bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

կապված ինչ-որ յուրացման հաշիվներ էլ կային, ստուգեցին, նստացրին: Հետո ես տեսա դրան, էդ վաղեմի գեղեցկուհուն, – ձեռքով բերանը ծածկած՝ մանր ծիծաղեց նախկին գլխավորը: – Աղքատ շորերով՝ ոնց մուրացկան: «Հիշո՞ւմ ես, որ ասացիր՝ արհամարհում եմ», – հարցրի: «Հիշում եմ, – ասաց: – Այն ժամանակ արհամարում էի, իսկ հիմա՝ զզվում եմ»: «Դե գնա կեր», – ասացի մտքում: Բայց փոշմանել եմ, բարձր պիտի ասած լինեի, չէ՞…

Լորաննան, ասես օդը չէր հերիքում, ձեռքով հովհարեց իրեն՝ ջրից հանած ձկան պես բացուխուփ անելով բերանը, բարձրաձայն ասաց.

– Մի սիգարետ տվեք, խնդրում եմ:

– Դու ծխո՞ւմ ես որ, – զարմացավ նախկինը:

– Ձեր պատմությունները լսողը ոչ միայն կծխի՝ թմրամոլ էլ կդառնա,– ասաց նա կոպտորեն և, արագ ելնելով տեղից, դուրս եկավ սենյակից:

Քիչ անց ես նույնպես դուրս եկա և, անցնելով կիսամութ միջանցքով, մտա գլխավորի մոտ: Լորաննան այնտեղ նստած ծխում էր:

– Մեկը գիտեք՝ տասը ոչ, – ասաց գլխավորը հառաչանքով: – Մարգար Դավթյանին ու Գևորգ Պետրոսյանին նա մահվան դուռը հասցրեց, էլ չեմ խոսում Բագրատ Ուլուբաբյանի, Արշավիր Դարբնու, Աբրահամ Բախշունու, Էլմիր Մկրտչյանի, Սամվել Քնարունու, Էմմա Պետրոսյանի ու Համո Ամիրխանյանի դեմ նրա արածների մասին: Ամիրխանյանը ստիպված եղավ փախչել Երևան, նույնիսկ չսպասեց գրքի հրատարակմանը. ի միջի այլոց, գիրքն էլ հանել տվեց պլանից: «Գրական Ադրբեջանում» խմբագիր էր, հանդեսի աշխատակից Ոստիկ Կարակոզյանը, որին նույնպես տարիներ շարունակ հալածել էր, աշխատանքից հետո դուրս է գալիս փողոց և հենց գրողների միության առջև, մայթին ընկնում, մեռնում է: «Ուլդուզ» ամսագրի աշխատակից Սիավուշ Սարխանլին զանգում է նրան, ասում, որ ձեր աշխատողն այստեղ մեռած, ընկած է: Ի՞նչ պատասխանի, որ լավ լինի՝ «Հաշվեք, թե շուն է սատկել», – ասում ու դնում է հեռախոսը: Իսկ ժամանակին մտերիմ ընկերներ են եղել, նրանց տնից դուրս չեր գալիս: Մարդը գերագույն խորհրդի նախագահության անդամ է, քսան տարուց ավելի ամսագիր է խմբագրել, մի այդքան էլ այստեղ է աշխատել, հիսուն տարվա կոմունիստ է, ժողովրդական բանաստեղծ, ի՞նչ անենք, պիտի համբերենք մինչև…

*Մաշտաղաավան Ապշերոնի թերակղզում՝ Բաքվի արվարձաններից

– Մինչև ե՞րբ, – նրա միտքը հասկացավ Լորաննան: – Նա մեռնողը չի: Մի՞թե այս մեծ, վիթխարի քաղաքում մի կարգին հայ չկա, որ դրան են դեպուտատ ընտրել:

– Դա որ մեռավ՝ Թելմանին են ընտրելու, – ասացի ես:

Գլխավորը քահ-քահ ծիծաղեց, գլխով հաստատելով, որ, այո, այդպես էլ լինելու է: Եվ հենց այդ պահին, ինչպես ասում են՝ անունը տուր, ամանը լից, ներս մտավ Թելման Կարաբաղլի-Չալյանը՝ իրեն կորցրած, պոչատ հոնքերը գզգզնակ ու շրթունքներն ավելի սմքած:

– Ես սպանիլ բիդիմ… միյավնույնա, սպանիլու եմ, – շնչահեղձվելով կրկնում էր նա: – Մինա ա, բիդի սպանիմ: Կևորկ Ատաճանյան, սպասի… կդեսնես գլոխդ հինչ օյին եմ խաղալու… Ախ, երբ գըլինի գա Մնասագանը բանագիցը, որ ես դուրս անեմ դրան իմ բաժնիցը:

– Թելման, նստիր, հանգավորված ես խոսում, ի՞նչ է պատահել,– իբր անհանգստացած, բայց ծիծաղն ուժով զսպելով հարցրեց գլխավորը:

– Կնիգս փռնել եմ, – նստելով երկար սեղանի ծայրին, հուզմունքից ընդհատվող ձայնով ասաց նա: – Կնգանը քանդաձ դոնը ասդվաձ էլ չի գարալ շինի: Վսյո, փռնեցի:

– Իսկ ո՞ւր էր գնում, – միամտորեն հարցրեց Լորաննան՝ ձեռքով ծուխը աչքերից հեռացնելով:

– Ո՞ւր բիդի գնա, այ ախճի, – բարկացավ Թելմանը՝ ձեռքով հարվածելով իր ծնկանը, – խելք չունիս՝ թաքավոր ես: Դան մեչը փռնեցի: Հարևանը գանչալըմ, դեսալա…

Թելմանի պատմածից հասկացվեց, որ նա կնոջը բռնել էր ուրիշի հետ, և եթե այդ ուրիշը հասարակ մարդ լիներ, ապա Թելմանը նրա հերը կանիծեր տեղնուտեղը («Ճարդուփուրթ գանեի գլոխը», – ասաց Թելմանը): Բայց պետանվտանգության կոմիտեի աշխատակից Սաֆար Ալիևն էր եղել՝ այտին մեծ սև խալով, Հայաստանից եկած մի զզվելի անձնավորություն, որ հայերեն ավելի մաքուր էր խոսում, քան մեր խմբագրության աշխատողներից որևէ մեկը:

Լորաննան նրան գիտեր, նա առաջ հաճախակի էր այցելում նախկին գլխավորին, և բոլորս էլ, իհարկե, հասկացանք, որ ահա թե որտեղից և ում միջոցով էր հայկական խմբագրությունում լույս ընկել Թելման Կարաբաղլի-Չալյանը, բայց նախկինը նույնպե՞ս օգտվել էր Թելմանի դեռատի կնոջ բարեմասնություններից՝ մնում էր անհայտ, չնայած բոլորս էլ հակված էինք մտածելու, որ առանց դրան չէ, մանավանդ, որ Լորաննան մի երկու անգամ տեսել էր նրանց՝ նախկինի առանձնասենյակում քչփչալիս:

– Հասակով մարթը ջահիլ, ղաշանգ ախճիգ չբիդա օզի, – փիլիսոփայեց Թելմանը,– որովհետե հալա քու սաղ վախտը նա արտեն մտածում ա, թա հում հեդա գյանքը անցգացնելու քու մռնելուց եդան…

* * * * *

Խմբագրությունում, անշուշտ, գիտեին արդեն իմ սիրո մասին: Գլխավորը ժպտալով ասաց. «Աչքով չտամ, հրաշք ընտրություն է»:

Միջանցքում Նորան ոտքը կախ գցեց, վիզը թեք ու ձախ ձեռքը այտին, ուսերը ճոճելով հասցրեց հանդիմանել Հադրութի իր բարբառով. «Էհ, Լեո ջան, մատտաղ ինիմ, մեր էս ամբողջ խմբագրությունումը բոլորը գիդասըն, որ ես շա¯տ հարգեսըմ քեզ, գետնից մինչև հենե¯ էն երգինքը, հարգեսըմ, բայց, դե, որ մեր ազգը թողած՝ ուրիշ ազգի աղջկա վրա ես աչք դրել, էդ մեկը քեզ ներեսչըմ…»

Արինան էր միայն, որ ոչինչ չէր ասում: Ասես չէր նկատում, հոնքերի տակից ակնդետ նայում էր, ասում. «Երեկ ինչ-որ աղջիկ էր զանգել քեզ, դու չկայիր»: Չէր ասում՝ ով, թեպետ գիտեր, ձայնից ճանաչում էր: Լորաննան մի անգամ ասաց.

– Լեո, տեսնում եմ, հեռվից էլ երևում է, որ դու սիրում ես այդ աղջկան: Բայց, իմացած եղիր, որ մի անգամ ժպտալու համար պիտի արտասվես հազար անգամ, որովհետև մեծ սերն ինքնին ամբողջապես արցունք ու հառաչ է: Եվ, չգիտեմ ինչու, շարունակ մտածում եմ, որ քո այդ սերը, պարզ է, բերկրանք է բերելու քեզ, բայց և՝ տառապանք: Ծիծաղ, աննման օրեր, ուրախություն է բերելու, բայց և՝ արցունքներ: Ուժ կունենա՞ս դիմանալու այդ ամենին՝ չգիտեմ:

Ես ուշադրություն չդարձրի Լորաննայի բոշայական խոսքերին, ինձ համար անսահման հաճելի էր իմ կապուտաչվի գեղեցկուհու հետ ամեն մի րոպեն. նա իմ ողջ էությունն էր, իմ սիրտն ու հոգին, ես իմ կյանքն այլևս չէի պատկերացնում՝ նրանից տարանջատ, և ինձ համար դուրալի էր, երբ մի անգամ Ռենան, ասես կռահելով իմ մտքերը, փաղաքուշ ձայնով շշնջաց. «Առանց քեզ մի օրս չլինի»:

– Քո սերը նույնպե՞ս առաջին հայացքից ծնվեց, – հարցրի ես կատակախառն ինքնավստահությամբ:

– Այո, – երանավետ քնքշանքով ասաց նա՝ սեղմվելով ինձ: – Չգիտեմ ինչպես ստացվեց դա՝ ինձ դուր եկավ քո շփոթվածությունը և այն, որ չէիր ուզում, որպեսզի ես զանգեի որևէ աղջկա, չնայած, եթե ուզենայիր էլ, միևնույն է, չէի զանգելու: Ես քեզ դուր էի գալիս, ես դա զգում էի, և գերագույն հաճույք էի զգում դրանից: Եվ բնազդով հասկանում էի նաև, որ հենց դրա համար էլ չէիր ուզում, որ ես զանգեի որևէ մեկին, չէիր ուզում ինձ դավաճանած լինել: Այդպե՞ս էր:

– Այդպես էր, – խոնարհաբար ասացի ես՝ խանդաղատանքով համբուրելով նրա բուրումնավետ մազերը, որ մայիսյան ծորուն մեղրի գույն ունեին:

– Գուցեև դա էր պատճառը, որ համաձայնեցի ռեստորան գալ՝ չգիտեմ: Հիշում եմ, շարունակ ուզում էի ելնել ու դուրս գալ քո սենյակից, բայց չէի կարողանում: Բանականությունս ասում էր՝ վեր կաց, սիրտս ասում էր՝ նստիր, ու ես վարանոտ շարունակում էի նստած մնալ: Ահա այդպիսի կռիվ էր գնում իմ մեջ, – լուսավոր աչքերը բարձրացնելով՝ ժպտաց Ռենան: – Ծիծաղելի է, չէ՞:

– Ամենևին… Լավ, իսկ ի՞նչ էիր գտել իմ մեջ: – Ես դա հենց այնպես ասացի:

Ըստ երևույթին, սա գոռոզամտության փորձ չէր, պարզապես ուզում էի նրա չքնաղ շուրթերից մի անգամ ևս լսել, որ նա իրոք, սիրում է ինձ:

Ռենան գլուխը ետ քաշեց իմ կրծքից, նայեց ինձ լուսաշողշող հայացքով, պատասխանեց հարցին հարցով.

– Իսկ ի՞նչ էր գտել Էսմիրալդան կուզիկ Քվազիմոդոյի մեջ:

Զիլ էր. նա ինձ կույր ու գաճաճ Քվազիմոդոյի հետ էր համեմատում:

– Քվազիմոդոյի համար շնորհակալություն, – իբր նեղացած՝ շինծու խռովկանությամբ ասացի ես:

Ռենան պոռթկուն ծիծաղեց, փարվեց ինձ՝ ձեռքերով օղակելով վիզս, հրավառված փափկանուշ շուրթերով հպվելով իմ շուրթերին:

– Հիշո՞ւմ ես, – ասաց նա՝ կախարդելով ինձ իր աչքերի կապտաջինջ փայլով, – Մեջնունի խոսքն իր հորը, երբ նա Լեյլիի մասին ասել էր. «Ի՞նչ ես դու, ախր, գտել նրա մեջ»: Ինչպե՞ս էր պատասխանել Մեջնունն իր հորը. «Իմ աչքերով նայիր, հայր իմ, իմ աչքերով»: Այնպես որ, Լեո, սիրելիս, քաղցրս, – նա կրկին ժպտաց իր ձյունաճերմակ ժպիտով, – իմ աչքերով նայիր, իմ աչքերով, և կտեսնես, որ Քվազիմոդոյի հետ համեմատած՝ դու ահագին սիրուն ես: – Նա ձեռքը քնքշորեն քսեց իմ այտին, ասաց, – հասկացիր, որևէ բանի համար չեն սիրում, պարզապես սիրում են և վերջ: Ասա, ի՞նչ էր գտել տասնութամյա Ուլրիկեն յոթանասունհինգ տարեկան Գյոթեի մեջ:

– Գյոթեն հանճարեղ բանաստեղծ էր:

– Ինչի՞ համար Տուրգենևը սիրեց Պոլինա Վիարդոյին: Ի՞նչ էր գտել նա ոչ այնքան գեղեցիկ ու ամուսին ունեցող այդ գնչուհու մեջ, որ մինչև կյանքի վերջը սիրեց ու պաշտեց նրան ու այդպես էլ չամուսնացավ ոչ ոքի հետ: Հապա, ի՞նչ էին գտել Ելենա Դյակոնովա անունով ռուս մի հասարակ կնոջ մեջ համաշխարհային երկու մեծություններ՝ Պոլ Էլյուարն ու Սալվադոր Դալին, որոնք նրան կնքեցին նոր անունով՝ Գալա, բազում ստեղծագործություններ նվիրելով նրան, իսկ Սալվադոր Դալին իր կտավների տակ դնում էր նաև իրենից տասը տարով մեծ այդ կնոջ անունը՝ «Սալվադոր-Գալա»: Սուլթան Շահ-Ջահանն ավելի քան երեք հարյուր կին ուներ հարեմում, բայց նրանց մեջ նա մեկին էր սիրում միայն: Կարծեմ, Մումթազ է անունը: Ասում են, որ, իբր, հայուհի է եղել: Կարո՞ղ ես ասել՝ ինչո՞ւ հատկապես նրան: Հանկարծամահ եղած սիրելի կնոջ հիշատակին նա հուշարձան կանգնեցրեց Ագրայում՝ մարմարյա հնգագմբեթ մի դաբարան, ամբողջ աշխարհին հայտնի Թաջ-Մահալը, և փակվելով այնտեղ, չուզեց այլևս որևէ մեկին տեսնել ու այլևս դուրս չեկավ այնտեղից մինչև մահ: Որևէ բանի համար չեն սիրում: Մարդ սիրահարվում է ուղղակի, առանց հարցերի, նույնիսկ ավելի շուտ, քան կհասկանա և կգիտակցի, որ ինքը սիրահարված է: Թե ինչու է այդպես՝ չգիտեմ, բացատրել չեմ կարող, բայց այն, որ սերը, իրոք, ծնվում է տարերայնորեն, երբեմն նույնիսկ բնազդորեն՝ կառավարվելով աներևույթ բարձրագույն էներգետիկայով, անհնարին է ժխտել:

– Համոզեցիր, հանձնվում եմ, – ծիծաղելով ասացի ես, – բայց մեկ է՝ Քվազիմոդոյի համար չեմ ների քեզ:

Ռենան հապճեպ կծեց մատս, ծիծաղեց:

– Ռեն, շնի՞կ էս դու, – ասացի ես հորդաբուխ բերկրանքով:

– Նո՞ր ես իմանում, – լուսատեսք, ալ շուրթերով ու բերկրուն՝ նա հտպտանքով լեզու ցույց տվեց՝ նորեն ծիծաղելով:

Ի՞նչը կարող է կախարդել միանգամից, եթե ոչ սիրածդ աղջկա խենթացնող հրապուրիչ ծիծաղը:

Ես մատներս քնքշությամբ, դանդաղորեն սահեցրի Միշել Մերսեի շուրթերի պես հյութեղ՝ նրա տաք շուրթերի վրայով, չկարողանալով ու չփորձելով անգամ թաքցնել զմայլանքս…

Ռենան մեղմակի համբուրում էր մատներս, տամուկ ատամներով մատներս խածնում՝ գեղածիծաղ հայացքով նայելով ինձ:

 

Ախ, չքնաղդ իմ Ռենա, աս որչափ աղվորիկն էս դուն. մեջքդ բարակ, շուրթերդ ժպտափայլ, կազմդ գեղանի, աչերդ սիրուն. ես բուռն կիրքով կը սիրեմ զքեզ, աշխարհի վրա զքեզ, զքեզ միայն սիրած եմ, անուշիկս, եկուր, եկուր քովս վարդանույշ բերանդ պագնեմ, քեզի համար կը մեռնիմ ես… Աստված իմ, նա, իրավ, խենթացնում է ինձ իր շլացուցիչ թովչանքով, քմահաճ հրապույրներով…

* * * * *

Մենք հանդիպում էինք շաբաթ օրերին (դրանք Ռենայի գրադարանային օրերն էին), զբոսանավով, ճերմակաթև ծովաորորների ընդհատուն կանչերի ու երաժշտության ուղեկցությամբ հասնում էինք մինչև հեռավոր Նարգին կղզի, պաղպաղակ էինք վայելում ծովամերձ սրճարաններում, Կիրովի անվան զբոսայգու բարձունքից գիրկընդխառն դիտում էինք կապույտ մշուշի շղարշում նիրհող վիթխարածավալ քաղաքն ու սպիտակ ալիքներով դեպի ափ տենչող ծովը, որ շարունակ խաղաղ էր այդ ամիսներին, երկար նայում էինք, մինչև հեռացող արևի բոսոր ցոլքերից արևմուտքում բոցավառվում էր ողջ երկինքը, և ծովը փայլածում, շողշողում էր՝ փոխելով գույները:

Այդտեղ, Կիրովի զբոսայգում էր նաև, ծառուղիների խորքում, երբ Ռենան՝ չգիտես կարդացե՞լ էր որևէ տեղ, կինոնկարո՞ւմ էր տեսել, թե իր մեջ էր հղացել այդ միտքը, հուզվելով, շիկնանքով ասաց. «Եթե մի բան ասեմ՝ կհամաձայնե՞ս ինձ հետ»:

Դեռևս չհասկանալով, թե նա ինչ պիտի ասի, ասացի, որ համաձայն եմ, որովհետև Ռենան ինչ էլ որ ասելու լիներ, թվում էր, միևնույն է, ես պիտի համաձայնվեի:

Նա պայուսակից դանդաղ շարժումներով մի ածելի հանեց՝ գույնզգույն թղթերի մեջ ծրարված, նույն անշտապողականությամբ ետ տանելով թղթերը, որից մեկը թափանցիկ էր, ածելին տվեց ինձ, միաժամանակ առաջ պարզելով դաստակը՝ ափը դեպի վեր:

– Սայրով ուղղահայաց խազիր ահա այստեղ, – Ռենան ցույց տվեց այն տեղը, ուր պիտի խազեի ածելիով:

– Ինչո՞ւ, – զարմացած ասացի ես:

– Ոչ մի ինչու, – լայն ժպտաց Ռենան: – Չէ՞ որ խոստացար:

Բայց, խազելու փոխարեն, ես, սիրատենչ շուրթերով հպվելով այն տեղին, ուր նա ցույց էր տվել, ասացի.

– Չեմ անի, ես չեմ կարող ցավ պատճառել քեզ:

Ռենան ծիծաղեց, գորովանքից մշուշված աչքերով նայելով իմ աչքերին, հետո ինձնից վերցրեց ածելին, ուղղահայաց խազեց ձեռքը, կարմրագույն արյունն իսկույն դուրս ցայտեց ճերմակ դաստակի վրա:

– Դու գիտե՞ս, որ արյունը մայր շնչերակի մեջ է մտնում ոչ թե հոսելով, այլ ընդհատվող ալիքներով, ինչպես ջուրն է ցատկում նեղբերան շշից. ամեն մի ալիք կարճ ժամանակամիջոցում լայնացնում է զարկերակի պատերը և առաջ մղվում՝ հրվելով իրեն հետևող նոր ալիքներից: Տուր ձեռքդ, – կարգադրեց Ռենան, ժպտացող աչքերով նայելով ինձ և նույն ձևով՝ դարձյալ ուղղահայաց, խազեց իմ ձեռքը՝ ձեռափից քիչ վեր:

Հետո ձեռքս ամուր սեղմեց իր ձեռքին:

– Լեո, – շշնջաց Ռենան՝ ամուր սեղմվելով ինձ, – իմ արյունը հիմա հոսում է դեպի քո սիրտը, դու զգո՞ւմ ես դա… Ես զգում եմ քո արյան հոսքը իմ երակներում: Ես այդ մտքից կարող եմ խելագարվել…

Անասելի մի քաղցր, հուզագրգիռ դող անցավ իմ մարմնով, որն ամբողջովին համակեց ինձ: Մենք կանգնած էինք՝ կլանված պահի՝ կարևորությա՞մբ ասեմ, թե հանդիսավորությամբ, ես ազատ ձեռքով Ռենային սեղմել էի իմ կրծքին և կարծես զգում էի իմ դյուրաբորբոք, սիրատենչանքից եռ եկող արյան խելահեղ վազքը դեպի նրա քնքուշ սիրտը, հետո Ռենան՝ շառագունած տենչալի շուրթերով մղվեց դեպի իմ շուրթերը: Մեր շուրթերը միացան: Դա երկար տևեց, ես անզուսպ մոլուցքով համբուրում էի Ռենային, ես իմ գրկում ավելի ու ավելի էի սեղմում նրան, ասես փորձելով նրան դնել սրտիս մեջ, պարփակել հոգուս խորքում: Ինքնամոռաց ու տենդագին շշնջում էի.

– Դու սիրելի ես ինձ, Ռենա, և սիրելի կլինես ընդմիշտ, մինչև իմ վերջին շունչը ես կսիրեմ ու կպաշտեմ քեզ, այո, դու սիրելի ես ինձ, ինձ սիրելի են բոլոր նրանք, ովքեր քո շուրջն են, սիրելի է այն ամենը, ինչ շրջապատում է քեզ, ինչ դիպչում է քեզ և ինչին դիպչում ես դու, ինչ ուրախացնում է քեզ և ստիպում է հրճվել ու հուզվել…

Այսպիսի կցկտուր խոսքեր էի ասում ես նրան Կիրովի անվան զբոսայգու ծառուղու խորքում, և հեռու ինչ-որ տեղ, ոչ այն է՝ զբոսայգուց այն կողմ, փողոցում կանգնած որևէ մեքենայում, ոչ այն է՝ բարձրահարկ շենքերից որևէ տան մեջ, նվագում էր մագնիտոֆոնը, երգը հասնում էր մեզ. «Ախ, այս կապույտ, կապույտ, կապույտ, այս կապույտ աչքերն են ինձ գերել, և ես մոռանալ չեմ կարող», և այդ երգը Ռենայի մասին էր, նրա կապույտ, կապույտ աչքերի մասին: Եվ իմ նախանձելի բախտի, իմ երջանկության համար ես ինձ երախտապարտ էի զգում Արմենին: Ես ռեստորանի հետ կապված պատմությունը զվարճալի արկած էի համարում, Ղարաբաղին վերաբերող բանաստեղծության արտասանությունը՝ անմեղ խաղ, «Դոն Ժուանի» մոտիվներով արված նրա ձոնը աղջիկներին՝ տղայական կատակ:

* * * * *

Հեռախոսով Ռենան ասաց.

– Վաղը քեզ կծանոթացնեմ իմ հարազատների հետ, – և ծիծաղեց:

– Ռեն, ես վերջերս քո կատակն ու լուրջը չեմ տարբերում, լո՞ւրջ ես ասում:

– Եթե չես ուզում՝ չեմ ծանոթացնի, – կրկին ծիծաղեց նա, ցածրաձայն ավելացրեց, – ցավեդ տանեմ, – և դրեց հեռախոսը:

«Նա հաստատ որոշել է խելքից հանել ինձ, – ծիծաղելով մտածեցի ես, – և, բարեբախտաբար, դա նրան հաջողվում է»:

Նա հաջորդ օրը եկավ շողակնե լուսաջինջ ժպիտն անզուգական շուրթերին: Մազերը գեղեցկորեն հավաքած գլխին, կարապի մարմարյա ճերմակ պարանոցը բաց՝ հանդիսավոր նստեց իմ դիմաց, պայուսակից հանեց լուսանկարների մի ամբողջ հավաքածու:

– Իմ բոլոր հարազատներն այստեղ են, – լուսանկարները սեղանին սփռելով՝ ժպտալով ասաց, – կարող ես ծանոթանալ: Առայժմ՝ հեռակա կարգով, – ծիծաղելով ավելացրեց նա:

Ես սկսեցի նայել նկարները:

– Սա իմ եղբայրն է՝ Ռասիմը, հանրագիտարանում է աշխատում, ինձնից հինգ տարով է մեծ: Նմա՞ն է ինձ:

– Մի քիչ:

Նկարից, սև հոնքերի տակից, խոժոռ հայացքով ինձ էր նայում Ռենայի եղբայրը՝ բարձրահասակ, թիկնեղ, սևաթույր խնամված բեղերով: Նրա աչքերը ևս սև էին, արտահայտիչ: Այո, ինչ-որ հեռավոր նմանություն կար Ռենայի հետ: Բայց, ահա, քույրը՝ Էսմիրան, իր նուրբ գեղեցկությամբ, ավելի էր նման Ռենային. տարբերությունն այն էր, որ նա թխավուն էր: Ձվաձև երկարուկ թուխ դեմքի վրա փոքր-ինչ մեծ էր երևում բերանը՝ Ռենայի շուրթերի պես ուռուցիկ շուրթերով, ընդ որում, դարձյալ, ինչպես Ռենայինը՝ ստորին շուրթն ավելի փքուն:

– Ինձնից չորս տարով փոքր է, իններորդ դասարանում է սովորում, – տաքուկ ափն իմ ձեռքին, իմ ուսի վրայով խոնարհված սեղանին՝ պարուրելով ինձ իր անուշ բույրերով ու կրծքի փափուկ ջերմությամբ, բացատրում էր Ռենան: – Գիտե՞ս ինչպիսին է՝ երես տված, որովհետև տան փոքրն է, շատ ենք սիրում, իսկ լեզուն, լեզուն մարդ է ուտում… Որ մի օր չտեսնեմ՝ կարոտից կմեռնեմ:

Մի ուրիշ նկարում Էսմիրան նստած էր բազմոցին՝ ոտքը գցած ոտքին, սև և ուղիղ մազերը թափված էին օձիքին, իսկ նրբաճաշակ կարված զգեստը քիփ նստել էր վայելչագեղ իրանին՝ ընդգծելով սրածայր փոքրիկ ստինքները: Մեծ ու շքեղ կտրվածք ունեցող իր աչքերով, գիրգ շուրթերին հեգնախառն ժպիտ՝ նա ուղիղ նայում էր ինձ:

– Սա եղբորս կինն է՝ Իրադան: Թե իմանաս ինչ քնքուշ բնավորություն ունի: Եղբայրս չի թողնում, որ աշխատի, չնայած բարձրագույնավարտ է: Իսկ սա մայրս է, նավթային տեխնիկումում է դասավանդում… Ահա և հայրս: Մանկավարժականն է ավարտել, բայց երբեք իր մասնագիտությամբ չի աշխատել, միշտ՝ տարբեր բնագավառներում: Ռասիմը նման է, չէ՞, հորս: Ես ու Էսմիրան նման չենք նրան, իսկ, այ, Ռասիմը նման է:

Ես նայում էի նկարները, մտովի փափագելով այն օրը, երբ առերես կհանդիպեմ նրանց՝ Ռենայի հարազատներին, որոնք ինձ նույնպես հարազատ էին թվում:

Եվ, իրոք, շուտով ինձ բախտ վիճակվեց տեսնել նրանց: Ոչ բոլորին, իհարկե: Ես հեռախոսով զրուցում էի Ռենայի հետ, ինձ թվաց՝ նա մի տեսակ մտահոգ, անտրամադիր էր:

– Ի՞նչ է պատահել, Ռեն, – հարցրի ես անհանգստացած:

Ռենան պատմեց, որ համաշխարհային հռչակ ունեցող «Բոնի Էմ» երգչախումբը հրաժեշտի մեկօրյա համերգներով շրջագայում է աշխարհի խոշորագույն քաղաքներում, Մոսկվայից, Լենինգրադից ու Կիևից հետո կլինի Բաքվում, որտեղից կանցնի Չինաստան: Համերգը Բաքվում ամսվա վերջին է, սակայն տոմսերն արդեն լրիվ սպառված են: Ինստիտուտում խոստացել էին, բայց ոչինչ չստացվեց:

– Ճիշտն ասած, ես ու Իրադան էլ կուզենայինք, բայց, դե, հնարավոր չէ: Մենք՝ ոչինչ, – ասաց Ռենան հուսահատ, – գոնե մի հատ ճարվեր՝ Էսմիրայի համար: Շատ է ուզում գնալ այդ համերգին, իրենց դասարանից, թե դպրոցից մեկ-երկու հոգի ձեռք են բերել: Դե, եթե նրանք գնալու են, գլուխն է մտցրել, որ ինքն էլ պիտի գնա: Երկու օր է, արցունքն աչքերին, տզտզում է փոքր երեխայի նման: Ռասիմն էլ է չարչարվել, բայց չի հաջողվել տոմս գտնել:

Ես Ռենային ոչինչ չասացի, բայց խոսափողը դնելուն պես շտապ սկսեցի դեսուդեն ընկնել: Զանգեցի այս ու այն տեղ՝ չկա ու չկա: Գնացի գլխավոր խմբագրի մոտ, գուցե նա՞ որևէ բանով օգներ: Թելման Կարաբաղլի-Չալյանը նոր էր վերադարձել գործուղումից և, ծղոտե գլխարկով հովհարելով իրեն, հաճկատար քծնանքով պատմում էր այն մասին, որ Մարտակերտի շրջանի Դրմբոց (Դրմբոն) և Աթենք (Հաթերք) գյուղերի «թյությունակործների մասին չդեսված ռեբորդաժ» է բերել ռադիոյի համար և որ Դրմբոց գյուղի մոտ մոշը շատ լավ էր «ցանաձ, բայց ինքը այդ մասին չի կիրել, միայն՝ թյությունակործների մասին»: Գլխավորը նայում էր նրան՝ ներամփոփ ու խոհուն, և ոչինչ չէր ասում: Ես խղճացի գլխավորին, վերադարձա առանձնասենյակ, զանգահարեցի գրողների միություն՝ Սիավուշին:

– Սիավուշ, երեք տոմս է պետք «Բոնի Էմ» խմբի համերգին, – ասացի, – եթե ինձ համար դու այդ լավությունն անես, ամբողջ կյանքում պիտի մտածեմ, թե ինչ անեմ՝ Սիավուշի պարտքի տակից դուրս գալու համար:

Սիավուշը սրտանց ու բարձր ծիծաղեց, ասաց.

– Ծերուկ, ինչ չես առնի ոսկով՝ կառնես քաղցր խոսքով, բայց Սիավուշին դժվար է գայթակղել քաղցր խոսքով, նա գերադասում է թարմ քյաբաբ-խորովածն ու ընտիր օղին:

– Սիավուշ, թեկուզ տասը շիշ ընտիր օղի և քսան շամփուր քյաբաբ ու խորոված՝ երեք տոմս գտիր ինձ համար:

– Ես քեզ կզանգեմ մի կես ժամից, – ասաց նա: – Տա՞նն ես, թե խմբագրությունում:

– Խմբագրությունում:

Մտածում էի՝ ծայրահեղ դեպքում Լենինի պալատի մոտ, ձեռքի վրա կվերցնեմ, թեկուզ արժեքից տասնապատիկ թանկ գնով:

Կես ժամ հետո Սիավուշը չզանգեց… Նա զանգեց ուղիղ ժամուկես հետո:

– Ծերուկ, ես զանգեցի Մոսկվա, – դանդաղ սկսեց Սիավուշը, և ես մտքում ծիծաղեցի. դա նրա առանձնահատուկ սովորությունն էր՝ ամեն ինչ սկսել հեռվից, Չինական մեծ պարսպի մոտերքից:

– Մոսկվա ինչո՞ւ էիր զանգում, խմբի հե՞տ էիր ուզում խոսել: Նրանք Մոսկվա չեն հասել դեռ:

Նա ծիծաղեց, ասաց.

– Ապրես, սրամիտ էր: Համբերություն ունեցիր, ծերուկ, համբերությունը կյանք է: Քյուբրա-խանումը, գրողների միության գործերի կառավարիչը, երեք տոմս է պահել նախագահի համար, իսկ նախագահը Մոսկվայում է, զանգեցի նրան ու խնդրեցի այդ տոմսերը, պայմանով, որ նրա վիպակներից մեկը թարգմանես հայերեն: Նա ասաց, որ իրենից ինչ-որ վիպակ ես թարգմանել, էդ ո՞րն է:

– «Ես, դու, նա և հեռախոսը»:

– Ոչինչ, վատ գործ չէ: Թարգմանիր «Դանթեի հոբելյանը»:

– «Դանթեի հոբելյանը» հայերեն կա արդեն:

– Ուրեմն «Ճերմակ նավահանգիստը» թարգմանիր: Շատ լավ վիպակ է, մրցանակ է շահել:

– Սիավուշ, գլուխ մի տար, կարճ՝ ի՞նչ ես պայմանավորվել:

Սիավուշը լիաթոք ծիծաղեց, ասաց.

– Ի՞նչ պիտի պայմանավորվեմ: Տոմսերը Սիավուշի մոտ են: Դու քո խոսքի տերն ես, չէ՞:

– Իհարկե:

– Աբբաս Աբդուլլային ճանաչո՞ւմ ես, – լրջորեն հարցրեց Սիավուշը :

Ես ծիծաղեցի:

– Դու նրան գիտես որպես բանաստեղծի և «Ուլդուզ» ամսագրի գլխավոր խմբագրի: Բայց մեզ համար նա ոչ թե բանաստեղծ ու խմբագիր է, այլ վարորդ: Հետս բերում եմ, որպեսզի տաքսու վրա անտեղի ծախսեր չանենք: Կես ժամից քեզ մոտ ենք, տեղում կորոշենք, թե ուր գնանք:

Ես չէի ուզում զանգել Ռենային, մինչև տոմսերն իմ աչքով չտեսնեի:

Կես ժամ չտևեց, քառորդ ժամ անց նրանք արդեն ինձ մոտ, խմբագրությունում էին:

– Չենք ուշացել, չէ՞, – ժամացույցին նայելով ասաց Սիավուշը, – էդ էր պակաս, որ ձրի ուտել-խմելու հաշիվ լինի, և Աբբասը ուշանա, – ծիծաղեց նա, – կարմիր լույսի-բանի չէր նայում. հարյուր քսանի վրա եկանք:

Մենք ողջագուրվեցինք, Սիավուշը տոմսերը հանձնեց ինձ, ասաց.

– Ծերուկ, երկու տոմսը՝ հասկացանք, երրորդն ո՞ւմ համար է:

– Ապագա զոքանչի, – ասաց Աբբասը՝ քթի վրա ուղղելով ակնոցն ու Շևչենկոյի իր թավ բեղերի տակ ժպտալով:

Ուկրաիներեն բնագրից կատարած թարգմանությունների համար նա Շևչենկոյի անվան մրցանակի էր արժանացել վերջերս, Շևչենկոյի կոճակաչափ փոքրիկ դիմանկարով կրծքանշանը կպցրած էր պիջակի դարձածալին, և նրանք շատ էին միանման՝ նույն թավ բեղերը, նույն ճաղատն ու աչքերի սևեռուն նայվածքը՝ գզգզնակ հոնքերի տակից:

– Ծերուկ, թե փափուկ, պարարտ կնիկ է, ինձ էլ տար հետդ, դու գիտես, որ Սիավուշի խելքը գնում է հաստամարմին կանանց համար:

– Լեո, Զիկինայի հյուրախաղերի ժամանակ էս հարիֆը ոչ մի համերգ բաց չէր թողնում, – ասաց Աբբասը:

– Ճի՞շտ է ասում, – ծիծաղեցի ես:

– Ճիշտ է, – գլխով արեց Սիավուշը գոհունակ ժպիտով: – Կրծքերը մեծ-մեծ, ամեն մեկն Աբբասի գլխի չափ, ոնց որ Պամելա Անդերսոնի կրծքերը, շորորալով գնում-գալիս էր բեմի վրա:

– Զիկինան բեմից ասել է՝ ես չգիտեի, որ Ադրբեջանում այսպես սիրում են իմ երգերը, ի՞նչ երգեմ: Դահլիճից ասել են. «Երգել պետք չի, բեմի վրա հենց էնպես գնա ու եկ», – ծիծաղեց Աբբասը:

Բարձր, գեղեցիկ, համակրելի, բայց անլուրջ, հավիտյան անլուրջ Սիավուշը քռքռաց, ասաց.

– Տեղական ոչխար կա, ոչ թե մերինոս-բան՝ չէ, տեղական, երկու փթանոց խախալ-խախալ դմակով, մարդու կնիկն այ էդպիսի փափուկ քամակ պիտի ունենա, որ առավոտը գործի գնալիս մի թեթև խփես հետևին, գնաս գործի գաս՝ դեռ շարժվելիս լինի:– Նա դարձյալ քռքռաց, ավելացրեց,– մենք էլ, հայերն էլ, կյանքներս կարող ենք տալ փափկասուն կանանց համար: Ճիշտ չե՞մ ասում, Լեո:

– Չէ, – ասացի ես:

– Դե դու բացառություն ես, – տեղի տվեց Սիավուշը: – Դու նիհարիկներին ես սիրում: Լսիր, Աբբաս, – կտրուկ շրջվելով՝ խնդագին ասաց Սիավուշը: – Նայիր ու տես, թե ինչ ասել է քաղաքակիրթ ազգ, մի Լեոի առանձնասենյակին նայիր՝ շողշողուն պարկետով, խավոտ վարագույրներով, օդորակիչով, ճապոնական հեռուստացույցով, «Իններորդ ալիքի» գերազանց ընդօրինակությունն ու Սոֆի Լորենի սեքսուալ մեծ բերանով տարեցույցը պատից կախ, լավ բաների համար՝ փափուկ բազմոցը դրած… Չէ, քո նման՝ սենյակդ կեղտի, ծխախոտի ծխի ու փոշու մեջ կորած, թղթապանակները սեղանին անկանոն թափած, նայիր ու սովորիր, գյոռս չեմ տանելու:

 

– Սիավուշ, – ժպիտը բարեհոգի գեր դեմքին, մեղմորեն ասաց Աբբասը, – մի խոսք էլ լսեցի՝ ոտքով ես գալու ռեստորան… Չեմ հասկանում, – շարունակեց նա նույն ժպիտով, – Լեոն առանց էն էլ սրտանց հրավիրում է, հին փողով կես կոպեկանոց շողոքորթությունդ ում համար է, կարո՞ղ ես բացատրել:

Սիավուշը ծիծաղեց, ասաց:

– Լեո, Աբբասի մեքենան նստած կա՞ս: Նադիր շահի ժամանակներից մնացած «Ժիգուլի» է, բոլորը տնազով «Կադիլակ» են կոչում: Ժանգը կերած, մի տասն անգամ շուռ եկած ու մի էդքան էլ վթարի ենթարկված, ղեկը աջ է թեքում՝ ձախ է գնում, ձախ է թեքում՝ աջ է շարժվում:

Աբբասը բեղի տակ մեղմ ժպտում էր:

Հեռախոսի կերկեր ձայնը ստիպողաբար ինձ իր մոտ էր կանչում: Ես վերցրի լսափողը:

– Բարև, ախպեր: – Սեյրան Սախավաթն էր՝ երկրորդ հարկից, դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունից: – Լեո, Աբբասին եմ փնտրում, զանգեցի «Ուլդուզ», ասացին, որ Սիավուշի հետ քեզ մոտ են եկել: Մի երկու պատմվածք ունեմ, խոստացել էր էս համարում տալ, բայց տղերքն ասացին, որ սրբագրական տպվածքը ստացել են, պատմվածքներս չկան մեջը, ուզում էի տեսնել՝ դա ի՞նչ բան է:

Սեյրանը բարձր էր խոսում, նրա ձայնը Աբբասին ու Սիավուշին ևս լսելի էր: Քմծիծաղը բեղի տակ, Աբբասը ձեռքի լուռ շարժումով հասկացրեց՝ չասեմ, որ այստեղ են:

– Չկան, Սեյրան, – անձայն ծիծաղեցի ես: – Երևի ճանապարհին են դեռ:

– Սուտ մի խոսա, – ավելի բարձրաձայնեց Սեյրանը, – լուսամուտից երևում է, չախկու «Կադիլակը» փողոցում կանգնած է, ուրեմն, սաղ-սալամաթ տեղ են հասել: Մարդ ես, հեռախոսը տուր իրեն: Ուտել-խմելու հաշիվ կա տեսնում եմ:

– Բաղդադ էլ շատ խուրմա կա, քե՞զ ինչ:

– Լեո, նայիր, կթողնեմ-կգնամ և հարյուր տարի չեմ ների քեզ ու հարյուր տարի հետդ չեմ խոսի, – սուտ սպառնալիքով հոխորտաց նա: – Ճիշտն ասա, խմելո՞ւ եք գնում:

– Հնարավոր է:

– Եվ չեք էլ ամաչում: Բա ե՞ս, – աղերսագին ձգեց Սեյրանը: – Ինձ չե՞ք տանում:

– Տանում ենք, եթե գոնե ծախսի մի չնչին մասի մի մասի մի մասը վերցնես քեզ վրա:

–Ինձ վրա՞, – խնդմնդաց Սեյրանը: – Հույս չդնեք, կոպեկ չունեմ:

– Բա էլ ինչո՞ւ Խանլարով բարեհունչ ազգանունդ թողած՝ Սախավաթ կեղծանունն ես վերցրել: Քեզնից ի՞նչ սախավաթ*, այ Սեյրան, Խասիս** դնեիր՝ Սեյրան Խասիս, դա քեզ ավելի կսազեր:

– Վուայ, վուայ, վուայ, – հայավարի իբր թե զարմացավ Սեյրանը: – Էս հի՞նչ ա գադարվում, էս որդե՞ղ եմ ինգել, – հայերեն ավելացրեց,

*սախավաթ (ադրբ.) – շռայլ, առատաձեռն

**խասիս (ադրբ.) – ժլատ

ծիծաղեց: – Ե՞ս եմ խասիսը, – շարունակեց նա արդեն ադրբեջաներեն, – բա ամոթ չե՞ս անում, Լեո: Ես որ սրան-նրան

խմացրած օղու դատարկ շշերս հավաքեի ու հանձնեի խանութ՝ էդ փողով հորթը տակին մի կով կառնեի: Հորթը տակին էդ կովը կծախեի ու էդ փողով Աղդամի բազարում մի թամ-թազա

«Զապորոժեց» կառնեի, էդ թազա «Զապորոժեցը», իմ արև, քու արև, կնվիրեի Աբբասին, որպեսզի նա իր քաչալ գլխով ու չախկու «Կադիլակով» խայտառակ չաներ մեզ հայ ժողովրդի մոտ: Երեք տեղ ալիմենտ եմ տալիս, ինձնից ի՞նչ եք ուզում:

Աբբասը, որ մի քանի մազով մերկ գլուխը թեքած, բերանը բաց ժպտալով լսում էր, Սեյրանի վերջին խոսքի վրա բարձրաձայն ծիծաղեց ու հանկարծակի բռնած հազի նոպայից քար ու քանդ լինելով՝ կեռված գնաց դեպի լուսամուտը:

– Դե լավ, – անձնատուր եղա ես, – իջիր մեքենայի մոտ, գալիս ենք:

Սիավուշը մի պահ ուշադիր զննում էր Աբբասին, որ դեռևս խեղդվում էր հազից, հետո սիրո ու հեգնանքի ժպիտով ասաց.

– Ծերուկ, սա ոնց որ թե մեռնելու վրա է, իզուր բերեցի: Ստիպված տաքսիով պիտի գնանք:

– Զահլա մի տար, – տատամսած նայելով՝ անչար նետեց Աբբասը և կարմրատակած ու ծանր շնչելով՝ խռպոտ ավելացրեց, – դուրս գանք, Լեո, թե չէ հիմա սրա ու Սեյրանի պես մի երկու զավզակ էլ կհայտնվեն:

– Այն մոմենտ, – ասաց Սիավուշը և, ակնոցը մատով վեր հրելով, աշխուժորեն նայեց ինձ: – Ծերուկ, Աբբասը գիտի, քեզ եմ պատմում: Էս ձմռանը, ուրեմն, Մոսկվայում երկու ընկեր ունեմ, հրատարակչությունում են աշխատում, կպան ինձ, թե վաղուց ՑԴԼ-ի ռեստորանում չենք եղել: Մոսկվացիների խասյաթն է, գալիս են էստեղ՝ մենք ենք հյուրասիրում, գնում ենք էնտեղ՝ մենք ենք հյուրասիրում: Մի խոսքով, ՑԴԼ-ի մոտ մթերային մեծ խանութ կա, էդտեղ էինք ժամադրվել, ոնց էր ստացվել՝ ժամանակից ահագին շուտ էի եկել, խանութի մոտ կանգնած սպասում էի նրանց: Խանութում օղու հերթ էր՝ ծայրը տների արանքով համարյա մինչև Կալինինի պողոտա էր հասնում: Մեկ էլ տեսնեմ՝ մեկն ուղիղ դեպի ինձ է գալիս: Պարզ է, հարբեցողների եռյակին մեկը պակասում էր, այդ մեկը ես էի, և նա՝ սև վերարկուն հագին, ականջավոր գլխարկով, միրուքով, գտել էր ինձ:

– Իսկույն հասկացել է, որ հարիֆ է կանգնած, – մեկնաբանեց Աբբասը, բայց Սիավուշն ուշք չդարձրեց դրան, ոգևորված շարունակեց.

– Մի խոսքով, ծերուկ, անօթևան հարբեցողի նման չէր ամենևին, տեղը տեղին, սթափ ու կարգին կերպարանք ուներ, օրինակ, Աբբասն՝ իր տեսքով, նրա մոտ ոնց որ հարյուր տարվա բոմժ, – դավադիր ու հրճվախառն քռքռոցով ասաց Սիավուշը: – Լսիր, «Այս ցրտին մի թեթև տաքանալու միտք չունի՞ երիտասարդը», հարցրեց: «Չէր խանգարի», ասացի: Թե ինչի էդպես ասացի, ինքս էլ չեմ հասկանում: Երբեմն ինձ հետ պատահում է՝ հոսանքի հետ ընկած գնում եմ, առանց հաշիվ տալու՝ ո՞ւր, ինչո՞ւ: Շրջվեց, կանչեց ինչ-որ մեկին: Սա արագ մոտեցավ: Եռյակով կես շիշ օղի առնելը Մոսկվայում ընդունված կարգ է: Վերցրին փողը, գնացին խանութ: Դրսում կանգնած սպասում եմ, ինքս ինձ վրա ծիծաղելով, որ միանգամայն անծանոթ մարդկանց հետ ակամա էդպիսի անհեթեթ խաղի մեջ մտա: Բայց արդեն ուշ էր, հարկավոր էր սպասել: Սպասում եմ, իսկ նրանք չկան ու չկան: Ցրտից դոփդոփում եմ տեղում, նույնիսկ մտածեցի, որ խանութը, կարող է, ուրիշ ելք ունի, և որ նրանք, հավանորեն, օղին առել, գնացել են: Էդ մտքից կատաղությունս բռնեց մի փոքր, ու էդ պահին տեսա՝ միրուքավորը դուրս եկավ խանութից: Ականջավոր գլխարկն աչքերին քաշած, եկավ ու, առանց կանգ առնելու, անցողակի նայելով՝ արագ անցավ իմ կողքով: Դա ինձ խիստ զարմացրեց, բայց մտածեցի, որ օղին տակից են տալիս, երևի, էդպես է պետք, որպեսզի միլիցիա-բան չտեսնի: Երկրորդ ընկերը չկար, և ես դարձյալ մտածեցի, որ դա նույնպես, երևի, կոնսպիրացիայի ձև է: Միրուքավորը գնաց դեպի կողքի շենքը, մտավ շքամուտք՝ ես էլ նրա ետևից: Բարձրանում է սանդուղքներով ու ետ-ետ է նայում, երևի, երկրորդին է սպասում, մտածում եմ: Հասանք երրորդ հարկ, ես նույնպես ներքև նայեցի՝ երկրորդը չի՞ երևում արդյոք: Այդ կարճ ակնթարթին մի դուռ բացվեց, միրուքավորը իրեն գցեց ներս և դուռը շրխկոցով փակեց: Ծերուկ, ոնց որ թե կռանով հարվածեն Սիավուշի գլխին, մնացի շշմած: Ուշքի եկա ու կամաց թակում եմ դուռը՝ ոչ մի ձայն: Կատաղությունը կրկին գլուխ բարձրացրեց իմ մեջ: Պարզ է, ձեռ են առել: Ավելի ուժգին եմ ծեծում դուռը: «Ի՞նչ ես ուզում», հարցրին ներսից: «Իմ բաժին օղին», ասում եմ: «Հիմի միլիցիա կկանչեմ, քեզ օղի ցույց կտան»: Միրուքավորն էր երևի: Էստեղ ես լրիվ կորցրի ինձ: Օրը ցերեկով, ուրեմն, խաբեն քեզ ու դեռ միլիցիայով էլ ահաբեկե՞ն: «Մի թեյի բաժակ օղի, թե չէ դուռը ջարդում եմ», – մեյխանայի պես կրկնում էի և բռունցքներով ու ոտքերով խփում դռանը:

– Գլխով պիտի խփեիր, – խորհուրդ տվեց Աբբասը, զուսպ ծիծաղեց:

Հազի նոպայից հետո նա արդեն վախենում էր բարձր ծիծաղել: Սիավուշը քռքռաց, շարունակեց.

– Ինչ էր եկել վրես, Լեո, չեմ հասկանում: Վերջապես դուռը քիչ ետ գնաց, շղթա կար դռանը գցած, դռան արանքից թեյի զեհավոր բաժակը լի օղին մեկնեցին ու հետն էլ՝ «Ա՛ռ, խեղդվիր»: Վերցրի լիքը բաժակն ու անհուսալի հարբեցողի պես միանգամից գլխիս քաշեցի… Ամեն ինչ պարզվեց, հստակվեց, լուսավորվեց ու պայծառացավ, ի¯նչ կատաղություն, ի¯նչ բան՝ լրիվ անցավ, խաղա¯ղ ու գեղեցիկ աշխարհ, մարդիկ բա¯րի, սիրալիր ու սիրելի, հաղթանակած ու բարձր տրամադրությամբ, որ նրանց, այնուամենայնիվ, չհաջողվեց ինձ խաբել, ինքս ինձ վրա ծիծաղելով դուրս եկա փողոց ու հանկարծ, ծերուկ, քրտինքը տվեց ճակատիս. աչքերիս չէի հավատում՝ միրուքավորս ընկերոջ հետ շիշը ձեռներին ինձ են որոնում… Շփոթել էի, – գլուխն օրորելով ծիծաղեց Սիավուշը: – Ախր՝ նույն սև վերարկուն հագին, մորթի գլխարկով, – արդարացավ նա, ասաց, – լսիր, չորոշեցինք՝ ո՞ւր ենք գնում:

– Ուր ուզում եք, – դեռևս ծիծաղելով ասացի ես: – Գնանք կայարանի մոտ, հենց տեղում թոնրի հաց են թխում, կամ «Սեմաշկոյի» ետևի խորովածանոցը գնանք, ուզում եք՝ «Քարվանսարայ», ինձ համար մեկ է:

– Գնացինք, – ասաց Աբբասը և առաջինն ինքը դուրս եկավ միջանցք:

Ես զանգեցի Ռենային, ասացի.

– Էսմիրային ասա թող անհոգ մնա: Երեք տոմս եմ վերցրել ձեզ համար:

– Լեո, բա դո՞ւ, – սրտաշարժ քնքշությամբ արագ ասաց Ռենան:

– Ինձ համար, Ռեն, չկա ավելի մեծ հաճույք, քան այն, որ դուք երեքով պիտի գնաք այդ համերգին:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru