bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

տեղով էդպիսի բա՞ն կանի: Գազանը չի անի, բայց ահա մարդն

*Գըրըն, գըրըն (ադրբ.) – Կոտորեք, կոտորեք

արել է: Սովետական մարդը:

տեղով էդպիսի բա՞ն կանի: Գազանը չի անի, բայց ահա մարդն արել է: Սովետական մարդը:

Մայրս լռեց: Սիավուշը ետ շրջվեց, բռնեց ձեռքս՝ այսինքն արիացիր: Ես նրա աչքերում արցունք տեսա:

– Աստված մարդուն իր պատկերով ստեղծեց, – նորից խոսեց մայրս, – ստացվում է, որ մարդկանց սպանելով, նրանց անխղճորեն մորթելով՝ Աստծուն են սպանում ու մորթում: Բա էդ ո՞նց կլինի:

Քիչ անց նա դարձյալ խոսեց, խոսեց ծանր, ասես ինքն իրեն էր խոսում.

– Զարմանալի է, բայց բոլոր սպանվածներն ու տուժածները հայեր էին: Միայն հայեր՝ կամ մեզ նման փեզո եկած, կամ էլ նրանց անմեղ զավակները: Սա ի՞նչ բան է, անհասկանալի է… Առավոտյան ժամը յոթին երեք միլիցիոներ եկան ակումբ՝ շտապ օգնության հիվանդանոցի բուժքրոջ հետ: Ես քանի տարի էդ հիվանդանոցում էի աշխատում, բուժքրոջը բերել էին, որ գտնի ինձ հինգ հազար մարդու մեջ: Չորս հայրուր տեղանոց ակումբում, դուք տեսաք, հինգ հազար մարդ՝ մեծ, փոքր, ջարդված, վիրավոր, իրար վրա թափված՝ գետնին, նստարանների վրա ու նստարանների տակ: Ո՛չ ջուր կա, ո՛չ լույս՝ հակասանիտարական վիճակ: Երեք շարք զինվորներով, տանկերով պաշտպանում են, որ խուժանը չհարձակվի: Դե դա դուք նույնպես տեսաք: Ինձ տարան հիվանդանոց: Ճանապարհին տեսա, ավերված բնակարանները շտապ նորոգում էին: Ինձ տարան հիվանդանոց, ու ես հասկացա, որ ամուսինս չկա արդեն: «Սառա բաջի, ասում եմ բուժքրոջը, մեռածների մե՞ջ է ամուսինս»: «Չէ, ասում է, ի՞նչ ես ասում»: Նա ամուսնուս, իհարկե, ճանաչում էր, քանի անգամ հիվանդանոցի նորոգման ժամանակ օգնել է: Գլխավոր բժշկին ասում եմ. «Դոկտոր, ասա, խնդրում եմ, ամուսինս մեռա՞ծ է»: «Ի՞նչ ես, ասում է, անընդհատ՝ մեռած է, հա, մեռած է»: «Աղաչում եմ, ասում եմ, ասա»: Եվ նա ասաց: Ես լալիս էի, ճչում, գոռում էի հենց նրա առանձնասենյակում: Նա ասում է՝ «Գնա մի քիչ հանգստացիր»: Հետո ինձ տարան մորգ: Էնտեղ այրված մարդիկ կային, այդ թվում կանայք ու մի երեխա: Երևի մի տասը տարեկան կլիներ էդ երեխան: Ես որ էդ ամենը տեսա՝ ոնց որ թե խելագարվեցի: Ասացի չեմ կարող նայել, չէ, չեմ կարող: Քննիչ կար, էդ քննիչն ասում է. «Նա մի հատուկ նշա՞ն ունի»: Ասում եմ. «Ձեռքի մատի՝ բութ մատի կեսը չկա: Աշխատանքի վայրում է վնասել: Տվեք շորերը, ասում եմ, կամ էլ կոշիկը տվեք, գուլպան, ես կճանաչեմ»: Բերեցին շապիկի մի թևքն ու նրա հագի սվիտերը… բոլորը վառված… Ես դա հենց տեսա, գոռացի՝ վա¯յ, գազաններ, նրան վառել են: Ես ճչում էի, լաց լինում, չգիտեմ՝ հատակին էի ընկել… թե նստած էի, չեմ հիշում: Իսկ քննիչն ասում է. «Դե, լավ, լավ, ուրեմն ճշտեցինք, որ դա նրա հագուստն է, ձեռքի բութ մատն էլ կտրված»: Հետո մեր գլխավոր բժիշկն ասաց, որ հարկավոր է շուտ թաղել, չի իմացվի, հետո ինչ կկատարվի: Բա ասում եմ՝ ո՞նց կլինի, տղաս չկա, աղջիկներիս մեկը Չարենցավանում է, մյուսը՝ Ստավրոպոլում, ո՞նց կլինի դա: Քույրեր ու եղբայր ունի, հեր, մեր: Էդպիսի պատվավոր մարդուս էդպես անպատիվ թաղեցինք: Վախենում էինք, որ գերեզմանի վրա էլ կարող են հարձակվել, շտապ-շտապ թաղեցինք, բժիշկը շատ օգնեց, աստված պահի նրա երեխաներին: Աստված ձեզ էլ պահի-պահպանի, որ էս նեղ օրը երկու անգամ եկաք Սումգայիթ, հենարան եք կանգնել որդուս: Մինչև երկինք շնորհակալ եմ:

– Իսկ քեռի Աբբասը չի՞ երևացել, – երկար լռությունից հետո հարցրեցի ես:

– Քեռի Աբբասը հիվանդանոցում պառկած էր՝ վերակենդանացման բաժնում: Հենց առաջին իրիկունը «Բահար» ռեստորանի մոտ խուժանը հարձակվել էր տրոլեյբուսի վրա, պահանջել, որ հայերն իջնեն: Կռվի մեջ էր մտել՝ հայերին պաշտպանել, երկաթե ձողով մի քանի անգամ խփել էին, երկու օր ուշքի չէր եկել: Ձեռքն էլ կոտրված է: Բա նա հորդ մենակ կթողնե՞ր որ… Էդպես էր, լավերը տուժում էին, վատերն՝ օգտվում: Աստված քոռ է, չի տեսնում, որպեսզի մարդկանց ըստ իրենց սրտի գնահատի, լավին՝ լավ, վատին՝ վատ, բայց դե, տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է անում:

– Լեո, ընդունիր իմ ցավակցությունը, – բաժանվելիս ասաց Սիավուշը, – և իմացած եղիր, որ Սումգայիթի այս հրեշավոր ոճրագործությունն ադրբեջանական ժողովուրդը չի կազմակերպել, այլ կուսակցական-կառավարական ադրբեջանական մաֆիան՝ հենվելով խաժամուժի վրա: Ազգայնական կուսակցական այդ մաֆիայի թիկունքին կանգնած է կենտրոնական համամիութենականը: Բոլոր նշաններով հանգամանորեն կազմակերպված կոտորած է սա: – Սիավուշը հոգոց հանեց, ասաց, – այո, մաֆիան իրականացրեց այս ցեղասպանությունը՝ խրախուսվելով Կրեմլի վերակառուցման ու հրապարակայնության հակառակորդներից: Մոսկվան չի վճռի Ղարաբաղյան հարցը, – շարունակեց Սիավուշը: – Կրեմլն ազգային լարվածության կետեր է ստեղծում ոչ թե հանուն կամ ընդդեմ որևէ հանրապետության, այլ հանուն կայսրության պահպանման և ամենասարսափելին մեզ համար գիտե՞ս որն է, Լեո, – դարձյալ հոգոցով ասաց նա, – չգիտեմ, դու մտածե՞լ ես այդ մասին, թե՞ ոչ, ես շատ եմ մտածել, ամենասարսափելին մեզ համար այն է, որ նոր սերունդ կգա, տարված ազգայնամոլա-հայրենասիրական հովերով, և չի իմանա, երբեք չի իմանա, որ իրենցից առաջ կային մարդիկ, և շատ էին նրանք, որոնց համար ազգ ու ազգություն չկար, նրանք վեր էին կանգնած այդ ամենից, չեն իմանա, թե ինչքան էինք կապված միմյանց, ինչպես էինք իրար սիրում: Այ, դա է ամենասարսափելին: – Նա նայեց ինձ կարեկցությամբ ու տրտում, ավելացրեց, – մի անգամ ևս, խնդրում եմ, ընդունիր իմ ցավակցությունը: Ես կզանգեմ քեզ:

* * * * *

Մայրս Բաքվում մնալ չէր ուզում:

– Չէ, չեմ մնա էստեղ, չեմ կարող, – ասաց նա: – Ուղարկիր քույրերիդ մոտ՝ Ստավրոպոլ կամ Չարենցավան: Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի:

Փորձեցի զանգել Չարենցավան, ոչինչ չստացվեց: Իսկ Ստավրոպոլի հետ միացա առանց դժվարության: Քույրս երկար լաց էր լինում, ոչ մի կերպ չէի կարողանում սփոփել նրան: Ի վերջո, լսափողը տվեցի մորս: Սկզբում նա հանգիստ խոսում էր, հետո չդիմացավ, սկսեց լաց լինել և այդպես լաց լինելով պատմում էր հորս ողբերգական մահվան մասին: «Կյանք չունեմ էլ, մատտաղ, – ասաց նա, – հորիցդ հետո իմ ապրելն արդեն իզուր է»: Չարենցավան նույնպես հաջողվեց զանգել, բայց դա ուշ ստացվեց, համարյա գիշերվա տասներկուսի մոտերքը:

Առավոտյան գլխավորը զանգեց, ցավակցություն հայտնեց, ասաց, որ շատ է վշտացած: Հետո հարցրեց՝ հո ոչ մի տեղ չե՞ս գնում:

– Ոչ, – ասացի, – տանն եմ:

Նա եկավ Լորաննայի և Արինայի հետ: Ընկճված տեսքով էին երեքն էլ: Գլխավորն առանց վիրակապերի էր, աչքի տակը՝ լայնակի սև այտուցով: Գրկեց ինձ, մի տեսակ փոխված ձայնով ասաց՝ «Պինդ կաց»: Լորաննան թեթևակի սեղմեց ձեռքս, ցածրաձայն ասաց՝ «Ցավակցում եմ», իսկ Արինան կանգնել էր միջանցքում, փոքր-ինչ շփոթահար տեսքով, ուղիղ նայում էր՝ ասես չհամարձակվելով առաջ անցնել:

– Ներս արի, Արինա, ինչո՞ւ ես կանգնել, – ասացի ես փորձելով ժպտալ և մեկնեցի ձեռքս:

Նա իր փոքրիկ սառը մատներով սեղմեց ձեռքս, առաջ եկավ: Նրա սև, շողշողուն աչքերում փայլատակեց արցունքը, և ես խորապես զգացի նրա անհուն կարեկցանքն իմ հանդեպ, նրա անկեղծ ձգտումը՝ հաղորդակից լինել իմ դժբախտությանը: Իսկ գուցե դա նրանի՞ց է, որ ինքը՝ Արինան, մանկուց էր զրկվել մորից և գիտեր, թե ինչ ծանր բան է ծնող կորցնելը: Նրանք մորս նույնպես ցավակցություն հայտնեցին:

– Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի, – դարձյալ ասաց մայրս: – Էդ քաղաքն արատավորված է մեր՝ հայերի արյունով: Անմեղ մարդկանց արյունով:

– Մի՞թե կազմակերպված էր այդ ամենը, – հենց այնպես հարցրեց գլխավորը:

– Կազմակերպված էր, – հանգիստ ասաց մայրս: – Սուտ լուրերով մարդկանց գրգռեցին, լցրին փողոցները: Բա, իհարկե, կազմակերպված էր: Նախօրոք լավ կազմակերպված էր, իսկ մենք ոչինչ չգիտեինք: Բոլոր հայերին աշխատանքի վայրից ուղարկում էին տները՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ էին հեռախոսներն անջատել: Որտեղի՞ց նրանց հայերի ցուցակները: Եվ ինչո՞ւ միլիցիան ու շտապ օգնությունը չէին արձագանքում մեր կանչերին: Զրահամեքենաները քաղաքում շրջում էին, հարյուր մետրի վրա մարդկանց սպանում էին, բայց նրանք չէին միջամտում՝ հրաման չկար: Ինչո՞ւ էր էդպես: Երևի, կքննեն, կպարզեն ճշմարտությունը, էդպես չի մնա:

– Ցավալի է, շատ է ցավալի, որ մեր երկրում, ուր ժողովուրդների բարեկամությունն անսասան սրբության նման մի բան է համարվում, օրը ցերեկով մարդուն կարող են սպանել այն բանի համար, որ նա մի այլ ազգության է պատկանում, – հոգոցով ասաց գլխավորը: – Սումգայիթը մեզ հազար տարով քաղաքակրթությունից ետ մղեց դեպի վայրենություն:

– Հազար տարի առաջ կրակի վրա մա՞րդ էին խորովում, ուտում, – միամիտ հարցրեց մայրս, և գլխավորը ոչինչ չգտավ պատասխանելու:

– Գոնե կարեկցողներ կայի՞ն ադրբեջանցիների մեջ, – հարցրեց Լորաննան, – օգնո՞ւմ էին որևէ բանում:

– Կային, իհարկե, կային, օգնում էին, – պատասխանեց մայրս: – Լեզգիները, թալիշները, իրենք` ադրբեջանցիները… Առանց նրանց օգնության շատ մարդ կզոհվեր, շա¯տ: Բայց քիչ էին դրանք: Հիմնականում բոլորը ջարդարարների կողմն էին, նրանց միացած սպանում ու թալանում էին, կամ էլ իրենց պատշգամբներին կանգնած, առանց տոմսի թատրոն էր. նայում էին, թե ոնց են այրում մարդկանց: Աստված գազա՛ն մարդու մեջ պիտի խիղճ դնի, խեղճ մարդու խիղճն ո՞ւմ է պետք: Աստված ո՞նց է էդ բոլորը տեսնում ու համբերում: Էհ, գուցե հենց Աստված էլ չկա, գուցե էդ էլ է սուտ… Լավ, էս ինչո՞ւ եմ էսպես նստել:

Մայրս գնաց խոհանոց՝ սեղան գցելու: Լորաննան ու Արինան իսկույն ելան տեղից՝ նրան օգնելու:

– Ախպեր, դիմացիր, կյանք է, – սիրտ տվեց գլխավորը: – Մյուս աշխատողներն էլ էին ուզում գալ՝ Միշա Հաջիյանը, Նորան, Մնացականը, Բոջիկյանը, Հախումյանը, Յուրի Պողոսյանը, մյուսները: Բայց ես հարմար չգտա: – Նա քիչ լռեց, ասաց, – Ես էլ եմ փոքրուց ծնող կորցրել: Է¯հ, քանի տարի է անցել, բայց մոռանալ չեմ կարողանում: Ծնողին մոռանալ չի լինի:

Երկար լուռ էինք երկուսս էլ, հետո գլխավորն ասաց.

– Լեո, մայրդ ասում է՝ կքննեն, կպարզեն ճշմարտությունը: Նա հավատում է, որ այդպես էլ կլինի: Բայց, ահա, ես չեմ հավատում՝ չի լինի դա: Դաշքեսանի շրջանի երկուհազար բնակիչ ունեցող Բանանց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան էր կանգնեցվել: Այդ գյուղից կռվի դաշտում ավելի շատ մարդ է զոհվել, քան շրջանի բոլոր ադրբեջանական գյուղերից՝ միասին վերցրած: Կարճ՝ շրջանի ղեկավարության ու մշակույթի նախարարի առաջին տեղակալ Թեյմուր Սուլեյմանովիչ Ալիևի գլխավորությամբ մի գիշերվա մեջ հուշարձանը ջարդուփշուր արվեց: Որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց դրա համար: Ընդհակառակը, ընդհարում եղավ այդ հողի վրա և տասնյակ հայ պատանիներ բանտ նետվեցին: Նույնը կատարվեց նաև իմ հայրենի Շամխորի շրջանում, երկու հազար տարվա պատմություն ունեցող Չարդախլու գյուղում, որը երեք հազարից ավելի հայ բնակիչ ունի: Դա այն գյուղն է, որը Խորհրդային Միության երկու մարշալ, տասնյակ գեներալներ ու հերոսներ է տվել: Պատերազմ մեկնած հազար երկու հարյուր հիսուն մարդուց չորս հարյուր հիսուներկուսը չեն վերադարձել: Ո՞վ պատասխան տվեց: Ոչ ոք: Շրջկոմի առաջին քարտուղար Ասադովն արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և առաջ քաշվեց: Հիմա կենտկոմի բաժնի վարիչ է և սպառնալիքներ է հղում Ղարաբաղին: Խոսք կա, որ այս երկու օրը ներքին գործերի նախարար է նշանակվում: Շահումյանի շրջանի հողատարածությունները տարեցտարի խլում, տալիս են ադրբեջանական շրջաններին՝ ջախջախիչ հարված հասցնելով հայկական տնտեսություններին: Սովետական Միության երեք հերոսի ու ադմիրալ Իսակովի ծննդավայր Գետաշեն գյուղը, որն ավելի քան հազար հինգ հարյուր զինվոր ուղարկեց ռազմաճակատ ու նրանց կեսն այդպես էլ չվերադարձավ տուն, հարթավայրային մասում ահագին հողեր ուներ, գյուղ էլ կար՝ Չալաբերդը, մի երկու անգամ եղել եմ այնտեղ, ուղղակի դրախտ, վերջերս վերցրել, ինքնակամ կերպով կցել են Կասում Իսմայլովի շրջանին: Ո՞ւմ են կանչել դրա համար պատասխանատվության՝ դարձյալ ոչ ոքի: Սումգայիթի եղեռնագործությունն իր ողջ ճշմարտությամբ չի բացահայտվի երբեք: Ճշմարտությունը պարզելու համար նախ պետք է հասկանալ, թե ում է դա ձեռնտու: Սումգայիթն իսկական ցեղասպանություն էր՝ ծանրագույն հանցանք մարդկության դեմ: Բայց ուրիշ բան կա դրա տակ, Լեո, ոչ պակաս սարսափելի: Իմ կարծիքով, դա վիթխարի այսբերգի տեսանելի կողմն է միայն, քաղաքական կողմը՝ սարսափ ներշնչել հայությանը, կաշկանդել նրա կամքն արյունալի նոր ոճիրների հնարավոր հեռանկարով, ստիպել, որպեսզի հայ ժողովուրդը ետ կանգնի Ղարաբաղյան շարժումից: Բայց, կրկնում եմ, դա այսբերգի տեսանելի կողմն է միայն:

 

Գլխավորը բազմանշանակ ժպտաց, ասաց.

– Իսկ անտեսանելի կողմում, ահա, թե ինչեր կան: Ասեմ, հիշիր՝ ըստ իս, սա Գորբաչովի ու նրա շրջապատի՝ Լիգաչով, Կրյուչկով, Յազով, Պուգո, Շատալին, Լուկյանով-Մուկյանովի կանխապես պատրաստած գործն է, հետագա իրադարձությունները, համոզված եմ, կհաստատեն դա: Պարզապես Ղարաբաղը հարմար կռվախնձոր էր՝ երկու հարևան ժողովուրդներին իրար դեմ հանելու համար: Հինգ թվականին ճիշտ նույն ձևով վարվեց նաև Նիկոլայ երկրորդ ցարը: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Լևոն Շանթն իր նամակներից մեկում նշում է, որ քաղաքականությունը ստի ու խաբեության հյուսվածք է: Այդպես էլ կա, քաղաքականությունը կեղտոտ գործ է, քաղաքագետները՝ անամոթ ու խարդախ մարդիկ: Ստալինը հեղափոխական գործիչ էր, բայց միաժամանակ թուրքական ու ցարական հակահետախուզությունների գործակալ էր, Բերիաշվիլի անվան տակ երկու տարի թաքնված ապրել է Թուրքիայում: Բերիան մուսավաթական կուսակցության ամենաակտիվ անդամներից մեկն էր, մասնակցել է Բաքվի 26 կոմիսարների բանտարկությանն ու գնդակահարությանը Ախչա-Կույմայում: Մոսկվան շատ լավ գիտեր այս ամենը, և՝ ոչինչ: Մի խոսքով, շատ հնարավոր է, որ Գորբաչովն արևմտյան տերությունների, առանձնապես ամերիկյան կողմի ոչ անշահախնդիր հովանավորությամբ հեռահար նպատակ է հետապնդում՝ քայքայել, մասնատել խորհրդային հզոր պետությունը: Համաձա՞յն չես այս տեսակետին: Մոսկվայից միութենական դատախազի՝ առանձնահատուկ գործերի գծով օգնական Ասլախանովի գլխավորությամբ երկու ամիս առաջ քննչական հանձնաժողով է եկել այստեղ՝ ստուգելու Հեյդար Ալիևի գործնեությունը՝ զանգվածային հավելագրումներ, անհիմն բանտարկություններ, սպանություններ, այդ թվում և Քյուրդամիրի կուսշրջկոմի առաջին քարտուղար Մամեդովի սպանությունը, պետական մասշտաբի զանազան զեղծարարություններ, անսահման չափերի հասնող կաշառք և այլն: Պարզ է, խոսքն այն տարիների մասին է, երբ Ալիևը գլխավորում էր Ադրբեջանի կուսակցական կազմակերպությունը, այսինքն՝ երբ նա հանրապետության ղեկավարն էր: Երեք հյուրանոց՝ «Ազերբայջան», «Ապշերոն» ու «Յուժնայա», լցված են մոսկովյան քննիչներով: Կարճ՝ Թելման Գդլյանի ու Իվանովի ուզբեկական հանձնախմբի տարբերակն Ադրբեջանում: Եթե Ուզբեկստանում հափշտակումները միլիոնների էին հասնում, այստեղ միլիարդներից են խոսում: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, գլուխներ են թռչելու, և այն էլ ի¯նչ գլուխներ: Բանտերը կլցվեն նրանցով, ովքեր երկար տարիներ անխնա թալանում, կողոպտում էին հանրապետությունն ու հիմա էլ անպատիժ շարունակում են նույն թալանն ու կողոպուտը: Այս ամենը չի՞ կազմակերպվել, արդյոք՝ ձախողելու, խափանելու քննչական հանձնախմբի աշխատանքները: Միտինգներում արդեն խստորեն պահանջ է դրվում՝ հանձնախումբն անհապաղ հեռացնել Ադրբեջանից, որովհետև նրա ներկայությունը, իբր, ապակողմնորոշում է իրադրությունը հանրապետությունում: Ուժեղ է, չէ՞: Մի ուրիշ տեսակետ՝ Հեյդար Ալիևը, դու էլ գիտես, այն մարդը չէ, որ կարողանա ներել նրանց, ովքեր պատճառ եղան իր քաղաքական պարտությանը: Այդ շարքում Գորբաչովը նրա թիվ մեկ թշնամին է: Որովհետև Գորբաչովն էր, որ նրան խայտառակաբար վտարեց քաղբյուրոյից, և որի պատճառով նա ծանր ինֆարկտ տարավ, համամիութենական մամուլում, այդ թվում և «Պրավդայում», քանիցս պախարակեցին, որ, իբր, հիվանդության կեղծ փաստաթղթեր սարքելով՝ 41-ին խուսափել է պատերազմից: Կների՞ Ալիևը նրան՝ երբեք: Պետանվտանգության իր համախոհների հետ նա կազմակերպեց այս ամենը՝ նախ Գորբաչովին տապալելու նպատակով, երկրորդը՝ ճանապարհ հարթելու՝ նորից իշխանության գլուխ անցնելու համար: Վստահելի մարդուց եմ լսել, ասում է՝ նախքան Սումգայիթի դեպքերը, ժողովրդական ճակատի վարչության երեք անդամներ՝ Էլչիբեյը, Նեյմաթ Փանահովն ու Էհթիբար Մամեդովը մեկնել են Մոսկվա՝ Հեյդար Ալիևի հետ հանդիպման. իմացիր, առանց նրա ոչինչ չի արվում, այս բոլորը նրա վերադարձի համար է արվում: Այդ վերադարձը Բաքու՝ կլինի, Լեո, ես մեռած, դու՝ սաղ, հիշիր, կլինի, և նա իր այդ հաղթական երթը կսկսի հայրենի Նախիջևանից:

Բաժանվեցինք բավականին ուշ: Դուրս եկա ճանապարհելու, Լորաննան կամացուկ ասաց. «Ռենան էր եկել, քեզ էր հարցնում: Ասում էր՝ հեռախոսդ չի պատասխանում: Չէ՞ր աշխատում հեռախոսդ»:

– Հիմա աշխատում է, – ասացի ես:

– Ես նրան ասացի հորդ սպանության մասին: Ինձ Սիավուշն էր ասել: Չգիտեր: Գունատվեց, Լեո, նայում էր ինձ մի տեսակ ցրված ու ասես ոչինչ չէր հասկանում:

– Նա լա՞ց էր լինում:

– Այո… լաց եղավ: Ինչի՞ց իմացար:

– Սիրտս ծակում էր:

Լորաննան անվճռական նայեց ինձ, օրորեց գլուխը:

– Ի՞նչ պիտի լինի ձեր վիճակը սրանից հետո, չգիտեմ:

Երկուսս էլ լուռ էինք:

– Ներիր, Լեո, բայց զգում եմ, որ ծանր, դժվարին օրեր են սպասում քեզ, – երկարատև լռությունից հետո խոսեց Լորաննան վհատ ձայնով: – Պատրաստ եմ անգամ ծնրադիր խոնարհվել քո այդ անխուսափելի տառապանքի առջև:

– Լսիր, Լորաննա, – չգիտեմ ինչու ակամա բարկանալով՝ ասացի ես, – դու հայր Զոսիման չես և ոչ էլ ես՝ Միտյա Կարամազովը:

– Իսկ Սոնեչկա Մարմելադովա՞, – սեթևեթեց նա:

– Ոչ էլ Սոնեչկա Մարմելադովան:

– Բայց չէ՞ որ նա նույնպես կանխազգաց Ռասկոլնիկովի մոտալուտ տաժանակիր ողբերգությունը:

– Սոնեչկա Մարմելադովան այս աշխարհից չէր, այլապես կամավոր չէր գնա հեռու Սիբիր՝ ութ երկար տարիներ կիսելու Ռասկոլնիկովի տառապանքը:

– Ավաղ, ինձ վիճակված չէ կիսելու քո տառապանքը, Լեո, – Լորաննան դառնադառը նայեց ինձ: – Բայց դու գիտես, որ ես մեծագույն հոժարությամբ պատրաստ եմ օգտակար լինել քեզ: Դրա համար էլ շատ կուզենայի, չնայած լավ գիտեմ քեզ, հասկանում եմ, որ անհնարին բան եմ ասում, սակայն, կրկնում եմ, շատ կուզենայի, որ թողնեիր այդ ադրբեջանուհուն: Դու էլ տեսնում ես, թե գնալով ինչպիսի անդունդ է առաջանում մեր երկու ժողովուրդների միջև, թե օրեցօր ու ժամ առ ժամ ինչպես է շիկանում մթնոլորտը: Մի՞թե այդքան դժվար է նրան թողնելը:

Լորաննան ուղիղ նայեց իմ աչքերին:

– Թողնելը դժվար է, մոռանալը՝ անհնարին: Ռոմեոն կասեր՝ նա, ում սիրում եմ, հիատեսիլ ու շլացուցիչ է, մի ուղի ցույց տուր, որ կարողանամ նրան մոռանալ:

Ճակատը կնճռոտած՝ Լորաննան ուշադիր նայեց իմ աչքերին ոչ այն է տխրությամբ, ոչ այն է ներողամտությամբ: Առհասարակ տարօրինակ ձևով էր նայում Լորաննան, աչքերը կկոցած՝ կարծես շատ մանր, պետիտ շարվածքի տող էր կարդում քո աչքերում: Նա մի րոպե տատանվեց, ասես կշռադատելով այն, ինչ պիտի ասեր, հետո ասաց անհուսալի քնքշությամբ.

– Ի՞նչ ուղի ցույց տամ, սիրելիս, մի՞թե այս ամենի կազմակերպված բնույթն ու նպատակը չես տեսնում: Դավեր նյութելով՝ դեպի պատերազմ են տանում մեզ: Դու հայ ես, նա՝ ադրբեջանուհի, դատապարտված է ձեր սերը, Լեո, ի՞նչ ուղի ցույց տամ… Այո, հիատեսիլ ու շլացուցիչ է, գեղեցկությունն էլ հազվագյուտ գեղեցկություն է, նայելիս, անկախ քեզնից, շփոթվում ես, և հասկանում եմ նաև, որ ամբողջ կյանքում նրա կարոտն այրելու է հոգիդ, բայց, միևնույն է, թո՛ղ նրան, Լեո, լսիր ինձ՝ թո՛ղ: Մի՞թե ուրիշ աղջիկներ չկան:

– Չկան, – անվիճելի հաստատակամությամբ ասացի ես: – Նրանից բացի ոչ ոք գոյություն չունի ինձ համար: Վանգան գտնում է, որ ինչ ի վերուստ գրված է մեր ճակատին՝ այն էլ կլինի: Սուրբ գրքում ի՞նչ է ասված՝ մարդուս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նորա քայլերը Տերն է հաստատում: Աստված ողորմած է:

– Ողորմած է, բաց ոչ մեզ համար:

– Մեղք մի գործիր, Լորաննա, և մի խռովիր սիրտդ, հավատա՝ ամենայն լավն ու բարին մեկ անգամ ու մեկընդմիշտ Տիրոջ կամոք է արարված, Աստված մեծ է իր աստվածային զորությամբ, օրհնեալ է Նա այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից… Աստծու փառքը մեծ է:

– Աստծու փառքը մեծ է, կտրած փոսը՝ խոր:

– Դարձյալ մեղք ես գործում: Աստված ամենակարող է ու հզոր:

– Ամենակարող է ու հզոր… Տեր, եկուսցե արքայություն քո, – մրմնջաց նա և ավելացրեց ինչ-որ չարախինդ հուսաբեկությամբ, – ողբ էր, լաց և կոծ Ռամայի մեջ, Ռաքելն իր որդկանց վրա լաց էր լինում և չէր կամենում մխիթարվել, որովհետև չկա՛ն նրանք… Եթե այդքան ամենակարող է Աստված ու հզոր, ինչո՞ւ աշխարհից իսպառ չի վերացնում վիշտն ու մորմոքը, չէ՞ որ նա կարող է դա անել, ինչո՞ւ չի արել մինչև հիմա և ինչո՞ւ չի անում այժմ: Նա ավելի հզոր է, քան Աստված:

– Ո՞վ՝ նա:

– Գազանը, – ասաց Լորաննան: – Մարդ գազանը: Բերանն արնոտ մարդակեր գազանը, որ հազար տարում հազիվ դառավ մարդասպան և ձեռքերն արնոտ գնում է դեռ կամկար ու հեռու է մինչև մարդն իր ճամփան: Շա¯տ է հեռու, – ավելացրեց նա: – Դուք չգիտեմ ինչպես, բայց ես այստեղ չեմ մնա:

* * * * *

Ռենան տանն էր, սակայն, ըստ երևույթին, դարձյալ մենակ չէր: Խոսում էր ոչ բարձր, ասես ձեռքով ծածկելով մեմբրանը:

– Ես եմ, Ռենա:

– Բարև, – ցածր, նվաղուն ձայնով արձագանքեց նա: – Քո հեռախոսը չէր աշխատում, ես զանգել եմ… ես շատ եմ զանգել… Ես ցավակցում եմ… Ես շատ եմ ուզում տեսնել քեզ… Լսո՞ւմ ես, – ավելի ցածրացնելով ձայնը՝ ասաց Ռենան: – Ես սիրում եմ քեզ, ավելի շատ եմ սիրում, քան առաջ… Ես առանց քեզ չեմ կարող ապրել…

Նա համարյա այդ նույնն ասաց նաև խմբագրությունում, արցունքն աչքերին խոստովանեց, որ ամենուր՝ տանը, փողոցում, պարապմունքների ժամանակ, տրանսպորտում՝ շարունակ իմ մասին է մտածում:

Որոշ դադարից հետո.

– Մարդու սիրտն օրական հարյուր հազար զարկ ունի: Օրական հարյուր հազար անգամ իմ սիրտը բաբախում է քեզ համար, Լեո… Ես վախենում եմ քեզ կորցնելուց:

Ես ներողամտաբար ժպտացի նրան. ի՞նչ կարող էի ասել: Ոչինչ: Համարյա ոչինչ:

– Հնար լիներ՝ մի ուրիշ մոլորակ գնայինք, ուրիշ մոլորակում ապրեինք, – ասաց Ռենան՝ միաժամանակ ժպտալով ու արտասվելով: – Բոլորը դեմ են, որ ես սիրեմ քեզ, նրանք չեն հասկանում, որ ինչքան շատ ես սիրում, այնքան շատ ես տանջվում, չեն հասկանում, որ արգելքներն ավելի են սաստկացնում սերը: Արար աշխարհը դեմ է, բայց ես ոչինչ չեմ կարող անել ինձ հետ, դա իմ ուժերից վեր է, ոչ ոք չի կարող հասկանալ դա: Ոչ ոք չի ուզում հասկանալ: – Արցունքի լույս կաթիլը սահեց այտն ի վար:

Դարձյալ որոշ դադարից հետո.

– Իսկ դու գիտե՞ս, որ Շեքսպիրը ոչինչ չի հորինել: Ռոմեոն և Ջուլիետն իրոք եղել են: Նրանց սիրո պատմությունն էլ իրական պատմություն է: Վերոնայում մնում է դեռ Ջուլիետի պատշգամբը, հազարներով զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի տարբեր ծայրերից՝ տեսնելու այդ պատշգամբը: Եվ այն, որ նրանց ծնողները պատկանում էին երկու հակառակորդ գերդաստանների, որոնց մեջ տոհմական հինավուրց քեն, թշնամություն կար, որ երբեմն բորբոքվում էր զանազան սադրանքներով՝ նույնպես եղելություն է, – և արցունքաշաղ աչքերով նայելով՝ վհատորեն ավելացրեց, – ոչինչ չի փոխվել… ոչինչ չի փոխվում…

Մի ուրիշ անգամ.

– Ինչո՞ւ է այսպես, Լեո: Ես հիմա կյանքին մի տեսակ ուրիշ ձևի եմ նայում: Առաջ նման բաներին ուշադրություն չէի դարձնում… Մեր կուրսում շատերն արդեն գիտեն, թե որտեղ են աշխատելու ավարտելուց հետո՝ մեկը բաժանմունքի վարիչ, մյուսը՝ գլխավոր բժիշկ, մեկ ուրիշը՝ առողջապահության նախարարի տեղակալ: Ծնողները կենտկոմում ու նախարարների խորհրդում են աշխատում, բարձր պաշտոններ են վարում, իսկ իրենք օրերով պարապմունքների չեն գալիս, և դասախոսները վախենում են անգամ դիտողություն անել: Վերջերս Այթմատովի մի գիրքն էի կարդում՝ «Սպիտակ շոգենավը»: Պատանի հերոսն իրեն նետում է գետը, որովհետև կեղտին ու չարիքին չվարժված նրա մանկական դյուրազգացողությունն անկարող է դիմանալ շրջապատի ստին, կեղծիքին ու անարդարությանը: Իրոք, ինչո՞ւ է այդպես:

Ռենան նայեց ինձ, բայց պատասխան չէր սպասում ինձնից:

– Կգա ժամանակ, բոլոր մարդիկ եղբայր կլինեն, – ասաց նա դառնորեն ժպտալով: – Լեզուն, դավանանքը, մաշկի գույնը՝ դարերով մարդկանց կաշկանդած բոլոր այս նախապաշարումները, կվերանան… Բայց ե՞րբ, ե՞րբ կլինի, ե՞րբ կգա այդ ոսկեդարը, Լեո, երբ մենք չե՞նք լինի…

* * * * *

Անսալով մորս թախանձանքին, ես նրան գնացքով ուղարկեցի Ստավրոպոլ՝ քրոջս մոտ:

Մանր անձրև էր տեղում, գորշագույն մթնաշաղի միջից հազիվ էին երևում կայարանամերձ տների աղոտ լույսերն ու կայարանից այն կողմ, բլրակի վրա միայնակ կանգնած տուրիստական հյուրանոցի ստորին հարկերը: Գնացքի ճանապարհվելուն մի երկու րոպե էր մնացել, և մայրս, ինձ համար բոլորովին անսպասելի, խոսք բացեց Ռենայի մասին: Հորս սպանությունից հետո նա երբեք չէր խոսել նրա մասին, անունը երբեք չէր տվել:

– Էդպես էլ չտեսա Ռենային, – սրտաշարժ ափսոսանքով ասաց նա, տրտմալի շարժելով գլուխը: – Պապան շատ էր ուզում տեսնել… Անհարմար էր զգում, երևի, քեզ ասել, ինձ էր ստիպում, որ խոսեմ հետդ՝ հյուր բերես նրան Սումգայիթ: Իսկ երբ իմացավ, որ մարտի ութին գալու եք, ուրախացավ, երեխի պես հուզվել էր… Էհ, ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ սրտներումս մնաց…

– Ռենան նմանապես շատ էր հուզվում, – կարճ լռությունից հետո ասացի ես և, չնայած Լորաննայից բացի երբեք ու ոչ ոքի չէի պատմել Ռենայի հանդեպ ունեցած իմ անեղծ սիրո մասին, հանկարծորեն իմ մեջ ցանկություն առաջացավ մորս հետ խոսել նրա մասին, և, չգիտեմ ինչու, այդ մտքից անգամ անասելի հաճույք զգացի, և ինքս էլ զարմացա, թե որտեղից հայտնվեց զվարթուն սենտիմենտալության այդ անհասկանալի հուզիչ զգացողությունը:

 

– Պապային շատ դուր կգար նա, – քնքշահույզ շշուկով ասացի ես, – և դու նույնպես, մամա, կսիրեիր նրան, որովհետև շա¯տ, շատ լավիկն է…

Մայրս կողքանց նայեց ինձ, արցունքների միջից ժպտաց.

– Նկարից երևում է, մաման մատտաղ: Նկարից երևում է:

– Կյանքում ավելի լավն է, քան նկարում, – ասացի ես և իմ սեփական խոսքերից սիրտս անուշ ու խորունկ կարոտից սկսեց արագ-արագ զարկել: – Իսկ թե իմանաս՝ ի¯նչ ոսկի բնավորություն ունի, մամ… Ոնց որ թե այս աշխարհից չլինի՝ անկեղծ, անարատ, սիրտը մաքուր, սուրբ ու պաշտելի…

– Հոգու գեղեցկությունը դեմքի գեղեցկությունից թանկ է, մաման մատտաղ: Նկարից էդ էլ է երևում, – արցունքաժպիտ աչքերով նայելով՝ նա այտը գգվանքով սեղմեց ուսիս: – Հա, շատ լավն է, նայում ես ու աչքդ չի կշտանում, ուզում ես նորից ու նորից նայես… Քույրդ շատ խնդրեց նկարը տանեմ, թող տեսնի…

Մայրս դադար տվեց, ապա ավելացրեց հոգոցով.

– Ի¯նչ ասեմ, որդիս… Աստված թող քո սրտի ուզածը կատարի…

«Էստեղ՝ Բաքվում, խաղաղ է, ոչինչ չկա, – արդեն վագոնի փակ հարթակում կանգնած ասաց նա, – բայց, միևնույն է, ծախիր մեքենան, նրանով ոչ մի տեղ չգնաս»: Նա մինչև այդ մի քանի անգամ ասել էր այդ մասին, բայց հարկ համարեց վերջին րոպեին նորից հիշեցնել. «Ես կզանգեմ էնտեղից, թե որ ծախած չլինես՝ կնեղանամ քեզնից»:

Ռոբերտն օգնեց ինձ այդ հարցում: Գնորդ գտավ՝ Գադիր անունով նիհարավուն մի տղայի՝ Բայիլովից: Միասին գնացինք խնայդրամարկղ, Գադիրը փողը՝ քսանյոթ հազար ռուբլի, մտցրեց իմ հաշվի մեջ: Խնայգրքույկում ես փող ունեի՝ հոնորարներից ետ էի գցել, միասին ստացվեց քառասուն հազար ռուբլի:

– Ախպերո, հարուստ մարդ ես, քեզ հետ խոսել չի լինի, – ծիծաղեց Ռոբերտը:

Երեկոյան զանգեցի մորս, որպեսզի նա այլևս չանհանգստանա:

– Երևի չմնամ այստեղ, – ասաց Ռոբերտը, – Զարմիկը հրավիրում է Մոսկվա: Կարելի է և Ամերիկա մեկնել: Շատերն են ուզում մեկնել: Ես որ գնամ, Մոսկվայում ամերիկյան դեսպանատնից քեզ համար էլ անկետաներ կվերցնեմ:

* * * * *

Սումգայիթից հետո կյանքն ասես գլխիվայր շուռ եկավ մեզ համար: Հեռուստատեսությամբ հաղորդումներ էին տրվում, թե այդ ամենը սելավի նման մի բան էր, եկավ ու անցավ, և որ մեղավորներն անպայման կստանան իրենց արժանի պատիժը:

Հետո միառժամանակ հանգիստ էր, ոնց որ սպասողական վիճակ, ոչինչ չէր հաղորդվում ու չէր գրվում Սումգայիթի մասին, բացի պաշտոնական կարճառոտ հաղորդագրություններից՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բյուրոն կուսակցական խիստ նկատողություն հայտարարեց Մուսլիմզադեին՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից: Լենինի անվան խողովակագլանման գործարանի դիրեկտոր Աբդուլլաևը նախազգուշացվեց՝ գործարանի մեքենայական արտադրամասում հատուկ պատվերով մետաղաձողեր, դանակներ, դաշույններ, կացիններ ու այլ իրեր պատրաստելու համար: Կուսակցության Սումգայիթի քաղաքային բյուրոն խիստ նկատողություն հայտարարեց քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ Հասանովին և նախագահի տեղակալ Թաղիևին: Հայտարարվեց, որ զանգվածային անկարգություններին մասնակցած իննսունչորս պատանիներ ձերբակալված են, միութենական դատախազության կողմից ստեղծված է քննչական հանձնախումբ, որը գլխավորում է… Ալեքսանդր Կատուսևը: Այն նույն Կատուսևը, որի մեղքով միանգամայն անմեղ մարդիկ զոհ գնացին ոճրագործությանը:

– Ամեն ինչ կարվի, որպեսզի թաքցվի անլուր հանցանքի իմաստն ու կազմակերպված բնույթը, – եզրակացրեց Սաղումյանը:

Սաղումյանը չէր սխալվում. քրեական գործերը մասնատվեցին՝ ըստ դրվագների, և հետաքննության ուղարկվեցին երկրի տարբեր քաղաքներ՝ Մոսկվա, Սարատով, Կույբիշև, Վորոնեժ և այլն: Գործերի հիմնական մասը մնաց Սումգայիթում, մի մասն էլ՝ Բաքվում: Պարզ հասկացվեց. ոչ ոք ոչ մի պատիժ էլ չի ստանա: Սումգայիթի ցեղասպանության կազմակերպիչներն ու ոգեշնչողները դուրս եկան թաքստոցից և սկսեցին գործել: Թերթերն ու հեռուստատեսությունը հեղեղվեցին ճշմարտությունը խեղաթյուրող հոդվածներով ու հաղորդումներով: Կարճատև ընդհատակից իր գլուխը հանեց և սումգայիթյան եղեռնագործության ամենաակտիվ կազմակերպիչներից մեկը՝ ակադեմիկոս Զիա Բունիաթովը, որը մինչ այդ հայտնի էր հայոց պատմության զեղծարարությամբ, և ակադեմիական «Էլմ»* թերթում հրապարակեց անպատկառ ստերից, կեղծիքից ու հարատև մաղձից հերյուրված ծրագրային երկէջ մի ստոր զրպարտագիր՝ «Ինչո՞ւ Սումգայիթը» վերտառությամբ, ուր նա անամոթաբար այդ եղեռնի մեջ մեղադրում էր… ոճրագործության զոհերին:

Խմբագրությունում խոսք ու զրույցը շարունակ Սումգայիթի ու Ղարաբաղի մասին էր:

– Հայերս միշտ էլ լավ դիվանագետներ ենք ունեցել, բայց լավ դիվանագիտություն՝ երբեք, – ինչպես միշտ հանգիստ, խաղաղ տոնով ասաց Սաղումյանը: – Հետամուտ եղե՞լ ենք երբևէ փոքր հաղթանակներ շահելու շղթայով մեծ հարցեր լուծելու

Էլմ» (ադրբ.) – «Գիտություն»

քաղաքականությանը, փոխանակ նախընտրելու առճակատման ձևը՝ չհաղթելու դեպքում գլխովին նահատակվելու նշանաբանով:

Ինչպե՞ս վարվեցին մուսավաթականները քսան թվականին. թուրքերի հրահանգով՝ առանց մի գնդակ անգամ արձակելու, դիմավորեցին բոլշևիկներին ու միացան նրանց՝ շարունակելով մուսավաթականների քաղաքականությունը, և Խորհրդային Ռուսաստանն ամեն կերպ աջակցում էր նրանց: Ինչպե՞ս վարվեցին հայերը: Հեղկոմն ու բոլշևիկները ելան հայ բանվորների ու գյուղացիության դեմ, իրենց բարբարոս գործունեությամբ մղելով նրանց ապստամբության, և հերթական անգամ գետի պես հոսեց հայոց արյունը: Բոլշևիկներն ավերեցին ողջ Ղարաբաղն ու Հայաստանի հարյուրավոր գյուղեր, բանտերը լցվեցին հայ քաղաքական, մտավորական ու զինվորական առաջնորդներով: Հայկական բանակի բոլոր սպաներին՝ հազար երկու հարյուր հոգու, տասնհինգ գեներալներով ու քսանհինգ գնդապետներով, գլխավորությամբ ազգային բանակի սպարապետ Նազարբեկյանի, հավաքեցին Հայաստանի խորհրդարանի շենքում և, դավադրաբար ձերբակալելով, փետրվար ցրտաշունչ ամսին, Սևանի վրայով ոտքով քշեցին մինչև Ղազախ, այնտեղից՝ ապրանքատար փակ վագոններով ուղարկեցին Բաքվի բանտերը, իսկ այստեղից էլ՝ Վրաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի հայ սպաների հետ, որոնք նույնպես ռուսական բանակի կազմում մարտնչել էին ավստրա-գերմանական ռազմաճակատում, կռվել թուրքական ճակատում ու Սարդարապատում, ուղիղ՝ Ռյազանի համակենտրոնացման ճամբար: Նրանց մեջ էին նաև զորավարներ Սիլիկյանը, Հախվերդյանը, Ղամազյանը: Սրի քաշվեցին հայկական բանակի յոթանասուն բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ ազգային հերոս Համազասպը: Բոլշևիկներն օգտագործեցին այդ առճակատումը և, համաշխարհային հեղափոխության սին մարմաջով տարված՝ տասը միլիոն ոսկի փողով ու ռազմամթերքով օգնեցին Թուրքիային, հրահրելով նրան մտնելու Հայաստան, բնաջնջելու ողջ մնացած նրա բնակչությունն ու գրավելու նոր տարածքներ: Առաջին համաշխարհայինում պարտված պետությունների մեջ Թուրքիան միակն էր, որ շնորհիվ բոլշևիկների, նոր տարածքներ զավթեց՝ հասնելով մինչև Բաքու, և հենց բոլշևիկներն էին, որ առաջինը ճանաչեցին քեմալականներին: Գուցե այդ առճակատումն էր նաև պատճառը 1921-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման, որով Հայաստանի տարածքը մաս-մաս բաժանվեց հարևաններին: Ընդ որում, Նախիջևանը Լենինն Ադրբեջանին նվիրեց Ստալինի թելադրանքով ու Մուստաֆա Քեմալի խնդրանքով: Ղարաբաղի հարցում նույնպես այսօր նույն սխալներն ենք անում, – շարունակեց Սաղումյանը: – Հարկավոր էր մի քիչ սպասել, որովհետև հարցը բարձրացվեց հապշտապ, տարերայնորեն, առանց այդ ազնիվ ու դժվարին նպատակին հասնելու տևական գործողությունների մշակված ծրագրի, առանց ճշգրիտ ուսումնասիրելու պրոբլեմի լուծման հնարավոր ուղիները: Ի՞նչ պիտի լինի Բաքվի, Կիրովաբադի, Հյուսիսային Ղարաբաղի ու մյուս շրջաններում ապրող կես միլիոնից ավել հայության վիճակը, որևէ մեկը մտածե՞լ է այդ մասին: Դա նույնն է, թե զորքը մտցնես պատերազմի դաշտ ու նոր միայն սկսես ուսումնասիրել տեղանքը: Չէ՞ որ այդօրինակ անհեռատես եղանակով կարող ենք շատ բան կորցնել: Նորից դառնանք Ադրբեջանի օրինակին: Հայտնի է, որ մինչև քսան թվականը Նախիջևանում հիսունչորս հազար հայ էր ապրում, վաթսունից ավելի գյուղ կար, նույնը և Կիրովաբադում, ուր նախկինում յոթանասուն հազար հայ էր ապրում: Ադրբեջանի ղեկավարությունը ոչ թե գնաց առճակատման, այլ որդեգրելով մանր հաղթանակների գումարման քաղաքականությունը՝ կազմեց այդ երկրամասը հայերից դատարկելու ծրագիր և հաջողությամբ իրագործեց այն: Լուկուլլոս զորավարը՝ վաթսունինը թվականին Տիգրանակերտի ճակատամարտում խայտառակ պարտության մատնեց Տիգրան Մեծ արքայի բանակին և ոգևորված շարունակեց արշավանքը դեպի Արտաշատ: Սակայն, – շունչ առնելով շարունակեց Սաղումյանը, – նա քաղաքի մատույցները հասավ այնպիսի վիճակում, որ չհամարձակվեց կռվել քաղաքի գրավման համար: Բանն այն է, որ Լուկուլլոսի բանակը Տիգրանակերտից մինչև Արտաշատ՝ չտալով և ոչ մի ճակատամարտ, հալվել էր: Այդ ամբողջ ճանապարհին հայկական ոչ մի գունդ դուրս չէր եկել նրան առճակատման, բայց ամեն մի գիշերատեղում կամ նեղ ձորերով անցնելիս անսպասելի կորուստներ է ունեցել: Այդ կորուստները, պարզ է, առանձին-առանձին մեծ չէին, բայց միասին վերցրած մի ամբողջ բանակի, այն էլ հզոր բանակի, կորստյան պատճառ էին դարձել: Արտաշատի մատույցներից Լուկուլլոսը բռնել է ետդարձի ճամփան, որը վերածվել է խուճապահար փախուստի՝ նման Նապոլեոնի փախուստին Ռուսաստանից: Մենք շարունակ հպարտանում ենք Ավարայրի ճակատամարտում ունեցած մեր բարոյական հաղթանակով, Տղմուտ գետի մոտ հերոսաբար զոհված քաջ հրամանատար Վարդան Մամիկոնյանով ու հազար երեսունվեց սուրբ նահատակներով, այնինչ ուսանելի է Լուկուլլոսի պատմությունը՝ ճիշտ գնահատել ժամանակն ու ուժերի հարաբերակցությունը և փոքր հաղթանակներով հասնել մեծ արդյունքի:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru