bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

Լենինի արձաններն էլ են պոկել, գցել մի կողմ: Բայց ի¯նչ հոյակապ արձաններ էին… Ռուսներն էլ են փախչում:

– Ռուսնե՞րն ինչու: – Միրալի Սեիդովն էր:

– Որովհետև հասկանում են՝ հայերից հետո հերթն իրենցն է: Քաղաքում ապրող ռուսների ցուցակներն արդեն լրիվ պատրաստ են: Հատուկ կարգադրությամբ՝ երկրորդ ամիսն է թոշակ չեն ստանում, խանութներում, ինչպես հայերին՝ նրանց նույնպես հաց չեն վաճառում: Բա… Ով չգիտի, որ ռուսը թուրքի հավիտենական թշնամին է: Թող կորչեն, գնան իրենց երկիրը, սա մեր հողն է, մեր հողի վրա մենք պետք է ապրենք, ուրիշ ոչ ոք: Ամեն տեղ, ասում է, պատերին գրություններ են փակցված՝ «Ռուսներ, մի գնացեք, մեզ ճորտեր են պետք»: Լավ է, չէ՞… Եղբորս դուռ-դռան ռուս հարևանի դուռը փշրել, մտել են տուն, առաջ եղբորս մոտ էի ապրում, սաղին ճանաչում եմ, ամուսնու գլխին շրխկացրել են ու կնոջը՝ Գալինա Իլյինիչնային, ու տասներկու տարեկան աղջկան, Օլգա է անունը, շատ եմ տեսել, չտեսնված սիրուն աղջիկ է, վեց հոգով բռնաբարել են, չորս տարեկան մյուս աղջկան՝ Մարինային, մինչև դուռը ջարդում էին, հասցրել են թաքցնել խոհանոցի բազմոցի տակ, չեն տեսել: Մի երկու ռուս աղջկա էլ են բռնաբարել տարբեր տեղեր, մի քանի ռուս ընտանիք էլ բնակարաններից են վռնդել, քաղաքի կենտրոնում Ալեքսանդր Գավրյուշին անունով քառասուն տարեկան մի ռուս էլ են սպանել: Սա էլ իր բնակարանում, կացինն առած, իբր, ուզեցել է պաշտպան կանգնի կնոջն ու աղջկան, որոնց հետո քսան հոգով բռնաբարել են: Ախմախ ռուս է, էլի, ասա քսան հոգու դեմ դու ի՞նչ պիտի անես… Էդ պատճառով, ասում է, ռուսների մեջ խուճապ է ընկել: Ասում է էսօրվա հանրապետական թերթերում Բախտիար Վահաբզադեն դիմել է ռուսներին, որ չգնան:

– Իզուր, – տեղից խնդումնալից արձագանքեց Հաֆիզը: – Ավելի լավ, թող գնան: Նրանց տներն ու ունեցվածքն էլ կմնան մեզ:

– Մոռացա, ռուս ու արտասահմանյան ժուռնալիստների ձեռքից լուսանկարչական խցիկներն ու տեսախցիկները, ասում է, խլում, փշրում են: Էդ մեկը ճիշտ են անում, թե չէ, կտանեն աշխարհով մեկ սուտ-մուտ բաներ կտարածեն մեր մասին: Հա, – սրտանց ծիծաղեց Ալլահվերդին: – Կիրովաբադում էլ մարշալ Բաղրամյանի արձանն են քանդել, իսկ Շահումյանի արձանն էստեղ պոկել, տեղը մի շուն են կապել:

– Լավ են արել, – ուրախ վրա բերեց Հաֆիզը: – Կովկասի արտակարգ կոմիսար Շահումյան, դե, գնա կեր: Վալլահ, դա քիչ է, 26 կոմիսարների էդ համալիրն էլ պիտի քանդել, քանդել ու ասել՝ չկա, չեն սպանել, տասնութ թվի ամռանը բոլոր ութ հայ կոմիսարներին վերցրել, փախել է Հնդկաստան:

– Կիրովաբադում հաշմանդամների տնից տասներկու հայի՝ տասմեկ կին և մի տղամարդ, հանել, սաղ-սաղ թաղել են քաղաքից քառասուն կիլոմետր հեռու, Քուռ գետի ափին: Վեց հոգու էլ Հաջիքենդի մոտ են թաղել: Ասում է՝ ուղղաթիռից տեսնող է եղել, Խանլարի մոտերքում ծառերից մարդիկ կան կախված:

– Ադա, շատ էլ լավ են արել, – դարձյալ ուրախ, ոգևորությամբ արձագանքեց Հաֆիզը: – Հայկական գերեզմաններն էլ պիտի էստեղ քանդել, ավերել, մեր կառավարությունը, հաստատ համոզված եմ, էդ էլ կանի: Քաղաքի ու շրջակա բոլոր տեղանուններն ու փողոցների անվանումներն էլ պիտի անմիջապես փոխել, դարձնել ադրբեջանական: Ի՛նչ Զավակզալնի, Կանտապինսկի, Արուշանովսկի, Նագորնի, ռուսսկի, արմյանսկի, փոխել, ջնջել է պետք այդ ամենը, սա հայի ու ռուսի քաղաք չի, մեր քաղաքն է ու մեր արժանավոր մարդկանց անուններով պիտի կոչել էդ փողոցները: Ամեն ինչ կարվի:

– Բա ի՞նչ էին կարծում: Հաշվարկված է, մենակ Բաքու քաղաքում ու արվարձաններում իննսուներկու հազար տուն ու բնակարան է ազատվելու: – Ալլահվերդին էր: – Հայաստանից եկած մեր յուրաքանչյուր ադրբեջանցու ընտանիքին՝ երեք բնակարան: Թող ապրեն, քեֆ քաշեն հայերի տներում, հերիք է ինչքան նրանց ձեռքին տանջվել են… Պրոֆեսոր Վագիֆ Արզումանովը պատը քանդել, մտել է հայ հարևանի տուն, տնեցիներին քշել փողոց:

– Աթաղանըն ջանը, գնում եմ տուն, ես էլ բնակարանի կարիք ունեմ, – ասաց Հաֆիզը: – Հենց էսօր էլ դուրս կգրվեմ: Քաղխորհուրդը հատուկ որոշում է հանել՝ զբաղեցնել բոլոր հայերի տները: Գնամ մի տուն էլ ես վերցնեմ:

– Լսիր, Հաֆիզ, ծիծաղ բան: Երկրորդ հարկում տասնինը հայերի՝ կնիկ, տղամարդ, ծեծված, մարդու տեսքից ընկած, լցրել են համար վեց հիվանդասենյակը, կարո՞ղ ես պատկերացնել՝ տասնինն այլանդակված վիրավոր մարդ, հինգ-վեց տեղանոց հիվանդասենյակում: Իսկական խեղդոց, ո՛չ մի օգնություն, ո՛չ մի բան, բժշկական անձնակազմն ու ադրբեջանցի հիվանդները՝ տարբեր հարկերից, գալիս անպատվում, անխնա ծեծում են դրանց: Երկու տղամարդ և ութսուն տարեկան պառավ մի կնիկ էս գիշեր մեռան: Երևի խեղդվել են տոթից կամ էլ ծարավից են մեռել:

– Բա որ ասում եմ, – աշխուժորեն վրա բերեց Հաֆիզը, – գլխավոր բժշկին հերոսի կոչում պիտի տալ, թող էդպես բոլորը կոտորվեն: Մի թուրք մեռնելիս՝ մոլլա է կանչում, թե հավատս փոխիր, ուզում եմ հայանալ: Մոլլան սրա հավատը փոխում է, վերջին շնչում էս մարդն ասում է. «Ի¯նչ լավ եղավ, մի հայ էլ մեռավ»: – Ասաց ու երկար ծիծաղեց:

– Ներսից մահճակալ-բան դեմ են արել դռանը, – շարունակեց Ալլահվերդին, – բարիկադներ սարքել, որ ադբեջանցիները չկարողանան մտնել ներս…Ղարաբաղ էին ուզում՝ միասո¯ւն, միասո¯ւն, – ծոր տալով լրացրեց նա, – դե գնացեք, ահա, ձեզ միասուն:

– Ոչ թե միասուն, այլ միացում, – ուղղեց երրորդ հիվանդը: – Ճապոնիան նույնպես «միացում» է ուզում, պահանջում է Շիկոտանն ու Խոբամայի կղզեշարքը՝ Կունաշիր, Իտուրուպ, ետ տալ, ինչո՞ւ ռուսները ճապոնացիների կոտորած չեն սարքում: Ղրիմի ռուսները ցույց են կազմակերպել, պահանջում են Ղրիմը վերամիավորել Ռուսաստանի Դաշնությանը, Մոսկվայի շատ ճանաչված մարդիկ՝ Լուժկովը, ուրիշներ, պաշտպանում են նրանց այդ հարցում: Ինչո՞ւ ուկրաինացիները դրա համար չեն կոտորում ղրիմաբնակ ռուսներին: Բասկերը ինքնորոշում, անկախություն են պահանջում Իսպանիայում, բայց նրանց Իսպանիայում ոչ-ոք մատով չի կպչում: Նույնը և շոտլանդացիները՝ Մեծ Բրիտանիայում: Օրինակներ շատ կարելի է բերել, այս ամենը քաղաքակիրթ աշխարհում կասկած չի՞ հարուցում, արդյոք, որ ազգ ու ժողովուրդ չենք մենք, այլ կիսավայրենի խայտաբղետ ցեղերի հավաքածու: Ստեփանակերտում տեղի ունեցած ծնրադիր խաղաղ ցույցերին մենք պատասխանում ենք սումգայիթյան հրեշավոր եղեռնով, ծեր կանանց ու երեխաների անասնական բռնաբարություններով: Ի՞նչ կապ ունեին Սումգայիթի խեղճ ու կրակ բանվոր հայերն իրենցից չորսհարյուր կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող հանրահավաքների հետ: Ոչ մի կապ:

– Ասկերանում երկու անմեղ ադրբեջանցի սպանվեցին, – փորձեց պաշտպանվել Ալլահվերդին:

– Ստույգ ապացույցներ ունե՞ս, որ հայերն են սպանել: Չունես… Որովհետև հայերը չեն սպանել նրանց, նրանց մերոնք են սպանել: Սումգայիթ կազմակերպելու համար պատրվակ, առիթ էր պետք: Հանրապետության ամբողջ ղեկավարությունը դեպքի օրն այնտեղ՝ Աղդամում էր, Ասկերանի կողքին, հաջորդ երեկոյան նույն կազմով՝ Բագիրով, Հասանով, Սեիդով, Ասադով և այլն, Սումգայիթում էին արդեն: Սա ձեզ ոչինչ չի՞ ասում… Իսկ այդ երկու անմեղ ադրբեջանցիները, հարց եմ տալիս քեզ, ի՞նչ էին անում այնտեղ, հայերը հարսանիքի՞ էին կանչել նրանց Ղարաբաղ: Նրանք մի քանի հազարանոց խաժամուժի հետ գնացել էին կոտորելու խաղաղ հայ բնակչությանը, որոնք կուսակցության մարզկոմի և մարզգործկոմի շենքի առաջ կանգնած, չխախտելով խորհրդային երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության, և ոչ մի կետը, դիմել են Ադրբեջանի և Հայաստանի գերագույն խորհուրդներին, խնդրելով, և ոչ թե պահանջելով, մարզը միացնել Հայաստանին, որովհետև, անցած վաթսունյոթ տարիներին՝ ո՛չ քաղբյուրոն, և ո՛չ էլ նրա գլխավոր քարտուղարը, չեն ժխտում դա, շարունակ ենթարկվել են խտրականության, հայ ազգաբնակչության իրավունքները մշտապես սահմանափակվել ու ոտնահարվել են: Ո՛չ Սումգայիթի հրեշագործության օրերին և ո՛չ էլ դրանից հետո հայերն իրենց թույլ չտվեցին հրահրել պատասխան կոտորած, ազգային գիտակցության ու հպարտության այնպիսի մակարդակ հանդես բերեցին, որը համանման էր տոտալիտարիզմի դեմ ուղղված լեհական ազգային դիմադրությանը: Ահա սա է ազգի մեծությունը, որովհետև ազգի մեծությունը ամենևին էլ նրա թվաքանակով չէ, որ չափվում է, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով:

– Բայց Ղափանում հո մերոնց կոտորեցի՞ն: – Սա դարձյալ Ալլահվերդին էր:

– Եթե մենք լուրջ մարդիկ ենք, – շատ հանգիստ ձայնով խոսեց Միալի մուալիմը, – և խոսում ենք լրջորեն, չպետք է զրույցի թեմա դարձնենք փողոցային հիմար ասեկոսեներն ու ոմանց միտումնավոր խզբզանքները՝ թերթերում: Կա փաստ և կա խորհրդածություններից հանած մտացածին ենթադրություն, դրանք տարբեր բաներ են, մենք պարտավոր ենք խոսել միայն փաստերի լեզվով: Այսպես, ուրեմն, ես, որպես գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, որպես յոթանասունամյա մի մարդ, որը մի քանի լեզու գիտե, այդ թվում նաև՝ հայերեն, նրանց մամուլն ու պատմիչներին կարդում է ոչ թե թարգմանությամբ՝ կանխամտածորեն վերափոխված ու գիտակցաբար աղավաղված, այսինքն՝ միտումնավոր խեղաթյուրված, այլ բնագրով, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ղափանում ոչ մի ադրբեջանցու սպանություն չի եղել: Սուտ է այդ բոլորը: Սումգայիթում, Կիրովաբադում ու մյուս վայրերում տեղի ունեցած հայկական կոտորածներից հետո Հայաստանի լեռնային Գուգարքի շրջանում ընդհարումներ են եղել, որի ժամանակ մի քանի հայեր ու ադրբեջանցիներ են սպանվել: Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր մահ ինքնին ողբերգություն է, ասեմ, որ Հայաստանի տարածքում, ուր մինչ այս դեպքերը հարյուր վաթսուն մեկ հազար ադրբեջանցիներ էին ապրում, քսաներեք ադրբեջանցի է զոհվել: Մեր պառլամենտում քանիցս նշվել է այդ թիվը: Այսքանն է: Այնինչ սպանված հայերի թիվը մեզ մոտ հարյուրների է հասնում: Միայն Բաքու քաղաքում, Կիրովաբադ, Սումգայիթ-բան չհաշված, չհաշված Լեռնային Ղարաբաղն ու շրջանները՝ Շամախի, Աղսու, Իսմայիլլի, Շամխոր, Շաքի, Դաշքեսան, Շահումյան, Խանլար և այլն, կես միլիոնից ավել հայ էր ապրում, այսինքն՝ մոտ երեք անգամ ավելի, քան Հայաստանի բոլոր ադրբեջանցիները միասին վերցրած: Իմ տղան, չեմ ասում որտեղ, բայց բարձր տեղ է աշխատում և, համոզված եղեք, որ նա գիտի ճշմարտությունը: Մնացածը՝ ինչ հեռուստատեսությունն է հաղորդում կամ թերթերում են մոգոնում, զուտ քաղաքակականություն է՝ հեռու ճշմարտությունից:

– Բայց դուք հո չե՞ք ժխտի, որ դաշնակները տասնութ-քսան թվականներին բռնություններ արեցին մեր դեմ, – ասաց Ալլահվերդին: – Անդրանիկը Ղարաբաղում ինչեր ասես, որ չարեց մեր խաղաղ բնակչության հետ: Ի միջի այլոց, Ռասուլ Ռզայի հայտնի բանաստեղծությունը՝ Անդրանիկի դեմ, ես եմ մտցրել նրա երկերի առաջին հատորի մեջ:

– Նախ՝ Անդրանիկը երբեք չի եղել Ղարաբաղում, երկրորդն էլ՝ քո ասածը մեր այս խոսակցության հետ ոչ մի կապ չունի, – մի տեսակ դժգոհ տոնով ասաց Միրալի մուալլիմը: – Բայց կպատասխանեմ: Այո՛, – հաստատեց նա, – բնավ չեմ ժխտում դա, Զանգեզուրում ադրբեջանական երեսուն գյուղ ավերվեց, չեմ ժխտում՝ չարիքը չարիք է հարուցում, սակայն եկեք հիշենք մուսավաթականների արածները, երբ նրանք, դավադիր թողտվությամբ վրացիների (որոնք, օգտվելով հայերի ծանր վիճակից, զավթեցին Ախալքալաքը, Ախալցխան ու Լոռու մեծ մասը), թուրքական Նուրի փաշայի զորքի հետ Թիֆլիսից Գյանջայի վրայով տասնութ թվի սեպտեմբերին եկան Բաքու՝ ճանապարհին ավարի ու ավերի ենթարկելով ինչ որ հայկական էր: Երեք օր ու երեք գիշեր ու դրանից էլ հետո, հայկական կոտորած էր այստեղ: Ի միջի այլոց, Բաքվի այդ կոտորածի համար մուսավաթական կառավարության ներքին գործերի նախարար Ջիվանշիր Բեհբուդխանին, որին, ընտանիքի հետ միասին, Շահումյանն իր տանը պատսպարել, փրկել էր մարտյան դեպքերի ժամանակ, և վարչապետ Խան-Խոյսկուն հայ վրիժառուները մահապատժի ենթարկեցին, Ջիվանշիրին՝ Ստամբուլում, Խան-Խոյսկուն՝ Թիֆլիսում, ինչպես որ տասնհինգ թվականի կոտորածների համար սպանեցին Թալեաթ փաշային, Էնվեր փաշային, Ջամալ փաշային, մեծ վեզիր ու վարչապետ Սայիդ Հալիմ փաշային ու մյուսներին… Ի դեպ, Թալեաթի մասունքները Թուրքիային են հանձնվել Հիտլերի կարգադրությամբ: Բաքվում այն ժամանակ էլ այսօրվա պես ավերում, այրում էին հայերի տները, հափշտակում նրանց ունեցվածքը, բռնաբարում կանանց ու երեխաներին՝ հինգ-վեց տարեկանից սկսած մինչև վաթսուն-վաթսունհինգ տարեկանները, և նրանց ձեռքը բռնող չկար: Ձեզ եմ պատմում, ուրիշ տեղ չեմ պատմի, որովհետև պատմելու բան չէ սա, պետական գաղտնի արխիվում եմ կարդացել: Հայերից այդ օրերին հինգ հարյուր յոթանասուներկու հոգի բռնաբարվել է, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ միևնույն անձնավորությունը բռնաբարվել է մի քանի անգամ և մի քանի մարդկանցից և կամ կողոպտիչների միևնույն խմբի կամ տարբեր խմբերի մարդկանց կողմից: Եղել են դեպքեր, երբ դեռահաս աղջիկներ՝ տասը, տասներկու, տասնչորս տարեկան, բռնաբարվել են ծնողների ներկայությամբ, եղել են դեպքեր, երբ մորը և աղջիկներին բռնաբարել են միաժամանակ և իրար ներկայությամբ, եղել են դեպքեր, երբ սրի են քաշել ընտանիքի տղամարդկանց և նրանց դիակների կողքին բռնաբարել նրանց կանանց, մայրերին, դստրերին, քույրերին…

 

– Սումգայիթում էլ է էդպես եղել, – արձագանքեց Ալլահվերդին, բերանը լայն բաց արած՝ ամբողջ դեմքով երկար հորանջեց: – Քաղբյուրոյի նիստում, այդ մասին ես կարդացել եմ, Յազովը նշում է, որ Սումգայիթում ադրբեջանցիները երկու հայ կնոջ կուրծք են կտրել, մի կնոջ էլ գլխատել են, իսկ մի հայ ջահել աղջկա, էդ սղագրության մեջ դա էլ կա նշված, ուղղակի մաշկահան են արել: Մեր ժողովուրդն էդպես է՝ արյան հոտ առավ, էլ չես կանգնեցնի…

– Եվ մենք կոչվում ենք ա՞զգ, – բորբոքվեց Միրալի մուալլիմը: – Կոչվում ենք մա՞րդ: Այդ դեպքում՝ ո՞րն է գազանը, եթե մենք մարդ ենք… Պաշտոնական թվերով, այդ տասնութ թվականին Բաքվում հազար հարյուր քառասուներկու հայ հարս ու աղջիկներ են առևանգվել երկու ամսվա մեջ, իսկ թե իրականում քանի հոգու են առևանգել, աստված գիտե: Նրանց թաքցնում էին Բաքվին մոտիկ արվարձաններում, դաչաներում, գյուղերում, մի մասը ծախել են Պարսկաստանի քուրդ բեկերին, մի մասը՝ տարել Թուրքիա և արաբական երկրներ: Բաքվի Հայոց ազգային խորհուրդը շատ է չարչարվել՝ գտնել ու փրկել նրանց, բայց, ապարդյուն, չեն կարողացել գտնել: Քաղաքի այն ժամանակվա հարյուր տասը հազար հայ ազգաբնակչության համարյա կեսը բնաջնջվեց այդ օրերին: Իսկ ի՞նչ եղան թուրքական զորքի առջևից փախած այն քսանհինգ հազար մերկ ու անոթի հայերը՝ Եվլախից, Գյոքչայից, Աղդաշից, Աղսուից, Շամախուց ու այլ տեղերից, որոնք ահավոր պայմաններում պատսպարվել էին մալականների գյուղերում՝ Մարազա-բան, ոչ ոք չգիտե, ինչպես որ անհայտ է նաև ավստրա-գերմանական ռազմաճակատից տուն վերադարձող տասը-տասներկու հազար այն հայ զինվորականների ճակատագիրը, ովքեր Շամխորի հունվարյան արյունոտ դեպքերից հետո, որում իրենց մեծ մեղքն ունեն նաև վրաց մենշևիկները, հատկապես Նոյ Ժորդանիան ու Ռամիշվիլին, ճանապարհները փակվելու պատճառով, մնացել էին Բաքվում: Ալյաթ կայարանից սկսած, երկաթուղու ամբողջ երկարությամբ՝ Քյուրդամիր, Լյաքի, Հաջիգաբուլ, Խալդան, Ուջար, մինչև Վրաստանի սահմանը՝ Փոյլու կայարան, համակենտրոնացման ճամբարներ էին ստեղծված, հազարավոր հայ տղամարդկանց գիշեր-ցերեկ բանեցնում էին այդ ճամբարներում, տանջամահ անելով սպանում: Բանտերը նույնպես լցված էին հայերով, որոնք անասելի կտտանքների էին ենթարկվում այնտեղ: Փողոցներից ու տներից, առանց որևէ պատճառի, տանում էին հայ մարդկանց և այլևս ոչ ոք չէր տեսնում նրանց: Ավաղ, անմեղ զոհերի արյամբ ստեղծվեց մեր առաջին պետությունը: 1916 թվականին Շաքիի տարածքում քառասունհինգ հազար հայ էր ապրում, Նուրի փաշայի զորքն այնտեղով անցնելուց հետո մնացել էր չորս հազար հայություն: Նույնը և մյուս տարածքներում, Շամախու տարածքում, ուր յոթանասուներկու հազար հայ էր ապրում, 1926 թվականի մարդահամարով մնացել էր տասներկու հազար, վաթսուն հազարը ոչնչացվել էր: Իսկ ի՞նչ արեցին մուսավաթականներն ու թուրքերը Ղուբայի, Խաչմազի ու Լենքորանի բազմահազար հայության հետ: Տասնյակ գյուղեր հայաթափ եղան այդ շրջաններում: Նուխիում մի քանի օրվա ընթացքում տասնմեկ հայկական գյուղ հրդեհվեց: Մի տասնամյակ հազիվ չանցած, կրկին անգամ ավերվեցին Նախիջևանի, Օրդուբադի, Արեշի, Ղազախի, Եվլախի, Գյոքչայի, Աղսուի, Աղդաշի բոլոր հայկական գյուղերն ու Ագուլիս քաղաքը: Միայն ներկայիս Շամախու շրջանում, ինչպես ասացի, քսանհինգ գյուղ ավերվեց, չհաշված Շամախու հայկական թաղամասը, չհաշված հենց Ղարաբաղի մոտ հարյուրի հասնող գյուղերն ու Շուշի քաղաքը: Վրացական «Ցկորի Ֆուրցելի» թերթը Շուշի քաղաքի ավերման մասին այդ օրերին գրել էր, թե Կովկասում մի ադամանդ կար, թուրքերը փշրեցին: Մեր խոսքն այդ մասին չէ այսօր:

– Բոլոր դեպքերում հայերը մեզնից չպետք է պահանջեին Ղարաբաղը, – մահճակալի վրա մեկնվելով ու վերստին ձայնեղ հորանջելով՝ ասաց Ալլահվերդին:

– Այս հարցում ես համակարծիք եմ քեզ, – վրա բերեց Միրալի մուալլիմը: – Ասեմ՝ ինչու:

Ալլահվերդին գլուխը թեքեց, ուշադիր նայեց զրուցակցի կողմը:

– Նախ, ասեմ, որ Ղարաբաղը մեզ համար զուտ տարածք է, նրանց համար սուրբ հայրենիք, երկրորդը՝ հայերը Ղարաբաղը մեզնից չպետք է պահանջեին, որովհետև Ղարաբաղը, ինչպես և Նախիջևանը, ոչ թե Ադրբեջանն է խլել Հայաստանից, – շարունակեց նա, – այլ Մոսկվան է նվիրել մեզ: Ճիշտ այդ ձևով, 1921 թվականին, համաձայն մոսկովյան պայմանագրի, Արարատ լեռը, մերձակա հայկական շրջանների հետ միասին, տրվեց Թուրքիային, փոխարենը ստանալով Բաթումին, որը միացվեց Վրաստանին: Դրա համար էլ, այստեղ ես համաձայն եմ քեզ հետ, հայերը Ղարաբաղը պետք է պահանջեն ոչ թե Ադրբեջանից, այլ Մոսկվայից, որը և հեղինակն է ազգամիջյան այս ընդհարումների և թշնամության: Ահա քեզ նոր ապացույց. ասօր Բաքու քաղաքում հայերին անխնա կոտորում են՝ Գորբաչովը Լեռնային Ղարաբաղում է անձնագրային ռեժիմ ու արտակարգ դրություն մտցնում, ուր ապաստան են գտել Սումգայիթից և այլ վայրերից փախած հայերը: Սումգայիթը նույնպես ոչ թե ադրբեջանցիները կազմակերպեցին, այլ ադրբեջանական կուսակցական մաֆիան՝ համաձայն Կրեմլից տրվող հրահանգների: Ինչո՞ւ չկանխվեց կոտորածը, ինչո՞ւ զորքը երեք օր պարապ կանգնած՝ չէր միջամտում: Ներքին գործերի նախարարի հրամանով մոտ օրերս բանտերից յոթհարյուր քրեական հանցագործներ ազատ են արձակվել, ինչո՞ւ: Պարզ է, թե ինչու: Գիտե՞ք, թե ժողովրդական ճակատի ղեկավարներից մեկին՝ Սամեդ Վուրղունի ավագ որդուն՝ Յուսիֆ Սամեդօղլուն ինչ է պատասխանել կուսակցության Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովը: Սամեդօղլու հաղորդմանը, թե շաբաթ օրը, հունվարի տասներեքին, քաղաքում հայերի ջարդ է սպասվում, հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել, նա պատասխանել է. «Ոչինչ, թող տղերքը մի քիչ լիցքաթափվեն»:

Միրալի մուալլիմը քիչ լռեց, ասաց.

– Ահա թե ինչ է նշանակում հանգամանորեն կազմակերպված կոտորած: Այո, բոլոր նշաններով կազմակերպված կոտորած է՝ հովանավորված վերևից: Սա կայսրության հետևողական քաղաքականություն է՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով: Ինչո՞ւ սումգայիթյան ցեղասպանության, այդ ահավոր ոճրագործության կազմակերպիչներն ու իրագործողները չստացան իրենց արժանի պատիժը: Եթե ստանային՝ Բաքուն չէր լինի այսօր: Երկրի ղեկավարությունը ոչ պակաս ծանր հանցանք գործեց՝ Սումգայիթում, ըստ ազգային պատկանելության հայերի զանգվածային կոտորածը որակելով որպես քրեական սովորական հանցանք: Ինչո՞ւ հետաքննության ղեկավարումը հանձնարարվեց մեկին, ով մեղսակից էր այդ գործում: Մի՞թե պարզ չէր, որ այդ Կատուսևն ամեն ինչ պիտի աներ՝ գործը տապալելու համար: Ո՞վ պետք է պատասխան տա այս բոլորի համար: Ասեմ ձեզ՝ ոչ ոք: Որովհետև ազգամիջյան պառակտումն ու կոտորածները կատարում են նրանք, ովքեր դեմ են վերակառուցմանը, նրանք կկործանեն և՛ վերակառուցումը, և՛ Գորբաչովին, ինչպես ժամանակին կործանեցին Խրուշչովին, հրահրելով նրան հարձակվել մտավորականության վրա, դրանով իսկ զրկելով նրան երկրում իր վերջին համախոհից, այն համախոհից, որը երախտապարտ էր նրան ճամբարներից ազատելու համար: Վերակառուցման հակառակորդները չէի՞ն, արդյոք, որ քաղբյուրոյի փակ նիստում որոշեցին քաղբյուրոյի երկու անդամներին՝ Ալեքսանդր Յակովլևին և Եգոր Լիգաչովին ուղարկել Անդրկովկաս՝ մեզ մոտ: Յակովլևին՝ Երևան, ուր նա հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է, Լիգաչովին՝ Բաքու, ուր նա ասաց բոլորովին հակառակը՝ «Ղարաբաղը կմնա Ադրբեջանին»: Եվ, ահա, այստեղ կրկին գլուխ բարձրացրին Սումգայիթի կազմակերպիչներն ու նրանք, ովքեր սիրում են էժանագին միավորներ հավաքել ժողովրդի մեջ: Չնայած, իրականում նրանք թքած ունեն ժողովրդի վրա: Քիչ առաջ ձեզնից ո՞րն էր՝ հեռագրասյուներից կախում էր Զորի Բալայանին, Սերո Խանզադյանին… Իսկ ոչ մի մեղք չունե՞ն, արդյոք, Զիա Բունիաթովը, որի առաջին կինը, ի միջի այլոց, հայուհի է, պատերազմի ժամանակ նա է հոսպիտալում մահից փրկել պատժիչ գումարտակի հրամանատար Բունիաթովին, նրանից նա մի տղա զավակ ունի, Բախտիար Վահաբզադեն, որի տատը նույնպես հայուհի է, Բայրամ Բայրամովը, Խալիլ Ռզան, Հասան Հասանովը, Սաբիր Ռուստամխանլին, Զեյնաբ Խանլարովան, Ազատ Շարիֆովը, մյուսները: 1905 թվականին, երբ Նիկոլայ Երկրորդը մեր երկու ժողովուրդներին դավադրաբար հանեց իրար դեմ, ու նմանապես տասնութ թվականին, Բաքվի կոմունայի պարտությունից հետո, մեր ժողովուրդների արժանավոր զավակները՝ Սաբիրը, Հովհաննես Թումանյանը, Ջաբար Ջաբարլին, ղարաբաղցի բանաստեղծ ու հայտնի բժիշկ Լևոն Աթաբեկյանը, որը մարտ ամսին սպանվեց սպիտակ դրոշը բռնած հաշտության գնալիս, ոտքի ելան ընդդեմ վայրագության՝ դատապարտելով դրանց կազմակերպիչներին ու հեղինակներին: Իսկ ի՞նչ են անում այսօրվա մեր գրողները, մշակույթի մեր գործիչները, նրանք զբաղված են մեր ժողովուրդներին իրար դեմ լարելով, կրքեր բորբոքելով: Դժբախտաբար, և՛ հայերը, և՛ ադրբեջանցիներս, շարունակ ճգնում ենք ապացուցել, թե ինչն է մեզ զատում իրարից, երբեք չմտածելով, որ մեզ միացնողը, իրար կապողը, ախր, ավելի շատ է, քան տարանջատողը: Չնչին բացառությամբ՝ նույնն են մեր ադաթները, երաժշտությունը, երգն ու պարը, համով-հոտով կերակուրները, հարգանքն ու պաշտամունքը՝ ծնողների և առհասարակ մեծերի ու կանանց հանդեպ, նույնն ենք ընտանեկան պատվի, հյուրասիրության, նամուսի ու բարոյականության հարցերում, նույնն են մեր հարսանիքները, սրտալի խոսքն ու զրույցը, ծիծաղն ու ուրախությունը, նույնն է համարյա ամեն ինչ՝ հարազատ ու սրտամոտ, պարզապես անտեսվում են այդ բոլորը, որովհետև Կրեմլին ու մեր վերնախավին ձեռնտու չէ դա:

Տիրեց լռություն:

– Անգլիացները հազարավոր մղոն հեռավորության վրա գտնվող Ֆոլկլենդի կղզիներ հասան երեք օրում, նույնքան ժամանակ պահանջվեց նաև մեր զորքերի համար, որպեսզի Սումգայիթի կողքին գտնվող Նասոսնի ռազմական բազայից հասնեն Սումգայիթ: Սումգայիթում երեք ժամ չէ, Գորբաչովը ստում էր՝ ինչպես միշտ, երեք օր ուշացավ զորքը, քանի՞ օր կուշանա այստեղ, Բաքվում՝ հայտնի չէ: Ամոթալի արարքներ գործող մարդկանցից շատերը պերճախոս ճառ ասողներ են լինում: Գորբաչովը դրանցից է… Այսօր 1990 թվականի հունվար ամիսն է, ես կասեի սև հունվար ամիսը, խոսքս լավ հիշեցեք, այս կոտորածը պատրվակ է՝ հատուկ կազմակերպված, զորքը Բաքու մտցնելու համար: Եվ այն էլ ոչ թե հայերին պաշտպանելու, այլ առաջիկա խորհրդարանական ընտրություններն արտակարգ դրության պայմաններում անցկացնելու, կոմունիստական ռեժիմը պահպանելու համար: Շուտով դուք դրա վկան կլինեք:

– Միրալի մուալլիմ, – նստելով մահճակալին, շողոմ ու խռպոտ ձայնով ասաց Ալլահվերդին: – Տեսնում եմ, ֆենոմենալ հիշողություն ունեք և պատմություն էլ լավ գիտեք: Ես էլ վատ չգիտեմ, բայց ես գրականության մասնագետ եմ, ի միջի այլոց, բանաստեղծությունների մի երկու գիրք եմ հրատարակել: Լսած կլինեք՝ Ալլահվերդի Մամեդլի: Մի խոսքով, պատմության մասնագետ չեմ: Ռասուլ Ռզայի երկերի վեցհատորյակը ես եմ խմբագրել, շատ անգամ եմ հանդիպել նրա հետ Պասսաժի՝ երկրորդ հարկի իր շքեղ տանը: Նա ասում էր, որ Ղարաբաղի հայերը եկվոր են, Գրիբոյեդովն է նրանց Իրանից փոխադրել մեզ մոտ՝ Ադրբեջան: Նա մի բան էլ է ասել, որ չի գնում իմ մտքից: Ասում էր՝ հողը, ձին և սեփական կնոջը ուրիշի տալ չի կարելի, դրանք, ասում էր, արյան գնով են նվաճվում:

– Ես եղել եմ Ֆրանսիայի ազգային գրադարանում, այնտեղ 17-րդ դարի մի հազվագյուտ քարտեզ է պահպանվում, իտալացի հայտնի քարտեզագետ Ջակոմա Կանտելլիի գծագրած քարտեզն է, ըստ որի՝ Արաքս գետից աջ ու ձախ ընկած տարածություններում, ընդհուպ մինչև Քուռ գետի աջափնյա ամբողջ տարածքը, հայեր են ապրել: Միայն հայեր: Մեր հետքն անգամ էդ տեղերում չի եղել: Այդ քարտեզում Հայաստանի մեջ են ընգրկված ոչ միայն Վանը, Կարինը, մեր լեզվով՝ Էրզրում, Ղարսն ու Անին, այլև Նախիջևանը, Շուշին ու Ջուղան, որ մենք հետագայում կոչեցինք Ջուլֆա: Ի՞նչ են գրում աշխարհի հանրագիտարանները մեր մասին: Ասեմ՝ ոչինչ չեն գրում: Բրիտանական հանրագիտարանի առաջին տպագրությունը թվագրվում է 18-րդ դարով: Ռուսական կայսրության Բրոքգաուզի ու Եֆրոնի հանրագիտարանը սկսել է տպվել 1890-ից և ավարտվել 1907-ին: Իսլամի թեմայով առաջին հանրագիտարանը հրատարակվել է 1913-ից: Հանրագիտարանների վրա աշխատել են տասնյակ մասնագետներից բաղկացած խմբեր լավագույն գիտական հաստատություններից: Հատկապես ուշագրավ է թվում Իսլամի հանրագիտարանը, որի առաջին հրատարակությունը տպվել է Նիդեռլանդների Լեյդեն քաղաքում, ուր Ադրբեջան անունը վերաբերում է բացառապես Իրանական Ատրպատականին: Որևէ Կովկասյան Ադրբեջանի մասին հանրագիտարանում խոսք չկա: Ըստ հանրագիտարանի՝ Ադրբեջանը հյուսիսից սահմանակից է Կովկասին: Այսինքն, հանրագիտարանի համաձայն, Կովկասում Ադրբեջան չկա, այլ միայն Կովկասից հարավ: Հանրագիտարանը որպես մահմեդական աշխարհի հետ շփումներ ունեցող և աշխարհագրորեն մոտ երկիր համապարփակ անդրադառնում է Հայաստանին: Ընդ որում, եթե Ատրպատական-Ադրբեջանի բաժինը գրքում զբաղեցնում է մեկուկես էջ, Հայաստանինը՝ տասնչորս էջ է, իսկ Ղարաբաղի մասով նշվում է, որ նախկինում այն հանդիսացել է Հայաստանի Արցախ նահանգը: Բրիտանական հանրագիտարանում նույնպես Կովկասյան Ադրբեջանի մասին հիշատակում չկա: Բրոքգաուզի և Եֆրոնի՝ Սանկտ-Պետերբուրգում հրատարակած «Մեծ հանրագիտարանում» քո հարցի պատասխանը կա: Բայց, ոչինչ, սպասիր մի ադելֆան խմեմ, պատասխանդ տամ, – երկար ընդմիջումից հետո խոսեց Միրալի մուալլիմը: – Ճնշումս մի քիչ բարձրացավ:

 

Ես լսեցի շշից բաժակի մեջ թափվող ջրի ձայնը: Երևի նա դեղահաբից հետո ջուր էր խմում: Պառկա՞ծ էր նա, թե նստած՝ չգիտեի, ես չէի տեսնում նրան: Ալլահվերդին՝ ձեռքը ծնոտի տակ, սպասում էր իր հարցի պատասխանին:

– Այդ հանրագիտարանում, – հանդարտ սկսեց Միրալի մուալլիմը, – «Ադրբեջանը» գործածված է որպես զուտ աշխարհագրական հասկացողություն և բնավ ոչ որպես երկիր, պետություն: Դու ճիշտ ես, – դառնալով Ալլահվերդուն, ասաց Միրալի մուալլիմը, – եթե բնությունն ինձ մի լավ բան է տվել, ապա դա, իրոք, բացառիկ հիշողությունն է, դրա համար հատորն էլ կարող եմ ասել, էջն էլ՝ երկրորդ հատոր, էջ՝ 212: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ «Ադերբիջան, Ադերբեյջան, Ադերբայջան, Ազերբեյջան կամ Ազարբայջան՝ մարզ Պարսկաստանի հյուսիսային մասում, Ուրմիա մեծ լճով, հարավային սահմանագիծն է Կիզիլ-Ուզեն գետը, հյուսիսայինը՝ Արաքսը… բնակեցված գլխավորապես պարսիկներով, բայց կան և քոչվոր ցեղեր: Հայ և հունահռոմեական գրողներն այն կոչում են Ատրոպատեն»: Այսօրվա Ադրբեջանի մասին խոսք չկա, Հայաստանի մասին կա, այն էլ մի քանի էջ, Վրաստանի մասին կա, Դաղստանի մասին՝ նույնպես կա, ընդ որում՝ Քյուրինգի և Ղուբայի գավառները՝ Բաքու և Դերբենդ քաղաքներով, մտնում էին Հարավային Դաղստանի կազմի մեջ: Այդ ամենի մասին, այո, կա, բայց այսօրվա Ադբեջանի մասին՝ ոչ մի խոսք: Որովհետև, ինչպես մինչ այդ, այնպես էլ այն ժամանակ, այսինքն՝ ուղիղ հարյուր տարի առաջ, Արաքսից հյուսիս՝ Արևելյան Անդրկովկասի այս ամբողջ տարածքում, Ադրբեջան անունով երկիր չի եղել ու չկար, գոյություն չուներ: Տասնյոթերորդ դարի թուրք պատմիչ Չելեբին «Ջիհան-նյումա»-ում բերում է 1222 թվականին վախճանված Մակամատայի Շարնեշի խոսքերն այն մասին, որ Հայաստանը կազմված է երեք մասից, դրանցից առաջինը Դեբիլն է, Կալիկալան, Խլաթն ու Շեմիսաթը, երկրորդը՝ Պարտավը, Բայլականը, երրորդը՝ Նախիջևանը: Պարտավն ու Բայլականը ընդգրկում էին ողջ Կուր-արաքսյան միջագետքը, այսինքն՝ Առանը, որը, ըստ արաբ, պարսիկ, թուրք, եվրոպացի հեղինակների՝ Հայաստանի հյուսիս-արևելյան մասն էր կազմում: Առանի մայրաքաղաք Պարտավը, այսօրվա Բարդա քաղաքն այսինքն, միջնադարում Էրմյանի Շեհար* էր կոչվում, Բարդայի մոտ, հսկա չինարու տակ, այսօր էլ աղբյուր է բխում՝ Էրմյանի Բուլագ** անունով: – Մի խոսքով, – հանգիստ տոնով շարունակեց Միրալի մուալլիմը, – Ադրբեջան անունով երկիր չկար այս տեղերում, այն ստեղծվեց 1918 թվականին՝ մեծամասամբ Դաղստանի, Հայաստանի, Վրաստանի և Թալիշստանի հաշվին՝ մեր եղբայրակից թուրքերի, անգլիացիների և բոլշևիկների օգնությամբ: Ու նաև անձամբ Ստալինի ջանքերով, Ստալինի շնորհիվ, որովհետև Շահումյանին գնդակահարելուց հետո, որի մեջ, անշուշտ խառն էր Ստալինի մատը, Կովկասին վերաբերող բոլոր զեկույցները, բոլոր հարցերը Լենինը նրան էր մակագրում, նրա հետ էր խորհրդակցում: Մեզ հատկացված այդ տարածքների վրա ապրող ազգություններն ու քոչվոր մուսուլման ցեղերը՝ համշարի, թուրք, քուրդ, թարաքյամա, թաթար, քյոլանի, դաղլի, հյուսիսային շրջաններում բնակվող լազ, աղվան, լյազգի, իրանախոս թալիշ ու թաթ և այլն, նույն Ստալինի թելադրանքով նորաստեղծ երկրին տրված «Ադրբեջան» ժամանակավոր անունով երեսունվեց թվականից սկսեցին կոչվել ադրբեջանցիներ: Դե, եթե երկիրը կա, այդ երկրին պատմություն է պետք: Որոշվեց ստեղծել և այդ պատմությունը: Ստալինի առաջարկությամբ երեսունութ թվականին ռուս գիտնական Դյակոնովի գլխավորությամբ

*Էրմյանի ՇեհարՀայի քաղաք

**Էրմյանի ԲուլագՀայի աղբյուր

հանձնաժողով ստեղծվեց, որի մեջ մտնում էր նաև հայ պատմաբան Սուրեն Երեմյանը: Նրանց գործն այնուհետև շարունակեց Յանպոլսկին, վաթսունական թվականներից սկսած Զիա Բունիաթովը և ուրիշներ: Սկզբում խոսք կար միդիացիներին համարել մեր նախահայրերը, հետո որոշվեց՝ աղվաններին: Մեզ մոտ՝ Բաքվում, քսաներեք թվականին գիրք է հրատարակվել «Համառոտ ակնարկ Ադրբեջանի պատմության»: Եվգենի

Պախոմովն է հեղինակը, ինչ որ ասում եմ, այնտեղ լրիվ կա, կարող եք կարդալ: Եթե գտնեք իհարկե… – Նա քիչ հապաղեց, ավելացրեց, – Ասենք, հազիվ թե գտնեք:

– Ինչո՞ւ, – տարակուսեց Ալլահվերդին:

– Սուլթան Աբդուլլա Համիդի՝ գրաքննության մասին հայտնի հրահանգի յոթերորդ հոդվածով Օսմանյան տերության մեջ արգելված էր «Հայկական լեռնաշխարհ», «Հայաստան» և պատմության ու աշխարհագրության վերաբերյալ նման այլ անունների հիշատակումը: Ես էլ եմ նույն հարցը տալիս՝ ինչո՞ւ:

Տիրեց լռություն:

– Իսկ Ռասուլ Ռզան քեզ չի՞ ասել, որ Բալաբեկ Լալաևի այդ շքեղ տան մեջ, ուր նա փառավորապես ապրում է, քսանչորս հոգու՝ բոլոր տնեցիներին, մանկահասակ երեխաների հետ միասին, իր եղբայրակիցները մորթոտել են հինգ թվականի փետրվարի իննին, իսկ իրեն՝ Լալաևին ու նրա կնոջը, ուղղակի տան սանդուղքների վրա գնդակահարել են՝ տիրելով նրա շքեղ տանն ու ունեցվածքին:

Նորից լռություն:

– Թե Ռասուլ Ռզան քեզ ինչ է ասել, ես չգիտեմ, քեզ է ասել, ինձ չի ասել, – ի վերջո կրկին խոսեց Միրալին մուալլիմը: – Ինչ վերաբերում է Գրիբոյեդովին, դա ճիշտ է: Նրա աջակցությամբ և անմիջական օգնությամբ, համաձայն Թուրքմենչայի պայմանագրի, քառասուն հազար հայեր փոխադրվել են Հայաստան, Արարատյան դաշտ: Բայց այդ հայերը ոչ թե տարաբնակեցվել են, այլ վերադարձել են Հայաստան, որտեղից 1604-1605 թվականներին նրանց քշել էր Շահ Աբբասը: Նա երեք հարյուր հիսուն հազար հայ էր քշել Պարսկաստան, ավերելով նրանց գյուղերն ու քաղաքները: Մի այդքան էլ Նադիր շահն է քշել 1734-ին: Այդ վերադարձած հայերով բնակեցված ընդամենը մի քանի գյուղ կա Ղարաբաղում: Մեկն էլ Շամախու շրջանում է՝ Մադրասան, Սաղյան հինավուրց գյուղի մոտ: Մեսրոպ Մաշտոցն այս Սաղյանում հայերեն դպրոց է հիմնել: Այն, ինչ կասեմ ձեզ, ինչպես քիչ առաջ ասացի, ես ուրիշ տեղ չեմ պատմի, իհարկե: Հայերն ասում են՝ շիտակ խոսողի ձին դուռնա պետք: Բայց ճշմարտությունն իմանալ պարտավոր ենք… Ղարաբաղի տարածքում, կամ ինչպես հնում էին ասում՝ Արցախում (տարբեր ժամանակներում կոչվել է նաև Օրխիստան, Ծավդեք, Փոքր Սյունիք, Հայոց Արևելից աշխարհ, Խաչեն), սկսած Սևանա լճի արևելյան ափից մինչև Արաքս ու Քուռ գետերը, այնտեղից էլ մինչև Վրաստանի հարավային սահմանները, հայերն ապրում են վաղնջական ժամանակներից և ոչ թե Գրիբոյեդովից հետո: Այլապես բյուզանդական թագավոր Կոնստանտինը տասերորդ դարի առաջին կեսին իր նամակը չէր հղի՝ «Հայաստան, Խաչենի իշխաններին»: Բնիկ շուշեցի, մեր դասական գրող Յուսիֆ Վեզիր Չեմենզամանլիի «Ալի և Նինո» վեպում մի հատված կա, ուր նկարագրվում է, թե ինչպես Բաքվից Շուշի հանգստանալու եկած Ալիին տանտեր ադրբեջանցին մանրամասնորեն պատմում է իրենց նախնիների Ղարաբաղ գալու մասին ու նաև բացատրում է, որ հնում Ղարաբաղը կոչվում էր Աղվանք, իսկ ավելի վաղ շրջանում՝ Արցախ: Կարդացեք Քսենոֆոն-Ստրաբոնից մինչև Մարկո Պոլո, Ալիշան ու Օրբելի, նմանապես արաբական ու հունա-հռոմեական բազմաթիվ հեղինակների երկերը, և դուք կտեսնեք, որ Քուռ գետի աջափնյա մշակութային միջավայրը եղել է հայկական, այդ միջավայրի ստեղծագործություններն էլ եղել են հայերեն: Հայկական են այդ ամբողջ տարածքի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, բերդամրոցները, դրանք ինքնաթիռներով փոխադրել հնարավոր չէ, պատմաճարտարապետական ու հնագիտական մյուս բոլոր հուշարձանները: Հայերեն տառերով ու հայոց լեզվով են փորագրված տասնյակ հազարավոր վիմագրությունները: Հայկական են նաև արձանագրություններում հիշատակվող դեպքերը, դեմքերը, իրադարձությունները՝ բազմիցս վկայված Համդալլահ Ղազվինիի, Շարաֆ-խան Բիթլիսիի, Ժան Շարդենի, Ջակոմա Քանտելլիի, Շառլ Դիլի, Տրեվերի, իբն Խաուկալի, էլ որ մեկն ասեմ՝ Վոլտեմարի, Ալ-Իստակամի, Լինչի, Ալ Մուգադասինի, Աբուլ-Ալ-Ֆարաջի, միջնադարյան հայ պատմիչների և այլոց երկերում, օտար հեղինակների աշխատություններում, այդ թվում նաև նախահեղափոխական շրջանի մեր բոլոր պատմաբանների գործերում: Ի վերջո, հայկական են նաև այդ հուշարձանների անունները:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru