bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

* * * * *

Պլանավորումից ես դուրս եկա անտրամադիր: Գործուղման գնալ բոլորովին չէի ուզում, բայց և գլխավոր խմբագրի խնդրանքը մերժել նույնպես չկարողացա. հո չէի՞ ասելու, թե պատանյակի պես խելքը թռցնելու աստիճան սիրահարված եմ, հասկացեք, և սիրտս շատ է ուզում, որ մնամ այստեղ, քաղաքում, մի անգամ ևս հանդիպեմ նրան, ախր, չեք պատկերացնում, թե ինչքան սիրուն ու լավիկն է նա, արար աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան նրա լուսապայծառ դեմքը և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան ինձ համար այնքան սիրելի նրա ձայնի ամեն մի հնչյունը, իսկ Միր-Բաշիրի շրջան, այդ հեռավոր ու մենավոր հայկական Բեգում-Սարով տարօրինակ անունով գյուղ, ուր Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան է կանգնեցվել և գյուղի ղեկավարությունը զանգել, խնդրում է հեռուստատեսությամբ հաղորդում տալ հուշարձանի բացման արարողության մասին, թող մեկ ուրիշը գնա:

Տասը րոպեական հաղորդում, և մենք չորս հոգով՝ խմբագիր, ռեժիսոր, օպերատոր ու հաղորդավար, երեքհարյուր կիլոմետր ճանապարհ պետք է կտրենք, իսկ ճանապարհը, ընդհուպ մինչև Քուռ գետը, անցնում է չոր, դժնատես ու մեռյալ տափաստանով. ո՛չ ծառ, ո՛չ բուսականություն՝ ձանձրացնող միապաղաղությամբ ձգվող ասֆալտապատ մի ճանապարհ՝ համատարած ամայության թագավորությունում:

Քուռ գետից այն կողմ միայն բուսականություն կար: Բամբակի անծայրածիր դաշտերում կանայք էին աշխատում: Ճանապարհի երկարությամբ, այս ու այն տեղ, բացօթյա խորտկարաններում տղամարդիկ նարդի էին խաղում կամ թեյ խմում՝ ալարկոտ նայելով ճանապարհով անցուդարձող մեքենաներին:

Տափաստանային էր և Բեգում-Սարով գյուղը, բայց այն կորած էր ծառ ու ծաղկի մեջ՝ իսկական մի դրախտ՝ անծայրածիր տարածության մեջ:

– Շենք ու շնորքիդ մեռնեմ, հայ, – հոգնած ոտքերը մեքենայից դուրս քաշելով՝ ասաց օպերատոր Բենիկը: – Որտեղ ոտք ես դնում՝ չոր հողը ծաղկում է: Առաջ Մարտակերտի շրջանին էր պատկանում այս գյուղը, – ասաց նա, – հետո վերցրել, կցել են ադրբեջանական Միր-Բաշիրի շրջանին: Հինգ թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ, լրիվ ավերվել էր, հիմա, տե՛ս, ինչ ծաղկուն գյուղ են դարձրել նորից: Բա էլ ի¯նչ հայ, որ չծաղեկեցնի չոր հողը…

Ինձ թվում էր՝ հաջորդ օրը կավարտենք գործը և՝ հետ, բայց ստացվեց այնպես, որ ստիպված եղանք ուշանալ ևս երկու օր և քաղաք վերադարձանք միայն հինգշաբթի օրը, կեսօրից ետ: Զարմանալի է, ամբողջ ճանապարհին մտածում էի՝ տեղ հասնենք թէ չէ՝ իսկույն կզանգեմ Ռենային, բայց հետո սկսեցի տատանվել ու փոխեցի միտքս. չէ՞ որ բաժանվելիս նա ոչինչ չասաց, իսկ զանգել՝ առանց նրա համաձայնության՝ հարմա՞ր է արդյոք:

Գլխավոր խմբագրի հետ քիչ զրուցեցինք, նա նոր անեկդոտ պատմեց մեկի մասին, որը, անսպասելի վերադառնալով հեռավոր գործուղումից, մտնում է տուն ու տեսնում՝ մահճակալին օտար մի տղամարդ: Նայելով վերմակի տակից դուրս մնացած նրա ոտքերին, հարցնում է՝ «Սա ո՞վ է»: «Ո՞վ է, ո՞վ է, – վրա է տալիս կինը: – Որ էնքան ասում էի՝ մուշտակ առ ինձ համար, առա՞ր: Ինքն առավ: Եղե՞լ է, որ գոնե մի անգամ ծովափ տանես ինձ: Իսկ ինքը տարել է: Բա ամառանո՞ցը: Մեքենա՞ն: Դու, ի՞նչ է, կարծում ես երկնքի՞ց է ընկել էդ բոլորը: Հիմի էլ ուզում է փող տա, որ նոր բնակարան առնենք»: «Որ էդպես է, – ասում է ամուսինը, – ոտքերը ծածկիր, թէ չէ՝ կմրսի»:

Ես ծիծաղելով ելա տեղից, ուզում էի դուրս գալ, գլխավորը հարցրեց.

– Սուրճ չե՞ս խմի:

– Կխմեմ, – ասացի, կրկին նստելով բազմոցին:

Գլխավորը սեղմեց սելեկտորի կոճակը, ասաց.

– Արինա, սուրճ չե՞ս պատրաստի Լեոյի համար:

– Մեծավ ուրախությամբ, – արձագանքեց Արինան, և ես ձայնի մեջ զգացի նրա անթաքույց հրճվանքը:

Գլխավորը նայեց ինձ, բազմանշանակ ժպտաց:

Քիչ անց Ժան Լիոտարի «Շոկոլադ բաժանող աղջիկը» կտավի գեղեցկուհու պես սկուտեղը բռնած՝ հանդիսավորությամբ ներս մտավ Արինան՝ ծիծաղկուն նայվածքով ողջունելով ինձ:

Ես պատասխանեցի նրա ողջույնին, ասացի.

– Արինա, վերջին մի երկու օրվա թերթերը բեր, խնդրում եմ:

Սուրճը հաճելի էր, բավականությամբ խմեցի, բարձրացա տեղից:

– Շնորհակալություն, հոգնածությունս անցավ:

– Լեոնիդ Հուրունցն այստեղ է, տեսա՞ր: Լորաննայի մոտ նստած, զրուցում են: Նա առաջ այստեղ՝ ռուսական խմբագրությունում էր աշխատում:

– Ոչ, չեմ տեսել:

Խմբագրության՝ միջանցքի վրա բացվող դռներին նայելով՝ գնացի դեպի իմ առանձնասենյակը: Սենյակում շոգ էր, փողկապիս հանգույցը թուլացրի, միացրի օդորակիչը: Նստեցի սեղանի մոտ, աչքիս տակով նայելով հեռախոսին: Ոչ, չեմ զանգի, վերջնականապես որոշեցի ես:

– Նորից բարև, – ներս մտնելով ասաց Արինան, թերթերը դնելով իմ առջև, սեղանին: – Ինչո՞ւ ուշացար, մեռանք սպասելով, – ավելացրեց նա, նստելով իմ դիմաց մշտական իր կեցվածքով՝ բերանը կիսաբաց, արմունկը հենած սեղանին, ձեռքը՝ այտին, Կանովայի քանդակների կանանց հազիվ նշմարելի հարցական ժպիտը շուրթերի անկյուններում:

– Ուզում էի տեսնել՝ կկարողանա՞մ ներել քեզ, թե ոչ:

– Ի՞նձ, – ձեռքը դնելով կրծքին, քթիկը ժնգռնած հարցրեց նա:

– Այո, – կատակախառն տոնով ասացի ես և հանկարծակի հիշեցի. Ավիկ Իսահակյանի մասին ես միայն իրեն՝ Արինային էի պատմել, սպասիր, ի՞նչ առիթով էր, հա՛, Բերիայի մասին խոսք եղավ, և ես ասացի, որ համալսարանում Ավիկ Իսահակյանը մեզ դասախոսում էր, և որ նա ամուսնացած էր Բերիայի թոռնուհու հետ, որը միաժամանակ Մաքսիմ Գորկու ծոռնուհին էր:

Պարզ է, Արինան այդ մասին պատմել է Արմենին, և նա՝ խորամանկը, կառչել էր դրանից, զանգել ինձ:

– Ինչի՞ համար, – հարցրեց նա, ստորին շրրթունքն ատամի տակ սեղմած, ուշադիր նայելով ինձ:

– Ավիկ Իսահակյանի մասին որևէ բա՞ն ես պատմել Արմենին:

– Կարծեմ… այո, նա գլխավորի մոտ էր, դուրս եկավ, հետաքրքրվում էր, քո մասին հարցրեց… Հա… Ավիկ Իսահակյանի մասին պատմեցի, նա այդ մասին ոնց որ թե չգիտեր… իսկ ի՞նչ է պատահել:

Ես Արինային կարճ պատմեցի ռեստորանի մասին, հարցրի.

– Իմ բացակայության ժամանակ Արմենը չի՞ երևացել այստեղ:

– Ոչ… – Արինան լայն բացված աչքերով նայում էր ինձ: – Ի¯նչ կեղտոտն է… Կարգին մարդու տեղ էինք դրել… Լեո, ներիր, խնդրում եմ, մեղավոր եմ…

– Դե լավ, գլուխը քարը: – Ներքուստ հաճելի էր զգալ նրա անաղարտ մաքրությունը, բայց նրա երազկոտ ու դյուրահույզ հոգու հետ խաղալը նույնպես հաճույք էր պատճառում: – Մտածում էի՝ գուցե իրար հետ պայմանավորված եք արել, բայց տեսնում եմ, որ չէ…

– Տեսնո¯ւմ եմ, որ չէ… Լեո, դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում, – տեղից փութկոտ վեր թռչելով շառագունած ասաց նա՝ անարդարացի մեղադրված մանկան հուզիչ անկեղծությամբ: – Չէ, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում:

– Դե լավ, նստիր, կատակ էր, – ծիծաղեցի ես: – Դու կատակ ասած բանը հասկանո՞ւմ ես: Նստիր, գլխավորը մի լավ անեկդոտ պատմեց, նստիր պատմեմ:

– Նստիր պատմեմ… – դեռևս նեղացած, երեխայի պես շուրթերն ուռցրած, ասաց Արինան, կրկին նստելով իմ դիմաց:

– Դասախոսը հարցնում է ուսանողուհուն. «Ձեր ազգանո՞ւնը»: «Դարբինյան», – պատասխանում է ուսանողուհին ու ժպտում: «Իսկ ինչո՞ւ եք ժպտում», – զարմանում է դասախոսը: «Գոհ եմ, որ ձեր առաջին հարցին ճիշտ պատասխանեցի», – ասում է ուսանողուհին:

– Գլխավորն այդպիսի բան չի պատմել, – արդեն ժպտալով պատասխանեց Արինան: – Դա դու հնարեցիր: Ոչինչ, սրամիտ է: Բայց կուզենայի ասել քեզ, որ ես ինստիտուտը գերազանց գնահատականներով եմ ավարտել…

– Դե, իհարկե, այլապես ինչո՞ւ պիտի ոսկե մեդալ տային:

– Մեդա¯լ տային… և չես էլ ամաչում, – աչքերը կկոցած՝ մտերմական տոնով նախահարձակ եղավ Արինան, – էն մեծ մարդուն ինչո՞ւ էիր ձեռ առել՝ «Գուցե ոչ թե ինստիտուտ, այլ համալսարա՞ն», – բերանը ծռմռելով տնազեց Արինան: – Նա էլ եկել տանը ոգևորված պատմում, հպարտանում էր, որ այդպիսի սրտացավ բարեկամ ունի: Ի միջի այլոց, նա ուզում էր գալ քեզ մոտ:

– Ինչո՞ւ: Կարո՞ղ է, փոշմանել է, ուզում է, որպեսզի ազատենք քեզ աշխատանքից:

– Ընդհակառակը, – ծիծաղեց Արինան: – Ուզում է, որ հարսներից մեկին էլ տեղավորես աշխատանքի:

– Սպասիր՝ գրիչ վերցնեմ, բոլորդ միասին քանի՞ հարս եք:

– Մի վախեցիր՝ ընդամենը երեք, – կրկին ծիծաղեց Արինան: – Միջնեկ տագրս, ինչ էլ ուզում է լինի, չի թողնի, որ կինն աշխատի, սաստիկ խանդում է:

– Ուրեմն, մնաց մեկը: Ես շատ ուրախ եմ:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես… – Արինան ծիծաղեց, թափահարեց գլուխը, – լսիր, ես ուրախ եմ, դու ուրախ ես, նա ուրախ է, վա¯յ աստված, սրանք իմ գլուխն ուտելու են: «Մոզգս» արդեն շարժվեց: Մի խոսքով, մնում է մեծ տագրոջս կինը՝ Սիլվան:

– Սիրո՞ւն է:

– Սիրո՞ւն է… Քե՞զ ինչ՝ սիրուն է, թե չէ:

– Լսիր, չպիտի՞ իմանամ՝ ում եմ երաշխավորում:

– Նրանց սիրո՞ւն է պետք, թե մասնագետ:

– Սիրուն մասնագետ:

– Սիրուն մասնագետ… լեզուդ չլիներ՝ քաջքերը քեզ վաղուց տարած կլինեին:

– Քաջքերը տարած լինեին՝ ձեզ ո՞վ պիտի աշխատանքի տեղավորեր: Ի՞նչ մասնագիտություն ունի: Անուն, ազգանուն: Տարիքը:

– Տարիքը… դրանից էլ սկսեիր, – բարկացավ Արինան: – Տնտեսագիտականն է ավարտել:

– Տառերը գիտի՞:

Հոնքը կեռած՝ աչքի տակով նայեց, ծիծաղեց.

– Ի՞նչ տառեր:

– Շարունակիր, ազգանուն, անուն:

– Մեր ազգանունը նույնն է՝ Դարբինյան: Դարբինյան Սիլվա, քսաներեք տարեկան: Հոկտեմբերին լրանում է քսաներեքը: Ուրի՞շ:

– Կոմիտեի հաշվապահությունում ազատ տեղ կա: Գլխավոր հաշվապահը՝ Սեիդոզաևան, կարծում եմ, չի մերժի: Զանգե՞մ:

– Չէ, պետք չէ, – առարկեց Արինան, – սպասիր Սիլվայի հետ խոսեմ՝ նոր: Վաղը կասեմ: Սա ի՞նչ ծոցատետր է, – լայնածավալ սեղանի անկյունում, թղթապանակների արանքում ընկած սևակազմ ծոցատետրը վերցնելով՝ ասաց Արինան, հարցական նայելով ինձ:

– Երևի Արմենն է մոռացել: Վերցրու, երևաց՝ կտաս իրեն:

Արինան ելավ տեղից:

– Նախկինն այնտեղ նստած ինձ է սպասում, գնամ: Էդ հուշերով նա իմ հոգին հանելու է, հաստատ բան եմ ասում: – Դռան մոտ նա շրջվեց, հենց այնպես, ի միջի այլոց, ասաց,– էն աղջիկն էր եկել:

– Ի՞նչ աղջիկ, – իբր անտարբեր, բայց սրտահույզ բերկրանքով հարցրի ես, ներըմբռնումով զգալով, որ Ռենայի մասին է խոսքը:

– Ի¯նչ աղջիկ… չգիտեմ, – նետեց Արինան ուշադիր նայելով ինձ: – Էն որ Արմենի հետ եկել էր: Քեզ էր հարցնում:

– Ի՞նձ, – դարձյալ սրտահույզ բերկրանքով ու դարձյալ անտարբեր ձևանալով հարցրի ես:

– Ի¯նձ… Այո:

Նույն քննախույզ նայվածքը: Արինան դանդաղ ծածկեց դուռը, և ես հասկացա, որ չի գնում, կանգնած է միջանցքում: Հետո բացվեց ու փակվեց ընդհանուր սենյակի դուռը: Քիչ անց Արինայի փոքրիկ սենյակում խուլ չխչխկաց գրամեքենան:

Ես համարյա ցատկեցի տեղից, բանալին պտտեցի կողպեքի մեջ, փակեցի դուռը: Մտածում էի, եթե խոսափողը Ռենան չվերցրեց, չեմ խոսի: Հավաքեցի հեռախոսահամարը՝ 9, 2, 6, 9, 9, պտտեցի վերջին թիվը՝ 8, մի փոքր պահեցի ու բաց թողեցի: Սկավառակը մանրիկ աղմուկով վերադարձավ իր տեղը:

 

– Ալլո՞:

Ռենան էր:

– Բարև, Ռենա, – հուզմունքից դողացող ձայնով ասացի ես:

– Ողջույն, Լեո: Ես երկու անգամ եկա քեզ մոտ, խմբագրություն, դու տեղում չէիր:

– Ես անսպասելի գնացի գործուղման, – մի տեսակ արդարանալով բացատրեցի ես, – և ամբողջ ճանապարհին ու այնտեղ շարունակ մտածում էի քո մասին:

– Շնորհակալ եմ: – Նույնիսկ հեռախոսով ասես զգացվում էր նրա ամոթխած ժպիտն այդ պահին: – Հաճելի է լսել: Երկուշաբթի օրը ոչ մի տեղ չե՞ս մեկնում:

– Ոչ, – արագ ասացի ես:

– Երկուշաբթի պարապմունքներից հետո կանցնեմ: Սպասիր ինձ, լա՞վ:

– Իհարկե:

Սակայն Ռենան չդրեց խոսափողը:

– Գիտե՞ս, քո վարդերը չեն թառամել դեռ, – ասաց նա: – Կոկոնները լրիվ բացվել են և սենյակս լցված է բուրմունքով: – Նա մի կիսավայրկյան լռեց, ասաց, – նրանք շարունակ հիշեցնում են ինձ քո մասին:

– Հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում, – ասացի ես, – մարդիկ հանդիպում են իրար առանց գիտենալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը:

– Այո, երևի այդպես է, – արձագանքեց Ռենան: – Իսկ ի՞նչ է սպասում նրանց հարյուրավոր ճանապարհների այդ անհայտ խաչմերուկից հետո՝ նույնպես անկարելի է գիտենալ:

– Դու ինձ դուր ես գալիս, Ռենա, շա¯տ, – դարձյալ հուզված ասացի ես: – Երկուշաբթի ես ամբողջ օրը կսպասեմ քեզ:

– Ցտեսություն, – ծիծաղեց նա, սակայն դարձյալ չդրեց խոսափողը: – Դու նույնպես համակրելի ես ինձ: Երկուշաբթի կգամ, ցտեսություն:

– Ցավդ տանեմ, – սրտի անդիմադրելի մղումով ասացի ես, և իմ ձայնը թրթռաց:

– Սավետ տանեմ: Դա ի՞նչ է նշանակում:

– Ոչ թե՝ սավետ տանեմ: Այլ՝ ցավդ տանեմ:

– Ցավեդ տանե՞մ:

– Ոչ, ցավըդ տանեմ:

– Ցավե՞դ տանեմ:

– Ոչ, ոչ, ցավըդ տանեմ:

– Դա ինչպե՞ս է թարգմանվում:

– Ռուսերեն բառացի՝ որպեսզի ես ինձ վրա վերցնեմ քո ցավը:

– Ա¯… աղրըն ալըմ, – քնքշահույզ արտաբերեց Ռենան: – Կամ իմաստով իրար մոտ՝ դարդըն ալըմ, գադան ալըմ, ադրբեջաներեն ավելի ճիշտ և լավ է հնչում, քան ռուսերեն: Ցավեդ տանեմ: Ցտեսություն, – նա ծիծաղեց, ցած դրեց հեռախոսը:

Անկանոն բաբախող սրտով ես որոշ ժամանակ քայլեցի առանձնասենյակում՝ չիմանալով անելիքս: Սիրտս չեր դիմանում, ուզում էի ինչ-որ մեկին պատմել, ասել, որ երկուշաբթի Ռենան կգա ինձ մոտ և որ ամբողջ օրը ես անհամբեր ու կարոտով կսպասեմ նրան: Բայց և գիտեի, որ երբեք ու ոչ ոքի ոչինչ չեմ պատմի նրա մասին:

Հինգերորդ հարկի իմ պատուհանից նայեցի ներքև, ուր մենավոր մի փշատենի, շենքը շրջափակող պատն ի վեր բարձրացել, կախվել էր կենտկոմին նայող փողոցի վրա՝ ճերմակ ծաղկափոշի տարածելով շուրջը: Գույնզգույն թիթեռները ճախրում էին ծաղկափոշու ամպիկների մեջ, իջնում ծաղիկներին: Իմ պատուհանից երևում էր Բաքսովետի մետրոյի հրապարակը՝ իր մարդաշատ անցուդարձով, հին Բաքուն՝ Իչարի Շահարն էր երևում, հրետանու անցքերով հաստաբեստ բարձր բերդապարսպից այն կողմ, արևի տակ փայլող ձյութածածկ տափարակ կտուրներով, քարվանսարայներով, բաղնիքներով, մզկիթներով, մուեձինի՝ նամազի հրավիրող թախծորուն կանչով ու դեպի ծով իջնող սարդոստայնային նեղլիկ փողոցներով, երևում էր և ծովը, ուր խարիսխ նետած նավի վրա անդադար պտտվում էին ճայերը, երբեմն սլացիկ նետվում ջրերի մեջ: Մինչև կենտկոմի նոր շենքի կառուցումը ծովն այստեղից լրիվ երևում էր, իսկ հիմա՝ միայն մի մասը: Գարնանային արևի տակ ջրերը կուրացուցիչ շողում էին, անդրադարձնելով արևի պայծառ ճաճանչները: Երկինքը նույնպես կիսված էր երևում իմ առանձնասենյակից: Կիրովի անվան զբոսայգու բարձունքն իրենով ծածկում էր երկնքի մի մասը և թվում էր Կիրովի հոյակերտ արձանը՝ ձեռքը պարզած առաջ, դեպի ներքևում սփռված քաղաքն ու ծովը, ոչ թե բարձրունքի վրա, այլ բարձր երկնքում էր կանգնած:

Ես դուրս եկա միջանցք և, թեքվելով ձախ, մտա ընդհանուր բաժին:

Լորաննան նստած էր տեղում, նրա դիմաց՝ Լեոնիդ Հուրունցը՝ ցորնագույն ալեխառն մազերը մի կողմի վրա թափած, խնդումերես ու զվարթաբարո մի մարդ:

– Ընկեր Հուրունց, ծանոթացեք, – ներկայացրեց Լորաննան, – մեր գլխավոր խմբագրի տեղակալն է: Ծնողները Ղարաբաղից են, բայց ինքը Սումգայիթում է ծնվել:

Որպես գրողի՝ ես Հուրունցին, իհարկե, գիտեի, կարդացել էի նրա գրքերը, հատկապես «Ղարաբաղյան պոեմ» վեպը՝ տոգորված քնքշանքով, անաղարտ սիրով ու ռոմանտիզմով, բայց իրեն՝ Հուրունցին, տեսնում էի առաջին անգամ:

– Ղարաբաղցի ե՞ս, – նստած տեղից ձեռքը մեկնելով աշխուժորեն ասաց նա: – Ասա ինչի՞ ես հարցնում՝ առանց էն էլ երևում է՝ բոյով, բուսաթով, աստղով: Ղարաբաղցիները բոլորն էլ էդպես են՝ բարձր, գեղեցիկ: Մեր Բագրատ Ուլուբաբյանի ասած՝ սերմացու ժողովուրդ: Ամուսնացա՞ծ ես, – լայն ժպիտը դեմքին, հարցրեց նա:

Տարուբերեցի գլուխս՝ «ոչ»: Հուրունցը մտերմիկ, հարազատորեն նայեց ինձ:

– Քո տարիքում ես արդեն երկու անգամ բաժանվել էի, իսկ դու դեռ չես էլ ամուսնացել:

– Ժամանակ չունի, – խորամանկ ժպտաց Լորաննան:

– Թե՞ ժամանակ չեք տալիս, – ծիծաղեց Հուրունցը: – Մարդ ջահել ժամանակ ապրում է, որպեսզի սիրի: Հասուն տարիքում սիրում է, որպեսզի ապրի… Իմ առաջին կինը Թաթուլ Հուրյանի կնոջ՝ Մանյայի քույրն էր, դե, քանի որ Թաթուլի հետ մոտ ընկերներ էինք ու երկու քրոջ հետ էինք ամուսնացել, որոշեցինք նույն ազգանունը կրել, նա՝ Հուրյան, ես՝ Հուրունց… Էհ, աշխարհում ջահելությունից լավ բան չկա, – շարունակեց նա, – նրանից թանկ էլ ոչինչ չկա: Երբ առկա է ջահելությունը, սոսկ մի երկու չնչին մանրուք է մնում՝ լիարժեք զգալու երջանկության հմայքը: Այնպես որ՝ քանի ջահել եք, ամեն օր ժպտացեք լուսավոր ժպիտով, զվարճալի ինչ-որ բան գտեք կյանքում: Հարկավոր է ժպտալ ու երազել: Ինչպես ասում են՝ գնա երազանքիդ ետևից և այն քո առջև դուռ կբացի այնտեղ, ուր առաջ անառիկ պատ էր: Երբ մարդ դադարում է երազել՝ նա համարյա մեռած է արդեն: Մեր շուրջն ինչքան մարդիկ կան, որ մեռած են, բայց իրենք դա չեն էլ գիտակցում նույնիսկ: Մեծ տարբերություն կա ծերանալու ու մեծանալու մեջ, – ասաց Հուրունցը մի փոքր դադարից հետո: – Եթե դու երեսուն տարեկան ես ու ողջ տարին բազմոցին պառկած ոչինչ չես անում՝ կդառնաս երեսունմեկ: Դժվարին ոչինչ չկա՝ մեր տարիքին մի տարի ևս ավելացնելու մեջ: Այսինքն, դրա համար տաղանդ կամ ձիրք ամենևին պետք չէ: Ձիրքն ու տաղանդը հենց այն է, որ կարողանաս այդ փոփոխման ժամանակ նոր հնարավորություններ ձեռք բերես քեզ համար: Երեք բան կա, որ հետ չեն վերադառնում երբեք՝ ժամանակը, խոսքը, հնարավորությունը: Հիշեք իմ խոսքն ու մի ափսոսացեք ոչ մի բանում: Մի ափսոսացեք այն, ինչ եղել է երեկ, մի վախեցեք նրանից, ինչ լինելու է վաղը, եղեք երջանիկ նրանով, ինչ կա այսօր: Հասակն առած մարդիկ, սովորաբար, արածի համար չեն ափսոսում, նրանք չարածի համար են տրտմում, այն բանի համար՝ ինչ չի հաջողվել, կամ չեն հասցրել անել անցած ժամանակներում: Հայտնի երգում ոնց է ասվում՝ արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս, չարածներիդ համար պիտի ասես՝ ափսո¯ս, հազար ափսոս… Այդպես է, – հոգոցով շարունակեց նա: – Աշխարհում իրավ ջահելությունից լավ բան չկա: Իսկապես, նրանից թանկ էլ ոչինչ չկա: Բայց շատ ափսոս, որ կարճ է տևում այն: Ես իմ «Ղարաբաղյան պոեմը» կյանքիս ամենալավ ժամանակաշրջանում՝ ջահել ժամանակ գրեցի: Բայց այդպես էլ ոչ մի ուրախություն չտեսա այդ գրքից, – ավելացրեց նա: – Դառնություն էր, որ ճաշակում էի: Ադրբեջանում ազգայնամոլության կատաղի վերելքի մթնոլորտ էր, անհուսալիության զանազան պիտակներով անվանի հայերին քշում էին Բաքվից ու հանրապետության մյուս վայրերից՝ գրավելով նրանց պաշտոններն ու տիրելով հարմարավետ բնակարաններին, քշում էին Ղազախստանի հյուսիսային կողմերը կամ էլ ուղիղ Սիբիր: Միրզա Իբրահիմովը, որ այն ժամանակ արվեստի գլխավոր վարչության պետն էր, հետո Գերագույն խորհրդի նախագահության նախագահ դարձավ, մյուսները, սա էլ նրանց հետ միացած, – գլխով նախկինի կողմը ցույց տալով շարունակեց Հուրունցը, – թափվեցին վրաս, և եթե ես աքսորից խույս տվի ու մնացի ողջ, ապա միայն պատահականության շնորհիվ:

Սաղումյանը հեռվից լուռ լսում էր, համաձայնորեն շարժելով գլուխը: Նա, հավանաբար, տեղյակ էր այդ իրադարձություններին, հիշում էր:

– Լավ, իսկ ինչի՞ մեջ էին մեղադրում, – հետաքրքրվեց Լորաննան: – Հակապետական բա՞ն կար գրքում:

– Չէ հա, – զարմացավ Հուրունցը: – Ի՞նչ հակապետական բան: Վերնագիրն էր կատաղացրել: Սամեդ Վուրղունն այդ ժամանակ գրողների միության նախագահն էր, այդպես էլ ասաց. «Դու ինչո՞ւ հատկապես Ղարաբաղն ես վեպի նյութ դարձրել, ինչ է, ուրիշ տեղեր չկա՞ն: Գլուխդ ես գցել՝ Ղարաբաղ հա՛ Ղարաբաղ: Դու էդ խելառ պառավի՝ Մարիետա Շահինյանի հետքերո՞վ ես, հա, գնում, որ «Օգոնյոկում» գրել է, թե, իբր, Ղարաբաղը պատմական Հայաստանի տասներորդ նահանգն է: Նավ ես նստել ու նավապետի հետ կռիվ ես սարքում: Թե Բաքվում վատ ես ապրում, կարող եմ քեզ համար լավ տեղ գտնել», – ասաց ու գլխով ցույց տվեց ներքին գործերի մինիստրության շենքը, որ գրողների միության դիմացն էր, հրապարակի մյուս կողմում, այժմյան Շահումյան պողոտայի վրա:

– Հիմա էլ այնտեղ է, – ավելացրեց Սաղումյանը:

– Այո, – համաձայնեց Հուրունցը, – հիմա էլ այնտեղ է, իր ներքին բանտով-բանով: Չէ, ուրախություն չբերեց առաջին գիրքս: Գրողների միության մյուս ղեկավարն էլ Մեհթի Հյուսեյնն էր, որը միաժամանակ ադրբեջանական գրական ամսագրի խմբագիրն էր: Մի անգամ նա մտավ ռուսական ամսագրի խմբագրություն, այդ պահին ես էլ այդտեղ էի: Յուրի Գրանինի և Իոսիֆ Օրատովսկու հետ նստած զրուցում էինք, երբ ներս մտավ: «Ընկեր գրողներ, – նրանց կողմը դառնալով ասաց նա, – մասնավորապես, Գրանին և Օրատովսկի, բարև ձեզ»: Դա, իհարկե, վիրավորական էր: «Ընկեր Մեհթի Հյուսեյն, ասացի ես, իսկ ինչ է, ես գրո՞ղ չեմ»: Նա թե՝ «Դու գրող չես… Դու ծառի ճյուղին նստած՝ ճյուղը տակից կտրող դաշնակ ես»: «Իսկ դու տիպիկ մուսավաթական ես», – պատասխանեցի ես: Վեճ, փոխադարձ վիրավորանքներ: Եվ այդ ամենը «Ղարաբաղյան պոեմի» պատճառով, որը նրանցից և ոչ մեկը չէր կարդացել՝ բացի վերնագրից, իհարկե: Ինչպես որ հիմա ոչ ոք չի կարդացել Զորի Բալայանի «Օջախը», բայց ի¯նչ աղմուկ-աղաղակ են բարձրացրել ամբողջ երկրով մեկ: Մի խոսքով, ես վերցրի ու այդ ամենի մասին գրեցի կենտկոմ՝ Միր-Ջաֆար Բագիրովին: Գիշերը Բագիրովը զանգում է հայկական «Կոմունիստ» թերթի խմբագիր Տիգրան Գրիգորյանին, պահանջում գիրքը, իսկ հաջորդ օրը կարգադրում է դրվատական հոդված տպագրել «Բակինսկի Ռաբոչի» թերթում: Դուք մի տեսնեիք, թե ո¯նց էին քծնում, շողոքորթելով ներողություն խնդրում իմ երեկվա հակառակորդները: Բայց, դե, այդ լավությունը հեռահար նպատակ ուներ, շուտով մեծ կռիվ սկսվեց Մարիետա Շահինյանի դեմ, ինձ հրավիրեցին կենտկոմ, որ իմ ստորագրությունը դնեմ Շահինյանին ջարդուփշուր անող պատրաստի հոդվածի տակ: Ես հրաժարվեցի, պատճառաբանելով, որ նա ինձ համար հոգևոր մոր տեղ է գալիս, իմ գրական ձիրքի մասին առաջին խոսքը նա է ասել: «Գնա մտածիր, ասացին, կկանչենք»: Բայց չկանչեցին: Ասում են՝ շները կռվեցին՝ մուրացկանի բախտը բերեց: Գրող Մարգար Դավթյանը՝ մի անզուգական, շատ սիրելի անձնավորություն, Գերագույն խորհրդի դեպուտատ էր, կարգ էր՝ Բաքվի հայ մտավորականներից մի դեպուտատ էին ընտրում: Առաջ դերասանուհի Ժասմենն էր, քառասունիննին՝ թատրոնը փակվելուց հետո՝ Դավթյանը: Լավ առիթ էր, ձեր այս նախկինն օգտագործեց դա: Գնաց կենտկոմ ու Մարգար Դավթյանի թեկնածությունը տվեց, արձակագիր է, ասաց, պատմությունն էլ լավ գիտի: Փորձված աղվես էր, շատ լավ հասկանում էր, որ այդ ստորագրությունը կկործանի Մարգարին, և ինքը «Գրական Ադրբեջան» հանդեսի գլխավոր խմբագիր ու դեպուտատ կդառնա: Այդպես էլ եղավ: Հանրապետության բոլոր թերթերը՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, հրապարակեցին այդ հոդվածը՝ Մարգար Դավթյանի և Տիգրան Գրիգորյանի ստորագրությամբ: Տիգրանի համար դա նշանակություն չուներ, նա մարզկոմի քարտուղար եղած ժամանակից դրան սովոր էր, բայց Մարգարին այդ ստորագրությունը բարոյապես սպանեց: Դա երեսուն տարի առաջ էր, և ահա երեսուն տարի ձեր նախկին գլխավորն անբաժան է իր դեպուտատական կրծքանշանից:

– Բա ո¯նց, – արձագանքեց Սաղումյանը, – արյան գնով նվաճել է, հո ձեռքից չի՞ տալու: Ադրբեջանցիները լավ ասացվածք ունեն՝ քյոռ թութտուղընը բրախմազ*:

– Ա՛յ Հարություն, – դիմելով Սաղումյանին՝ մտամոլոր ասաց Հուրունցը: – Հայի ձեռքով հային բնաջնջելը նորություն չէ: Ադրբեջանի ղեկավարությունն իր հայահալած գործողություններում միշտ էլ դիմել է հայերի օգնությանը, օգտագործել է նրանց շատ ճկուն միջոցներով, դրա համար ընտրելով այնպիսիներին, ովքեր պատրաստ են եղել իրենց անձնական շահի համար ոտնատակ տալ հարազատ ժողովրդի շահն ու պատիվը: Շուշիի անառիկ բերդն ո՞վ նվիրեց Պարսկաստանից փախած մի ոմն քոչվոր ցեղի պարագլուխ Սարիջալլու Փանահալուն՝ հայազգի մի նենգ Շահնազար: Բագրատ Ուլուբաբյանի պես մեծ հային ո՞վ տապալեց՝ մի ոմն ծախու շուն՝ Գևորգ Աթաջանյան անունով: Լսել եմ, որ ձեզ մոտ է աշխատում: Բուլգակովն իր հռչակավոր գրքում՝ «Վարպետը և Մարգարիտան» վեպում, նկարագրում է, թե ինչպես կիրիաֆցի

Հուդան Յեշուային սիրալիր հրավիրում է իր տուն, հյուրասիրում է, միաժամանակ հետաքրքրվելով նրա վերաբերմունքով՝ հանդեպ իշխանությունները, իսկ հետո մատնում է նրան դահիճներին: Ճիշտ նույն ձևով այդ Աթաջանյանն իր նման մեկի հետ, որի անունը տալ չեմ ուզում, որովհետև ընդունված չէ մեռած մարդկանց մասին վատ խոսել, Ուլուբաբյանին, Բոգդան Ջանյանի հետ միասին, հյուր են կանչում և սեղանի շուրջ եղած ամբողջ խոսակցությունը թաքուն ձայնագրելով հանձնում են ԿԳԲ-ին: Դա այն ժամանակ էր, երբ ղարաբաղցիները հերթական անգամ հարց էին բարձրացրել՝ Ղարաբաղը միավորել Հայաստանին: Բոլոր շրջաններում, գյուղերում ստորագրություններ էին հավաքվել: Քառասունհինգ հազար ստորագրություն… Շատ շուտով Ղարաբաղի մի շարք հայտնի մարդիկ սկսեցին ենթարկվել հալածանքների, ոմանք ստիպված եղան քոչել հանրապետությունից:

Հուրունցը մտամոլոր, երկար մտածում էր:

– Քառասուն հոգու Բաքվի մեկուսարաններում ու բանտերում անմարդկային տանջանքների ենթարկելուց հետո, – շարունակեց նա, – ուղարկեցին Կոմի երկրամաս: Նրանց մեջ էր և 1966-ի սեպտեմբերին Մարտունու շրջանի Կուրապատկինո գյուղում Արշադ Մամեդովի ձեռքով դաժանորեն սպանված ութ տարեկան Նելսոն Մովսիսյանի հայր Բենիկ Մովսիսյանը: Այն Արշադ Մամեդովի, որի հուղարկավորությանը մասնակցելու էին եկել

Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահ Իսկանդարովն ու մինիստրների խորհրդի նախագահ Ալիխանովը: Երկուսն էլ՝ ազգությամբ քուրդ:

 

Հուրունցը մի կարճ պահ դադար տվեց, ցավագնորեն ասաց.

* քյոռ թութտուղընը բրախմազ (ադրբ.) – կույրն իր բռնածը բաց չի թողնի

– Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Վալի Յուսուֆովիչ Ախունդովի հրամանով Ուլուբաբյանը վտարվեց Ղարաբաղից, իսկ նրա տեղը գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար նշանակվեց… այդ նույն ծախու շուն Աթաջանյանը: Մի օրվա մեջ նրան ընդունեցին գրողների միության շարքերը: Չտեսնված ու չլսված բան. Մաքսիմ Հովհաննիսյանի նման մեծատաղանդ գրողը տասնհինգ տարուց ավելի հերթի է սպասում, չեն ընդունում: Վարդան Հակոբյանի, Հրաչյա Բեգլարյանի, Նվարդ Ավագյանի, Կոմիտաս Դանիելյանի պես գրողներին, որոնց ստեղծագործությունները քաջ հայտնի են նաև Հայաստանում, չեն ընդունում գրողների միության մեջ, իսկ այ անտաղանդ, թեթևսոլիկ ու անբարոյական մարդուն մի օրվա մեջ ընդունեցին: Եվ ովքե՞ր նրան այդպես շտապ երաշխավորագիր տվեցին՝ Սամվել Գրիգորյանն ու ձեր նոր գլխավորը: Կանչեք՝ երեսին ասեմ:

Հուրունցը երկար դադար տվեց, ասաց.

– Հայոց պատմության մեջ չի արձանագրված որևէ փաստ, որ մեզ նվաճողներից պարսիկը, արաբը կամ թուրքը հայ վեհափառ սպանած լինի: Դրան մենակ բոլշևիկներն ընդունակ եղան: Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը հրաժարվում է Մայր Աթոռի գանձերը տալ բոլշևիկներին: 1938-ի ապրիլին նրան գազախեղդ են անում Էջմիածնում: Եվ ո՞ւմ հրամանով է արվում՝ հայ բոլշևիկ Անաստաս Միկոյանի: Եվ վերջապես, Սերգո Օրջոնիկիձեին միացած՝ ո՞վ առաջարկեց վերանայել Անդրկովկասի բյուրոյի պլենումի 1921-ի հունիսի երեքի որոշումը՝ հօգուտ Հայաստանի, ու մի ամիս ու երկու օր անց՝ հուլիսի հինգին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն ո՞վ դեմ քվեարկեց՝ այդ նույն բյուրոյի ընդհանուր քարտուղար Հմայակ Նազարեթյանը: Այդ հատկությունները տարիներ ի վեր պիոներ Պավլիկ Մորոզովից ու կիրովաբադցի Գրիշա Հակոբյանից սկսած մինչև այսօր, խրախուսվել են, գիտակցաբար արմատավորել: Ստալինի, Բերիայի, Բագիրովի մարդակործան արարքներին օգնած և ոչ մի տականք նրանց մահից հետո անգամ չի պատժվել: Պատերազմի նախօրեին Ստալինը կարմիր բանակի ղեկավար անձնակազմից՝ մարշալից մինչև լեյտենանտ, քառասուն հազար հոգու գնդակահարեց: Մարշալ Բլյուխերին, նրա կարգադրությամբ, անմարդկային տանջանքների են ենթարկում, փշրում ողնաշարը, բանտարկության տասնութերորդ օրը փառապանծ մարշալը զոհվում է քննիչների սապոգների տակ: Քառասունվեց թվականին, այս անգամ արդեն Բերիայի կարգադրությամբ ու անմիջական մասնակցությամբ, այդ նույն քննիչների սապոգների տակ խոշտանգումների է ենթարկվում նաև մեր քաջ հայրենակից մարշալ Խանփերյանցը՝ Մեծ Թաղլար գյուղից: Տասնութ թվականին նա ծածկագրող էր եղել այստեղ՝ Բաքվի կոմունայի շտաբում, լսել է Բերիայի գաղտնի հեռախոսազրույցը անգլիական հետախուզական ծառայության աշխատակցի հետ և այդ մասին հաղորդել կոմունայի ղեկավարությանը: Բերիան դա չէր մոռացել… Բլյուխերն ինչ, միջազգային մասշտաբի այդ դահիճ Ստալինը քառասուն միլիոն մարդու գլուխ կերավ, նա կարող էր ամբողջ երկրի գլուխն էլ ուտել, բայց, բարեբախտաբար, սահմանափակվեց այդքանով: Ո՞վ էր նրա ձեռքը բռնելու, ո՞վ էր ընդդիմանալու, եթե այդ թիվը կրկնապատկեր ու քառապատկեր: Ոչ ոք: Սպանելու, աքսորելու, երկրի երեսից մարդկանց, ամբողջ ժողովուրդներ, ազգեր ջնջելու իրավունքը միայն ու միայն իրեն էր վերապահված, իր սեփականությունն էր: Միահեծան ու անսահմանափակ իշխանության տեր, իր անձնական դիկտատուրան ներկայացրած որպես պրոլետարիատի դիկտատուրա: Ամեն ինչ տեղը տեղին՝ կա՛ սովետական ժողովուրդ, կա՛ նրա առաջատար ջոկատը՝ բանվոր դասակարգը, կա՛ այդ դասակարգի առաջավոր ջոկատը՝ կուսակցությունը, կա՛ այդ առաջավոր ջոկատի ղեկավարող կորիզը՝ Քաղբյուրոն և, վերջապես, նրա գլխավոր քարտուղարը՝ Ստալինը, որի կամքը կուսակցության կամքն է, ով դեմ է Ստալինին՝ դեմ է կուսակցությանը, ով դեմ է կուսակցությանը՝ դեմ է ժողովրդին, նրա թշնամին է: Հիմա այդ իրավունքն իրար մեջ կիսել են հազարավոր մանր ստալիններ, որոնցից մեկն էլ կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովն է, համարյա նույնանման իշխանության տեր: Ստալինին հետմահու պատժեցին, դատապարտեցին նրա անօրեն արարքները, Բերիային ու Բագիրովին գնդակահարեցին, իբր տեսեք, դատապարտեցինք, մենք սահմանադրություն ունենք, դատախազություն, դատարան ու արդարադատություն ունենք: Դրանք բոլորը, իբր, ժողովրդի շահերին ծառայելու համար են ստեղծված: Հիդրայի կտրված գլխի փոխարեն աճել են նոր գլուխներ և այն էլ շա¯տ: Դե արի ու դիմացիր:

Հուրունցը քիչ լռեց և, ասես ինքն իր հետ էր խոսում, կամացուկ ասաց.

– Ճշմարտություն, արդարություն, իբր թե սրանք են մեր կյանքի չափանիշները: Բացատրեք, խնդրեմ, կա՞ն, գոյություն ունե՞ն դրանք: Մեկն ու մեկը դրանց երեսը տեսած կա՞. երեկ, նախանցյալ օրը: Գուցե դրանք յոթ փակի տակ են և սպասում են, որ մենք ազատե՞նք, լույս աշխա՞րհ հանենք:

Մեքենագրուհու դուռն անաղմուկ բացվեց, իր անբաժան մթերացանցը ձեռքին, դուրս եկավ մեր նախկին գլխավոր խմբագիրը:

Մերկ գլխին ձախից աջ սոսնձած ճերմակ մազափնջով, կախ ընկած կրկնակզակով, շեկ, ցածրահասակ ու դեռևս ամրակուռ՝ նա մի պահ թղթապանակը տեղավորեց ցանցում և, ուշադիր նայելով Հուրունցին ու, ասես կրակին յուղ լցնելու ակնհայտ մտադրությամբ, ասաց.

– Կևորկովը բնակարան է տվել ինձ:

Հուրունցը բարձրացրեց գլուխը, զարմանքով նայեց նրան:

– Իսկ դու, ինչ է, բնակարան չունեի՞ր, – հարցրեց նա: – Դու երեք սենյականոց բնակարան ունեիր հայկական եկեղեցուց ոչ հեռու, Հյուսի Հաջիև փողոցի վրա և, գիտեմ, լսել եմ, Հեյդար Ալիևը չորս սենյականոց նոր բնակարան է տվել քեզ կառավարական տան մոտ, ծովափին:

– Էստեղ չէ՝ Ստեփանակերտում, – մեծահոգաբար ժպտալով պարզաբանեց նախկինը: – Որպեսզի ամառները գնամ թութ ուտեմ: Հայրենիքս է, չէ՞, Ղարաբաղը, բանաստեղծություններ ունեմ նվիրած՝ «Շաղասար», «Լալիկ աղբյուր», «Սինգարա»… Ա՛յ, վերջերս եմ գրել, բնակարանը տալուց հետո.

Երբ ասում են Ղարաբաղ,

Մեր սարերն եմ ես հիշում,

Աղբյուրները նրա պաղ,

Խոսուն քարերն եմ հիշում:

Ա¯խ, մեր թոնրի լոշը տաք,

Ու զով կալերն եմ հիշում,

Մեր Քուռանի մոշն անտակ,

Քաղցր թութն եմ ես հիշում…

– Էհ, հետո՞, – հարցրեց Հուրունցը:

– Ի՞նչ հետո, – հեգնական քմծիծաղով ասաց նախկինը, քիթը չոր վեր քաշելով: – Ղարաբաղի գովքն է: Մայր բնության գովքը: Մի՞թե պարզ չէ՞

– Իմ մի բարեկամը Ղարմետաքսկոմբինատում բանվոր է, – այլևս առանց նրան նայելու, ահեղաշունչ քաղաքավարությամբ խոսեց Հուրունցը, – տասնութ տարի է՝ վեց հոգով մի նեղլիկ ու խոնավ նկուղում պատսպարված, բնակարանի հերթի են սպասում ու չգիտեն, թե դեռ էլի քանի տարի պիտի սպասեն: Քո էդ Կևորկովը ո՞նց է քեզ բնակարան տալիս՝ ամռանը թութ ուտելու համար: Ամբողջ կյանքը Ղարաբաղին նվիրած Բագրատ Ուլուբաբյանը, Ղարաբաղի համար բանտ նստած Բոգդան Ջանյանը Ղարաբաղ մտնելու իրավունք չունեն, ինձ նույնպես արգելված է գնալ Ղարաբաղ, որին նվիրել եմ իմ բոլոր գրքերը, իմ ողջ կյանքը, – հոգոց քաշելով և առանց որևէ դադարի շարունակեց Հուրունցը: – Կևորկովի ահից իմ ազգականներն անգամ վախենում են ինձ հետ խոսել: Ստոր ու ծախու արարած է նա, և քանի դեռ կան նրա նմանները, քանի դեռ անպատիժ ապականում են մթնոլորտը, երկրիս երեսին ո՛չ արդար դատաստան, ո՛չ արդարություն կլինի:

– Լեոնիդ, խնդրում եմ, ինձ մոտ այդպիսի բաներ մի ասա, – բողոքեց նախկինը՝ քիթը դարձյալ վեր քաշելով:

Երկու թե երեք տարի առաջ ճիշտ այդ նույն բառերն ասաց նա գրող Սուրեն Այվազյանին: Այվազյանը՝ ճերմակահեր, բարեդեմ, ազատախոս ու զրուցասեր՝ բորբոքված խոսում էր Բրեժնևի մասին. «Երկիրը սովի մատնված, խանութները դատարկ, կաշառք ու կողոպուտ, թալանն անսահման չափերի հասած, իսկ նա ամիսը մի անգամ նոր շքանշան է կախում դոշին: Էլ շքանշան կախելու տեղ չկա, մնում է մի երկու հատ էլ պորտից կախի»: Ներկաները ծիծաղեցին, իսկ նախկինը հուզվեց, կարմրեց ու էլի այս նույն բառերն ասաց. «Սուրեն, խնդրում եմ, ինձ մոտ այդպիսի բաներ մի ասա», որին Սուրեն Բախշիևիչը ծիծաղելով պատասխանեց. «Նախօրոք ապահովեցիր քեզ, որտեղ իմ ասածը հայտնեն, քո ասածն էլ են հաղորդելու»:

Հուրունցը բոլորովին այլ բան ասաց.

– Ցավալի է, Սամվել, – ասաց, – շատ է ցավալի, որովհետև կեղծ հեղինակությունների թիկունքում չես տեսնում, ավելի ճիշտ՝ չես ուզում տեսնել այն չարիքը, որ ամեն օր, ամեն ժամ ձնագնդի պես մեծանում է: Մեծանում է նրանց շողոքորթ աջակցությամբ, ովքեր պարտավոր են կռվել չարիքի դեմ: Իմացած եղիր, որ կևորկովները կանցնեն, ինչպես ժամանակին նրա նախորդներն անցան՝ Կարակոզով, Զամարաև, Ապուլով, Զիալով, Շահնազարով, Ջամգարով, Ասլանով, հայկական մարզում՝ ոչ մի հայկական ազգանուն: Հայկական ազգանունով միայն Եղիշե Գրիգորյանն էր, էն էլ՝ որովհետև կնիկը թուրք էր:

Նախկինը սառցային քամահարանքով նայում էր Հուրունցին. նա քիթն աջ ու ձախ տանելով՝ կրկին չոր վեր քաշեց:

– Ինչո՞ւ է այսպես, – շարունակեց Հուրունցը: – Մտածե՞լ ես մի անգամ, որ ուղիղ հարյուր ութսուն տարի առաջ Ղարաբաղն իր տասներեք գավառներով ու տասներկուսուկես հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ավելի քան հինգ հազար պատմաճարտարապետական հայատառ հուշարձաններով, իր հայ մելիքներով ու իր հայ պատմությամբ՝ սկսած Հերոդոտից ու Ստրաբոնից մինչև Դիոն Կասիոս, կամավոր մտավ Ռուսաստանի կազմի մեջ, նրա այդ տարածքից այսօր մոտ չորսուկես հազարն է մնացել, որը նույնպես այս ու այն կողմից բռնագրավվում է: Ո՞վ քսան թվականին ավերեց, հողին հավասարեցրեց Ղարաբաղի հիսունինը շեն գյուղերն ու ոչնչացրեց նրա քսանհինգ հազար հայ բնակչությունը, իսկ երեսունյոթ հազարը դարձավ գաղթական: Ո՞ւր են հայկական մշակութային կյանքի առաջատար ջոկատներից մեկի՝ Շուշի քաղաքի հինգ տպարանները, որտեղ նախանցյալ դարի սկզբից հայերեն գրքեր ու պարբերականներ էին հրատարակվում, ո՞ւր մնաց թեմական դպրոցը, հարյուր յոթանասուն տարի առաջ կառուցված Կուսանոց վանքը, Մկրտիչ Խանդամիրյանի երեք հարյուր հիսուն տեղանոց շքեղազարդ թատրոնը, ամառային և ձմեռային ակումբները, գործող վեց եկեղեցիները, հազարի հասնող արհեստանոցները, գորգագործական ֆաբրիկան, որը տարեկան յոթ հարյուր ընտիր գորգ էր արտահանում, ո՞վ երեք անգամ հրդեհի մատնեց գեղեցկուհի քաղաքն ու, ստոր անգլիացիների հետ դաշնակցած, խաբեությամբ կոտորեց նրա հայ բնակչությունը: Գոնե մտածե՞լ ես մի անգամ, – տեղից ելնելով ու գունատված շարունակեց Հուրունցը, – թե ինչո՞ւ Խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերի մեջ չկա մի կոմպոզիտոր, նկարիչ, գիտնական, հանրապետության մասշտաբի ղեկավար աշխատող, կենտկոմի քարտուղար ու բաժնի վարիչ, ոչ մի կարգին գրող… Այդ ինչպե՞ս պատահեց, որ ատելի հին կարգերի օրոք Բաքվում Հայոց ագգային խորհուրդ ու հայ գրողների միություն կար, բարեգործական, մարդասիրական ու մշակութային ընկերություններ կային, Ալեքսանդր Շիրվանզադեն ու Հովհաննես Հովհաննիսյանը կարողացան համարյա մինչև կյանքի վերջն ապրել այստեղ, իսկ խորհրդային տարիներին հայ գրողներ Գարեգին Սևունցը, Համո Սահյանը, Աշոտ Գրաշին, Սուրեն Այվազյանը, Արշավիր Դարբնին, Գարեգին Բեսը, Լեոնիդ Հուրունցը և շատ ուրիշներ հարկադրված եղան հանրապետությունից հեռանալ: Ո՞ւր մնացին Բաքվի մի քանի տասնյակ հայկական դպրոցները, մշակույթի տները, գրադարանները, տպարանները, ինստիտուտն ու թատրոնը, որ անխափան գործում էր հազար ութ հարյուր յոթանասուն թվականից ի վեր: Ինչո՞ւ Ղարաբաղի գրողները, ովքեր հինգ-վեց տարին մի անգամ փոքրիկ մի բրոշյուր տպագրելու իրավունք ունեին միայն, երկարամյա հետապնդումներից հետո ստիպված եղան փախչել՝ Բագրատ Ուլուբաբյանը, Բոգդան Ջանյանը, Ժան Անդրյանը, մյուսները, որոնք Երևանում անգամ պրծում չունեն Կևորկովի ճանկերից:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru