bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

– Ո՞ւր եք գնում, Երևա՞ն, – հարցրի ես: – Գլխավորն ասաց, որ փոխանակում եք բնակարանը:

– Ստալինյան շենքում երեք սենյականոց ընդարձակ բնակարան ենք տալիս՝ կահույքի հետ միասին և դեռ վրան էլ ահագին փող, փոխարենը ինչ-որ տեղ, համարյա Երևանի ծայրամասում, երկու փոքրիկ սենյակ ենք վերցնում: Սկեսրայրս իսկույն համաձայնեց, որովհետև հետո դա էլ չի լինելու, Երևանում հատուկենտ ադրբեջանցիներ են ապրում, իսկ այստեղ՝ հարյուր հազարավոր հայեր:

– Ժամանակավոր է այս ամենը, կանցնի, – ասացի ես:

– Կանցնի… կյանքը նույնպես ժամանակավոր է, – մտահոգ ժպտաց Արինան և խորը մտածելով՝ ավելացրեց: – Սկեսրայրս ուրիշ կարծիքի է: Դո՞ւ ինչ ես անելու:

– Կմնամ այստեղ, – հենց այնպես ասացի ես, – հո բոլորս չենք գնալու:

– Ամուսնուս ծնողները կապրեն Երևանում, իսկ մենք կգնանք Հունգարիա: Սկեսրայրիս եղբայրն այնտեղ, մեր բանակում է ծառայում, Վելենցե քաղաքում, իր ասելով՝ հենց Վելենցե լճի ափին, հրավիրում է: Ես քեզ կզանգեմ այնտեղից, գոնե ձայնդ լսեմ, – դառը ժպտաց Արինան: – Ես քեզ շատ եմ վշտացրել, Լեո, ներիր, խնդրում եմ: Ամուսնուս նույնպես ներիր, շատ տաքարյուն է, բայց բարի սիրտ ունի, շատ է փոշմանել: Հայրը, գիտե՞ս, քիչ էր մնում նրան դուրս աներ տնից այստեղ գալու համար:

– Ես արդեն մոռացել եմ այդ մասին, – ասացի ես:

– Իմ մեղքով էր այդ ամենը, Սիլվային հիմար բաներ պատմեցի, չպիտի պատմեի: Հետո, երբ ամուսնուս հետ գնացել էինք նրանց տուն, գլուխը մի անգամ չբարձրացրեց, որ նայեր ինձ: Ամուսինս մտածեց, որ նա հնարել է այդ բոլորը: Բայց ես չպիտի պատմեի:

– Ի՞նչ էիր պատմել, – նստելով նրա դիմաց, սեղանի մյուս կողմում՝ հետաքրքրվեցի ես:

– Պատմել… Այն, ինչ ես կուզենայի, որ իրականում լիներ՝ նրան պատմել էի որպես իրողություն:

Արինան մտացրիվ նայեց ինձ, կարծես երկմտելով՝ ասե՞լ, թե ոչ, հետո հոգոց հանելով միանգամից ասաց.

– Ես նրան խոստովանեցի, որ սիրահարված եմ քեզ, և որ դու, իբր, նույնպես անտարբեր չես իմ հանդեպ: Ուզում էի, որ այստեղ աշխատանքի ընդունվելուց հետո պատրանքներ չունենար քո նկատմամբ:

Արինան ձեռքով ճակատից ետ տարավ մազերը, միաժամանակ հետևելով իմ ռեակցիային:

– Եվ հետո՞, – ժպտալով ասացի ես:

– Հետո… նա էլ այդ բոլորը պատմել էր ամուսնուն… Հասկացել էր, որ ես եմ խանգարել իրեն՝ աշխատանքի տեղավորվելու այստեղ:

– Ուրեմն նրա ամուսինը դե՞մ չէր:

– Իհարկե, դեմ չէր: Ես արեցի այդ ամենը, որպեսզի նա չգար այստեղ: Չէի ուզում և վերջ… Երևի խանդում էի, – ժպտաց Արինան, ուղիղ նայելով ինձ, իսկ հետո ասաց, – մի բան էլ ասեմ, միևնույն է, վերջին օրն է, պիտի ներես: Ինչքա¯ն աղջիկներ էին զանգում քեզ. մեկը կար նրանց մեջ, շատ սիրուն էր, ոսկեփայլ մազերով, «Մերիլին Մոնրո» ոճի գլխարկ էր դնում, միշտ ժպտուն, չտեսնված գեղեցիկ շուրթերով, աչքերն էլ շատ սիրուն էին՝ գորշ, ոնց որ վագրի աչքեր, շինարարական ինստիտուտի առաջին թե երկրորդ կուրսից՝ Սիլվա Ասրյան, մի երկու անգամ տեսել եմ քեզ մոտ, վերջերս չի երևում, այ, հատկապես նա համառորեն զանգում էր, մի խոսքով, բոլորին ասում էի, որ տեղում չէ, արձակուրդ է գնացել, կամ նման մի բան: Դա էլ էր երևի խանդից: Լորաննային էլ էի խանդում, կատաղությունից շունչս կտրվում էր, – հանկարծակի ամբողջովին բռնկվելով ու շառագունած նայելով ինձ ասաց նա: – Առանձնապես, երբ գալիս, ժամերով նստում էր մոտդ: Բարկանո՞ւմ ես:

– Ոչ, – ժպտալով տարուբերեցի գլուխս:

Իրոք, չգիտեմ ինչու, չէի նեղանում: Իմ ներսում ինչ-որ բան էր փշրվում, զգում էի, որ այսօրվանից թանկ ու հարազատ, շատ հարազատ մի բան եմ կորցնում:

Մի քանի վայրկյան Արինան լուռ էր, երևում էր՝ կռվում է ինքն իր հետ, կրծում էր շրթունքները, և աչքերը դարձյալ հառված էին լուսամուտից դուրս: Նա հանկարծ շեշտակի հայացքով նայեց ինձ, մի կիսաժպիտ լուսավորեց նրա դեմքը, և նա ասաց.

– Այս աշխարհում երկու կույր մարդ կար, Լեո: Դու էիր մեկը, որովհետև չէիր տեսնում, թե ինչքան թանկ ես ինձ համար, և ես, որովհետև ոչ ոքի չէի տեսնում քեզանից բացի… Միայնակ մարդիկ շատ կան կյանքում, – ավելացրեց նա: – Կարող ես բազում ընկերներ ունենալ: Հարազատներ, բարեկամներ… Ունենալ մեկին, որը սիրում է քեզ ու միշտ քո կողքին է, բայց դրա հետ միաժամանակ, միևնույն է, զգաս քեզ միայնակ: Միայնակ ու համակված այնպիսի մի զգացումով, որ դու ամբողջ կյանքում փնտրել ու չես գտել… Չես գտել մեկին, որի կամքին հանձնեիր քեզ լիովին ու այդ երջանիկ մտքից ինքդ քեզ նախանձեիր: Դու ինձ հասկանո՞ւմ ես, – հարցրեց նա, ու, չսպասելով պատասխանի, ավելացրեց, – ժամանակը միակ բանն է, որ երբեք չես կարող ետ տալ: Այն կարծես թե մերն է… բայց մեզ չի պատկանում: Մեր ուժերից վեր է ետ պահել այն: Այն սահում, փախչում է մեզնից, ինչպես սորուն ավազն է սահում մեր մատների արանքից: Այս օրը չի կրկնվի երկրորդ անգամ… Այս երանելի պահն ահա, որ կա այստեղ, այս վայրկյանին, էլ ետ չի գա… – Արինան շրջվել, ձեռափերով այտերը սեղմած՝ նայում էր դուրս, հետո ասաց հոգնաձայն, առանց ետ շրջվելու, – մարդ իր ունեցածի արժեքն այն ժամանակ է հասկանում, երբ կորցնում է արդեն… Այս երեք տարվա մեջ, Լեո, միշտ էլ զգացել եմ քո մտերմությունը, միշտ էլ ինձ համար պաշտելի ես եղել ու այդպիսին էլ կմնաս իմ հիշողության մեջ… Մեր մեջ ոչինչ չի եղել, – շարունակեց նա սրտառուչ անկեղծությամբ, – բայց ես այնպես էի տարված քեզնով, որ ուր էլ կանչեիր՝ գլուխս կորցրած կգայի քո ետևից, ուր էլ հրավիրեիր՝ կվազեի: Մեյերհոլդն իր կնոջը՝ Զինաիդա Ռայխին, սաստիկ խանդում էր Սերգեյ Եսենինի հանդեպ, նրան թվում էր՝ հերիք է Եսենինը մատով կանչեր կնոջը, և նա, անձրևի ու կարկտի միջով վազելով կգնար Եսենինի ետևից: Կարծես իմ մասին է ասված: Բայց դու չկանչեցիր ինձ, ոչ մի տեղ չհրավիրեցիր, չնայած գիտեիր, տեսնում էիր, որ ինքնամոռաց կերպով տարված եմ քեզնով: Այո, դու դա գիտեիր, անհնարին է, որ չիմանայիր, չզգայիր, կրակն ու սերը հնարավոր չէ թաքցնել, բայց, միևնույն է, դու չօգտվեցիր իմ թուլությունից…

– Բայց չէ՞ որ մենք բարեկամներ ենք, Արինա:

– Դրա համար էլ երախտապարտ եմ քեզ, և դու դրանով առավել ես ինձ սիրելի: Իսկ գիտե՞ս ինչ մտածեցի մի անգամ, – ձեռքի սահուն շարժումով կրկին ճակատից ետ տանելով անհնազանդ մազափունջը՝ ասաց նա: – Մտածեցի այն մասին, որ հոգին իր մաքրությամբ է գեղեցիկ, ու երբ դու սիրում ես, բայց չես արժանանում փոխադարձ սիրո, տխրել պետք չէ ամենևին, միևնույն է, քոնն է հաղթանակը, որովհետև քո սերն այնքան մեծ է, որ չի տեղավորվում նրա սրտում: Եվ որ պետք չէ նվաստանալ ու վազել նրա ետևից, ով առանց քեզ էլ երջանիկ է: Ու մի պահ, ազնիվ խոսք, ցանկացա, որ դու սիրես ինձ՝ միայն այն բանի համար, որ ես քեզ մերժեմ, և դու տառապես: – Արինան շրջվեց, ակնդետ նայեց, ավելացրեց: – Բայց… երբ խենթորեն սիրում ես՝ անշահախնդիր, անմնացորդ, ապա միայն ու միայն նրա երջանկությունն ես ուզում: Եվ ուզում ես ամեն ինչ անել, որ նա երջանիկ լինի` անկախ քոնը լինել կամ չլինելուց… Այո, նրա լավն ես ուզում միայն, ուզում ես, որ նա երջանիկ լինի, սակայն, տեսնելով նրան երջանիկ՝ ոչ քեզ հետ, սիրտդ կծկվում է ցավագնորեն… – Նա հապաղեց մի պահ, հետո միանգամից ասաց, – աշխարհում գուցե թե ամեն ինչ վերջ ունի՝ թե՛ սեր, թե՛ արցունք, թե՛ տառապանք, լոկ հիշողությունն է, որ վերջ չունի, հիշողությանը վերջ չկա: Ես քեզ կհիշեմ, Լեո, որպես եղբոր, որպես հարազատի, և մինչև վերջ, մինչև վերջին շունչս կհիշեմ… Հավատա ինձ, հիշողությունն այդ մշտատև կմնա ինձ հետ, դա Հազարան հավքն է իմ, և այն ոչ ոք չի կարող խլել ինձնից…

Ես չգիտեի ինչ պատասխանել Արինային, ոչինչ չէի գտնում ասելու, և այն մտքից, որ, իրոք, այլևս չեմ տեսնելու նրան, սիրտս սեղմվում էր վշտից ու հուսահատությունից: Բայց մի բան պետք էր ասել, և ձեռքս դնելով բարակավուն մատներով նրա ցորնաթուխ ձեռքին, ինքս անգամ չհավատալով իմ խոսքին, ասացի.

– Մենք կհանդիպենք դեռ… Շատ տարիներ հետո կհանդիպենք և միմյանց կնայենք քնքուշ, մշուշված աչքերով:

Նա անձայն ժպտաց: Նա հոգնած ժպտաց: Թափահարեց գլուխը:

– Ոչ, – արձագանքեց տխրամած, – սա չի կրկնվի, չի կրկնվի… Ես գիտեմ, զգում եմ, որ վերջին անգամ եմ տեսնում քեզ, նայում ինձ համար սիրելի քո աչքերին և գիտեմ նաև, որ հազար անգամ երազում տեսնելու եմ ահա այս պահը՝ մեր վերջին հանդիպումը արևոտ այս սենյակում…

Արինայի աչքերը լցվեցին, նա դարձյալ ժպտաց արցունքներից շողացող աչքերով, ասաց.

– Բայց երջանիկ եմ գոնե, որ այս ամենն ասում եմ քեզ, և որ դու լսում ես այն: Որովհետև ծանր է կրել չասված խոսքերի ցավը: Ես չեմ լալիս ու, տես, չեմ արտասվում, որ ամեն ինչ անցած է արդեն, այլ ժպտում եմ, որ այս ամբողջը իրոք եղել է: – Նա քիչ լռեց, ավելացրեց, – անցած մարտի ութի տոնին մի ձայնասկավառակ էիր նվիրել ինձ: Ես հաճախակի եմ դնում այն: Պատրիսիա Կաասն է երգում, թախծոտ երգ է, դնում եմ ու շարունակ քեզ եմ հիշում: Մոտավորապես սա է իմաստը. երբ տեսնում եմ փողոցում ծեր մարդկանց, սարսափ է պատում ինձ մի պահ, չէ՞ որ կգա և մեր վերջին գարունը, և այնտեղ, ուր վառվում էր կրակը մեր ջահելության, մոխիր կգտնենք մենք միայն և որ կյանքը նման է վարդի, պատրանք է նրա յուրաքանչյուր թերթը, իսկ փուշն՝ իրականություն… Իսկ դու ասում ես՝ կհանդիպենք և միմյանց կնայենք քնքուշ աչքերով…

Նա արագ շրջվեց, կրկին նայեց լուսամուտից դուրս, ուր արևոտ օրը սկսել էր խամրել և պատերին հովհարաձև ու երերուն շարժվում էին իրիկնային արևի ոսկերանգ, նարնջագույն ցոլքերը:

– Ինչո՞ւ, ինչո՞ւ այսպես կարճ է տևում երջանկությունը, Լեո, – ասաց նա: – Եվ, առհասարակ, ի՞նչ է երջանկությունը՝ գեղեցկագույն մի ծիածան, մի դյուրաշեջ արևի շող, որ բեկվել է արցունքի մեջ…

Ահա այդպես բաժանվեցինք ես և Արինան, և նա այդպես էլ մնաց իմ հիշողության մեջ. իրիկնային ոսկեզօծ արևով լցված փոքրիկ սենյակում, ողորկված փայլկտուն սեղանի ետևում նստած, հարազատորեն, մտերիմ հայացքով տրտում ժպտում է ինձ՝ սևորակ գեղեցիկ աչքերում լճացած արցունք:

Առավոտյան Արինան չեկավ աշխատանքի, ու ես, ավաղ, այլևս չտեսա նրան:

Երկու օր անց, երեկոյան դեմ, ես թռա Մոսկվա՝ Ռոբերտի մոտ:

– Շատ չուշանաս, – մտերմաբար ժպտալով ասաց գլխավորը: – Տես, մենակ չթողնես ինձ:

Ռենան եկել էր ճանապարհելու: Դա անսպասելի էր. խմբագրությունում մենք պայմանավորվեցինք, որ նա չի գա ճանապարհելու, ասացի, որ կարճ ժամանակով եմ գնում և կարիք չկա ճանապարհելու, բայց, օդանավակայանում տեսնելով նրան, մնացի քարացած հուզմունքից: Ես արդեն թռիչքադաշտում էի, օդանավի մոտ, երբ հանկարծակի տեսա նրան՝ ուշ աշնան արևով ողողված սպասասրահի հաստ ապակիների ետևում կանգնած: Ինձ թվաց՝ նույն սպիտակաթույր զգեստով էր, որով տեսել էի առաջին անգամ: Մազերն ուսերին թափած՝ նա անդադար շարժում էր ձեռքը՝ ի նշան հրաժեշտի: Հեռվից չէր երևում, բայց ինձ այնպես էր թվում, թե նա շարունակ ժպտում է ինձ իր կապտաջինջ աչքերի հմայիչ ու կանչող ժպիտով:

* * * * *

Ես, իրավ, այն կարծիքին էի, որ երկար չեմ մնա Մոսկվայում: Հարցաթերթիկները լրացնելու համար մորս նույնպես ստիպված եղա Ստավրոպոլից կանչելու: Ռոբերտի աջակցությամբ կոմունալ բնակարանում սենյակ վարձեցինք և համարյա ամեն օր գնում էինք դեսպանատուն՝ թղթերը հանձնելու: Վիթխարի հերթեր էին, մարդիկ կային գիշերվա կեսից գալիս, հերթ էին բռնում: Ամերիկա մեկնել ցանկացողները հիմնականում Սումգայիթից էին, բայց օր-օրի շատանում էին նաև Բաքվից ու Ադրբեջանի տարբեր վայրերից եկած փախստական հայերը: Հարազատ օջախներից լքված, անպաշտպան ու անօգնական՝ նրանք իրար պատմում էին իրենց գլխին եկածը՝ մեկը մյուսից սարսափելի, և այդ պատմությունները, հավանաբար, որոշ թեթևություն էին բերում նրանց:

 

– Ամբողջ կյանքում տանջանքով, տառապանքով, հազար ու մի հալածանքների ենթարկվելով, էս երկրի համար ձրի, համարյա ձրի տքնես, կառուցես ու վերջում մնաս անտուն, մերկ ու անպաշտպան, – դժգոհում էին հերթում կանգնածները: – Գնացածները մի տեսեք ինչե¯ր են գրում, տներով ու բնակարաններով իսկույն ապահովել են՝ անհրաժեշտ ամեն բան մեջը, թոշակ են նշանակել՝ յուրաքանչյուրին վեց հարյուր երեսուն դոլլար ու ամսական հարյուր երեսուն դոլլար էլ ինչ-որ տեղից են տալիս, հիվանդանոց, դեղորայք՝ լրիվ անվճար, երեխեքի բարձրագույն կրթությունը՝ անվճար, լաց են լինում, ասում են, որ էսպիսի վերաբերմունք, հոգատարություն ու էսպիսի դրախտ է եղել, հապա մեր կյանքն ինչու իզուր մաշեցինք էդ դժոխքում: Նույնիսկ մարդ անհարմար է զգում, ասում են, որ նրանց համար ոչինչ չարած՝ էդքան արտոնություններ ունեն: Չէ, էստեղի նման… Անծայրածիր երկիր, հազարավոր դատարկ գյուղեր, ու մեզ համար տեղ չկա. ո՛չ գրանցում, ո՛չ աշխատանք, ամեն քայլափոխի՝ արգելք, ամեն տեղ՝ կաշառք, ծեծ ու նվաստացում, գոնե մի կարեկցող չկա, բա ինչո՞ւ են մեր հայրերն ու եղբայրները արյուն թափել, զոհվել Հայրենական մեծ պատերազմում, եթե էսօրվա օրը էն հեռավոր Ամերիկան պիտի մեզ օգնության ձեռք մեկնի: Ամոթ էսպիսի պետությանը:

Ցավում էի, որ չէի կարող զանգել Ռենային, կարոտից մղկտում էր սիրտս, բայց դրժել Էսմիրային տված իմ խոստումն ու նաև ամենագլխավորը՝ վտանգի տակ դնել Ռենային, անկարող էի:

Զանգեցի գլխավորին, նա անասելի ուրախացավ իմ զանգի համար, բայց անսահման վշտացրեց ինձ, ասելով, որ քաղաքում դրությունն այնքան էլ լավ չէ: «Ռադիոն, հեռուստատեսությունն ու թերթերը հեղեղված են հակահայկական հերյուրանքներով, – ցածրաձայն ասաց նա: – Բայց մենք չենք խառնվում, պաշտոնական հաղորդումներ ենք տալիս միայն: Իսկ այդ տականք Գևորգ Աթաջանյանը, – ավելի ցածրացնելով ձայնը՝ ավելացրեց գլխավորը, – Կարո Առաքելովի սրիկա որդու՝ Ռոբերտ Առաքելովի հետ միասին, ցուցակը ձեռքներին, «Կոմունիստ» թերթի աշխատակիցներից, իբր, Մոսկվա հեռագրեր ուղարկելու նպատակով, փող են հավաքել: Դու պատկերացնո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակում. հրատարակչության բազմահարկ շենքում, ուր հայերեն «Կոմունիստից» բացի տասնյակ ուրիշ խմբագրություններ կան տեղավորված, նրանք ցուցադրաբար փող են հավաքում: Կասկած չկա, – շարունակեց գլխավորը, – որ դրամահավաքի այդ ամբողջ պատմությունը մանրազննին պլանավորված գործ է, որովհետև հենց հաջորդ օրը կառավարական տան մոտ, հանրահավաքում, խոսակցություններ են սկսվել այն մասին, որ Բաքվի հայերը փող են հավաքում Ղարաբաղի համար: Այդպիսի բան չի եղել, լկտի սուտ է, բայց, ահա, քաղաքում կտրուկ փոխվել է վերաբերմունքը հայերի նկատմամբ, սկսվել են զանգվածային ծեծկռտուքները տրանսպորտում ու փողոցներում: Հերիք չէր դերասան Մեջիդ Շամխալովի հետ նրան բռնեցին Փոխլուդարայի ինչ-որ փչացած կանանց որջում, թերթում խայտառակեցին, հերիք չէր Ռադիկ Գրիգորյանի քրոջ բռնաբարության այդ զզվելի պատմությունն ու նրա լպիրշ ոտնձգությունները՝ մահճակալին գամված մեր գրող ընկերոջ՝ Կասպարովի կնոջ նկատմամբ, հերիք չէր Հուրունցի նամակը՝ ուղարկված Սուրեն Կասպարովին, որ, ինչպես հետո պարզվեց, նրա տնից գողացավ, հանձնեց ԿԳԲ-ին… Այդքանը, այո, հերիք չէր, տես, հիմա էլ ինչ անամոթ քայլի են դիմել: Ես էլ, ես էլ եմ մեղավոր, Լեո, ասել եմ քեզ, ես նրան երաշխավորագիր տվեցի՝ գրողների միության շարքերն ընդունվելու համար: Մի խոսքով, Լեո ջան, – վերջում ավելացրեց նա, – դեռևս գալ պետք չէ, խորհուրդ չեմ տալիս, սպասիր տեսնենք ինչով է վերջանում այս ամենը, ես այստեղ մի կերպ յոլա կտանեմ»:

Երկրորդ ամսվա վերջին ես կրկին զանգեցի գլխավորին, բայց նրա հեռախոսը՝ ո՛չ աշխատավայրում և ո՛չ էլ տանը, չէր պատասխանում: Խմբագրության մյուս հեռախոսները ևս անջատված էին: Զանգեցի Սիավուշին, ինձ թվաց տրամադրությունը վատ չէր, հարցրի՝ «Ինչպե՞ս է կյանքը Բաքվում»: «Ոչինչ, – ասաց Սիավուշը և կատակի տվեց, – եթե խմիչք է ճարվում, ամեն ինչ լավ է թվում»:

Շաբաթվա վերջում կենտրոնական հեռուստատեսությամբ հաղորդում եղավ այն մասին, որ Բաքու քաղաքում կյանքը նորմալ հունի մեջ է մտնում, աշխատում են բոլոր գործարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները, վերսկսվել են պարապմունքները ուսումնական հաստատություններում:

Ռոբերտի հետ վերջին հանդիպումից հետո հաստատ վճռեցի ոչինչ չասել մորս՝ Բաքու մեկնելու մասին: Զարմիկի հետ պայմանավորվեցինք միասին մեկնել: Նա ադրբեջանցու անուն ազգանունով անձնագիր ուներ, մաքուր խոսում էր ադրբեջաներեն, և Բաքու մեկնելը նրա համար խնդիր չէր: Ժամադրվեցինք և մյուս օրը, գնալով դրամարկղ, հունվարի տասներկուսի համար ինքնաթիռի տոմս առանք:

Ռոբերտը վերջ ի վերջո համոզեց:

– Քո մասնագիտությամբ, – ասաց նա, – դու այստեղ դժվար թե շուտ գործ ճարես: Այնտեղ, Բաքվում, ինքդ հո հիշում ես, քանի անգամ եղել ես մոտս, կապի նախարարությունում նստած ստից հաշվետվություններ էի գրում, բայց հիմա, տես, թե ինչով եմ զբաղված, կրպակում առևտուր եմ անում՝ ա՛ռ-տո՛ւր, ա՛ռ-տո՛ւր, հեշտ գործ, և տեսնում ես, որ ամենևին էլ դժգոհ չեմ, ընդհակառակը՝ շատ գոհ եմ: Այսպես որ գնաց՝ ի՞նչ Ամերիկա, ի՞նչ Միչիգան ու Լանսինգ: Գնա փողերդ հանիր, արի, հենց այստեղ, մետրոյի մոտ մի տեղ էլ քեզ համար կվերցնենք: Առանց փող, քեզ պարզ ասեմ, ոչինչ հնարավոր չէ անել, առնվազն մի ութ-տասը հազար դոլլար է պետք: Շուտ գնա ու, տես, երկար չմնաս: Ռենային զանգո՞ւմ ես գոնե: Թե՞ մոռացել ես արդեն:

– Մոռացել եմ, – ասացի ես նրա հանգով:

– Ո՞նց թե, – Ռոբերտը կասկածանքով նայեց ինձ, հետո ժպտաց, ասաց, – Լեո, մի երկու անգամ տեսել եմ՝ քեզ նայելիս: Երբ կինը կամ աջիկն այդպես հմայված նայում են որևէ մեկին, նշանակում է, որ հողագնդի վրա գտնվող մյուս՝ մոտ երեք միլիարդ տղամարդիկ, գոյություն չունեն նրա համար: Այդպիսի սերը, ախպերո, աստծու պարգև է, իսկ դու ասում ես՝ մոռացել եմ, կատակում ես, էլի, լսիր, նրան մոռանա՞լ կլինի: Լավ, չես ուզում՝ մի ասա: Կարճ՝ մինչև կվերադառնաս, ես այստեղ կպայմանավորվեմ մետրոպոլիտենի ղեկավարության հետ: Դա ես ինձ վրա եմ վերցնում:

Մորս՝ մեկնելուց մի երկու ժամ առաջ, ասացի միայն:

– Մամա, գնում եմ Բաքու:

– Բաքո՞ւ, – վախեցած հարցրեց նա, ասես առաջին անգամ էր խոսք բացվում Բաքու մեկնելու մասին, – ե՞րբ, – ավելացրեց նա, և նրա ձայնի մեջ անթաքույց տագնապ զգացի: – Բայց ի՞նչ են ասում, վիճակն ինչպե՞ս է էնտեղ:

– Ինչպե՞ս պիտի լինի՝ նորմալ, – հանգիստ ձայնով ասացի ես: – Թերթերը ոչինչ չեն գրում, հեռուստատեսությունը ոչինչ չի հաղորդում:

– Մի՞թե մեր մամուլին կարելի է հավատալ: Սումգայիթի դեպքերի ժամանակ նույնպես ոչինչ չէին գրում ու ոչինչ չէին հաղորդում:

– Դե, այն ժամանակ ուրիշ էր, – փորձեցի սիրտ տալ նրան: – Հին սխալները հո չե՞ն կրկնելու:

Ես նորից ու նորից էի հիշում Ռոբերտի խոսքերը Ռենայի մասին. «Կատակում ես, էլի, լսիր, նրան մոռանա՞լ կլինի»: Այն մտքից, որ շուտով հնարավորություն կունենամ տեսնելու Ռենային, գլուխս պտտվում էր երջանկությունից:

– Զգույշ մնա, մաման մատտաղ, – վերջին րոպեին կրկին զգուշացրեց մայրս, – տեղ հասար թե չէ՝ վերադարձիր, մնալու բան չկա:

Եվ հիմա օդանավը միալար, անդադրում գվվում էր, երբեմնակի ճոճվում, ծանր տարուբերվում էր՝ շարժիչների նույն միալար հռնդյունով ճեղքելով անծայրածիր երկինքը: Ճիշտ արեցի՞, արդյոք, որ այս անգամ չլսեցի մորս, ուշադրություն չդարձրի նրա խոսքերին՝ քիչ էլ սպասել: Բայց չէ՞ որ սպասել այլևս անհնարին էր, երրորդ ամիսն էր մայրս նույնն էր կրկնում՝ սպասիր, և ես՝ անսալով նրա տվայտանքներին, օր-օրի ետ գցելով, հետաձգում էի մեկնումը: Բայց, ի վերջո, սպասել այլևս հնարավոր չէր, ապրելու և զբաղեցրած սենյակի վարձը տալու փող էր պետք: Սակայն շարունակական ձգձգման պատճառը մորս հորդորները չէին միայն և ոչ էլ այն, որ աշխատանք էի որոնում, հիմնականը Բաքվում տիրող անորոշ վիճակն էր և այն, որ Ամերիկա գաղթելու թղթերը վաղուց հանձնել էինք դեսպանատուն, սպասում էինք պատասխանի: Համարյա օրումեջ, ինչպես որ մինչև անկետաները հանձնելը, գնում էի դեսպանատուն, ուր ինձ նման հարյուրավոր նախկին բաքվեցիներ էին հավաքվում՝ իմանալու ե՞րբ են կանչելու հարցազրույցի, որը, չգիտես ինչու, շարունակ ձգձգվում էր:

Ես լուսանցույցից նայում էի դուրս, ներքևում, ետ սլացող հատուկենտ ճերմակաթև ամպակտորների տակ, ալպիական լեռնալանջերն ի վար արծաթյա թելերի պես ձգվում էին գետակները: Այս ու այնտեղ, ասես լքված՝ մենավոր գյուղակներ էին երևում՝ կորած մշուշների մեջ:

– Ազա՞տ է ձեզ մոտ, – հարցրեց կանացի քնքուշ մի ձայն:

Բարեհամբույր ժպիտով, դուրեկան կազմվածքով, թարմ ու սրճագույն փայլուն մազերով դեռատի կին էր՝ քսան-քսանհինգ տարեկան: Մետաքսե կապույտ կոստյումը՝ ծալազարդ բոլորքով ու ծալազարդ օձիքով՝ ավելի էր ընդգծում նրա թխաթույր նրբագեղությունը:

Ես ետ նայեցի. Զարմիկը նստած էր ետևի շարքերից մեկում, տաք զրուցում էր ինչ-որ մեկի հետ:

– Նստեք, – ասացի ես:

– Շնորհակալություն: – Ժպտալիս դանդաղ բացվող շուրթերը ձգող, հրապուրիչ ինչ-որ բան ունեին:

– Առջևի ճամփորդասրահում շատ է աղմուկը, – քնքշաձայն ասաց նա, տեղավորվելով փափուկ թիկնաթոռին, – շարժիչներից հեռու հանգիստ է:– Նա մի կարճ պահ լռեց, տխրաձայն ու ցածրաձայն արտասանեց.

Прощай, Баку! Тебя я не увижу.

Теперь в душе печаль, теперь в душе испуг…*

– Դուք բաքվեցի՞ եք, – հարցրի ես:

– Բաքվեցի էի, – ափսոսանքով ասաց նա՝ մի տեսակ ամոթխած կիսաժպիտով: – Փոխանակման համար եմ գնում: Հարմար տարբերակ է, մերը չորս սենյականոց բնակարան է, կոոպերատիվ նոր շենքում, քաղաքի ամենակենտրոնական մասում:

*Մնաս բարով, Բաքու: Չեմ տեսնի ես քեզ էլ:

Վիշտն է հոգուս թառել, հոգուս ահ է պատել…

– Ո՞ր մասում է:

– Ապրիլի 28 փողոցում: Աերոդրամարկղի ինըհարկանի շենքում, վեցերորդ հարկում: Նոր էինք նորոգում կատարել: Երկու սենյակի հետ ենք փոխանակում, այն էլ Մոսկվայից ահագին հեռու, Օբնինսկ փոքրիկ քաղաքում, առաջին հարկ, առանց պատշգամբի, բետոնե

հատակով, պատկերացնո՞ւմ եք: Ի՞նչ արած, ուրիշները դա էլ չեն գտնում: Ում հետ փոխանակում ենք, ադրբեջանցի է, կինը՝ ռուս: Այդ ադրբեջանցու փոքր եղբոր հետ պիտի հանդիպենք, թղթերը ձևակերպենք, լիազորագիր է տվել եղբոր անունով: Դո՞ւք էլ Բաքվից եք:

– Այո, հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների կոմիտեում եմ աշխատում:

– Ճի՞շտ: Մեր կողքի հարևանուհին նույնպես այնտեղ է աշխատում: Դուք ո՞ր խմբագրությունում եք:

– Հայկական ծրագրերի խմբագրությունում:

– Ուրեմն իմ մորը պիտի ճանաչեք, գերագույն դատարանում էր աշխատում՝ Ռոզա Գրիգորյան, գերագույն դատարանի անդամ էր: Առաջ հայերից Արությունովն էր այնտեղ, հետո Առուշանովն էր, հետո՝ Վասիլի Անանյանը, Անանյանի սպանությունից հետո արդեն իմ մայրն էր:

– Գիտեմ, – ասացի ես, – նույնիսկ հաղորդում ենք տվել նրա մասին: Ղարաբաղի Ղարաղշլաղ գյուղից են ծնողները, բայց հետո գաղթել են Մարտակերտի շրջան՝ Զարդախաչ:

– Ճիշտ է, իմ մայրը հենց Զարդախաչում է ծնվել: Հետաքրքիր է, ծանոթներ դուրս եկանք: Կարինա է իմ անունը:

Ես ևս ասացի իմ անունը, իսկ հետո ավելացրի.

– Օդանավակայանից միասին կգնանք, մենք ձեզ կտանենք տուն:

– Շատ լավ, – խնդումնասիրտ ասաց Կարինան, սպիտակափայլ ատամները շողացին մի կարճ ակնթարթ, – ամուսինս շատ էր անհանգստանում: Ինքը չէր կարող գալ, նոր-նոր մի կերպ աշխատանքի էր տեղավորվել: Ասում են, ծածուկ հրահանգ կա՝ փախստականներին չգրանցել ու չվերցնել աշխատանքի: Ուղղակի սարսափելի է: Մնալո՞ւ եք, թե վերադառնալու եք Մոսկվա:

– Չէ, վերադառնալու եմ, – ասացի, – կարճ ժամանակով եմ գնում:

– Ես աերոդրամարկղի համարյա բոլոր աղջիկներին գիտեմ, եթե պետք լինի՝ ձեզ համար տոմս կվերցնեմ, – մանկան հոժարակամ անմիջականությամբ ասաց նա: – Կարող եք չանհանգստանալ:

Ես երկար ժամանակ մտորում էի՝ պատմե՞լ նրան Ռենայի մասին, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պատմել ու խնդրել նրա օգնությունը:

– Ես կօգնեմ, – ասաց նա, բարեսրտորեն ձեռքը դնելով իմ թևին: – Կզանգեմ, կպայմանավորվեմ հետը, որ գա մեր տուն: Ոչ, – արագ փոխելով միտքը, ասաց նա, քնքշահայաց նայելով ինձ, – ես իմ հեռախոսահամարը կտամ իրեն և կասեմ, որպեսզի որևէ տեղից զանգի ինձ: Այդպես ավելի ապահով է: Ես նրան ամեն ինչ կբացատրեմ: Վաղը ո՞ր ժամին է ձեզ հարմար: Ես կասեմ, և նա այդ ժամին կլինի մեր տանը: Գրեք իմ հեռախոսահամարը՝ 93-81-44: Տունը գիտեք, երկրորդ մուտք, վեցերորդ հարկ, ձախ դուռն է՝ քառասուներեքերրորդ բնակարանը: Հարմա՞ր է ժամը չորսին:

– Հարմար է:

– Ժամը չորսին նա մեր տանը կլինի, կարող եք չկասկածել:

«Աստված իմ, մի՞թե ես վաղը կտեսնեմ Ռենային», – բերկրանքով մտածեցի ես, զգալով, թե կրծքիս տակ ինչպիսի ուժգնությամբ սկսեց բաբախել սիրտս:

Օդանավի տակ միանգամից ընդառաջ նետվեց կարմիր լույսերով թռիչքուղին, անիվների տակ դղրդաց ու ետ սլացավ բետոնը:

Օդանավակայանի հրապարակում տաքսի վերցրինք: Զարմիկը նստեց վարորդի կողքին, ես ու Կարինան՝ մեքենայի ետնամասում:

– Ձեզ կթողնենք տանը, – ասացի ես Կարինային: – Վաղը չորսին կհանդիպենք:

Կարինան ժպտալով գլխով արեց, և ես կրկին անգամ նկատեցի, որ ժպտալիս դանդաղ բացվող նրա շուրթերը, իրոք, անչափ հրապուրիչ ինչ-որ բան ունեն:

* * * * *

– Մյան Նախըծվան բալասըյամ, ադըմ Զաքիր, սա՞ն հարալըսան*, – հարցրեց Զարմիկը վարորդին:

Մեծահասակ մարդ էր վարորդը՝ կիսաճաղատ, երկու ձեռքով ամուր կառչած ղեկին, լայն բացած զույգ աչքը հառած ճանապարհին:

– Սաբիրաբադի կողմերից եմ, – արձագանքեց նա, կողքանց նայելով Զարմիկին, – քաղցր նռան ու ձմերուկի տաք երկիր Սաբիրաբադից:

– Ի՞նչ ես կարծում, – ինձ աչքով անելով հարցրեց Զարմիկը: – Էս հայերը մեզնից ի՞նչ են ուզում:

– Էհ, մենք էլ ենք մեղք, նրանք էլ են մեղք, – ցավով արձագանքեց վարորդը, – մատը գցած՝ շարունակ խառնում են մեր մեջը: Ապշերոնի քարտուղար Զոհրաբ Մամեդովը Հայաստանից եկած փախստականներին ամեն առավոտ ավտոբուսները լցրած՝ ուղարկում էր Սումգայիթ, ցույցերի: Հատուկ նպատակով, իհարկե:

 

Ինքս եմ քանի անգամ տեսել ավտոբուսների ու մարդկանցով լցված բեռնատարների էդ քարավանները: Հեռուստատեսությամբ ասում էին, թերթերում էլ գրեցին, թե, իբր, կենտկոմի քարտուղար Հասան Հասանովը Աղդամում չոքել է ադրբեջանցիների առջև, որ

չգնան Ստեփանակերտի հայերի վրա, ասես Ստեփանակերտի հայերը գառներ են, իրենք՝ գայլեր, իսկ Խուրաման Աբբասովան, որին ռուս միամիտ բանաստեղծ Եվտուշենկոն, ոտանավոր նվիրեց, իբր թե լաչակը հանել, գցել է մարդկանց ոտքերի տակ, և նրանք կանգ են առել, չեն գնացել: Սուտ է: Ինչպես հետո պարզվեց՝ գնացել են, հասել են մինչև Ասկերան, և էն էլ մի քանի հազար հոգով՝ ճանապարհին ծեծելով ու հաշմանդամ դարձնելով մարդկանց, ավերելով ու այրելով ամեն ինչ: Ես իմ կարճ խելքով էսպես եմ մտածում՝ քանի որ, այնուամենայնիվ գնացել են, ուրեմն նրանք՝ էդ Հասանովն ու Աբասովան, ոչ թե թե կանգնեցրել, այլ

*Ես Նախիջևանի զավակ եմ, անունս՝ Զաքիր, դո՞ւ որտեղից ես (ադրբ.)

կազմակերպել են էդ ամենը: Ամենաճիշտ եզրականությունը սա է, որովհետև ամբողջ աշխարհում մեզ խայտառակող Սումգայիթի տրաքոցն էդտեղից սկսվեց: – Նա քիչ լռեց, ասաց. – այ քիշի*, աշխատավոր մարդու համար ի՞նչ տարբերություն՝ հայ ես, ռուս ես, վրացի ես: Ինձ համար մե՞կ չի, թե ում եմ տանելու օդանավակայան կամ էնտեղից ում եմ բերելու, վարձս տալիս է՝ ալլահա շուքյուր**, շնորհակալ եմ: Հրեն Հայաստանի ադրբեջանցիները եկել, քաղաքը լցվել են: Ես ձեզ ասեմ, էստեղից, Բաքվից ովքե՞ր են գնում՝ իրենց հարմարավետ տները թողած՝ հայտնի բժիշկներ, դասախոսներ, գիտության և արվեստի գործիչներ, մանկավարժներ, երաժիշտներ, անուն հանած մարդիկ, ոսկի ձեռքերով արհեստավորներ: Էնտեղի՞ց ովքեր են գալիս՝ բազարներում կանաչի ծախող սպեկուլյանտներ ու հեռավոր գյուղերում կով ու ոչխար պահող անգրագետ գյուղացիներ, որ իրենց կյանքում երևի բաղնիք էլ չեն տեսել: Ուզում եք համաձայնեք հետս, ուզում եք՝ չէ, մեզ համար մի տեսակ խորթ են նրանք: Երկար փափախները դրած, անթրաշ, ոչխարի հոտը փչում է վրաներից: Բայց, դե, էստեղից գնացած հայերին էլ Երևանում չեն լավ ընդունում, ասում են՝ «շուռ տված»: Մտնում են խանութ՝ հաց չեն տալիս, ասում են՝ հայերեն խոսիր:

*քիշի (ադրբ.) – մարդ

**ալլահա շուքյուր (ադրբ.) – փառք Աստծո

Մարդը լեզուն չգիտի, ուրեմս մնա սովա՞ծ: Դրա համար էլ թողնում, գնում են Ռուսաստան, Ամերիկա: Բա կարելի՞ է էդպես:

– Չի կարելի, – լրջորեն ասաց Զարմիկը: – Ասում են, իբր, Գորբաչովը Ղարաբաղի հարցը լուծելու համար գնում է Ստալինի մոտ, խնդրում, որ օգնի: Ստալինը տեղն ու տեղն առաջարկում է Հայաստանն ու Ադրբեջանը միացնել ու մայրաքաղաքն էլ դարձնել Մագադանը:

Վարորդը քահ-քահ ծիծաղեց, ասաց.

*քիշի (ադրբ.) – մարդ

**ալլահա շուքյուր (ադրբ.) – փառք Աստծո

– Ադա, վալլահ*, լավ է ասել: Շատ լավ է ասել, մեզ էդպես էլ պետք է: Էն հեռու ժամանակներում, – շարունակեց նա, – էլի էսօրվա

նման օրեր էին: Անտառի մեջ մաուզերը կապած երկու մարդ հանդիպում են մի գյուղացու: «Բոլշևի՞կ ես, թե մենշևիկ», – հարցնում են: Գյուղացին մտածում է՝ ասի մենշևիկ եմ, կարող է սրանք բոլշևիկ լինեն՝ սպանեն, ասի բոլշևիկ եմ, կարող է սրանք մենշևիկ լինեն՝ էլի սպանեն: Ասում է՝ «Ո՛չ բոլշևիկ եմ, ո՛չ մենշևիկ,

ձեր դռան կապած շան թուլան եմ»: Էս մարդիկ ծիծաղում, ձիաները քշում, թողնում գնում են: Հիմի ճիշտ էդպիսի խառը ժամանակներ են:

Մեքենան թեքվեց աջ և, թեթև հռնդյունով հաղթահարելով վերելքը, Ռամանիի ուղղությամբ սլացավ դեպի քաղաք:

– Երբ Բրեժնևը վերջին անգամ եկել էր Բաքու, ի¯նչ էր կատարվում էս ճանապարհին, աման, ի¯նչ էր կատարվում, – նորից խոսեց վարորդը: – Շողոքորթությունն էլ սահման պիտի ունենա: Ամբողջ աշխարհի աչքի առաջ, ասես մի մեծ տերության կենտկոմի գլխավոր քարտուղար չէր, կնիկ էր կամ սիրուհի՝ Ալիևը մատանի հագցրեց նրա մատին, և էն էլ ի¯նչ մատանի՝ երկու հարյուր քսանվեց հազար ռուբլու արժողության ադամանդ: Սարքելը՝ սարքել էին տվել, բայց վճարելու մասին՝ ոչ մի խոսք: Ոսկերչական գործարանի տնօրենը, ասում են, կենտկոմի դռնից չէր հեռանում, հետո գտան իր կաբինետում կախված: Հա, ամեն ինչ սահման պիտի ունենա: Ալիևը խոստացել էր մեկ միլիոն մարդով

դիմավորել Բրեժնևին: Հանուն ինչի՞: Ո՞ւմ են պետք նրա տված փոխանցիկ կարմիր դրոշները, սուտ շքանշաններն ու կոչումները, երբ մարդկանց տներում ուտելու բան չկա, իսկ խանութները դափ-դատարկ են: Ինքս եմ հաշվել թերթում, պլենումի ժամանակ Ալիևը հարյուր յոթանասուն անգամ նշել էր Բրեժնևի անունը՝ է՛լ քսաներորդ դարի ամենաականավոր գործիչ, է՛լ հայրական հոգատարություն՝ Ադրբեջանի նկատմամբ, է՛լ «նոր Իլյիչ», ոնց որ Ախունդովն էր Խրուշչովին անվանում «Նոր Լենին», երևի նկատի ունենալով, որ նրանք երկուսն էլ քաչալ էին, – ծիծաղեց վարորդը: – –

*ադա, վալլահ (ադրբ.) – արա (այ մարդ), Աստված վկա

Վալլահ, ամբողջ իրիկունն ու գիշերը քաղաքից ու մոտիկ շրջաններից հա բերում էինք մարդկանց՝ ավտոբուսներով, բեռնատարներով, մեր էս տաքսիներով: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ասել է մեկ միլիոն մարդ՝ օդանավակայանից մինչև քաղաք ընկած ճանապարհի երկու կողմերին: Ու թարսի պես էլ, առավոտվա դեմ էնպիսի¯ մի վարար անձրև սկսեց, էնպիսի¯ մի տեղատարափ, որ նկարագրել հնարավոր չէ: Ու էդ ամբողջ ճանապարհին, տեսնում եք, պատսպարվելու ոչ մի տեղ, ոչ մի ծառ ու թուփ: Բրեժնևն ահագին ուշացումով առավոտյան ժամը տասին իր շքախմբով եկավ՝ վը¯շշշ, անցավ: Ու էդ ժողովրդի մասին այլևս մտածող չեղավ: Ո՛չ մի կաթիլ ջուր խմելու տեղ, ո՛չ մի զուգարան, էդքան ժողովուրդ՝ մոտ քսանհինգ կիլոմետր ճանապարհը ոտքով պիտի գնար մինչև քաղաք… Մարդ նայում էր ու չգիտեր՝ ծիծաղե՞ր, թե՞ լաց լիներ:

Զարմիկի հետ պայմանավորվելով վաղը ժամը չորսին հանդիպել Կարինայի մոտ՝ ես իջա մեքենայից: Բակում չհանդիպելով ոչ ոքի՝ բարձրացա տուն:

Երկար ժամանակ փակ մնացած սենյակի բարկ հոտը խփեց դեմքիս: Մտածում էի զանգել Սիավուշին, գլխավորին, մյուս տղաներին: Գոնե Ռենայի ձայնը լսեի, սակայն հեռախոսը չէր աշխատում: Մի պահ քայլում էի ետ ու առաջ՝ չիմանալով ինչով զբաղվել: Հանգչող արևի ճառագայթները թափանցում էին ապակիների միջով. այդ ճառագայթները լուսավորել էին բազմոցը, գրապահարանն ու գրասեղանը, որի վրա մի մատ փոշի էր նստել: Կառավարական տան կողմից կոչերի ձայներ էին հասնում, այնտեղ աղմկում, երբեմն ծափահարում էին: Երկար նայում էի լուսամուտից, երբեմնի սիրելի, հարազատ քաղաքը օտարացած էր թվում: Երևում էր ծովը, ուր նավով զբոսնում էինք Ռենայի հետ, Կիրովի անվան զբոսայգին էր երևում, այնտեղ, հենց Կիրովի անվան զբոսայգու բարձունքում, «Ազերինֆորմի» թղթակից Յաշար Խալիլովը մեզ միասին լուսանկարեց: Իսկ մինչ այդ, մենք հորդ անձրևի տակ էինք ընկել: Օրն արևոտ էր, բոլորովին անսպասելի, միանգամից որոտաց երկինքը, և այդպես միանգամից էլ սկսվեց տեղատարափ անձրևը: Մենք նույնիսկ չհասցրինք վազել մինչև զբոսայգի: Ահագին թրջվել էինք՝ մինչև հասանք մի ծառի: Ծառուղու վրա թեքված ձիթենի էր դա, համարյա չէր պատսպարում մեզ: Ես վախենում էի, թե Ռենան կարող է մրսել, իսկ նա շարունակ քրքջում էր՝ մերթ ընդ մերթ ուսով հրելով ինձ անձրևի տակ:

Ռենան հուզումնալիորեն գայթակղիչ ու ցանկալի էր այդ պահին: Ես նրան առա իմ գրկի մեջ, սակայն նա, հանկարծակի ծալծլվելով, դուրս սահեց իմ գրկից, մի ակնթարթում հայտնվեց հորդ անձրևի տակ: Դեմքը տեղացող անձրևին, անհոգ ծիծաղելով՝ Ռենան, ձեռքերը լայն տարածած, պտտվում էր տեղում՝ նրբազգայուն քթիկը սիրունիկ կնճռոտած, կիսաբաց հրավառ շուրթերով, որոնց արանքից ադամանդի պես փայլում էին ճերմակ ատամները: Նա ուզում էր, որ ես հիանամ իրենով, ու ես հիանում էի: «Ռենա, կմրսես, ի¯նչ ես անում», – ես նրան կրկին ետ բերեցի ծառի տակ, անձրևաջուրը ծլլում էր նրա վրայից, թաց շորը կպել էր մարմնին, և դա ավելի էր ուրվագծում նրա գեղասրունք վայելուչ ազդրերը, ձիգ իրանն ու սքանչելիորեն կլորիկ կրծքերը: Ռենան ամբողջ մարմնով քիփ սեղմվեց ինձ և, նուրբ մատներով անշտապ ետ տանելով մազերը, խորախորհուրդ ու ձգողական շողերով զվարթուն աչքերով նայեց շեղակի: Նրա մարմինը տաք էր, կրծքերը՝ թարմ թթխմորի պես փափուկ, նույնպես տաք էին, անձրևը շարունակում էր տեղալ, ես Ռենայի դեմքն առա իմ ձեռափերի մեջ, շուրթերս մեղմիվ սահեցին նրա շուրթերի վրայով. թեթև քամու, խոնավ պաղության ու սաստկացող անձրևի խշշոցի տակ դա հաճելի էր, Ռենային նույնպես, հավանաբար, դուր եկավ այդ խաղը… Մեր շուրթերը թեթև հպանքով անդադար սահում էին՝ քսվելով միմյանց, հետզհետե արագացող մեր շնչառությունը խառնվում էր, սակայն, չէ, չէինք համբուրվում, ես անասելի մեծ դժվարությամբ, բայց երկարաձգում էի այդ քաղցրանուշ պահը: Ալեկոծ հուզմունքից կքված իմ սիրաբաղձ շուրթերը դիմացան ևս մի քանի ակնթարթ, ի վերջո, ես անկարող եղա այլևս դիմանալու, իմ շուրթերը հուզագրգիռ անհամբերությամբ մխրճվեցին Ռենայի կրքոտ շուրթերի մեջ… Ես նրան համբուրում էի մի տեսակ անհագ տենչանքով, գուցեև կոպտորեն՝ խածնելով նրա գիրգ շուրթերը, որովհետև Ռենան, անկարող որևէ բառ արտաբերելու, աղերսող աչքերով ըմբոստացավ իմ մոլեգնության դեմ: Ես մեղմ, ընդհատ-ընդհատ համբույրների անցա, նայում էի Ռենային մի տեսակ վերացած ու իմ աչքերին չէի հավատում, չէի կարողանում հավատալ, որ հիմա, հենց այս վայրկյանին, իմ շուրթերը ձուլված են նրա վարդագեղ թրթռուն շուրթերին… Լեզուս համրանում էր ասես այդ մտքից, աչքերս մթագնում էին, ականջներս՝ վշշում արտասովոր ջերմությունից: Այդ ջերմությունը թափանցում, ներհոսում էր իմ մաշկի տակ՝ տարածվելով երակներովս ու ամբողջովին համակելով ինձ աննկարագրելի քաղցր անրջանքով:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru