bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

– Քո կարծիքով, ուրեմն, այստեղ ոչ մի կարգին գրող չկա: Ես էլ գրող չեմ, հա՞, – կատաղի ցասումով բացականչեց նախկին գլխավորը: – Իմ երկերի երկհատորյակը իզո՞ւր են տպել, Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծի կոչում ինձ իզո՞ւր են տվել:

– Ժողովրդական բանաստեղծի կոչում քեզ տվել են նրանք, ովքեր քո գրածները կարդալ չեն կարող: Դա հիմարություն է, իսկ հիմարությունը, եթե ճշմարտության տեղ է դրվում՝ սարսափելի է:

– Փառք աստծո, – դանդաղ, բառերը ձգելով արտաբերեց նախկինը, – որ ո՛չ դու և ո՛չ էլ քո նմաններն են որոշողը, թե ում կարելի է տիտղոս ու կոչում տալ և ում՝ ոչ: Փառք աստծո, – կրկնեց նա՝ մոտենալով դռանը:

– Գնա, գնա, իմ ասածներից մենակ դա՞ կպավ քեզ, հա, – առերևույթ հանգստություն պահպանելով, քմծիծաղ տվեց Հուրունցը: – Գնա, հատուկ խանութից մթերք կբերեն, տանը չես լինի: Հատուկ խանութ, հատուկ հիվանդանոց, հատուկ հյուրանոց, հատուկ ռոճիկ ու հավելավարձ, հատուկ դեղատուն, հատուկ զուգարան, լրիվ հատուկ՝ ծննդատնից մինչև գերեզմանատուն, լրիվ հատուկ և լրիվ ժողովրդից անջատ: Հասել են իրենց պայքարի վերջնական նպատակին՝ կոմունիզմ են կառուցել, յուրաքանչյուրից՝ ոչինչ, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքի, իսկ պահանջմունքներն այնքան մեծ են, որ իսկական կոմունիզմ առայժմ հաջողվել է կառուցել միայն իրենց համար:

Նախկինը բազմանշանակ նայեց Հուրունցին, բիբերի մեջ ցոլաց չարության փայլը, սակայն ոչինչ չասաց, լուռ, զայրույթից կարմրատակած, քիթը վեր քաշելով դուրս եկավ, առանց հրաժեշտ տալու: Սակայն, երկվայրկյան չանցած, նա ետ եկավ և, բացելով դուռը, անողոք չարախնդությամբ նետեց.

– Գիտես ի՞նչ, Հուրունց, ասում են՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ՝ խակ է ասավ, – և շրխկոցով փակեց դուռը:

Տիրեց երկարատև լռություն:

Արինան իր սենյակի դուռը բացել, գլուխը դռան կողափայտին հակած, նայում էր:

– Տասնութ թվականին թուրքերը մորն ու քրոջն այստեղ՝ իր աչքի առաջ մորթել են, – ի վերջո լռությունը խախտեց Սաղումյանը: – Ինքը մահճակալի տակ թաքնված տեսել է, փոխանակ այդ մասին գրելու, ծռտի-մռտի հուշեր է գրում… Գնաց հաղորդելու, – ավելացրեց նա:

– Գիտեմ, – ներողամտորեն համաձայնեց Հուրունցը, ձեռքը թափ տվեց: – Եվ ո՞ւր է հասարակությունը, Հարություն, – նորից խոսեց Հուրունցը: – Օրինակ, դու, որպես պարտիզանական միավորման նախկին հրամանատար, ի՞նչ ես մտածում, ի՞նչ են մտածում կոմունիստները, որոնք ամեն ինչ գիտեն և ոչ մի խոսք չեն ասում հօգուտ արդարության, կուրորեն ծափահարում են ղեկավարությանն ու նրանց կամակատարներին: Վերջապես ամեն մի կոմունիստ, յուրաքանչյուր մարդ ունի՞ բարոյական պատասխանատվության զգացում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրում: Թե՞ վախկոտություն են խաղում, Համլետի ասած՝ «Խոհեմությունն այսպես ամենքիս վախկոտ է դարձնում և անվճռական»:

– Դու, սիրելի Լեոնիդ, տարիներ շարունակ անդադրում բողոքում, գրում ես ամեն տեղ, որևէ արդյունքի հասե՞լ ես արդյոք, – միջամտեց Սաղումյանը: – Ախր, բանն այն է, որ չարիքի դեմ պայքարելը հանձնարարվում է նրան, ով չարիք է գործում: Բողոքդ ուղարկում են նրան, ում դեմ բողոքել ես:

Հուրունցը լուռ էր, հետո խոսեց միանգամից՝ դանդաղ արտաբերելով բառերը:

– Այո, այդպես է: Ջահելները չգիտեն, բայց ես ու դու հո հիշում ենք, թե ինչպես էին պարտադիր փոխառությունները փաթաթում խեղճ ղարաբաղցու վզին, հետո այդ փոխառությունները մարելու նպատակով ինչպես էին թշվառ գյուղացու դռնից քշում տանում վերջին կովը կամ ոչխարը, պատից հանում կարպետը, դուրս քաշում ներքնակի բուրդը, խլում կարի մեքենան, ինչպես էին պոկում տանիքի թիթեղը՝ տունը թողնելով բաց երկնքի տակ: Բողոքներ էին, որ գնում էին Մոսկվա, բայց այդ բողոքները վերադառնում էին Բաքու, այստեղից էլ գալիս էին գյուղ՝ ոչ թե բողոքի իսկությունը պարզելու, այլ դրանց հեղինակներին գտնելու և պատժելու:

– Հա, դժբախտաբար, ճշմարտություն է այդ ամենը, – ասաց Սաղումյանը, ծանր օրորելով գլուխը:

– Մակար Բարխուդարյանցը, որ ուղիղ հարյուր տարի առաջ ծայրից ծայր շրջել է ողջ Ղարաբաղն ու գրի առել ամեն ինչ, նշում է, որ երեք քաղաքի, տասը ավանի ու ավերված երեք հարյուր վաթսուն գյուղերի փլատակներ կան Ղարաբաղի տարածքում, տասնյակ ու տասնյակ գյուղերի անուններ է թվարկում, ուր նախկինում հայեր էին ապրում, իսկ այժմ՝ քոչվոր ցեղեր: Վերցրեք մինչև հեղափոխություն հրատարակված հանրագիտարանները, – շարունակեց Հուրունցը, – և կտեսնեք, որ 1914-ին Լեռնային Ղարաբաղն ուներ երկու հարյուր քսանչորս հայկական գյուղ՝ երկու հարյուր յոթանասուն հազար հայ բնակչությամբ: Ղարաբաղի ամբողջ տարածքում ազգաբնակչության հինգ տոկոսն էր միայն այլազգի, մնացած իննսունհինգ տոկոսը հայեր էին: Մենակ հայեր: Տասնութ թվականի սկզբին այդ թիվը հասել էր երեք հարյուր երեսուն հազարի: Քսան տարի անց, այսինքն՝ Հայրենական Մեծ պատերազմի նախօրյակին, հայ բնակչության թիվը կրճատվել, հասել էր հարյուր երեսուներկու հազարի, որից քառասունհինգ հազարն ուղարկվեց ռազմաճակատ, այսինքն յուրաքանչյուր հինգից երեքը, մինչդեռ, ինչպես պարզվեց հետո, հանրապետության ադրբեջանական շրջաններից, որոնք բնակչությամբ չէին զիջում մարզին, զորակոչվել է հինգից-վեց անգամ քիչ մարդ:

– Իսկ կռվից հետո ինչքա՞ն մարդ քշվեց Սիբիր, – դառնությամբ լրացրեց Սաղումյանը:

– Կռվից հետո, 1949-ի հունիսի տասնչորսի լույս գիշերը, Ղարաբաղից քսանչորսուկես հազար մարդ աքսորվեց Ալթայի երկրամաս, – ի պատասխան արձականքեց Հուրունցը: – Այսքանն իբր քիչ էր, 1952-1955 թվականներին քսան հազար հայ պատանիներ ու աղջիկներ քշվեցին շինարարական կառույցներ՝ Սումգայիթ, Մինգեչաուր, Կարադաղ, Ալի-Բայրամլի… Սա Ղարաբաղը փաստորեն դատարկելու անսքող պլան էր, որը պետականորեն իրականացվում էր: – Հուրունցը դարձյալ քիչ դադար տվեց, հետո շարունակեց, – Կևորկովից առաջ Ղարաբաղում տեր ու տիրականը Վոլոդինն էր, համարյա նրա տեսակից՝ շորթող և ոչ հասարակ կաշառակեր: Նա ակնարկներ չէր անում, այլ պահանջում էր: Ծառայողական մեքենան ուղարկում էր կոլտնտեսությունները՝ տուրք հավաքելու՝ հավ, ձու, միս, յուղ, մեղր, պանիր, թոնրի հաց: Ինչ ասես: Բայց ամենից շատ՝ թթի օղի, տասը-քսան լիտրով: Դեպք է եղել, որ միանգամից քառասուն լիտր է պահանջել: Նախագահներից մեկը՝ Կարմիր գյուղի կոլտնտեսության նախագահ Թովմասյանը, չի դիմանում, տուրքի ետևից եկածին ոչ միայն գրողի ծոցն է ուղարկում, այլև հայհոյում է մարզկոմի քարտուղարին, նրան անվանելով մուրացկան: Ասում է ու ձեռը կրակն ընկնում: Խեղճ մարդուն կուսակցությունից ու պաշտոնից վտարում են, բանտ նստեցնում: Նա մի անգամ հարբած վիճակում ասել է. «Ամբողջ Ղարաբաղը բանտ կարող եմ քշել»: Եվ իսկապես, քանի-քանի մարդկանց անմեղ տեղը բանտ է նետել, քանի կյանք խորտակել: Ուր ուժն է օրենքը, այնտեղ օրենքն անուժ է: Զորեղների հավիտենավառ ու անմարդկային ուժի օրենքն է դա` ընդեմ թույլ ու խեղճերի, որ նոր չէ, գոյություն ունի մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, երբ աթենացիները Մելոս կղզու խեղճուկրակ բնակչությունից պահանջում էին ենթարկվել Աթենքին, որովհետև` զորեղն անում է, ինչ կարող է, իսկ թույլը զիջում է… Վոլոդինի գործունեության մասին վագոններով բողոքներ են ուղարկվել վերին ատյանները. ոչ մի օգուտ: Նրա հանցավոր արարքների մասին շատ առիթներով եմ խոսել, գրել, նույնը. ձայն բարբառո հանապատի: Ոչ մի օգուտ: Չեմ հիշում մի դեպք, որ կուսակցության կամ իրավապահ մարմինների աշխատողը որևէ հարցում սխալ լինի, արմատացած ավանդույթով նրանք միշտ ճիշտ են, գլուխդ թեկուզ քարին տուր, միևնույն է, չես կարող քոնն ապացուցել:

Արինան Հուրունցի համար թեյ բերեց, հախճապակե պնակիկի մեջ՝ մի քանի կոնֆետ:

Հուրունցը մի կում արեց մուգ թեյից, ասաց.

– Քաղբյուրոյի անդամ Պելշեի օգնականը, մերժելով ինձ ընդունել, հայտարարեց. «Դուք կուսակցության անդա՞մ եք, որ եկել եք Կենտկոմ: Իսկ ի՞նչ հարցով եք ուզում Պելշեի մոտ գնալ… Քննադատե՞լ մարզկոմի քարտուղարին՝ դուք մտածո՞ւմ եք ինչ եք ասում, ձեզ ո՞վ կհավատա: Եթե կուզեք իմանալ, ինքը՝ Պելշեն անգամ, չի կարող նրան մատով կպչել»: Ղարաբաղի հայերը հարյուրամյակներով թթի այգիներ են տնկել: Թթից չամիչ են չորացնում, դոշաբ են եփում՝ երկուսն էլ բուժական մեծ հատկություններով օժտված, օղի են քաշում: Օգտվելով օղու դեմ պայքարն ուժեղացնելու մասին միութենական կառավարության հակաժողովրդական որոշումից, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը կարգադրել է Լեռնային Ղարաբաղում կտրատել թթի բոլոր ծառերը, մարդկանց ու կոլտնտեսությունները զրկելով եկամուտի այդ չնչին աղբյուրից: Նպատակը հեռահար ու որոշակի՝ հայ գյուղացուն զրկել ապրելու միջոցներից, որ թողնի հեռանա, օջախն ու հողը լքի, գնա բնավորվի Հյուսիսային Կովկասում, միջինասիաներում, ուր ուզում է, միայն թե գնա: Սա ցեղասպանություն չի՞, որ Ադրբեջանի կառավարությունը որոշեց վերացնել մարզում եղած չնչին արդյունաբերությունը՝ ավտոտրանսպորտային շարասյունն ու սպանդանոցը տեղափոխել Աղդամ, մետաքսագործական ֆաբրիկան՝ Նուխի: Նպատակը նույնը՝ հայ մարդկանց զրկել աշխատանքից: Ստացվում է, որ Ղարաբաղի հայերի վիճակը շահի Պարսկաստանում անհամեմատ լավ էր, քան սովետա-ալիևյան Ադրբեջանում՝ երկու դար անց:

Հուրունցը շուռումուռ եկավ տեղում: Թեյ խմեց: Ընդհանուր լռության մեջ կրկին հնչեց նրա ձայնը.

– Վերջերս հակահայկական «Պրավդա» թերթի թղթակից Թաիրովը Նախիջևանի մասին ինչ-որ նյութ էր գրել. նա այնտեղ տեսնում է բազում մզկիթներ և իր քոռացած աչքով չի տեսնում ոչ մի հայկական եկեղեցի, չի տեսնում ավերված բնավեր Ագուլիսը՝ իր բազմաթիվ եկեղեցիներով, հայկական կիսաքանդ գյուղերը, Բադամլին, որն իր ութսուն ընտանիքներով՝ գյուղի քահանայի հետ միասին, մի օրվա մեջ թրքացվեց, այլապես մեծ ու փոքրով սրի էր քաշվում, էլ չեմ ասում՝ պատմաճարտարապետական անթիվ-անհամար հուշարձանները, Ջուղայի երեք հազարի հասնող ջարդված քարահյուս խաչքարերը: Նախիջևանի հայությունը դիմացավ սելջուկներին, ցարիզմի լծին, անգամ մուսավաթականներին, բայց, ահա, չի կարողանում դիմանալ խորհրդային պետության վարած հայադավ քաղաքականությանը, դատարկվում է:

– Ընկեր Հուրունց, – ասաց Լորաննան մի տեսակ ընկճված տոնով, – ուրեմն՝ ճի՞շտ էր Նաիրի Զարյանը, երբ ասում էր՝ Սևան, իզուր ես դու ափնակոծում, որոտում, ճակատագիրը իմ ու քո՝ օվկիանոսներն են որոշում:

Հուրունցը ձեռքը մտերմաբար դրեց Լորաննայի ուսին, դառը ժպտաց:

– Մինչև 1929 թվականը Հայաստանի տարածքը կազմում էր երեսունչորս հազար հինգ հարյուր երեսունինը քառակուսի կիլոմետր, Կովբյուրոյի՝ այդ նույն տարվա փետրվարի 18-ի որոշմամբ Հայաստանից Ադրբեջանին է հանձնվում չորս հազար յոթ հարյուր երեսունինը քառակուսի կիլոմետր տարածք: 1926 թվականի Խորհրդային մեծ հանրագիտարանի քարտեզում Լեռնային Ղարաբաղն անջատված չէ Հայաստանից: Հետագայում, որպեսզի Հայաստանը Ղարաբաղից անջատվեր, Մոսկվայի հրահանգով ստեղծվեց «Կարմիր Քուրդիստանի օկրուգը»: Այսօրվա Զանգելանի, Ղուբաթլուի, Լաչինի և Քյալբաջարի շրջաններն են: Հետագայում դրա կարիքը, պարզ է, այլևս չէր զգացվում. գործն արդեն արված էր: Դրա համար էլ քսանինը թվականին լուծարման ենթարկվեց: Երեսուն թվականի քարտեզներում այդ շրջաներն արդեն մտցված էին Ադրբեջանի կազմի մեջ, այսինքն՝ Ղարաբաղն անջատված էրՀայաստանից…

 

Հուրունցը քիչ լռեց, ասաց հոգնաբեկ.

– Հայաստանի վերջին բաժանումը նախատեսված էր հազար ինը հարյուր հիսուներեքի ամռանը: Բագիրովի դատավարության ժամանակ բացվեց դա: Ռազմական տրիբունալի նախագահ Ռուդենկոյի խաչաձև հարցաքննությամբ պարզվեց, որ Բագիրովը ծրագրել էր Ադրբեջանին միացնել Դաղստանը, ինչպես նաև ինքը՝ Բերիան և Ստալինը նախատեսել էին 1953-ի ամռանը կազմակերպել Հայաստանում բնակվող հայության մի վիթխարի բռնագաղթ, որով հանրապետության բնակչությունը կդառնար մեկ միլիոնից էլ պակաս, որպեսզի զրկվեր միութենական հանրապետության իրավունքներից: Ռուդենկոյի այն հարցին, թե Հայաստանն, ուրեմն, պիտի բաժան-բաժան արվեր, միացվեր հարևանների՞ն, Բագիրովն անվրդով պատասխանել էր, որ, այո, ծրագիրը խափանվեց միայն Ստալինի մահվան պատճառով: Ռուդենկոյի նոր հարցին, թե ո՞րն էր հիմքը, ի՞նչն էր միավորում ձեր, Բերիայի և Ստալինի մտադրությունները, Բագիրովն ասել էր՝ Կրեմլին ձեռնտու էր Արևելքում, մահմեդական աշխարհի նախադռանն ունենալ Ադրբեջանի պես հզոր ու հավատարիմ մի հենարան…

Հուրունցը դարձյալ քիչ լռեց, քրթմնջաց, ասաց.

– Երբևէ տեսել ե՞ք անտառից անջատ, մենավոր ծառ, որը լավ եղանակին լինի, թե վատ, անվերջ գալարվում է, ասես Ճյուղերով շուրջն ինչ-որ բան փնտրելով: Ինձ միշտ այնպես է թվացել, թե ծառը փնտրում, փնտրում է մեկի հուսալի ձեռքը, մեկի աջակցությունը ու չի գտնում: Անցնում են տարիները, տասնամյակները հաջորդում են իրար ու ծառը կա՝ հողմերից ծեծված, շարունակում է գալարվել ու փնտրել, փնտրել ու գալարվել: Ղարաբաղն է դա, որ ահա երեք հարյուր տարի ի վեր պատվիրակներ է ուղարկում այս ու այն կողմ՝ Իսրայել Օրուց մինչ այսօր, խնդրում, բողոքում ու տառապելով սպասում է օգնության, բայց քար լռության ու քար անտարբերության մեջ կանգնած՝ մենավոր այն ծառի պես չի գտնում աջակից ու հուսալի մի ձեռք ու գալարվում, տնքում է անամոք ցավից, չհասկանալով, որ, այո, օվկիանոսներն են որոշում իր բախտը: Դե, լավ, վեր կացեք գնանք, այս բոլորը, ինչ ձեզ պատմեցի, գրած ունեմ, բայց ո՞վ է տպագրողը, չեն տպում ու չեն էլ տպի, վեր կացեք, խոսելուց օգուտ չկա, խոսելով չէ՝ ազատությունը զենքով, զենքով է միայն ձեռք բերվում, զենքով ու անհամար մարդկանց սրբազան արյան գնով:

Հուրունցը վերցրեց իր հին, գույնը կորցրած ցմփոր պայուսակը և առաջինը դուրս եկավ միջանցք:

Վերելակի կողմից զրուցելով գալիս էին հաղորդավարները, որոնք եկել էին երեկոյան ծրագրի հաղորդմանը: Նրանց հետ էր և մանկական հաղորդումների բաժնի խմբագիր Թելման Կարաբաղլի-Չալյանը՝ դեղին փողկապով, գլխին մի տասնհինգ-քսան մազ, ակնակոպերի այտուցով, վազվզուն աչքերում՝ շարունակ ինչ-որ կարմրածություն, գունատ, սմքած շուրթերով, հիսունն անց մի տղամարդ, որը, եթե ոչ վերջնականապես ցնորված, ապա արդեն խանգարված մարդու տպավորություն էր թողնում: Եթե ոլորուն ու բարակ բեղեր պահեր՝ ծայրերը վեր ցցված, կարելի էր կարծել, թե ինքը՝ Սալվադոր Դալին է առջևդ կանգնած:

– Մունք եկալ ենք ախշադանքի, տուք քինամ եք դոն, – իր կարծիքով մաքուր հայերենով փիլիսոփայեց Թելմանն ու առանց բարևի անցավ մեր կողքով:

Այս Թելման Կարաբաղլի-Չալյանի մանկությունը Բարդա քաղաքում էր անցել, մայրը՝ մանկահասակ երկու երեխայով, ամուսնացել էր ադրբեջանցու հետ, նրա կրթությունն ադրբեջանական էր, համալսարանի իրավաբանականն էր ավարտել, ասում էին, որ նույնիսկ հեռավոր ինչ-որ շրջանում մի քանի ամիս դատախազ էր եղել: Այնուհետև աշխատել էր հեռուստատեսության ադրբեջանական խմբագրություններից մեկում, հայկական ծրագրի բացումից հետո նրան փոխադրել էին մեր խմբագրություն: Բայց թե ինչպե՞ս էր ավարտել համալսարանը, ինչպե՞ս էր աշխատել մինչև այդ՝ անհասկանալի էր. երկու-երեք էջանոց մանկական հաղորդման վրա երկու շաբաթ տնքում ու տառապում էր, և թե նախկին գլխավորն ինչո՞ւ էր նրան հայկական խմբագրությունում աշխատանքի ընդունել՝ նույնպես անհասկանալի էր: Ոչ այն է պետական անվտանգության կոմիտեից էին պարտադրել, ոչ այն է կենտկոմից, և ահա քանի տարի առոք-փառոք ապրում էր, ոչինչ չանելով: Նրա մասին տղաներն անեկդոտ էին սարքել, որը Հուրունցին ևս ծիծաղելի թվաց: Իբր, այս Թելմանի մայրը, Գիքորի պես ձեռքը բռնած՝ նրան տանում է հայկական «Կոմունիստ» թերթի խմբագիր Գեղամ Բարսեղովիչ Անտելեպյանի մոտ՝ աշխատանքի տեղավորելու: «Գոնե դառերը գիդի՞», – հարցնում է արևմտահայ Անտելեպյանը: «Չէ, մատտաղ, – պատասխանում է մայրը, – բա, որ իմանար՝ էլ ինչո՞ւ էի ձեզ մոտ բերում, կտանեի «Բակինսկի Ռաբոչի»:

Նոր գլխավորը նույնպես նրան ձեռք տալ չէր ուզում: Մի անգամ կոլեգիայի նիստում, երբ խոսք բացվեց այն մասին, որ նա ոչինչ չի անում, գլխավորը, չգիտես ինչու հուզվելով, դեմքն ափով շփեց՝ ասես ծանր հոգսն իրենից վանելու համար, և հայացքը փախցնելով ասաց. «Հաշվեք, որ դա փակ թեմա է և, խնդրում եմ, այդ մասին այլևս խոսք չլինի», իսկ ինձ առանձին ասաց. «Ես չեմ կարող նրան հանել, դա իմ ուժերից վեր է»:

Երեքով՝ Հուրունցը, Սաղումյանը և ես, վերելակով իջանք ցած, դուրս եկանք փողոց:

Գարնան օրը՝ ջինջ, արևը՝ հաճելիորեն տաք, հաստաբուն լորենիների ստվերում մի խումբ տղաներ թեյում էին՝ ալարկոտ նայելով անց ու դարձողներին, մեքենաների անվերջ հոսքը՝ պողոտայով, այգու խորքում, Իչարի Շահարի բարձրաբերձ պարսպի տակ, բացօթյա սրճարանում դպրոցականների խումբը զրնգուն ձայներով պաղպաղակ էր վայելում, նրանց անհոգ ծիծաղը տարածվում էր այգով մեկ…

– Նա պարտավոր է խմբագրել ուրիշի նյութերը, չի անում ու, պարզ է, չի էլ կարող անել, – ասաց Սաղումյանը Թելման Կարաբաղլի-Չալյանի հասցեին: – Այդքանը հերիք չէ, մեկն էլ պիտի նստի ու այս ու այնտեղից թռցրած նրա մանկամիտ բարբաջանքները թարգմանի, մշակի ու պատրաստի, որպեսզի նա չզրկվի ամենամսյա հոնորարներից:

– Սա նույնպես մեր ժողովրդի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքի արտահայտություն է, – եզրակացրեց Հուրունցը, – հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների կոմիտեում տասնյակ խմբագրություններ կան, մի՞թե հնարավոր չէր նրան մի այլ խմբագրությունում տեղավորել:

– Ադրբեջաներեն տառերը նույնպես չգիտի՝ ո՞վ կուզենա նրան պահել, – կատակեց Սաղումյանը: – Երկու հոգով են բաժնում, ինքն ու քո ասած էդ Գևորգ Աթաջանյանը, մի նադինջ, ամբարիշտ ու կռվարար տիպն էլ դա է, ամբողջ օրը կռիվ ու վեճ է: «Գրական Ադրբեջան» հանդեսում սրբագրիչ էր, հանեցին, ընդունել ենք ու մնացել ձեռքը կրակն ընկած:

– Իսկ գիտե՞ք, որ ցարի օրոք ու դրանից էլ շատ առաջ այստեղ, Բաքսովետի մետրոյի այս տարածքում, հիմիկվա ֆիլհարմոնիայի շենքից սկսած մինչև կենտրոնական ունիվերմագ, հայ-ռուսական մեծ գերեզմանոց էր: – Հուրունցը շրջվեց, արևով ողողված մայթին կանգնած՝ երկար նայում էր մեր շենքին, ուշադիր դիտում պատերի համաչափ ու ներդաշնակ համամասնությունները, պատուհանների կամարաձև շրջանակները, վահանաձև զարդերն ու խորաքանդակները: – Կյանքը մի ակնթարթ է՝ ներկայի ու անցյալի արանքում, – դեմքին խորին ափսոսանքի արտահայտություն, արտաբերեց Հուրունցը, մատներով սանրելով անհնազանդ մազերը: – Ինձ թվում է, ջահելության հմայքի ողջ գաղտնիքը ոչ թե ամեն ինչ անելու հնարավորության մեջ է, այլ այն մասին մտածելու հնարավորության մեջ, որ դու ամեն ինչ կանես: Մարդ իր կյանքն ապրում է երազելով՝ ջահել ժամանակ ուզում ես ուրախ ապրել, թեպետ ջահելությունն ինքնին ուրախություն է, մեծացած՝ ուզում ես լավ ապրել, ծեր հասակում մի բան ես ուզում միայն՝ երկար ապրել… Ասես երեկ էր, ջահել, ամբողջ կյանքս առջևում, թռվռալով իջնում-բարձրանում էի այս աստիճաններով, հիմա աստիճանների քարերն էլ են մաշվել իմ կյանքի նման… Ութ տարի աշխատեցի այստեղ, հեռուստատեսություն դեռ չկար, ռադիոհաղորդումների ռուսական հաղորդումների խմբագրությունում էի աշխատում, հաղորդումները հավասար կերպով տրվում էին երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, կոմիտեի նախագահը հայ էր, Հովհաննիսյան ազգանունով, կենտկոմի հայազգի քարտուղար էլ կար, կարծեմ՝ Առուշանով, իսկ մինչև Բագիրովը՝ Կիրովից հետո, կենտկոմի առաջին քարտուղարը Լևոն Միրզոյանն էր՝ Ղարաբաղի Աշան գյուղից: Նրանից հետո էլ առաջին քարտուղարը հայ էր՝ Ռուբեն Ղուկասովիչ Ռուբենով՝ հայտնի Ռուբենը: Բագիրովն ու Բերիան երեսունյոթին երկուսի գլուխն էլ կերան: Իսկ այս շենքը գիտե՞ս ումն էր, – հարցրեց նա:

– Իհարկե, գիտեմ, – կարծես թե նեղացավ Սաղումյանը: – Էդ մեր Լեոն կարող է չիմանալ, ես գիտեմ՝ Միրզաբեկյան եղբայրների շենքն է, ինը հարյուր իննսունինը սենյակ ունի, մեր կոմիտեից բացի տասնյակ ուրիշ հիմնարկություններ կան՝ է՛լ դատախազություն, է՛լ մինիստրություններ, է՛լ նախագծային ինստիտուտներ, տարբեր խմբագրություններ՝ ինչ ասես: Այս շարքի բոլոր տասներեք հոյակերտ տները հայերին էին պատկանում՝ Բուդաղյաններին, Շահգելդյաններին, Տեր-Ակոպովներին… Իսկ այս մեկը Թումանյանների տունն էր, մյուսը՝ Տեր-Ղուկասովինը, մինչև հիսուներեք թիվը Բագիրովն այդ տանն էր ապրում, հիմա պատկերասրահ է, քիչ ներքև, այս նույն փողոցի վրա, ծովափին, ղարաբաղցի Արամյանցի տունն էր, «Ազնևթի» վարչությունն է հիմա այնտեղ, ավելի դենը, Հայոց թեմական դպրոցների վարչությունն էր, Բաքսովետի ուղղությամբ, Արմյանսկայա կոչվող փողոցում, որ հիմա Գորկու անունն է կրում, Հայոց մարդասիրական ընկերության ու հայկական եկեղեցու շենքերի կողքին, Մանթաշովի տունն էր, 1918-ի սեպտեմբերին մուսավաթականներն ու թուրքերը երեք հազար հայ կին ու երեխա հավաքում, լցնում են Մանթաշովի այդ տան բակը և բոլորին սրի քաշում: Այն Մանթաշովի, որի սեփական միջոցներով Բաքվից մինչև Բաթումի 835 կիլոմետր նավթատար խողովակաշար գցվեց: Բաքվում հարյուրավոր շենքեր կան, այդ թվում Մագոմաևի անվան ֆիլհարմոնիայի և Ախունդովի անվան օպերայի ու բալետի շենքերը, որոնք մինչև հեղափոխությունը պատկանում էին հայերին: Գաբրիել Տեր-Ղուկասովը, ասում են, ճարտարապետ Տեր-Միքելովին պատվիրում է ֆիլհարմոնիայի ամառային դահլիճն այնպես նախագծել, որպեսզի քիչ այն կողմ, իր առանձնատան պատշգամբում նստած՝ կարողանա իրիկունները և՛ թեյ խմել, և՛ երաժշտություն ունկնդրել, որովհետև, ասում է, ինքը ժամանակ չունի համերգներ գնալու: Ճակատագրի չար հեգնանքով՝ հետագայում այդ տան պատշգամբում նրա դահիճ Միր-Ջաֆար Բագիրովն էր նստած թեյ խմում ու երաժշտություն լսում նրա կառուցած մարմարյա դահլիճից: Նայիր, ֆիլհարմոնիայի դիմացի ահա այն հոյաշքեղ տունը, որտեղ երեսնական թվականներին կենտկոմն էր տեղավորված՝ այդ նույն Բագիրովի գլխավորությամբ, նույնպես Տեր-Միքելովն է կառուցել:

– Այդ շենքերի տերերին թուրքերը կոտորեցին հինգ ու տասնութ թվերին՝ հափշտակելով նրանց գործարանները, ֆաբրիկաները, խանութներն ու գրասենյակները, – լրացրեց Հուրունցը փշրված ձայնով, – իսկ ովքեր ողջ մնացին՝ Բագիրովի ու Լավրենտի Բերիայի ձեռքով գնդակահարվեցին, մի մասին էլ քշեցին Սիբիր. գնացին կորան: Նրանցից և ոչ մեկը չվերադարձավ:

Լուռ քայլեցինք դեպի մետրո:

– Գրող Սուրեն Կասպարովի մոտ եմ գնում, – ասաց Հուրունցը: – Տղաները սպասում են, Ալիևի ու Կևորկովի հակահայ գործունեության մասին մի նամակ է՝ Քաղբյուրոյին ուղղված, պիտի միասին նորից կարդանք, առավոտյան շուտ հենց Սուրենի մոտից էլ կմեկնեմ օդանավակայան: Երեկ մի երկու հոգով մինչև ուշ երեկո դրանով էինք զբաղված, շատ խելացի դիտողություններ եղան, հարկավոր կլինի որոշ շտկումներ կատարել, ոչինչ, կանեմ, ասացին, որ Ճարտարի նախագահ Սուրեն Ադամյանն այստեղ, Բաքվում է, այսօր գալու է Կասպարովի մոտ, շատ լավ կլիներ, որ նա էլ ծանոթանար այդ նամակին: Լսիր, – հանկարծակի ու զարմացած ասաց նա: – Քանի տարի առաջ եմ տեսել, մի մազ անգամ չի փոխվել: Ահա ձեզ մի նոր Սամվել Գրիգորյան:

Մենք ակամա նայեցինք նրա հայացքի ուղղությամբ: Դիմացից մի ծերունի էր գալիս՝ բարձրահասակ, մեջքից մի թեթև կոր, սակայն առույգ քայլվածքով:

– Իսկ ո՞վ է դա, չեմ ճանաչում, – աչքերը կկոցած հարցրեց Սաղումյանը:

– Քիչ առաջ պատմում էի՝ հային հայի ձեռքով վերացնելու մասին: Սա հայտնի չեկիստ Ասծատուրովն է: Դավիթ Ավետովիչ Ասծատուրով: Լսած կա՞ք:

– Այն, որ Թևանին…

– Այո, այո, հենց նա է, որ կա: Թևանին, շնորհիվ որի Ղարաբաղի հայությունն ամբողջովին չբնաջնջվեց թուրք արյունարբու զավթիչների ու մուսավաթականների կողմից, սա է կործանել: Մեր թշնամին մեր մեջ է, Հարություն, ամենավտանգավոր թշնամին մեր մեջ է: Ծառը չէր տապալվի, եթե կացնի կոթն իրենից չլիներ… Իմացած եղիր, ազգերն ամենից շատ իրենց տականքների երեսից են տառապում:

Մինչ այդ ծերունին հասավ մեզ, ուզում էր անցնել, Հուրունցը կանգնեցրեց:

– Բարև ձեզ:

– Բարև…

Մարդը շփոթված կանգ առավ, անվստահությամբ ու փոխնիփոխ նայեց մեզ:

– Չեմ ճանաչում, – ավելացրեց նա մի տեսակ մեղավոր տոնով, – տեղը չեմ բերում:

– «Կոմունիստ» հայերեն թերթում ենք աշխատում, – չգիտես ինչ նպատակով՝ հնարեց Հուրունցը, – ինչպե՞ս եք:

– Ոչինչ, շնորհակալ եմ, անցյալ տարի իմ ծննդյան յոթանասունհինգ ամյակին շքանշան ստացա, իսկ այս տարի հրաձգության հանրապետական մրցումներում գրավեցի առաջին տեղը:

Սաղումյանը զարմանք արտահայտող դեմքով նայեց նրան:

– Յոթանասունհինգ տարեկանի նման չեք բոլորովին, – ասաց նա: – Դուք ինձնից շատ ջահել եք երևում:

– Սպորտով եմ զբաղվում, – փութով բացատրեց ծերունին: – Ժամը վեցից հետո հաց չեմ ուտում, ամեն օր սառը ցնցուղի տակ լողանում եմ, մարզանք եմ անում, իսկ իրիկունները նստած՝ հուշեր եմ գրում:

– Ինչի՞ մասին ես գրում, – խոսեցրեց Հուրունցը:

– Իմ գործունեության, – անվարան ասաց ծերունին, – քիչ բա՞ն կա գրելու: Օրինակ, մասնակցել եմ թաթարների տեղահանմանը՝ Ղրիմից Միջին Ասիա, Ուզբեկստան: Նրանցից անմիջապես հետո հույներին, բուլղարներին ու հայերին աքսորեցին: Հայերը համեմատաբար քիչ էին՝ ինը հազար վեց հարյուր քսանմեկ մարդ: Գաղտնի պայմանագիր է եղել կնքված, որ Ղրիմը դատարկեն՝ այնտեղ հրեաներին բնակեցնելու համար, բայց հետո Ստալինը միտքը փոխել է: Չեչենների ու ինգուշների տեղահանմանը՝ 1944 թվականի փետրվարի քսաներեքի տոն օրը, նույնպես մասնակցել եմ: Մի շատ հետաքրքիր դեպքի մասին պատմեմ, չեք իմանա… Լեռնային Հայբախ գյուղում ձյունամրրիկի պատճառով հնարավոր չէր բնակչությանը մեքենաներով փոխադրել մինչև երկաթուղային կայարան, ներքին գործերի ժողկոմի տեղակալ Բոգդան Կաբուլովի կարգադրությամբ, գյուղի ողջ բնակչությունը՝ յոթ հարյուր երեսուն մարդ՝ կին, տղամարդ, երեխա-բան, լցրեցինք կոլտնտեսության ձիաբուծական ֆերման, տախտակներով դուռ ու պատուհան ամուր մեխեցինք, հրացանները պատրաստ բռնած չորս կողմից շրջապատեցինք՝ իրարից մեկուկես մետր հեռավորության վրա, որ փախչող չլինի, վառեցինք ֆերման: Մինչև կայարան տանելու հնար չկար: Երկու ժամ էր տրված ընդամենը, միակ ելքը դա էր… Զանազան մարդկանց հետ եմ հանդիպել, նրանց մասին եմ գրում: Մեկը կար՝ մեր կարգերի թշնամի, իմ հրացանազարկից փորը պատռվել էր, սիրած աղջիկ ուներ, սա պատռված փորը մրթասեղով կարում էր, իսկ ինքը մեյխանա ասելով մեզ վրա կրակում էր: Կամ մի ուրիշ դեպք. մեկին Պարսկաստանում բռնել, բերել էինք ներքին բանտ: Սա խնդրեց, որ թույլատրենք վերջին անգամ իրենց տունը տեսնի: Հարուստ նավթարդյունաբերողի որդի էր: Տարանք, մեքենայից երկար նայում էր, գլուխն օրորելով արտասվում, հետո ոնց պատահեց՝ սիրտը պայթեց, տեղնուտեղը մեռավ:

 

– Թևանի մասին չե՞ս գրում, – հարցրեց Հուրունցը՝ աշխատելով պահպանել ձայնի բարեկամական հնչողությունը:

– Թևան Ստեփանյանի՞, – ոգևորվեց նա: – Գրում եմ, բա ոնց… Նա դաշնակցական բանակի սպա էր, մինչ այդ ցարական բանակի կազմում կռվում էր թուրքական ճակատում, բայց հետո հակահեղափոխական գործունեություն սկսեց: Զանգեզուրում Գարեգին Նժդեհ կար, լսած կլինեք, Վլադիմիր քաղաքի տաժանակիր աշխատանքի կենտրոնական բանտում մեռավ, այդ Նժդեհի ծավալած ռազմական ապստամբության տարբերակն էր իրագործում Ղարաբաղում՝ ձգտելով Լեռնային Ղարաբաղի միավորումը Զանգեզուրի ու Հայաստանի հետ: Զորք կազմած՝ սկսեց կռվել տասնմեկերորդ կարմիր բանակի դեմ, գրավեց Դիզակի և Վարանդայի բոլոր գյուղերը, հասավ մինչև Ասկերան… Մի խոսքով, – շունչ առավ ծերունին, – մեր չեկան նրան երկու անգամ ձերբակալեց, բայց Թևանը երկու անգամ էլ կարողացավ փախուստի դիմել: Չեկայի նախագահ Բագիրովն ու Բերիան, որն այն ժամանակ Բագիրովի տեղակալն էր, անձամբ գնացին Տումի, Թևանի ծննդավայրը, բայց անօգուտ: Հետագայում, քսանինը-երեսուն թվերին, Բագիրովը նորից գնաց Ղարաբաղ՝ փոքրիկ մի խմբով, երկու օր թաքնված մնացին, սակայն Թևանին բռնել այդպես էլ չկարողացան: Նրանք չկարողացան, իսկ ինձ հաջողվեց բռնել: Բայց շատ տարիներ հետո, իհարկե: Տասնմեկ տարի հետո:

Ծերունին դադար տվեց, ակներևաբար, սպասելով իր խոսքերի թողած ազդեցությանը, հետո ասաց.

– Թևանն իր անունն ու տեղը շուտ-շուտ փոխում էր՝ մեկ Պարսկաստանի հյուսիսում էր լինում, մեկ՝ հարավում, մեկ Բաղդադի հայաբնակ գյուղերում: Քառասունմեկ թվականի աշնանը, նոյեմբերի սկզբին, նա Մազանդարայի Սարի քաղաքում էր աշխատում. տեխնիկ-շինարար էր: Պարսկաստանում ստեղծված իրադրության պատճառով շինարարությունը դադարեցվել էր, և նա ուզում էր մեկնել Շիրազ՝ անգլիացիների մոտ, այնտեղից Ամերիկա մեկնելու մտադրությամբ: Մենք նրա համար ծուղակ սարքեցինք, – խնդմնդաց ծերունին, – նրա մոտ ուղարկեցինք մեր հայ գործակալներից մեկին, որը, իբր, նույնպես ուզում է գնալ Շիրազ, բայց վարորդը, որին նա գտել էր, մենակ մի մարդու համար չէր ուզում գնալ, իբր թե նրան ասել էր՝ մեկ-երկու հոգու էլ գտիր, այդ դեպքում կտանեմ: Թևանն ուրախությամբ հայտնում է, որ ինքը համաձայն է վճարել նրան ուզած գինը, միայն թե տանի: Մեր գործակալի հետ պայմանավորվում ենք՝ նրան սպասել Թեհրանից մոտ տասը-տասներկու կիլոմետրի վրա: Մեր մեքենայի շարժիչի ծածկոցը բարձրացրած կանգնել ենք, իբր, մեքենան փչացել է: Մեկ էլ տեսանք՝ հեռվից նրանց մեքենան երևաց: Տխուր տեսքով կանգնած ենք, և երբ նրանց մեքենան մոտեցել, դանդաղ անցնում էր մեր կողքով (նախօրոք պայմանավորվել էինք), բարձրաձայն, որպեսզի Թևանը լսի, Ղարաբաղի բարբառով ասացի. «Արա պա սհենց պեն կինի՝ մնացենք էս չոլումը»: Թևանը լսեց իմ խոսքերը, շտապ կանգնեցնել տվեց մեքենան և ուրախ տեսքով մոտեցավ մեզ՝ ասելով. «Պա ես մեռա՞ծ ըմ, որ տյուք չոլումը մնաք»: Չէր հասցրել թեքվել շարժիչի վրա, հետևի կողմից ամուր բռնեցի նրան, մյուս երկուսն էլ, ապրեն, իսկույն հասան՝ ձեռքերն ու ոտքերը կապեցինք: «Վահ, էս հի՞նչ նամարդ մարթ տյուս եկեք», – ասաց նա, բայց դե նրան լսողն ով էր, կոխեցինք մեշոկի մեջ, ամուր կապկպեցինք և այդպես էլ հասցրինք Թեհրան, որտեղից, Ալիևի կարգադրությամբ, ինքնաթիռով ուղարկեցինք Բաքու… Ոչ թե այսօրվա Ալիևի, այլ նրա աներոջ՝ Ազիզ Ալիևի կարգադրությամբ: Նա մեր միսիայի ղեկավարն էր Իրանում:

Ծերունին լռեց, շունչը տեղը բերեց, ասաց.

– Թևանը մանր ձեռնագրով գրած մի հաստ տետրակ ուներ՝ «Մոռացված հերոսը» վերնագրով: Հարցաքննության ժամանակ ոչինչ չէր խոստովանել, հենց այդ օրագիրն էլ ներկայացվեց նրան որպես մեղադրանք: Մի անգամ, – կրկին խնդմնդաց ծերունին, – հարցաքննության ժամանակ, որը տևել էր շուրջ երեսունհինգ ժամ՝ փոփոխվող քննիչներով, քննիչ Իշխանովը հանկարծ ննջում է: Բացում է աչքերը՝ Թևան չկա: Աղմուկ, իրարանցում, տագնապ քաղաքում՝ չկա: Առավոտյան հավաքարարուհին տեսնում է սանդուղքների տակ մի մարդ քնած: Թևանն է: Փորձել է փախչել, տեսել է հսկիչը դռան մոտ կանգնած, թաքնվել, սպասել է ու քնով անցել: Բագիրովն իր կաբինետում գնդակահարեց նրան, իսկ ընտանիքն աքսորվեց Ղազախստանի հյուսիսային կողմերը:

– Բագիրովը, որի բռնաճնշումներին Ադրբեջանում զոհ գնաց մոտ հարյուր քսան հազար մարդ՝ գերազանցապես հայեր, քրդեր, լեզգիներ ու թալիշներ, նմանապես Բերիան և դու ինչո՞ւ չէիք բռնում Խոսրով բեկ Սուլթանովին, որի հրամանով ու մասնակցությամբ սրի քաշվեց Խնածախ, Դաշուշեն, Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած հայկական Ղարաղշլաղ, Փարաջանց, Հարար, Մինքենդ, Սպիտակաշեն ու Պետրոսաշեն գյուղերի բնակչությունը, – անշտապ, կարծես ինքն իրեն հանգստացնելով ասաց Հուրունցը: – Հադրութի արևմտյան մասում գտնվող այդ Հարարը Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղով Ղարաբաղը կապում էր Հայաստանին ու մինչև տասնութ թիվը հազար յոթանասունութ բնակիչ ուներ: Մուսավաթականներն ավերեցին այն, իսկ այնուհետև Միր-Ջաֆար Բագիրովի հրահանգով հայկական Հարարն իր ողջ մնացած ութսունհինգ հայ բնակչությամբ միացվեց այսօրվա Ֆիզուլիի շրջանին: Ի՞նչ իրավունքով արվեց դա: Ինչո՞ւ չբռնեցիք աչքի մեկը քոռ Սուլթանովին, երբ թուրք ասկյարներն ու հինգ հազարանոց քուրդ զինված հեծելազոր խուժանը նրա գլխավորությամբ կոտորեց Շուշիից երկու կիլոմետրի վրա գտնվող Ղայբալիշեն հայկական մեծ գյուղի ու Ստեփանակերտին կպած Փահլուլ ու Կրկժան գյուղերի ողջ բնակչությանը՝ սպանելով վեց հարյուր անպաշտպան կանանց ու երեխաների, որոնց միակ հույսն ու պաշտպանը Թևանի խումբն էր: Քո այդ հայատյաց Բագիրովը չէ՞ր, որ հետագայում ինչպես այդ, այնպես էլ մյուս հայկական գյուղերը բնակեցնել տվեց հատուկ ծրագրով Հայաստանից տեղահանված հինգ հազար քոչվոր թուրքերով: Նմանապես նույն քուրդ Սուլթանովը չէ՞ր, որ վառեց Շուշին, սրի քաշելով նրա բազմահազար բնակչությունն ու գլխատել տալով հայոց թեմի առաջնորդ տեր Վահանին, որի գլուխը վայրենի ամբոխը ցից հանած պտտեցնում էր քաղաքի փողոցներում: Թևանը շատ տեղին խոսք է ասել, – չոր ու կոպտորեն վրա բերեց Հուրունցը՝ արգահատանքով նայելով ծերունուն: – Իրոք, շատ նամարդ մարդ եք եղել: Վատ մարդ:

Ծերունին, հանկարծակիի եկած, ետ ընկրկեց, հոնքերը զարմացած բարձրացան, մաքուր ածիլած թորշոմած դեմքը լարվեց: Նա կարճ մի պահ տարակուսանքով զննեց մեզ և, արագ շրջվելով, հեռացավ իր ոչ ծերունական կայտառ քայլվածքով:

– Դե, լավ, ես գնացի, – ուշացումով ասաց Հուրունցը, մի տեսակ հոգնած հայացքով ուղեկցելով հեռացող ծերունուն: – Մի ամբողջ գյուղ՝ ծեր, մանուկ, հարազատներով միասին, վառել են: Էսէսականների, ֆաշիստների ու դրանց արածների միջև որևէ տարբերություն տեսնո՞ւմ եք: Ասենք՝ տարբերություն կա. նրանք հակառակորդի, թշնամու հետ էին դաժանորեն վարվում, սրանք՝ սեփական ժողովրդի, ու այն էլ ավելի գազանաբար: – Դառնալով ինձ, ասաց, – Իմ խելքի տղամարդն ամուսնանում է անխելքությունից, բաժանվում է համբերության պակասից, կրկին ամուսնանում է՝ կարճ հիշողության պատճառով: Դու էդպես չանես… – Նա ժպտաց բարեսրտորեն ու պատվիրեց, – մյուս անգամ որ եկա՝ ամուսնացած լինես, չնայած, իհարկե, ամուսնությունը երբեմն նաև դառնություններ է բերում, բայց երկար ամուրի մնալու մեջ նույնպես ոչ մի լավ բան չկա: Տղամարդը կյանքում երկու ճանապարհ ունի՝ մնա ամուրի ու իրեն զգա դժբախտ կամ պսակվի ու այլևս ապրել չուզենա… Սոկրատեսն ի՞նչ է ասել՝ ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի. լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, թե վատը եղավ՝ կդառնաս փիլիսոփա, – ծիծաղեց նա, գրկեց իմ ուսերը: – Լավ խոսք է ասել, իսկ քեզ, – հրաժեշտի համար սեղմելով Սաղումյանի ձեռքը՝ ասաց Հուրունցը, – առողջություն եմ ցանկանում: Դիմանանք, տեսնենք ինչ է դառնում վերջը: – Հուրունցը մի քայլ արեց, ետ շրջվեց: – Մենք դեռ կհանդիպենք, – բազմանշանակ ժպտաց նա:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru