bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

* * * * *

Լորաննան իր խոսքի տերը եղավ: Մեր խմբագրությունից առաջինը նա թողեց Բաքուն: Նրա ամուսինը քաղաքային պետավտոտեսչությունում էր աշխատում, ավտոտեսչության պետն էլ գնեց նրանց բնակարանը:

– Լեո, ցավում եմ, որ չկարողացա տեսնել քեզ վերջին անգամ, – հեռախոսով ասաց նա: – Մտածում էի գալ ու բոլորիդ հրաժեշտ տալ, հատկապես քեզ, բայց չստացվեց, կներես, շատ եմ խնդրում: Մեր ամբողջ կյանքը պատահական հանդիպումների ու իրարամերժ երևույթների հերթականություն է, Լեո, անկանխատեսելի շրջադարձերի մի երկար շղթա՝ լի բազմաթիվ դժբախտ ու երբեմն նաև երջանիկ պատահականություններով, անախորժություններով, լի թախիծով ու անցողիկ բերկրանքով, լի անհուն սիրով ու անհուն ատելությամբ… Այո, դու ինչ ուզում ես, ասա, բայց սա է իրական կյանքը, Լեո, որ հորդահոս վարար գետի պես տանում է մեզ իր հետ, և այն իրոք լի է հակասական ճշմարտություններով: Ու դժվար է ըմբռնել, հասկանալ, թե այդ ճշմարտություններից որն է առավել ճշմարիտ, մի բան պարզ է սակայն, որ առջևում անթափանց խավար է ու այլևս հույս ու հավատ չկա, սիրելիս, թե երբևէ կյանքը վերստին լուսաշող եդեմ կդառնա մեզ համար… Գուցե չհանդիպենք այլևս… – նա մի պահ լռեց, հետո արագ ավելացրեց, – հաջողություն եմ ցանկանում՝ քեզ բաժին ընկած քո դժվարին ճանապարհին… Առայժմ Երևան ենք գնում, թե ուր կգնանք այնտեղից՝ աստված գիտի: Մնաս բարով, Լեո, հիշո՞ւմ ես Իրասեկի թանկան, միասին կարդացինք. «Կանգ են առնում նրանք իրենց վշտալի ճանապարհին և արցունքով լեցուն աչքերով նայում ետ՝ սիրելի, օրհնված այն երկրին, ուր նրանց տունն ու հայրենիքն էր»: Ո՞վ կմտածեր, որ մեզ հետ էլ նույնը կպատահի: Մնաս բարով, սիրելիս, ես քեզ կհիշեմ միշտ…

Նա արագ ցած դրեց հեռախոսը, և ես մի անասելի դատարկություն ու ամայություն զգացի, կյանքն ասես մի տեսակ կանգ առավ, կորցրեց իմաստը:

Հաջորդը Ռոբերտն էր: Նրա գնալը, սակայն, ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Գուցե պատճառն այն էր, որ նա պարզապես արձակուրդ էր վերցրել և պետք է վերադառնար: Նա մի անգամ զանգեց, խորհուրդ էր տալիս նույնպես արձակուրդ վերցնել և գնալ իր մոտ: «Արի, չես փոշմանի, – ասաց նա, – Մոսկվայի հմայքն ուրիշ է»:

Մյուս օրն ինձ մոտ՝ խմբագրություն եկավ Էսմիրան: Կրակացայտ աչքերով, բարակիրան ու սլացիկ՝ ինչպես մատղաշ բարդի, կանգնել էր նա իմ դիմաց շառագունած, այլայլված դեմքով:

– Ի՞նչ է պատահել, Էսմիրա, – վախեցած հարցրի ես, – որտե՞ղ է Ռենան:

– Ռենան տանն է, – աչքերը փախցնելով ասաց Էսմիրան: – Ես ձեզ մոտ մի խնդրանքով եմ եկել, – արագ արտաբերեց նա:

– Ասա, ի՞նչ խնդրանք է, – քիչ հանգստացած ասացի ես:

– Մի պայմանով, որ Ռենան չպիտի իմանա դա:

– Ի՞նչ չպիտի իմանա:

– Այն որ… որ ես եկել եմ այստեղ, ձեզ մոտ… Խոսք տվեք, որ նա չի իմանա այդ մասին՝ երբեք-երբեք:

– Խոսք եմ տալիս:

– Ոչ, երդվեք, – անդրդվելի ասաց Էսմիրան՝ ավելի շառագունելով:

– Երդվում եմ:

– Ոչ, ամենասուրբ բանով երդվեք: Ես ձեզ խնդրում եմ… այն, ինչ ես պիտի ասեմ ձեզ, դուք չպետք է Ռենային ասեք՝ հանուն նրա հանդեպ ունեցած… ձեր զգացմունքի:

– Ասա, Էսմիրա, մի տանջիր ինձ:

– Իրադան ներքևում սպասում է: Սկզբում խոստացել էր, որ միասին կբարձրանանք ձեզ մոտ, բայց վերջին պահին չկարողացավ, ինձ ուղարկեց: Դուք այլևս չպետք է զանգեք Ռենային, – ասաց նա և, ասես ծանր բեռից ազատված, խորը շունչ քաշեց:

– Ինչո՞ւ:

– Չգիտեմ, – դարձյալ աչքերը փախցնելով՝ արտասանեց Էսմիրան: – Չեմ կարող ձեզ ասել… Քույրիկս ձեզ, հավանաբար, ոչինչ չի ասում, բայց նրա համար շատ է ծանր… Եղբայրս կարող է սպանել նրան, հասկանո՞ւմ եք… Դուք չգիտեք, թե ինչ է կատարվում մեր տանը, ես ձեզ ամեն ինչ ասել չեմ կարող… Նրա ամեն մի քայլափոխը հսկողության տակ կլինի այսուհետև… Մի զանգեք նրան, ձեր զանգը մահ է նրա համար, խնդրում, աղաչում եմ, երդվեք, որ չեք զանգի:

– Չեմ զանգի, – ծանր արտաբերեցի ես: – Երդվում եմ:

– Շնորհակալություն, – շշնջաց Էսմիրան: – Ես… մենք ձեզ երբեք չենք մոռանա: Երբեք-երբեք, – ավելացրեց նա հանկարծական շիկնանքով և այտերն ի վար հոսող արցունքները մատներով սրբելով՝ արագ դուրս եկավ առանձնասենյակից:

Հետո նրա ոտնաձայները, որպես հուսահատության վերջին հնչյուններ, հանգան, մարեցին: Հետո լսվեց վերելակի աղմուկն ու երկաթե դռան ծանր շրխկոցը միջանցքի հեռու ծայրում: Հետո եղավ լռություն: Երկարատև քարացած լռություն:

* * * * *

Խմբագրությունում խոսակցությունները դարձյալ ու կրկին Սումգայիթի ու Ղարաբաղի մասին էին: Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ բանաստեղծ Սաբիր Ռուստամխանլին հեռուստադիտողներին լրջորեն բացատրում էր, որ Ղարաբաղի տարածքում պատմաճարտարապետական ոչ մի հուշարձան չի եղել, այդ ամենը Հայաստանից ինքնաթիռներով ու ուղղաթիռներով բերում, թափում են Ղարաբաղի անտառներում: «Տարօրինակ ոչինչ չկա, – հաղորդումը մեկնաբանեց գլխավորը: – Ըստ Գեբբելսի, ամենակեղտոտ ու զզվելի սուտն անգամ բազմիցս կրկնվելով՝ մարդկանց հասկացողության մեջ ընկալվում է որպես ճշմարտության փաստ: Հենց այդ նշանաբանով է գործում Զիա Բունիաթովը»:

Երևանի ադրբեջանական թատրոնի նախկին դիրեկտոր Օրուջ Հիդայաթովը, որն այժմ «Գյանջլիք» հրատարակչության գլխավոր խմբագիրն էր, հանրապետական երիտասարդական թերթում հանդես եկավ մի հոդվածով, ուր, խոսելով Ղափանում ապրող ադրբեջանցիների հանդեպ, իբր, հայերի գործադրած բռնությունների մասին, չբերելով ոչ մի կոնկրետ օրինակ ու չնշելով ոչ մի անուն, հոդվածն ավարտում է պաթետիկ բացականչությամբ՝ «Ինչե¯ր, ինչե¯ր ասես, որ չեղան այնտեղ, գրիչն անկարող է վերարտադրել այդ ամենը»:

Օրուջը մինչ այդ, նույնիսկ, երբ դեռևս Երևանում էր, գալիս էր մեր խմբագրություն: Մի երկու անգամ ռադիոյով հաղորդել էինք նրա բանաստեղծությունները, մոտիկից ծանոթ էի:

– Օրուջ, – առաջին հարկում, վերելակի մոտ հանդիպելով նրան՝ ասացի ես: – Հոդվածդ կարդացի «Ազերբայջան Գյանջլարի» թերթում: Ինչո՞ւ որևէ փաստ չես նշում, որևէ տուժած մարդու անուն չես տալիս:

– Իմ հ-հ-հ-հ-հոդվածը լ-լ-լ-լրիվ փոխել են, – ուժեղ կակազելով հայերեն ասաց նա, շիլ աչքերով չգիտես ինձ, թե վերելակի առաստաղին նայելով: – Իմ գ-գ-գ-գրածից բ-բ-բ-բան չի մնացել: Փ-փ-փ-փ-փոխել են:

Այդ օրերին հնամաշ պորտֆելը ձեռքին Ղափանից մեր խմբագրություն եկավ Մուխտար Բախշալիևը՝ վաթսունն անց, երկար հովարով գլխարկը փոքրիկ գլխին, վիթխարի բոյով նիհար մի մարդ: Պատմական թե բանասիրական գիտությունների թեկնածու՝ նա ոչ այն է բուն Ղափանում, ոչ այն է Ղափանի մոտ գտնվող գյուղերի դպրոցներից մեկում ուսմասվար էր, դոկտորական դիսերտացիա էր գրում և դա էր պատճառը, որ շուտ-շուտ Բաքու էր գալիս:

– Մուխտար մուալլիմ, ազնվաբար ասեք, խնդրում եմ, – ասացի ես, – իրո՞ք Ղափանում ընդհարումներ են եղել հայերի և ադրբեջանցիների միջև, մարդ չգիտի, թե ում հավատա: Դատելով ըստ Սումգայիթում տարածված լուրերի ու նաև Օրուջ Հիդայաթովի հոդվածի, այնտեղ, Ղափանում ադրբեջանցիներ են սպանվել: Ճի՞շտ է դա:

– Կարո՞ղ եք մի կտոր հաց տալ ինձ, – անսպասելի խնդրեց Բախշալիևը:

– Ի՞նչ հաց, – չհասկացա ես:

– Հաց: Սովորական հաց:

– Ես հիմա կբերեմ, – ասաց Արինան և, մտնելով իր սենյակը, մի կտոր հաց բերեց:

Բախշալիևը վերցրեց հացը, համբուրեց, ասաց.

– Հացը սուրբ է ու, ահա, այս սուրբ հացով եմ երդվում, պատրաստ եմ նույնիսկ յոթ անգամ երդվել Ղուրանով, գնալ մեր բոլոր երեք սրբավայրերը՝ Մադինա, Մեքքա ու Էլլ-Քուդս, ձեր լեզվով՝ Երուսաղեմ այսինքն, Ղափանում ոչ մի ադրբեջանցու սպանություն, ոչ մի բռնություն ադրբեջանցիների նկատմամբ չի եղել: Վալլահ-բիլլահ*, սուտ է: Ասում են, իբր, ադրբեջանուհիների հանրակացարան է եղել Ղափանում, դա էլ է սուտ: Բաքվում հայ

*Վալլահ-բիլլահ (ադրբ.) – Աստված վկա

աղջիկների առանձին հանրակացարան կա՞, որ Ղափանում ադրբեջանուհիների նման հանրակացարան լինի: Այդպիսի ստերին ո՞նց կարելի էր հավատալ: Մեր մեծամեծերը իզուր չեն ասել, որ նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն: Մեզ՝ Ղափանի մեծահասակ ադրբեջանցիներիս համար շատ ամոթալի է, որ, մեր անունն օգտագործելով, այդպիսի հրեշավոր բան կազմակերպվեց Սումգայիթում: Ձեզ ասեմ, նույնիսկ Սումգայիթի դեպքերից հետո մեր հանդեպ ոչ մի բռնություն չի եղել: Ջահել լակոտ-մակոտ մի երկուսի տուն, ասում են, զանգել են, ահաբեկել են, ես չգիտեմ, թե որքանով է դա ճիշտ, ինձ, օրինակ, զանգող չի

եղել: Բայց դա էլ եղել է Սումգայիթից հետո: Իսկ թե որևէ ադրբեջանցու Ղափանում մատով կպած լինեն՝ այս լույսն ինձ քոռացնի, թե ճիշտ չեմ ասում, էդպիսի բան չի եղել, սուտ է: – Բախշալիևը խեղճ-խեղճ նայեց, գլուխն օրորելով ասաց, – մարդ, ի սկզբանե ծնված լինելով անխաթար, ի վերջո նախասահմանված փորձություններին չդիմակայելու, երբեմն էլ՝ թուլակամության հետևանքով, ենթարկվում է բարոյահոգեբանական խեղումների:

– Անհամար խեղումների, – ավելացրեց Սաղումյանը:

– Այո, անհամար խեղումների, – գլուխը կիսաշրջելով Սաղումյանի կողմը՝ ներողամտորեն համաձայնեց Բախշալիևը:

– Մեր երկու հարևան ժողովուրդներին թշնամացրին իրար, – շարունակեց նա,– ամբողջ Խորհրդային Միության մեջ ոչ մի ժողովուրդ ոչ մի ժողովրդի հետ այնքան մոտ ու հարազատ չէր, ինչքան մեր երկու ժողովուրդներն էին, չկար մի հայ կամ ադրբեջանցի, որ դոստ ու քիրվա չունենար: Ափսոս, հազար ափսոս, որ այդպես ստացվեց և նմանապես շատ ափսոս, որ մեզ իրար դեմ լարող ալչախ*, ստոր մարդիկ, ինչպես միշտ, պատիժ չեն կրելու, ընդհակառակը՝ ավելի բարձր պաշտոններ են ստանալու: Սա ես չպիտի ասեի, բայց ասում եմ ու ոչ ոքից չեմ վախենում, որովհետև իմ խղճի հանդեպ մաքուր եմ: Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղար Զոհրաբ Մամեդովը մեր կողմերից է, նա էլ շատ մեղք ունի այս գործում: Երևանի ադրբեջանական թատրոնի դերասանների մեղքը նույնպես անասելի մեծ է Սումգայիթի սպանությունների մեջ: Այդ նրանք էին որպես տուժած ղափանցիներ հանդես գալիս Սումգայիթում, Օրուջ Հիդայաթովի ու Խըդըր Ալովլու հատուկ սցենարով սարքած չեղած բաներ պատմում, գրգռում ժողովրդին: Նահլաթ** այդպիսի չարագործ մարդկանց: Ինչ որ նրանց մեղքով ուրիշներին արեցին, թող Ալլահն իրենց առաջը բերի: Ուրիշ բան չեմ ասում:

Բախշալիևը քիչ լռեց, ներհուն, մտքերի մեջ մտասույզ ու դալուկ դեմքին մի թույլ ժպիտ՝ ասաց.

– Ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ մոռացվում է: Շա¯տ տարիներ կանցնեն, շա¯տ-շատ տարիներ, հայն ու ադրբեջանցին էլի կհաշտվեն, կբարեկամանան, առանց դրան հնարավոր չէ: Արյունը արյունով չեն մաքրում, արյունը ջրով են մաքրում: Հինգ-վեց թվից ու տասնութ-քսան թվերից հետո նույնպես սառնություն էր, բայց հետո, ժամանակի ընթացքում, հաշտվեցին, սկսեցին առաջվա պես կողք-կողքի հաշտ ու համերաշխ ապրել, ինչպես որ հաշտ ու համերաշխ ապրել էին մինչև թուրքերի հայտնվելը Կովկասում, չհաշված հինգ թվականի դեպքերը, այստեղ էլ ռուսի մատն էր խառը, Նիկոլայ Երկրորդ թագավորի հրահանգով արվեց ամեն ինչ: Հայոց դպրոցների փակման ու եկեղեցիների գույքի բռնագրավման պատճառով Կովկասի հայության հուզումների համար որոշել էին պատժել նրանց: Բայց դե, բոլոր դեպքերում, սա չպիտի լիներ: Խորհրդային ազատ երկրում այսպիսի զուլում բան՝ սպասելի չէր:

 

– Ասում է՝ ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ մոռացվում է: – Բախշալիևի գնալուց հետո խոսեց Սաղումյանը: – Ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ իմաստնությունը անկարող են բուժել հոգեկան վերքերը: Հինգ թվականի փետրվարյան կոտորածների ժամանակ իմ հարազատներից մի քանի հոգի զոհվել են: Ի միջի այլոց, մինչև հիմա էլ, դժբախտաբար, պարզված չէ, թե այդ օրերին Բաքվում ի՞նչ էր անում գողական շրջանակներում «Չոփուռ» մականունով քաջ հայտնի Իոսիֆ Ջուղաշվիլին, ինչո՞ւ էր Բաթումիից շտապ եկել

*ալչախ (ադրբ.) – ստոր

**նահլաթ (ադրբ.) – նզովք

Բաքու, ի՞նչ նպատակ էին հետապնդում ջարդերի նախօրեին նրա գաղտնի հանդիպումները քաղաքի ավազակային խմբավորումների պարագլուխների՝ ղոչիների հետ, որոնցից մեկի՝ ոմն Բաբաևի, ատրճանակի կրակոցով հայոց եկեղեցու կողքին, Պարապետի այգում, փետրվարի վեցի կիրակի օրը ծայր առան ընդհարումները հայերի և մուսուլմանների միջև: Պետերբուրգի «արյունոտ կիրակիից» մի ամիս չանցած՝ ի՞նչ էր անում նա Բաքվի նահանգապետ Նակաշիձեի մոտ: Կառավարության կողմից զինված ամբոխը հարձակվում էր հայերի տների վրա, հրդեհում, թալանում ու սպանում հայերին, իսկ Նակաշիձեն, որին երեք ամիս անց, մայիսի տասնմեկին, շանսատակ արեց Դրոն, իր շքախմբով շրջում էր քաղաքում, կազակների կողմից բռնագրավված զենքը կրկին վերադարձնելով ջարդարարներին: Մի քանի ամիս անց նույնն էր կատարվում նաև Ելիզավետպոլի՝ Գանձակի նահանգում, որտեղ նահանգապետը գեներալ Տայկաշվիլին էր՝ Նակաշիձեի հարազատ քրոջ որդին: Նրա բացարձակ հովանավորությամբ, գաղտնի զենք էր բաժանվում մուսուլմաններին, իսկ հայերին անխտիր զինաթափում էին: Նոյեմբերի տասնութին Գանձակ քաղաքում, ուր տասնյոթ հազար թուրք ու տասնհինգ հազար հայ էր ապրում այդ ժամանակ, ինչպես «Կավկազ» թերթն է գրում, սարսափելի կոտորած էր: Տայկաշվիլին ոստիկանապետ Թեյմուրբեկ Հասանբեկովի ու իր շքախմբի հետ «Ցենտրալ» հյուրանոցի մոտ կանգնած՝ ծխում ու ծիծաղելով նայում էր, թե ինչպես են կոտորում զինաթափված հայերին: Դարձյալ նրա անմիջական դավադրությամբ, հաջորդ տարվա սկզբից նոր թափով վերսկսվեցին կոտորածները Ջիվանշիրի, Շուշիի, Ջաբրայիլի, Շաքիի, Արեշի, Ղազախի, Զանգեզուրի ու բուն Գանձակի գավառներում: Տասնյակ ու տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին այդ գավառներում, մի շարք գյուղեր հիմնովին ոչնչացան: Այդ գյուղերից էր և Մինքենդը՝ Զանգեզուրի և Ղարաբաղի արանքում, գյուղի հարյուր իննսունյոթ բնակիչներ՝ ծծկեր երեխաների հետ միասին, սրախողխող եղան, իր երկու հարյուր քսան շունչ բնակչությամբ՝ ամբողջովին բնաջնջվեց նաև քռամերձ Կրզեն գյուղը՝ Արեշի գավառում… Նակաշիձեից հետո Բաքվի նահանգապետը Ֆադեևն էր՝ Նակաշիձեից ու Տայկաշվիլուց ոչ պակաս մի ստոր արարած, և պատահական չէ, որ նույն թվի օգոստոս և հոկտեմբեր ամիսների վերջերին Բաքվում տեղի ունեցած կոտորածների ժամանակ դրոշներով, երաժշտությամբ ու ցարի դիմանկարներով թաթարների հետ արդեն լեզգիները, ռուսներն ու կազակներն էլ էին մասնակցում հայերի սպանություններին ու թալանին: Մի՞թե դա կարող է մոռացվել: Տասնութ թվին ես վեց-յոթ տարեկան տղա էի, հիշում եմ, տղամարդկանց՝ ահել ու ջահել, ամբողջ քաղաքից հավաքում էին Սաբունչի կայարանի՝ հաստ պարաններով շրջափակված հրապարակում, լցնում բեռնատար գնացքները և տանում Ալյաթ՝ կոտորելու: Այդ Ալյաթը Մուսաբեկով թաղամասի իմ պատշգամբից երևում է: Աստված երևի այնպես է կամեցել, որ ես ամեն օր ստիպված լինեմ տեսնելու այն վայրը, ուր գազանաբար սրի են քաշվել իմ հայրն ու իմ երկու մեծ եղբայրները և տանջվեմ: Դե արի ու մոռացիր այդ ամենը:

* * * * *

Մթության մեջ կանաչ-կարմիր լույսերի բեկբեկուն թրթռոցով մագնիտոֆոնը մեղմիվ նվագում էր… Ռենան հավանորեն քնած է արդեն… Նայեցի ժամացույցին. տասներկուսն անց էր: Իհարկե, քնած է… Քնի մեջ ժպտում է, երևի, իր մեղրանուշ շուրթիկներով… Անընկալելի, զարմանալի բան. ինչի՞ց է դա, և, առհասարակ, ինչպե՞ս է պատահում, որ մինչ այդ քեզ անծանոթ մեկը, որին դու բնավ չգիտեիր, գաղափար անգամ չունեիր, որ, ահա, աշխարհում կա այպիսի մեկը, միանգամայն անսպասելի հայտնվում, մտնում է սիրտդ՝ հոգիդ ափեափ լցնելով անպարփակ երանությամբ, և դու, ինքդ քեզ մոռացած, շարունակ նրա մասին ես մտածում, գիշեր ու զօր նրան երազում… Անսպասելի հնչեց հեռախոսազանգը: Տարօրինակ է, ո՞վ կլինի այսպես ուշ: Ես ծուլորեն վերցրի ընկալուչը: Հեռախոսագծի մյուս ծայրին՝ ոչ մի ձայն: Այդ լռության մեջ իմաստավոր բան կար, ես զգացի դա, և կայծակնային սրագությամբ ծագած մտքից սիրտս արագորեն բաբախեց: Սիրտս ասաց՝ Նա է:

– Դու զանգել ես, որպեսզի, քնելուց առաջ, ես լսե՞մ քո անուշիկ ձայնը, – ասացի ես հրճվագին շշուկով: – Դե, ուրեմն, խոսիր:

Ռենան մանր ծիծաղեց հեռախոսագծի մյուս կողմում, կամացուկ ասաց.

– Ճիշտ հակառակը. ես զանգել եմ, որպեսզի ոչ թե դու, այլ ինքս լսեմ քո ձայնը: Լսեցի և իմ հոգին լցվեց սրբազան զգացմունքով:

– Իսկ դու ի՞նչ իմացար, որ այս պահին, լույսերը մարած, ես քո մասին էի մտածում: Մագնիտոֆոնն իմ կողքին ցածրաձայն նվագում էր, մեղեդու ախորժալուր հնչյունների տակ ես ըղձալի անուրջներով էի տարված, Ռենա, ես քո մասին էի մտածում, իրավ, ինչ լավ է, որ զանգեցիր: Դու, ինչ է, կարդո՞ւմ ես իմ սիրտը:

– Այո, – արձագանքեց նա սիրաշշուկ քնքշանքով:

Նա երևի ժպտում էր:

– Եվ դու զգում ես, իհարկե, որ այն քեզ համար է միայն բաբախում:

– Ուզում եմ, որ այդպես լինի:

– Այդպես է, Ռեն, այդպես է, և դա քո ուզելով չէ միայն և ոչ էլ իմ ուզելով: Արարիչն է այդպես կամեցել: Ես սիրում եմ քեզ, – ինձնից անկախ՝ ներսից վեր ելնող կարկամի զգացմունքից աչքերս լցվեցին: – Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ…

– Քնիր, ուշ է արդեն… Երկար խոսել չեմ կարող: Քո ձայնը լսեցի և ինձ համար այնպես հաճելի է հիմա: Ամենամեծ երջանկությունը կյանքում այն է երևի, երբ համոզված ես, որ քեզ խենթորեն սիրում է նա, որին դու ինքդ ես խենթորեն սիրում… Ես վաղը չէ՝ մյուս օրը կգամ քեզ մոտ: Ուզում էի շաբաթվա վերջին գալ, բայց չէ, այդքան համբերել չեմ կարող: Ցավեդ տանեմ, բարի գիշեր:

* * * * *

Ես դուրս եկա գլխավոր խմբագրի առանձնասենյակից և միանգամից տեսա Ռենային: Լայքայե դեղնաշագանակագույն չկոճկված թիկնոցով, մետաքսե բաց վարդագույն շողշող բլուզով, մանրածալք սևաթույր կիսաշրջազգեստով, բարձրաոտք, գեղասրունք ու վեհատեսիլ՝ նա արագորեն գալիս էր լուսավոր միջանցքով՝ առանց ուշք դարձնելու կողքից անցնողներին, որոնք, ակամա դանդաղեցնելով իրենց քայլը, շրջվում, ետ էին նայում: Ջերմ ու խանդավառ հրճվանքով, զմայլանքով ես նայում էի նրան, մտածելով այն մասին, որ գեղեցկությունը և՛ մարդուն, և՛ Աստծուն է հաճելի, և որ աշխարհի երեսին չկա առավել գեղեցիկ որևէ բան, քան գեղեցկությունը գեղեցիկ աղջկա: Հասնելով իմ առանձնասենյակի դռանը, Ռենան ժպտադեմ բաց արեց դուռը և, տեսնելով, որ ներսում ոչ ոք չկա, մնաց շվար կանգնած: Ես չէի կարող թողնել, որ նա մտատանջվեր, շտապ մոտեցա:

– Բարև, – մի փոքր հուզված ասացի ես:

Ռենան ետ շրջվեց, ժպիտը կրկին ծաղկեց, փթթեց նրա սքանչելի դեմքին ու լուսաշող կապուտակ աչքերում:

– Ողջույն: Ես մի րոպեով բարձրացա, – արագ քայլելուց շնչահեղձվելով՝ ասաց նա ու ներս մտավ սենյակ: – Միայն մի րոպեով, չէ՞ որ խոստացել էի: Ուզում էի տեսնել քեզ, բայց երկար մնալ չեմ կարող: Ինչպե՞ս ես, – հարցրեց նա՝ ինքնաբերաբար մղվելով դեպի ինձ:

Ես քնքշալից, կարոտի հուզական ներշնչանքով գրկեցի Ռենային, այս վիթխարի քաղաքում իմ ամենահարազատ մարդուն, դեմքս քսեցի նրա անուշահոտ մազերին, չգիտես ինչու, չհամարձակվելով համբուրել նրան:

– Ոչինչ, – դեռևս հուզվելով ասացի ես, – դո՞ւ ինչպես ես, – ավելացրի ես, ինչպես առաջին անգամ՝ անկարող հայացքս կտրելու նրանից:

– Նույնպես ոչինչ… Դե լավ, ես գնամ, – Ռենան մեղմակի շունչ առավ: – Երկար մնալ չեմ կարող, քննության եմ պատրաստվում:

Քննության մասին, նա, իհարկե, հնարում էր, ես դա հասկանում էի:

– Գոնե սպասիր մի քիչ, – աղերսեցի ես՝ բռնելով նրա ձեռքը:

– Ոչ, ոչ, ոչ, չեմ կարող… Բայց շուտ-շուտ կգամ: – Ռենան դանդաղ ետ քաշեց ձեռքը և ետ-ետ գնալով դեպի դուռը՝ ժպտալով ավելացրեց, – ես երկու օր հետո կգամ, այս ժամին: Նայիր հա, տեղ չգնաս, – հորդորեց նա դարձյալ ժպտալով: – Կսպասես չէ՞, ինձ:

– Իհարկե, – ասացի ես: – Ես ոչ թե երկու օր, երկու տարի էլ կսպասեմ, – փորձեցի կատակել:

– Երկու տարի՞, – իր կապտաշող աչքերով շեղակի նայելով ինձ՝ հարցրեց նա: – Այդքան քի՞չ:

– Լավ, ոչ թե երկու, այլ քսան տարի, – տեղի տվեցի ես ժպտա լով: – Ոդիսևսը քսան տարի սպասեց Պենելոպեին:

– Ո-ո¯չ, – պարզասիրտ բռնկումով ընդդիմացավ Ռենան: – Այդ Պենելոպեն քսան տարի Իթաքեում սպասեց Ոդիսևսին և ոչ թե՝ Ոդիսևսը նրան: Սուտասանիս նայիր:

Ես ծիծաղեցի, դռան մոտ գրկելով Ռենային, փաղաքուշ ձայնով հարցրի.

– Իսկ դու, դու կսպասեի՞ր այդքան տարի:

– Ե՞ս… – նա ետ ընկրկեց, ասես մի պահ վարանելով պատասխան տալ, և իմ սիրտը տագնապալից խփեց, – ես կսպասեի ու կսպասեմ, եթե տեղը գա, – արտաբերեց Ռենան: – Բայց ոչ, – վայրկյանական դադարից հետո հապճեպ ցնցելով գլուխը՝ ասաց նա: – Ես երկու տարի չեմ կարող սպասել, – ծեքծեքուն ժպիտով ասաց նա, ձեռքը դրեց կրծքիս և, լեզվի ծայրը վերին շրթունքի վրայով դանդաղորեն աջից ձախ ու ձախից աջ սահեցնելով՝ երկարուկ մատներն իմ փողկապի տակից փաղաքշորեն մտցրեց վերնաշապիկից ներս՝ անձայն ծիծաղով խուտուտ տվեց:

Շունչս միանգամից կանգ առավ:

– Ես երկու տարում կմեռնեմ քո կարոտից, – ավելացրեց նա արդեն խաղացկուն, հետո, անսպասելիորեն առաջ մղվելով, «Քլիմայի» բուրմունքով իր դյուրաբեկ կենսաթրթիռ մարմնով ամուր սեղմվեց ինձ: – Երկու տարի չէ, երկու ամիս առանց քեզ ապրելն անգամ սարսափելի տանջանք կլինի ինձ համար:

Ռենան հուզմունքից շիկնած իր հուր շուրթերով հպվեց իմ շուրթերին:

Դա անչափ կարճ մի ակնթարթ էր: Աչքերում շողշողուն արցունք՝ նա ետ-ետ գնաց և, դուրս գալով առանձնասենյակից, միջանցքով վազեց դեպի վերելակը:

* * * * *

Ռոբերտն իր հաջորդ զանգով մի թեթև վշտացրեց ինձ: Ասաց, որ Զարմիկը խորհուրդ է տալիս չվերադառնալ Բաքու, այլ մնալ Մոսկվայում և զբաղվել առևտրով: «Դա հիմա ամենաշահավետ գործն է, – ասաց Ռոբերտը, – ամբողջ մտավորականությունը հիմա դրանով է զբաղվում: – Իսկ հետո հարցրեց, – վաղը գնալու եմ դեսպանատուն, անկետաներ վերցնե՞մ Ամերիկայի համար»: «Վերցրու, – անտարբեր ասացի ես և միանգամայն անսպասելի մի միտք ծագեց իմ մեջ՝ Ռենայի հետ գնալ Ամերիկա: – Վերցրու, – շտապ ասացի ես Ռոբերտին, – անպայման վերցրու, երբ պետք լինի՝ ես կգամ»:

Երկու օր անց ես Ռենային զգուշորեն ասացի այդ մասին, չիմանալով ինչպիսին կլինի նրա վերաբերմունքը և անչափ ուրախացա՝ նրա աչքերում ցնծուն հրճվանք տեսնելով:

– Ամերիկա՞, – հուզված շշնջաց նա: – Մի՞թե դա հնարավոր է… Գիշեր-ցերեկ մտածում էի ու ելք չէի գտնում ու եկել էի այն համոզման, որ չկա կյանքում առավել ողբերգական բան, քան բացարձակ անհնարինությունը՝ փոխել այն, ինչ վեր է մեր ուժերից: Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է:

– Ուրեմն կգա՞ս ինձ հետ, – ասացի ես բերկրանքով:

Ռենան հանկարծակի տխրեց, մի պահ տրտում, վշտահար նայեց ինձ:

– Այո, բայց… դրանով գիտե՞ս ես ինչ հարվածի տակ կարող եմ դնել մերոնց… – կամացուկ արտաբերեց նա մտահոգ, – սակայն ես ինչո՞վ եմ մեղավոր, Լեո, ասա, ես ինչո՞վ եմ մեղավոր… – Հետո, ասես ինքն իրեն սիրտ տալով, ավելացրեց մեղսագիտակ լուսաշող կիսաժպիտով, – բայց միևնույն է, կգամ քեզ հետ, ուր էլ որ տանես՝ կգամ, – ասաց նա փութկոտ փարվելով ինձ: – Մերոնք, իհարկե, ինձ չեն ների: Սկզբում չեն ների, բայց չէ՞ որ, վերջիվերջո, կներեն… Աստված իմ, ես ոչ ոքի չեմ ասի, ոչ ոք չի իմանա այդ մասին: Իրադան ու Էսմիրան նույնպես չեն իմանա, հետո, մեկնելուց առաջ, կզանգեմ, բայց տեղս չեմ ասի, չէ՞, Լեո: Եվ դրանից հետո մենք միասի՞ն կլինենք ընդմիշտ: Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է, – խանդավառ շարունակեց Ռենան: – Լեո, ես քեզ կնվիրեմ իմ ամբողջ կյանքը, իմ կյանքի ամեն մի րոպեն, կլինեմ հնազանդ, հավատարիմ ու նվիրված ու երբեք-երբեք, ասել եմ քեզ, երբեք չեմ անի այնպիսի մի բան, որ ցավ պատճառի քեզ, ես հանուն քեզ կզոհաբերեմ իմ ամբողջ կյանքը, ամեն-ամեն ինչ կզոհաբերեմ քեզ, փոխարենը պահանջելով միայն ու միայն մի բան՝ որ սիրես ինձ, ես քեզ շատ եմ խանդում, շարունակ այդ մասին մտածում եմ, բայց չեմ ասում քեզ ու երբեք չեմ ասի, ուզում եմ, որ միայն ինձ սիրես և ուրիշ ոչ ոքի, լսո՞ւմ ես, ուրիշ ոչ ոքի… Իսկ դու երբևէ սիրե՞լ ես որևէ մեկին, – անսպասելի հարցրեց նա, լայն բացված աչքերով ուղիղ նայեց ինձ՝ մի տեսակ վեհերոտ տեսքով սպասելով պատասխանի:

– Այո:

– Ինչպե՞ս, – Ռենան արագ ետ ընկրկեց, տագնապով նայեց ինձ:

– Դա վաղուց էր, դպրոցում:

– Որտե՞ղ: Սումգայիթո՞ւմ, – հարցրեց նա վհատ ու շփոթված:

– Չէ, իհարկե: Գյուղում, առաջինից մինչև վեցերորդ դասարանը ես գյուղում եմ սովորել, այնտեղ…

Ռենան մի տեսակ խաղաղված շունչ քաշեց, հարցրեց ուշացումով.

– Ի՞նչ էր անունը:

– Լյուդմիլա:

– Նա գեղեցի՞կ էր, – դարձյալ ուշացումով հարցրեց նա:

– Գեղեցիկ էր:

– Եվ դու հիշո՞ւմ ես նրան, – ցածր հարցրեց Ռենան:

– Հիշում եմ, – ասացի ես: – Երբեմն հիշում եմ: Նրա ժպիտը սկսվում էր աչքերից ու տարածվում էր դեմքին: Ես դա հիշում եմ… Բայց դա վաղուց է եղել: Շա¯տ վաղուց:

Վեցերորդ դասարանում, սեպտեմբերի սկզբին, մեր ամբողջ դպրոցը՝ վեցերորդից մինչև տասներորդ դասարան, բեռնատար մեքենաներով տարան Ներքին Հոռաթաղի դաշտ՝ բամբակահավաքին օգնելու: Այնտեղ, աստղազարդ ու լուսնյակ մի ուշ երեկո, շարքից դուրս եկած տրակտորների ու կալսիչ մեքենաների լուսնաստվերում համբուրվեցինք Լյուդիկի հետ: Հետո՝ քնքուշ, անսահմանորեն հարազատ՝ նա գլուխը դրել էր իմ կրծքին… Մինչև լուսաբաց, սիրատենդի մեջ, ես չկարողացա քնել: Այդ գաղտնածածուկ ժամադրությունն ու առաջին հաբույրն իմ կյանքում ալեկոծել էին հոգիս…

Ռենան՝ քիփ կպած մոդայիկ ջինսով, լուսամուտի առջև կանգնած, երկար ժամանակ լուռ էր: Նա անթարթափ նայում էր դուրս, խաղաղ ծովին:

– Սերը՝ այն է, – ասաց նա, – ինչը կորցնելուց հետո մենք այլևս ոչինչ չունենք կորցնելու:

Հետո հարցրեց մարող շշուկով.

– Մենք կգնանք Ամերիկա, և այդուհետ ոչ ոք չի՞ խանգարի, որ մենք ընդմիշտ լինենք միասին:

– Ոչ ոք, ոչ ոք չի խանգարի, միասին կլինենք միշտ, միշտ միասին ու միշտ անբաժան, – շշնջացի ես նույնպես մարող շշուկով:

 

– Աստված իմ, ե՞րբ կգա այդ օրը…

Ես քնքշորեն գրկեցի Ռենայի ուսերը, շնչելով նրա՝ տեղի տվող մարմնի քաղցրանուշ բուրմունքը:

– Լեո, սիրելիս, ես միայն մի րոպեով էի եկել, – շրջվելով՝ արտաբերեց նա, – ես…

Ես մատներս դրեցի նրա շուրթերին:

– Ես սիրում եմ քեզ, – չթողնելով, որ նա ավարտի խոսքը, սրտահույզ ու երկչոտ ասացի ես: – Դու գիտե՞ս այդ:

Ես այդ պահին, երևի, այլայլված տեսք ունեի, որովհետև Ռենան, ասես մի տեսակ վախեցած, ինքնաբերաբար ընկրկեց, բոլորակ հետույքով սեղմվելով իմ գրասեղանին: Բայց ժպտում էր:

– Չէ, ասա, դու գիտե՞ս, որ սիրում եմ քեզ:

Ռենան, շարունակելով ժպտալ, գլխով արեց, որ նշանակում էր՝ այո, ինքը գիտի, որ ես սիրում եմ իրեն:

Արևի պայծառ շողքն ընկավ նրա դեմքին: Ռենան կկոցած աչքերով նայեց ինձ, գլխի թեթև շարժումով ետ նետեց ոսկեզօծ մազերը, նեֆերտիտյան մարմարյա ճերմակ պարանոցին շողշողացին նրա շղթայիկն ու կապտասպիտակ ադամանդով կուլոնը: Սքանչանալով Ռենայի կուրացուցիչ գեղեցկությամբ՝ ես փաղաքշորեն բռնեցի նրա կզակը, Ռենան գլուխը մի փոքր ետ տարավ՝ նայելով ինձ մեղմ ու գերպայծառ հայացքով:

– Իսկ որ ես ցնորվածության աստիճա՞ն եմ սիրահարված քեզ, – դողացող ձայնով շշնջացի ես: – Դու ա՞յդ էլ գիտես:

Ռենան դարձյալ գլխով արեց՝ ավելի լայն ժպտալով:

Ասես անգիտակցական մի շարժումով ես շրջվեցի, դռան բանալին պտտեցի փականքի մեջ, ասելով.

– Ես քեզ այստեղից բաց չեմ թողնի:

Թափանցիկության աստիճան նուրբ մատներով ձեռքերը կրծքին տանելով՝ Ռենան համր խնդրանքով նայեց ինձ: Բայց չհանդիմանեց, ոչինչ չասաց: Նա գիտեր, հասկանում էր իր հմայքի ուժը, հայացքը շողում էր ինքնավստահ հիացմունքից, նրա ջինջ աչքերից ինչ-որ մի տեսակ խորամանկ խանդավառություն էր ճառագայթում: Լեզվի ծայրը կրկին սահեցնելով վերին շրթունքի վրայով՝ նա արեգնափայլ ժպիտով նայում էր ինձ, ասես հրճվելով իմ շփոթվածությամբ: Իսկ ես… ես ոչ մի կերպ չէի կարողանում հայացքս կտրել նրա բոցավառ շուրթերից:

Աստված իմ, ինչ լավիկն է նա, երբ կարկաչուն ծիծաղում է՝ գլուխը փոքր-ինչ ետ գցած, և նրա մարգարտաշար ատամները շողշողում են՝ ինչպես նոր եկած ձյունն առավոտվա արևի տակ, երբ իբր նեղացած, հանց Մոնա Լիզան՝ Լուվրում, աչքերը կկոցած՝ խորաթափանց հայացքով հարևանցիորեն նայում է, իսկ առանձնահատուկ կերպով փայլատակող այդ կապտակապույտ շողարձակող աչքերում՝ ամեն ինչ ներող խորհրդավոր ժպիտ, երբ սիրելի սովոր շարժումով ճակատից ետ է նետում անհնազանդ ոսկեգանգուր մազափունջը, երբ բռնկուն շիկնանքով հանկարծակի փարվում է՝ պարուրելով մատղաշ մարմնի բուրմունքով, ու փարվելիս այնպես է հպվում՝ ասես ուզում է հալվել, ներթափանցել հոգուս մեջ, երբ… Աստված իմ, աստված իմ, ինչքան ցանկալի, սքանչելի է նա, ես, իրավ, խենթանում եմ նրա հմայիչ տեսքից, գլխի գեղեցիկ պահվածքից, շորորուն թեթև քայլվածքից, մեղրանուշ թավշյա ձայնից, ես անսպասելի, անհաղթահարելի ու խելահեղ տենչանքով մի բան էի ցանկանում այդ պահին միայն՝ համբուրել փքուն շրթունքի վրայով սահող վարդագույն լեզվի ծայրը: Այդ խելացնոր մտքից ես գլխապտույտ զգացի նույնիսկ: Ես ակամա բռնեցի Ռենայի թևը՝ արմունկից քիչ վերև, և հանկարծակի պոռթկումով նրան ձգեցի դեպի ինձ:

– Արար աշխարհում, Ռենա, ոչ ոք ոչ ոքի երբեք այնպես չի սիրել ու չի կարող սիրել, ինչպես որ ես եմ սիրում քեզ:

Իմ սիրատոչոր շուրթերը հպվեցին նրա քաղցրանուշիկ բերանին: Ռենայի շուրթերն ասես շիկացած էին ներքին կրակից: Ես զգում էի այդ ջերմությունը, նրա կուսական մարմնի, փափուկ ու լիքը կրծքերի ջերմությունը նույնպես զգում էի… Նրա ձեռքերը բարձրացան, քնքշորեն գրկեցին իմ ուսերը, մատները խճողեցին մազերս: Ես Ռենային սկզբում համբուրում էի շատ քնքշորեն, բայց հետո համբուրեցի լիաշուրթ ու մոլեգին: Ռենայի հյութեղ շուրթերը դանդաղ ետ գնացին, հետո բացվեցին ավելի ու ավելի, նրա ատամները՝ կրքահարույց տաք շնչի հետ խածնելով անցան իմ ծնոտի վրայով, դա շշմեցրեց ինձ, երջանկությունից խելացնոր՝ ես գրկած պտտեցրի նրան իմ առանձնասենյակում՝ առանց շուրթերս կտրելու նրա շուրթերից, նստեցրի իմ գրասեղանին:

– Արար աշխարհ գիտե իմն ես, դու համակ կյանք՝ իմ հավատն ու սրտի սյունն ես, դու իմ հույսն ու աչքի լույսն ես, ես մի հավք եմ՝ դու իմ բույնն ես… – կցկտուր, անպարզահունչ թոթովում էի ես:

Ես ուզում էի, որ հարատևեր այդ պահը, ուզում էի շարունակ զգալ նրա մարմնի դողը, այն ջերմությունը, որ բերկրանքի, հրճվանքի ու մտացիր թեթև հառաչանքի հետ ելնում էր նրա կիսաբացված շուրթերից, ես ուզում էի այդպես պահել նրան իմ գրկի մեջ, սիրել, փաղաքշել, լիզել նրան ոտքից գլուխ, ես չէի ուզում թողնել նրան ու նրանից հագենալ նույնպես չէի կարողանում, իմ աչքերի համար հաճելի էր շարունակ տեսնել նրան…

Եվ Ռենան, ասես նոր միայն սթափվելով, ասաց.

– Ես պետք է գնամ… Ես չպետք է ուշանամ, – նրբակաշվե ծոպավոր բաճկոնը կոճկելով՝ շշնջաց նա՝ դուրս սահելով իմ գրկից:

Դռան մոտ նա մի անգամ ևս շրջվեց, շիկնած ու շփոթված ժպտաց ինձ իր արևափայլ շողշողուն ժպիտով, կամացուկ արտաբերեց.

– Ցավեդ տանեմ:

* * * * *

Ռոբերտը զանգեց շաբաթվա վերջին:

– Անկետաները վերցրել եմ, – ասաց նա: – Բայց ինքդ քո ձեռքով պետք է լրացնես դրանք ու ինքդ անձամբ հանձնես դեսպանություն: Հանձնում ես թղթերը ու սպասում զրույցի: Մի խոսքով, գնում ենք Կենտրոնական Միչիգան, Լանսինգ:

Ես ստիպված էի երկար համոզել գլխավորին՝ մինչև նա կստորագրեր դիմումս:

– Գիտեմ, հասկանում եմ, երկու տարվա արձակուրդդ մնում է, չես օգտագործել: Բայց, ախր, մենակ եմ մնում, – մտամոլոր քայլելով ընդարձակ առանձնասենյակում՝ ասաց նա: – Բոլորդ գնում եք, ահա, Արինան էլ է դիմում գրել, բնակարանն էլ, կարծեմ, փոխանակում են:

– Ինչպե՞ս, – զարմացա ես:

– Դիմումը քիչ առաջ ստորագրեցի, տարավ կադրերի բաժին:

Արինայի փոքրիկ, արևկող անկյունային սենյակից երկու դուռ էր բացվում, մեկը՝ դեպի ընդհանուր բաժին, մյուսը՝ դեպի գլխավոր խմբագրի առանձնասենյակ: Դուռը փակ չէր, գլխավորի մոտից ուղիղ անցա Արինայի սենյակը: Նա կանգնած էր լուսամուտից ներս թափանցող իրիկնային շողշողենի արևի մեջ, նայում էր դուրս:

– Գնում ես ու ինձ ոչինչ չե՞ս ասում, – ներս մտնելով ասացի ես՝ մի թեթև վիրավորված:

Նա արագ շրջվեց իմ կողմը: Աչքերը՝ սև, քնքուշ ու լացած:

– Քեզ գլխավո՞րն ասաց, – աչքերը ողողած արցունքների միջից ժպտալով՝ ցածր հարցրեց Արինան:

– Այո:

– Թե իմանայիր ինչքան ծանր է ինձ համար, Լեո, – տխրաթախիծ արտաբերեց Արինան՝ նստելով սեղանի մոտ ու իր փոքրիկ ձեռքերը դնելով սեղանին: – Դու կարո՞ղ ես դա պատկերացնել, – հարցրեց: – Չես կարող:

Արինան դարձյալ շրջվեց, նայում էր դուրս: Նա չէր ուզում, որ տեսնեի արտասուքները: Հետո ասաց.

– Չեղած տեղից՝ անհայտությունից, ծնվում, գնում ենք դեպի անհայտություն, ճանապարհին կորցնելով նրանց, որոնց կարոտը հետագայում այրում է մեր հոգին… Մարդիկ չգիտեն, չեն իմանում, որ նա, ով կենսախինդ ժպտում է բոլորին, երբեմն գիշերները լաց է լինում թաքուն, և որ երբեմն ցրտից փաթաթվում, կուչ է գալիս վերմակի տակ ու միևնույն է՝ չի կարողանում տաքանալ, որովհետև այդ ցուրտն իրականում դրսից չէ, այլ՝ իր ներսում, իր սրտի խորքում… – նա կարճ մի պահ դադար տվեց, մտամփոփ ասաց, – և ես եկել եմ այն համոզման, որ ապրելու երկու տեսակ կա՝ կարող ես ապրել ու կարծել, որ հրաշքներ չեն լինում: Կամ կարող ես ապրել ու հավատալ, որ կյանքն ինքնին հրաշք է: Ես դա այստեղ զգացի միայն: Եվ կարծում եմ, որ առհասարակ դիպվածական երևույթներ չեն լինում. այս աշխարհում ամեն ինչ կա՛մ փորձություն է, կա՛մ պատիժ, կա՛մ շնորհ, կա՛մ նախանշան: Իմը ո՞րն է դրանցից՝ չգիտեմ, հասկանալ չեմ կարողանում: Մի բան գիտեմ միայն, որ յուրաքանչյուր մարդու կյանքում, երբեմն ուշացումով, բայց անպայման հայտնվում է այնպիսի մեկը, որից հետո դու միանգամայն փոխվում ես: Եվ ամենևին կարևոր չէ՝ անսահման երջանկությո՞ւն էր դա, թե խելացնոր ցավ: Պարզապես զգում, հասկանում ես, որ դու այլևս առաջվանը չես, որ այլևս այնպիսին չես լինելու, ինչպես առաջ էր: – Նա դարձյալ կարճ դադար տվեց, ասաց, – ճակատագրի բերումով և քո շնորհիվ նաև, Լեո, ես ընկա այստեղ: Մոտ երեք տարի շարունակ ես աշխատանքի էի գալիս՝ ոնց որ տոնահանդեսի… Միշտ հիշելու եմ ծառատնկման մեր ուրախ շաբաթօրյակները Շիխովի ծովամերձ զբոսայգում, հավետ անմոռանալի մեր անվերջ ծիծաղն ու աշխույժ պատմությունները՝ շաբաթօրյակներից ու մայիսմեկյան շքերթներից հետո՝ սրճարաններում, որովհետև կյանքը, իրավ, այն օրերը չեն սոսկ, որ անցել են, այլ որ հիշվում են… Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է մոռանալ, Լեո, մի՞թե ես երբևէ կմոռանամ դա… Այս երեք տարվա հմայքն ընդմիշտ կապրի ինձ հետ՝ ուր էլ որ գնամ, ուր էլ որ լինեմ, և կջերմացնի ինձ կյանքիս մնացած ժամանակներում:

Արինան ուղիղ նայեց ինձ, և կուրացուցիչ լույսի բռնկումներով շողացին նրա խոնավ աչքերը:

Ինձ համար ևս ծանր էր մտածել այն մասին, որ այլևս չեմ տեսնելու նրան, այս երեք տարում ես նույնպես ընտելացել էի նրան:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru