն ետ ընկնելով, երբեմն կրկին հասնելով մեզ իրենց կանչ ու ճռվողյունով: Հետո Ռենան, ապավինած իմ թևերին, սահում էր կուրացուցիչ ջրերի վրայով: Հետո մենք զուգահեռ լողում էինք` իմ աջ ու իր ձախ ձեռքերի մատներն իրար միահյուսած: Հետո Ռենան ասաց. «Իմ սերը քո հանդեպ ամեն օր ու ամեն ժամ ավելի ու ավելի է ուժգնանում, երբեմն թվում է` առանց քեզ սիրտս կտոր-կտոր կլինի կարոտից», և այդ փաղաքուշ խոսքից հոգին իմ փառավորվում էր, սիրտս անկանոն բաբախում կրծքիս տակ: Հետո Ռոբերտը կանչեց ափից: Նա մեզ համար մոշ էր բերել…

* * * * *

Ծովից վերադարձանք, երբ արևն իջել, նստել էր անտառների վրա և ծառերի բարձր կատարները վառվում, հուրհրատում էին հրացոլքի շերտավոր լույսից:

– Ի¯նչ սքանչելի տեղեր են, Լեո, – ինչպես մինչև ծով մտնելը, երբ դեռևս կանգնած էինք խճուղուց այն կողմ, դարձյալ ասաց Ռենան, երախտագետ հայացքով նայելով ինձ: – Կյանքում երբեք չեմ մոռանա… Մի՞թե այսպիսի վայրեր կան մեր հանրապետությունում՝ չգիտեի:

– Իսկ եթե Բելոկանում լինես կամ Լերիկում, Լենքորանից հիսունհինգ կիլոմետր դեպի լեռները: Գիտե՞ս ինչ տեղեր են: Հրա¯շք:

Մենք գնացինք խանութի կողմը՝ հաց առնելու: Ռենան ու Ռոբերտը մնացին դրսում, ես մտա ներս: Այստեղ ամեն ինչ կար, խառն ապրանքի խանութ էր՝ ներծծված գյուղական խանութներին յուրահատուկ նամշահոտով: Գնեցի հացը, աչքի անցկացրի մյուս իրերը: Եվ այստեղ, ցուցափեղկին ֆրանսիական օծանելիքներ տեսա՝ «Շանել № 5»: Ինչքան ժամանակ էր՝ որոնում էի Էսմիրայի համար: Ռենայի համար «Քլիմա» գնեցի. դա նրա սիրելի օծանելիքն էր, քաղաքում դժվար էր ճարվում: Եվ, ո¯վ զարմանք, գործակատարուհին գեղեցիկ մի կուլոն ցույց տվեց ինձ: Ոսկյա կուլոն էր՝ կենտրոնում ասեղի գնդիկի մեծության կապուտաչյա ադամանդ: Շատ նուրբ աշխատանք էր, ես նույնիսկ չկարողացա թաքցնել հիացմունքս, որովհետև Ռենայի համար ծանոթ ոսկերչի մոտ հատուկ պատվերով «Լյուչիա» գործվածքի ոսկյա շղթայիկ վաղուց էի գնել, բայց կուլոն չէր հաջողվում գտնել: Առա և բարձր տրամադրությամբ դուրս եկա: Ռենան, հայացքը խանութի դռանը, սպասում էր, ինձ տեսնելով, լայն ժպիտը ծաղկելով տարածվեց դեմքին, ասես երկար ժամանակ ինձ չէր տեսել:

– Հացի հե՞րթ էր, ինչ է, – զարմացավ Ռոբերտը:

– Ռենա, տես քեզ համար ինչ եմ գնել, – մանրանրբին տուփը բացելով, ուրախ ասացի ես: – Տես ինչ սիրուն է: Սիրուն է, չէ՞:

– Սիրուն է, – շնչահատ հիացմունքով գովեց Ռենան և, ամռան արևի պայծառ ցոլքը կապույտ աչքերում, նայեց ինձ: – Շնորհակալ եմ, սա ես կպահեմ որպես թալիսման, – ասաց նա և, կուլոնը ձեռքի մեջ սեղմած, աչքերը փակ, աղոթքի պես կամացուկ արտասանեց.

Храни меня, мой талисман,

Храни меня во дни гоненья,

Во дни раскаянья, волненья,

Ты в день печали будь со мной…*

Ռենան բաց արեց աչքերը՝ լուսապայծառ, ջինջ, նայեց ինձ բերկրալի ծիծաղկոտ հայացքով:

– Իրոք, ի¯նչ սիրուն է, Լեո, – նորից հիացավ Ռենան, կուլոնը դրեց շուրթերին, – միշտ ինձ հետ կլինի, – քնքշանվաղուն շշնջաց նա, – և ամենուր, ուր էլ որ գնամ, ուր էլ որ լինեմ՝ մոտս կլինի, և կպահպանի ինձ չարից, միշտ կպահպանի ինձ… քեզ համար, – նա ժպտահայաց նայեց ինձ և անսպասելիորեն, խնդուն հրճվանքով միանգամից նետվեց գիրկս և, առանց Ռոբերտից քաշվելու, փափուկ տաք շուրթերով համբուրեց այտս: Հետո հանեց իմ նվիրած շղթայիկը, կուլոնը հագցրեց շղթայիկին: Ես օգնեցի նրան՝ պարանոցի վրա միացնելու հանգույցը:

– Սա քեզ, իսկ սա Էսմիրային, – օծանելիքի տուփերը մեկնելով Ռենային` ժպտալով ասացի ես: – Հիշատակ Նաբրանից:

Ռենան գորովասիրտ հայացքով նայեց ինձ, գլուխը սեղմեց իմ ուսին:

– Շնորհավորում եմ, – ասաց Ռոբերտը: – Լեո, տեսնո՞ւմ ես ինչ խերով ոտք ունեմ: Գնացինք: Արաքսյայի ամուսինը հիմա կգա, հարկավոր է շուտ մորթել:

– Լսիր, – ծիծաղեցի ես, – ի՞նչ եք կպել այդ մարդուն:

*Պահպանիր ինձ, իմ թալիսման,

Պահպանիր ինձ հալածանքի օրերին,

Եվ օրերին զղջումի ու խռովքի,

Եղիր ինձ հետ օրերին իմ վշտալի:

Ռոբերտը նոր հասկացավ, որ ինքն էլ Արաքսյայի նման է արտահայտվել և բարձր ծիծաղեց:

Արաքսյայի ամուսինը՝ Սարգիսը, արդեն եկել էր, ընկուզենու տակ կանգնած մեզ էր սպասում: Չնայած ամռան շոգին, չգիտես ինչու, ականջավոր գլխարկով էր նա: Գլխարկի մի ականջը ծիծաղելիորեն վեր էր տնկված, մյուսը՝ կախված, խոսելիս երկար քուղերը ծածանվում էին:

Բարևեցինք: Ռոբերտը նրա հետ գնաց ընտրելու գառը:

– Մի բան ուտեիք մինչև խորովածը, – առաջարկեց Արաքսյան: – Ծովից հետո քաղցած կլինեք:

Մենք հրաժարվեցինք. քաղցած չէինք:

– Դե եկեք ձեր սենյակները ցույց տամ, – ասաց Արաքսյան՝ ինձ ու Ռենային ուղեկցելով դեպի տան կից գտնվող երկհարկ նորակառույց սենյակները:

Անցյալ տարի, երբ մենք այստեղ էինք, այս օժանդակ կառույցը չկար:

– Տղաս է կառուցել, – անսքող հպարտությամբ բացատրեց Արաքսյան, իսկ Ռենային ասաց, – տղաս ու աղջիկս Սվերդլովսկում են ապրում: Ինստիտուտն ավարտել են, մնացել էնտեղ: Առևտրի բնագավառում են աշխատում, երկուսն էլ ամուսնացած են: Բայց՝ անհաջող, – հոգոցով ավելացրեց նա:

Փայտե սանդուղքներով բարձրացանք վեր: Հյուրանոցային երկսենյականոց համարի էր նման՝ բոլոր հարմարություններով, կահավորված, այգու վրա բացվող լուսամուտներով, պատերին ու հատակին՝ սինթետիկ գորգեր: Հեռուստացույց ու մագնիտոֆոն էլ կար:

Արաքսյան միացրեց հեռուստացույցը:

– Դու հանգստացիր, ես գնամ Ռոբերտին օգնելու, – ասացի ես` խանդաղատանքով նայելով Ռենային:

Աստված իմ, ինչքան եմ սիրում նրան, պատրաստ եմ չոքել առաջը, անհագ կարոտով համբուրել ձեռքերը:

– Գնա, – ժպտաց նա, և ես դուրս եկա, թողնելով նրանց մենակ. Ռենային՝ լուսամուտի առջև կանգնած, Արաքսյային՝ գյուղական հուշերով տարված:

Ռոբերտն ու Արաքսյայի ամուսինն աշխույժ զրույցի էին բռնված: Պարզվեց, որ նրանք ծնունդով հայրենակիցներ են, երկուսն էլ Շուշիի շրջանից. մեկը` Բերդաձորից, մյուսը՝ Քարինտակից: Սարգիսը ճանաչում էր Ռոբերտի հորը՝ էնկավեդեի մայոր Համբարձում Սևումովին: Ավելի ճիշտ, Սարգիսը՝ դեռ փոքր երեխա, շատ անգամ է նրան տեսել՝ կարճահասակ, մոնղոլական նեղակն մանրիկ աչքերով, թունդ հայհոյող ու դաժան այդ մարդուն:

– Շատ խիստ մարդ էր, ահուդողի մեջ էր պահում մեր գյուղարանքը, – պատմում էր Սարգիսը, – որ Քարինտակ՝ մեր գյուղ էր գալիս, մարդկանց սիրտն ահ ու սարսափ էր ընկնում:

– Ի՞նչ էր անում որ, – հետաքրքրվեց Ռոբերտը: – Ծեծո՞ւմ էր:

– Բա ինչ էր անում՝ ծեծում էր, – խուլ արձագանքեց Սարգիսը: – Գյուղխորհրդի գրասենյակում ում ասես՝ բանտարկում էր: Նրա ահից, ճիշտն ասած, գողություն-բան չկար մեր կողմերում:

– Ինձ էլ է շատ ծեծել, բան չկա, – ծիծաղեց Ռոբերտը: – Բռնիր ոտքը: Ահա այստեղից: Կուսակցությանը նվիրված մարդ էր, ասում էին պետք է ծեծել՝ ծեծում էր:

Սև գառը գլխիվայր կախվեց կեռից: Ռոբերտը գնահատող հայացքով նայեց գառանը, դանակներն իրար քսելով սկսեց սրել:

– Բայց, մեկ է, սիրտս գյուղի վրա է, – անսպասելի ասաց Սարգիսը: – Ճիշտ է, քշեցին բերին փեզո, սակայն մեր սիրտը գյուղից չկտրվեց, մնացինք գյուղին կարոտ: Մեկ է, ես էստեղ մնացողը չեմ, քյիսըմ գյուղ:

– Ռոբերտ, – հեռվից կանչեց Արաքսյան, – խնդրում, աղաչում, պաղատում եմ, էդ մարդուն տարեք Բաքու, գնացքով ճանապարհ դրեք, մեղք է, թող գնա իրենց գյուղը:

Սարգիսը ետ նայեց, խեղճ-խեղճ ժպտաց:

– Երեսուն տարի է, նույն խոսքն եմ լսում՝ մեր շենը կարոտեսըմ, քիիս ըմ գիուղ, – բերանը թեք ծաղրեց նա: – Գնա, – հրամայողաբար ավելացրեց Արաքսյան: – Տան գործերը ես եմ անում, բոստանը ես եմ բեջարում, լոբին ես եմ ջրում, կովերը ես եմ կթում, ձեռքովը ոչ մի բան չի գալիս, հենց վաղը շալա-քյուլադ հավաքիր ու գնա: Մի տեսնեմ՝ ինձնից բացի քեզ ո՞վ պիտի պահի:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru