bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

– Ցավեդ տանեմ, – ասաց նա:

Եվ դա աշխարհիս երեսին ամենամեծ պարգևն էր ինձ համար:

* * * * *

Համերգի օրը, լուսաբացին, անսպասելի մրրիկ բարձրացավ: Ես դուրս եկա պատշգամբ, որտեղից բարձր շենքերի արանքով, ինչպես խմբագրության իմ առանձնասենյակից, դեպի ծով իջնող նեղլիկ մի տեսարան էր բացվում: Ուշ երեկոներին ես այդտեղից հաճախակի եմ դիտում լուսնի վեհատեսիլ ընթացքը ծովի վրայով, նրա արտացոլումը խաղաղ ջրերի վրա: Պատահում է, լուսինը գլխիվայր ընկնում է ջուրը և երկար ժամանակ դանդաղորեն լող է տալիս մթության մեջ: Գիշերներն այնտեղ, ծովի խորքում, երևում է փարոսի համաչափ թարթոցը:

Ծովն այսօր մթագնած է՝ ինչպես երկինքը, ալիքները մոլեգնում, ծառս են լինում: Մրրիկին ընդդեմ ձիգ բարդիները գալարվում են, ասես ուր որ է պիտի ճղատվեն:

Հետո հորդ անձրև սկսեց: Ես կանգնել, ականջ էի դնում ջրի անդադար շառաչին՝ ջրհորդանների մեջ:

Իսկ հետո ամեն ինչ միանգամից խաղաղվեց, երկինքը պարզվեց և կարծես ո՛չ մրրիկ էր եղել, ո՛չ տեղատարափ անձրև:

Արևոտ, լուսաշող օր էր բացվում քաղաքի վրա:

Ես սպասում էի Ռենայի զանգին. նա համերգի տոմսերը դեռևս չէր վերցրել ինձնից: Վերջապես զանգեց, և դա համարյա օրվա վերջին էր: Ավտոմատից էր զանգում:

– Դու կարո՞ղ ես իջնել ներքև, – հարցրեց նա իր թավշե անուշ ձայնով:

– Չե՞ս ուզում բարձրանալ խմբագրություն:

– Ուզում եմ, – պատասխանեց նա ցածր ձայնով: – Բայց մենակ չեմ: Ավելի լավ է՝ ինքդ իջիր ներքև:

Եվ, չգիտես ինչու, հուզումը պատեց ինձ: Հասկացա՝ Էսմիրան ու Իրադան էլ այնտեղ են: Մի պահ քայլում էի սենյակում, սպասելով, որ անցնի հուզումը: Ապարդյուն:

Ես նրանց իսկույն տեսա. կանգնած էին փողոցի մյուս կողմում, ֆիլհարմոնիայի այգու մոտ՝ բարձրակրունկ կոշիկներով, տոնականորեն գեղեցիկ հագնված: Իրադան համարյա Ռենայի տարիքին էր, երևի մի երկու-երեք տարով էր մեծ, իսկ Էսմիրան, ես ճիշտ էի նկատել, Ռենայի նման էր՝ սլացիկ ու գեղիրան:

Երեք զույգ աչքեր հառված էին ինձ, իսկ ես չգիտեի, թե որտեղ թաքցնեի ձեռքերս, ինչպես անցնեի փողոցը, համենայն դեպս, Էսմիրայի և Իրադայի զննող, հետաքրքրասեր հայացքների ներքո:

– Բարև ձեզ, – ի վերջո անցնելով լայն փողոցն ու մոտենալով նրանց՝ շփոթված ասացի ես: – Ահա և տոմսերը:

Էսմիրան ձախ ձեռքով վերցրեց տոմսերը, աջ ձեռքը մեկնեց ինձ, ես ակամա իմ ափի մեջ առա նրա բարալիկ, սառը մատները:

– Էսմիրա, – ասաց նա՝ նայելով ինձ այնպիսի մի հայացքով, որով արբունքի հասած գեղեցիկ աղջիկները շփոթեցնում են և՛ ջահել, և՛ տարեց տղամարդկանց՝ թրթռացնելով նրանց սրտերը՝ ջահելներին հավանական հեռանկարով, մեծերին, ավաղ, ափսոսանքով միայն, որ այսպես աննկատելի անցավ իրենց ջահելությունը: – Շնորհակալություն տոմսերի համար:

Իրադան գլխի շարժումով պատասխանեց իմ ողջույնին, իսկ Ռենան միայն ժպտաց:

– Համերգին դեռ ժամանակ կա, – ասացի ես: – Գնա՛նք սրճարան. այստեղ ընտիր պաղպաղակ են տալիս:

– Կարելի է, – նրանց փոխարեն արագորեն պատասխանեց Էսմիրան լուսապայծառ ժպիտով:

Ժպիտը շատ էր սազում նրա սիրունիկ դեմքին:

– Էսմիրա, – սաստեց նրան Իրադան:

Բայց ո՞ւմ ես ասել:

– Գնացինք, ինչո՞ւ եք կանգնել, – ասաց նա, և մենք երկնահաս լորենիների լայն ծառուղով, ինչպես անտառի միջով, թռչունների դայլայլի ուղեկցությամբ, քայլեցինք դեպի Իչարի Շահարի պարսպի տակ գտնվող բացօթյա սրճարանը, ուր կարոտակեզ մի երգ էր ծորում մագնիտոֆոնը:

«Փթթուն գարնանը շատ թափառեցի ու երազ տեսա, որ իմ հետ ես դու», – երգում էր Յալչին Ռզազադեն:

Էսմիրան կանգ առավ, ցնծուն բերկրանքով շունչը պահած, լայն բացած ջինջ աչքերով նայեց արահետի վրա թեքված լորենու ճյուղերին, որոնց վրա խաղալով վազվզում էր դարչնադեղնավուն մի սկյուռ: Ճյուղից ճյուղ թռչելով՝ սկյուռը սլացավ ծառն ի վեր, լորենու ամենաբարձր կատարին, երկնքին քսվող ճյուղերի վրա մի պահ երևաց նրա հրաշեկ պոչը, դողդողաց ու անհետացավ սաղարթների մեջ:

– Մի երկու հոգի դահլիճում ուշաթափվելու են, – շրջվելով ասաց Էսմիրան անթաքույց հրճվանքով: – Նրանք համոզված էին, որ ինձ չի հաջողվի տոմս գտնել:

Նա հտպիտ հայացքով նայեց ինձ. ժպիտը շարունակ ծաղկում էր նրա սևորակ կայծկլտուն աչքերում, շուրթերի վրա, տարածվում ամբողջ դեմքին: Ժպիտ էր ծաղկում անգամ ձյունից ճերմակ, շաքարասպիտակ պսպղուն ատամների վրա:

– Եվ այն էլ բեմից ոչ հեռու, երրորդ շարքում, – գոհ, որ դա ուրախություն պիտի պատճառի նրան, ասացի ես:

– Ինչպե՞ս, – իսկապես ուրախացավ Էսմիրան: – Երրորդ շարք, իսկ նրանցը գիտե՞ք որտեղ է՝ ամենավերջին կարգում: Աման ալլահ, նախանձից պայթելու են:

– Իսկ գիտե՞ս ում էին պատկանում այդ տոմսերը, – նրա հետաքրքրությունն ավելի բորբոքեցի ես:

– Ո՞ւմ, – վառվող աչքերով շեղակի նայելով ինձ, հարցրեց Էսմիրան:

– Ադրբեջանի գրողների միության վարչության նախագահ Անարին:

– Անարի՞ն: – Էսմիրան կանգ առավ, նրա խոշոր, շքեղ աչքերում մի արտակարգ լույս էր փայլում: – Ես կարդացել եմ նրա վեպը՝ «Վեցերորդ հարկ՝ հինգ հարկանի շենքում»: Սքանչելի գործ է: Թահմինայի մահն ինձ ցնցել է… Ոչ ոք չի հավատալու: Ոչ ոք: Մեր գրողներից ովքե՞ր են ամենալավը, գիտե՞ք: Ասեմ՝ Անար, Էլչին, Աքրամ Այլիսլի, Իբրահիմբեկով եղբայրները, Չինգիզ Հյուսեյնով: Կարդացե՞լ եք Հյուսեյնովի վիպակը՝ «Մագոմեդ, Մամեդ, Մամիշ»: Սքանչելի վիպակ է: Գլխավոր հերոսուհու անունը նույնպես Ռենա է, բայց, դե, անբարոյական վարքի տեր ու խորամանկի մեկն է նա, իմ քույրիկը նրա լրիվ հակապատկերն է: Անարի տոմսերը… Բայց հո տեսնելու են, թե որտեղ եմ նստած:

– Ռենա՞ն էլ է կարդացել այդ վիպակը, – հենց այնպես հարցրի ես Էսմիրային:

– Չգիտեմ, – ընդգծված անփութությամբ նետեց նա՝ անմեղապարտ խաղացկուն ժպիտով: – Հիմա նա հայ գրականություն է ուսումնասիրում, – ինձ նայելով՝ ծիծաղեց: – Վերջերս ի՞նչ էր կարդում: Սպասիր հիշեմ… Ալեքսանդր Մակեդոնացին երեսուն հազար զինվոր ուներ, բոլորին դեմքով ճանաչում էր և անունները գիտեր, իսկ ես մի հասարակ գրքի վերնագիր հիշել չեմ կարողանում:

– Էսմիրա, – այս անգամ արդեն թախանձեց Ռենան:

– Հիշեցի, – ասաց նա՝ ուշադրություն չդարձնելով քրոջ թախանձանքին, – «Մուսա լեռան քառասուն օրը»: Հաստափոր գիրք է, ես քառասուն օրում էլ չեմ հասցնի կարդալ: «Արբատի զավակները» նույնպես մեծ գիրք է, բայց ես երկու շաբթում կարդացի: Այդ Սաշայի համար չորս օր լաց եղա: Մեղք էր: Ես որ նրա սիրած աղջկա՝ այդ Վարյայի տեղը լինեի, նրա ետևից կգնայի Սիբիր, մինչև Կանսկ: Ինչպես որ «Մանոն Լեսկոյի և ասպետ դը Գրիյոյի պատմությունը» վեպում դը Գրիյոն կամովի գնաց Ամերիկա աքսորված Մանոնի ետևից: Գիտե՞ք Սոնան ինչ էր ասում:

– Սոնան ո՞վ է:

– Մեր դասարանից, – անտարբեր նետեց նա: – Նարգիս է երևակայում իրեն: Հա, գեղեցիկ է, բայց հո բացարձակ գեղեցկուհի չէ: Նարգիսը, որի իսկական անունը, ի դեպ, Ֆաթիմա էր, ու Սոնան հազիվ թե դա իմանա, հանրահայտ կինոդերասանուհի էր, նա ոչ միայն Բոլլեվուդում ու մեկ միլիարդանոց Հնդկաստանում՝ ամբողջ աշխարհի մակարդակով էր գեղեցկուհի: Նյու-Յորքում, երբ նա հիվանդ պառկած էր, տաքսու վարորդները փող չէին վերցնում նրան այցելության գնացող ուղևորներից, այլ խնդրում էին այդ փողով ճերմակ վարդեր առնել նրա համար: Աման ալլահ, մի տես ում հետ է ուզում համեմատվել: Աշակերտ կա՝ գիտի, որ գիտի, աշակերտ կա՝ գիտի, որ չգիտի, աշակերտ էլ կա՝ չգիտի, որ չգիտի: Այ, դա է Սոնան՝ չգիտի, որ չգիտի: Ասում էր՝ վ-ա-ղ-վ-ա դ-ա-ս-ե-ր-ս չ-եմ կ-ա-ր-ո-ղ-ա-ն-ա-լ-ու կ-ա-ր-գ-ի-ն պ-ա-տ-ր-ա-ս-տ-ե-լ, հ-ա-մ-ե-ր-գ-ը ե-ր-և-ի խ-ա-ն-գ-ա-ր-ի, – ծաղրեց Էսմիրան:– Իբր թե դու ե՞րբ ես դասերդ կարգին պատրաստել: Որևէ միտք հստակ ձևակերպելը նրա համար սոսկալի տանջանք է: Այս ու այն տեղից արտագրելով, հուշելով-բանով մի կերպ «երեքներ» է կորզում: Դիտմամբ բարձր ասաց, որ ես լսեմ: Ուզում էր խայթել, բայց չի կարա:

Էսմիրան՝ եղնիկի պես թեթևաքելք, քիչ առաջ էր ընկել, անցնող տղաները, արևի ետևից պտտվող արևածաղկի պես, գլուխները շրջում էին նրա կողմը:

– Էսմիրա, – կանչեց Իրադան, – առաջ մի ընկնիր:

Մենք տեղավորվեցինք կլոր սեղանի շուրջը: Մատուցողուհին ճանաչում էր ինձ, մենք հաճախ էինք տղաներով գալիս այստեղ՝ սուրճ խմելու կամ պաղպաղակ ուտելու: Նա ջերմորեն ողջունեց: Սկսեցինք պատվիրել:

– Դու պաղպաղակը ելակո՞վ ես սիրում, թե շոկոլադով, – հարցրի ես Էսմիրային:

– Ե՛վ ելակով, և՛ շոկոլադով, – արագախոսեց նա: – Երկուսն էլ սիրում եմ:

– Էսմիրա, – այս անգամ Ռենան փորձեց սաստել քրոջը: – Քեզ ի՞նչ եմ ասել:

– Ասել ես՝ կարգին կպահես քեզ, – խոստովանեց Էսմիրան: – Ես ինձ վա՞տ եմ պահում, – դառնալով իմ կողմը, հարցրեց նա, ծիծաղկուն կկոցած աչքերով նայելով ինձ:

– Ամենևին, – ասացի ես: – Ընդհակառակը:

– Տեսնո՞ւմ ես, – հաղթական հայտարարեց Էսմիրան: – Բողոքներ չկան, – և կրկին դառնալով ինձ ասաց, – ես այդ Սոնայի հետ չեմ խոսում: Զաուրի հետ նույնպես:

– Իսկ Զաուրն ո՞վ է:

Էսմիրան կրկին շեղակի նայեց ինձ, վարդագույն փափլիկ շուրթերով ճակատի մազափունջը փչելով մի կողմ: Ճիշտ և ճիշտ՝ Ռենայի նման:

– Մեր դասարանի գերազանցիկն է, – ոչ առանց հպարտության, բայց անտարբեր ձևանալով բացատրեց նա: – Խռով եմ հետը:

– Ինչո՞ւ, – խոսեցրի ես ժպտալով:

Ռենան ու Իրադան նույնպես ժպտում էին՝ երկուսն էլ փաղաքուշ հայացքներով նայելով Էսմիրային:

– Որովհետև մաթեմատիկայի ստուգողական գրավորը տվել էր Սոնային արտագրելու: Դրա համար էլ խռովեցի:

– Էհ, դրա մեջ ի՞նչ կա որ, – ասացի ես:

– Ոչ: Ես չէի ուզում, ուրեմն չպիտի տար, – ասաց նա իր լուսաշող աչքերով նայելով ինձ:

Լուսաշող սպիտակուցներով սև աչքեր՝ անուշիկ թուխ դեմքի վրա:

– Ինչո՞ւ:

Էսմիրան նայեց ինձ, քիչ մտածեց, ասաց.

– Որովհետև այդ Սոնան աղջիկներին ասել էր, թե իբր Զաուրի հետ կինո են գնացել, և որ, իբր, Զաուրն իրեն համբուրել է: Սուտ: Զաուրն ինձ երդվեց, որ այդպիսի բան չի եղել: Ստում էր:

– Էսմիրա, դու կարո՞ղ ես լռել, – բարկացավ Ռենան:

– Կարող եմ, – ասաց Էսմիրան և ուղիղ կես վայրկյան լուռ էր:

Բայց միայն կես վայրկյան:

– Ինչ-որ բան է պատահել մեր հեռախոսի հետ, – ասաց նա, – երեկ խոսում էի ընկերուհուս հետ և բոլորովին չկարողացանք մեկս մյուսին հասկանալ:

– Իսկ փորձե՞լ եք հերթով խոսել, – ժպտաշող աչքերով նայելով Էսմիրային հարցրեց Ռենան:

Էսմիրան նայեց նրան, բայց միտքն ուրիշ տեղ էր:

– Զաուրն ասում է, որ ես շատ նման եմ Սոֆի Մարսոյին, – ասաց նա: – Իսկ ինձ թվում է, որ ես ավելի շատ թոփ-մոդել Մոնիկա Բելլուչիի նման եմ: Դուք տեսած կա՞ք նրան:

– Ո՞ւմ: Զաուրի՞ն:

– Չէ-է¯, – քաղցրահունչ ծիծաղեց Էսմիրան՝ գլուխը թափահարելով: – Մոնիկա Բելլուչիին: Քսանհինգ տարեկան է ու այս օրերին ամբողջ Փարիզն ու Նյու-Յորքը նրա մասին են խոսում որպես ամենահանրահայտ մոդելի:

– Տեսել եմ: Կարծեմ, վերջերս «Պլեյբոյում» կար նկարը:

– Ճշմարիտ է, «Պլեյբոյի» կազմին նորերս եղել է նրա նկարը: Ճիշտ, նմա՞ն եմ նրան:

Ես նայեցի Էսմիրային. ոգեղեն կենսուրախությամբ, լուսավորված ոչ այն է՝ երկնահաս ծառերի սաղարթների արանքից թափանցող շողշողուն արևով, ոչ այն է՝ ուղղակի ներսից եկող ինչ-որ արտակարգ լույսով, ձայնի մեղմանուշ երանգով, ալ կարմիր վառվռուն անպիղծ շուրթիկներով, անկյունավոր աչքերի այրիչ հրով ու մի տեսակ էկզոտիկ իր գեղեցկությամբ, նա, իրոք, ամենևին չէր զիջում սևաչյա մանեկենուհի Մոնիկա Բելլուչիին, և, կարծես, այո, ինչ-որ նմանություն կար նրանց միջև:

 

– Նման ես, – հաստատեցի ես: – «Պլեյբոյն» արժանի է, որ քո նկարը նույնպես տպագրվի այնտեղ:

– Ես էլ այդ կարծիքին եմ, – Էսմիրան աշխուժորեն նայեց Ռենային ու Իրադային, գոհունակ ժպտաց: – Իմ քույրիկը նմա՞ն չէ Մերիլին Մոնրոյին, – անսպասելի հարցրեց՝ քիչ առաջվա նույն ծիծաղկուն աչքերով նայելով ինձ:

– Երբ Մերիլին Մոնրոն տասնինը տարեկան էր՝ նման էր քո քույրիկին, բայց քո քույրիկն ավելի հրապուրիչ է, քան Մերիլին Մոնրոն տասնինը տարեկանում, – ասացի ես:

Ռենան ժպտաց աչքերով, նայեց ինձ խորունկ սիրող հայացքով՝ Էսմիրայից ու Իրադայից աննկատ հրաբոսոր շուրթերի թեթևակի հպումով համբույր հղելով ինձ:

– Ես կարծում եմ, – շարունակեց Էսմիրան, – որ նա ավելի շատ Բրիջիդ Բարդոյին է նման:

– Էսմիրա, – հարկադրական աղերսեց Ռենան:

Էսմիրան, կնճռոտելով դեմքը, ձեռքը թափ տվեց, այսինքն՝ մի խանգարեք, ինքը հիմա կարևոր հարցեր է վճռում:

– Նրանց նկարները դնում եմ կողք-կողքի և չեմ կարողանում տարբերել. մազերը, հոնքերը, կազմվածքը, նայվածքը, թևերը, հատկապես, երբ անթև շոր է հագնում, աչքերի գույնն ու ժպիտը, մանավանդ ժպիտը, ամեն-ամեն ինչ նույնը, մեր դասարանում էլ են բոլորն ասում, որ շատ նման են, իսկ շուրթերը, նայում եմ՝ նույն էրոտիկ շուրթերը…

– Էսմիրա, դու կտրելո՞ւ ես ձենդ, – շառագունելով՝ արդեն լրիվ բարկացավ Ռենան: – Իրադա, ախր, մենք նրան ինչո՞ւ վերցրինք մեզ հետ:

– Էլ մի ասա, – համաձայնեց Իրադան:

Բայց ժպտում էր:

– Մեր հարևան շենքում, հինգերորդ հարկում, մի տղա կա, ֆիզկուլտ ինստիտուտում է սովորում, – դույզն անգամ չազդվելով նրանց խոսքերից՝ ասաց Էսմիրան մտասույզ, – աչքը գցած մեր պատշգամբին՝ առավոտից մինչև իրիկուն կիմոնո հագած ցատկոտում, մարզանք է անում: Դուք մարմնամարզությամբ զբաղվո՞ւմ եք, – դառնալով ինձ՝ անսպասելի հարցրեց նա:

– Ինչի՞ համար:

– Ինչպե՞ս թե ինչի՝ երկարակեցության:

– Նապաստակն ամբողջ օրը ցատկոտում, վազվզում է այս ու այն կողմ՝ իսկական մարմնամարզիկ, ինքն էլ հումակեր, բայց ութ-տասը տարուց ավելի չի ապրում, իսկ այ, կրիան մարմնամարզությամբ չի զբաղվում, ծույլ ու դանդաղկոտ՝ ոչ մի տեղ չի շտապում, ուղարկում են ջրի, մի ժամ անց դժգոհում, որ մինչև հիմա չկա, դրսից ասում է՝ շատ խոսեք, չեմ էլ գնա ու, տես, չորս հարյուր հիսուն տարի ապրում է:

Էսմիրան, ծիծաղեց, ծիծաղկուն աչքերով նայելով Ռենային, ասաց.

– Ֆիզկուլտ ինստիտուտի էդ տղայի ուշքը գնում է քույրիկիս համար:

Իմ սիրտն ալեկոծված բաբախեց:

– Լեո, մի լսեք նրան, – շագանակացոլ խոշոր աչքերով մի կարճ ակնթարթ նայելով ինձ՝ խնդրեց Իրադան: – Ռենա, դու ճիշտ ես, մենք իզուր ենք նրան վերցրել հետներս:

Էսմիրան աչքերին ձանձրացող մարդու արտահայտություն տվեց՝ կրկին ծուլորեն թափ տալով ձեռքը, այս անգամ ասես ճանճ էր քշում իրենից:

– Իսկ իմ քույրիկի ուշքն էլ ձեզ համար է գնում, – ասաց նա՝ հեզանազ ժպտալով: – Կարդացե՞լ եք Կապուտիկյանի բանաստեղծությունը. «Թափառում ենք փողոցներում՝ ես քո սիրով, դու՝ ուրիշի, այրվում ենք հրդեհներում՝ ես քո սիրով, դու՝ ուրիշի», – արտասանեց նա, պաղպաղակի մելքիորե գդալիկը լիզելով՝ ելակով պաղպաղակից անցնելով շոկոլադին:

Իրադան ծիծաղեց, օրորեց գլուխը՝ իբր, երեխա որ երեխա:

– Գիտե՞ք, Զաուրն ինչ ասաց ամբողջ դասարանի առաջ: Մեկը կա, ասաց, եթե հրամայի՝ պատուհանից կանցնեմ դուրս և երրորդ հարկի քիվի վրայով աչքերս փակ շենքի մի ծայրից կգնամ մինչև մյուս ծայրը: Այս ու այն կողմից հարցրին՝ ո՞վ է այդ մեկը: Իսկ նա ասաց՝ Էսմիրան: Պատկերացնո՞ւմ եք: Սոնան մեռած էր ու թաղած չէր: Իսկ մինչ այդ, դրանից մի քանի րոպե առաջ, գիտե՞ք ինչ էր ասում այդ Սոնան՝ եթե նա առաջինն է, ասում էր, ում մասին մտածում ես, երբ արթնանում ես, միակը, երբ սթափ ես, և վեջինը, ում մասին դու մտածում ես քնելուց առաջ՝ դա արդեն սեր է: Զաուրի խոսքից հետո գույնը գցել էր: Պատի գույն: – Էսմիրան ժպտաց, գերպայծառ հայացքով կկոցուն նայեց ինձ: – Ի՞նչ եք կարծում, – քիչ անց ասաց նա, – արժե՞, որ ես Զաուրին ներեմ:

– Իհարկե, – արագ ու հաստատուն ասացի ես:

– Ոչ, չեմ ների,– շեշտակի և ուրախ նայելով ինձ՝ վճռական ասաց Էսմիրան, մի փոքր մտածեց, ավելացրեց, – թող ներողություն խնդրի:

Հուզիչ էր նրա բարյացակամ անկեղծությունն ու միամիտ անաղարտությունը:

– Կխնդրի, ի՞նչ պիտի անի, – ասացի ես ժպտալով:

– Ես էլ եմ այդպես կարծում, – ակնհայտ գոհունակությամբ ժպտաց Էսմիրան: – Ես մտածում եմ, որ ներելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես ներում: Ինչպես նաև նսեմացնելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես նսեմացնում, հարգելով ու օգնելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես հարգում ու օգնում, պաշտպանելով ուրիշներին՝ ինքդ քեզ ես պաշտպանում: Եվ այդ ամենի համար անկախ քեզնից, ինքդ քո աչքին բարձրանում ես ու միանգամայն այլ ձևով ես զգում քեզ: Ադպես է, չէ՞, – հարցրեց ու, առանց պատասխանի սպասելու, ավելացրեց, – ինձ դուր է գալիս այստեղ, ոնց որ անտառում լինես. թռչունների ծլվլոց, սկյուռիկի վազք, երաժշտություն: Ռոք երաժշտությունը շատ է հոգեհարազատ ինձ, էթնիկ, ժողովրդական երաժշտություն ևս շատ եմ սիրում: Գիտե՞ք ժողովրդական ինչ երգ եմ ես շատ սիրում՝ «Քյուչալարա սու սափմըշամ՝ յար գյալանդա թոզ օլմասըն, յար գյալանդա թոզ օլմասըն*», – կամացուկ երգեց նա: – Շատ լավ երգ է, չէ՞: Սիրո մասին է, ճիշտ է, բայց խորը թախիծ, տխրություն կա մեջը: Սիրտդ տակնուվրա է անում, հասկանում ես, որ նրա աչքը ճամփին է, շարունակ սպասում է, բայց սիրածը չկա և հույս էլ չկա, թե գալու է: Այսպիսի համեղ պաղպաղակ ես ոչ մի տեղ չեմ կերել, – հանկարծակի փոխելով թեման՝ ասաց նա:

– Հաճելի է լսել, – ասացի ես:

Էսմիրան նայեց ինձ մշուշոտ, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց երևի փոխեց միտքը, լռեց:

– Տեսե՞լ ես՝ ինչ բուրմունք է, – չհամբերեց, ձգվեց, վիզը երկարեց դեպի Ռենան:

– Ախ, ախ, ախ, – խնդումնասիրտ գլուխն օրորեց Ռենան:

– Օխ, օխ, օխ, – կոտրատվեց Էսմիրան չափազանցված զվարճությամբ: – «Շանել № 5»: Մամայի օծանելիքն է, մի քիչ փչեցի վրաս: Գժվում եմ դրա բուրմունքից, – նա թեթևակի մի հառաչ արձակեց, թեքվեց դեպի ինձ, պարանոցը մոտեցրեց դեմքիս՝ ցփնելով ինձ իր զմայլեցուցիչ բույրերով, – հոտ քաշեք, – թույլատրեց նա: – Լավն է, չէ՞:

Օդն անգամ աղջկական անուշահոտություն էր բուրում:

– Աննման, – ասացի ես:

– Գիտե՞ք ինչ, – պաղպաղակն ուտելով ասաց Էսմիրան, – տարօրինակ բան, երբ երջանիկ ես, լաց լինել ես ուզում, բայց, երբ տխուր ես, չես ուզում ծիծաղել… Դրա համար էլ, կարծում եմ, ավելի

լավ է երջանիկ լինել: Ու ոչ ոքի չնախանձել: Ամենածանր բանը նախանձկոտ մարդու համար գիտե՞ք որն է. այն, որ նրան ոչ ոք չի

*«Փողոցներում ջուր եմ ցանել, յարս գալիս՝ փոշի չլինի, յարս գալիս՝ փոշի չլինի» (ադրբ. ժող. երգ):

նախանձում: Մեր դասարանի բոլոր աղջիկներն ինձ նախանձում են, – նա մի երկու վայրկյան դադար տվեց, հետո ասաց, – ես ընդհանրապես կարծում եմ, որ տղաներն ավելի կայուն ու հուսալի

ընկերներ են լինում, քան աղջիկները: Բայց, այնուամենայնիվ, ես չեմ հասկանում, թե ինչու են նախանձում: Ինչ հագնում եմ՝ լավ,

վատ՝ նախանձում են, ուրախ ժամանակ տխուր ձևանամ, կամ տխուր ժամանակ՝ ուրախ, նախանձում են, տասներորդ դասարանի տղաներն ինձ նայում են կամ նամակ են գրում, կամ էլ, ասենք, պայուսակս վերցրած՝ ուղեկցում են, էլի նախանձում են: Փորձի համար՝ մազերս կտրեմ, համոզված եմ, իրենք էլ կկտրեն: Չգիտեմ ինչ անեմ, – իբր շատ մտահոգ՝ ուսերը թոթվեց նա: – Էհ, գիտե՞ք ինչ եմ մտածում, – ուրախ ավելացրեց,– ում չեն նախանձում, ուրեմն նա իրենից բան չի ներկայացնում: Թող նախանձեն, ավելի լավ է ինձ նախանձեն, քան ես նրանց, չէ՞… – նա դարձյալ քիչ դադար տվեց, ասաց, – ես բժշկական երբեք չեմ ուզենա՝ «Վարակիչ հիվանդությունների և նրանց հետ շփվող անձանց մեկուսացման ժամկետները», «Արյան համակարգի հիվանդություններ», «Կանխարգելիչ պատվաստումների օրացույց»՝ Ռենայի գրքերը որ նայում եմ՝ սիրտս խառնում է: Դպրոցն ավարտեմ՝ կընդունվեմ կոսմետոլոգիայի և գեղեցկության ինստիտուտ: Իմացել եմ՝ Լենինգրադում այդպիսի ինստիտուտ կա, հենց այդ ինստիտուտն էլ կընդունվեմ, – եզրափակեց Էսմիրան և անսպասելի ավելացրեց, – ես բանաստեղծություններ եմ գրում:

– Ոչ թե բանաստեղծություններ, այլ ոտանավորներ, – խեթեց Ռենան:

– Ի՞նչ տարբերություն, – գլուխը շրջելով քրոջ կողմը, ասաց Էսմիրան, սիրուն քթիկը կնճռոտելով:

– Տարբերությունը չես հասկանում, դրա համար էլ ոտանավորներ ես գրում, – ժպտաց Ռենան:

– Դուք կարծում եք մենակ դպրոցո՞ւմ են ինձ նախանձում՝ տեսնո՞ւմ եք:

Այս անգամ բոլորս ծիծաղեցինք, և Էսմիրան էլ, իհարկե, մեզ հետ:

Նույն ծառուղով զրուցելով քայլեցինք մինչև կանգառ, և Էսմիրան դարձյալ առջևից էր գնում՝ անհոգ ու թեթևաքայլ, գոտկատեղից աջ ու ձախ թեթևակի կոտրտվելով:

Կանգնեցրի պատահած առաջին տաքսին:

– Մենք տրոլեյբուսով կգնանք, – փորձեց առարկել Իրադան, – ութերորդ համարն ուղիղ Լենինի պալատ է գնում:

– Էսմիրային պատի՞վ է բերում տրոլեյբուսով համերգ գնալը:

– Կարծում եմ՝ ոչ, – հաստատեց Էսմիրան:

– Վերջ ի վերջո, ի՞նչ կասի հակառակորդ կողմը, – ժպտացի ես:

– Նրանք այդքան հեռուն չեն մտածում, – ծիծաղեց Էսմիրան, նստեց մեքենայի առաջնամասում, վարորդի մոտ, նստեց հանդիսավորությամբ, իսկ մինչ այդ, մինչ կնստեր, դարձյալ մեկնեց ձեռքը և, կկոցուն աչուկներով նայելով ինձ, ասաց, – ես ձեզնից բաժանվում եմ հաճելի տպավորությամբ:

Ռենան ու Իրադան անկարող եղան զսպելու իրենց ծիծաղը:

– Ես ցանկանում եմ, որպեսզի դու ոչ-ոքի չնախանձես կյանքում, – ժպտալով ասացի ես Էսմիրային: – Որովհետև նախանձը երջանիկների թշնամին է: Եվ համոզված եմ նաև, որ երբեք առիթ չես ունենա նախանձելու որևէ մեկին:

– Ես էլ եմ այդպես կարծում, – ասաց Էսմիրան սիրագորով քնքշությամբ և, ի նշան հրաժեշտի, խաղացրեց նազուկ մատիկները:

Երեկոյան ուշ Ռենան զանգեց ինձ, պատմեց համերգից ստացած տպավորությունների մասին, ոչ չարությամբ, իհարկե, գանգատվեց Էսմիրայի չարաճճիություններից և վերջում, համարյա շշուկով, ավելացրեց. «Մերոնց շատ դուր ես եկել: Էսմիրան շարունակ քեզնից էր խոսում, իսկ Իրադան ասաց, որ տղամարդկային արտակարգ հմայք կա քո մեջ… Համեմատությունների հիվանդ իմ քույրիկը գիտե՞ս քեզ ում հետ էր համեմատում»:

– Գիտեմ:

– Ո՞ւմ, – քաղցր կարկաչեց Ռենան:

– Քվազիմոդոյի:

Նա դարձյալ ծիծաղեց, ասաց.

– Քեզ չե՞մ ասել, որ դու Քվազիմոդոյից ահագին սիրուն ես:

– Ասել ես: Ուրախ եմ, որ հիշեցրիր: Ուրեմն՝ Չելենտանոյի:

– Ո-ո¯չ, – կրկին անգամ ծիծաղեց Ռենան: – Դու Չելենտանոյից էլ սիրուն ես… Ոչ մի տեղ՝ ո՛չ ինստիտուտում, ո՛չ որևէ տեղ, չկա մեկը, որի հետ կարողանայի համեմատել քեզ. դու տղամարդու կատարելատիպն ես ինձ համար, մի՞թե չես հասկանում:

– Դե լավ, ասա, ո՞ւմ հետ էր համեմատում:

– Ջոն Լեննոնի:

Ես ժպտացի. նա՝ Բրիջիդ Բարդո, ես՝ Ջոն Լեննոն: Հաճելի համեմատություն էր:

Ասացի.

– Ջոն Լեննոնը վեց տարով փոքր էր Բարդոյից:

– Նույնքան էլ դու մեծ ես ինձնից, – ծիծաղեց Ռենան:

Նա բարձր տրամադրությամբ էր, շարունակ հրճվում ու ծիծաղում էր.

– Բայց դա մի՞թե խանգարում է, որ ես սիրեմ քեզ խենթորեն:

– Խնդրում եմ, հայտնիր նրանց իմ շնորհակալությունը:

– Չեմ հայտնի, – նորից ծիծաղեց Ռենան և բարի գիշեր մաղթեց ինձ, չմոռանալով, իհարկե, իր հայերենը՝ «Ցավեդ տանեմ»:

* * * * *

Բացօթյա սրճարան մենք հաջորդ օրն էլ գնացինք: Այս անգամ Արինայի ու Լորաննայի հետ: Արինան ավարտել էր նախկին գլխավորի հուշագրության մեքենագրությունը, և դա անհրաժեշտ էր նշել:

– Այդ ծանր բեռից ազատվեցի՝ դա պետք է նշել, – ասաց Արինան: – Չեմ հավատում, թե դրա զզվելի մռութն այլևս չեմ տեսնելու: Վերջին օրը, փոխանակ շնորհակալություն հայտնելու, որ այդ ցանցառություններն առանց մի կոպեկի մեքենագրել եմ, ասաց. «Տառասխալներ ես թույլ տվել, մեր մեքենագրուհիներից մեկին յոթ տարով աքսորեցին Սիբիր, մյուսին՝ հինգ տարով: Եվ այդ ամենը մի-մի տառասխալի համար»:

– Չասա՞ց ինչ տառասխալներ էին, – հետաքրքրվեց Լորաննան:

– Ասաց: «Պոլկովոդեց» բառի փոխարեն մեքենագրել էր «Վոլկովոդեց»: Ստալինին վերաբերող տեքստում: Դա ռուսական հաղորդումների խմբագրության մեքենագրուհու մասին էր, իսկ հայկականն էլ մեքենագրել էր. «Սոցիալիստական աշխատանքի հերոս Բաստի Բագիրովան պլանային վաթսուն կիլոգրամի դիմաց, երեք հարյուրից-չորս հարյուր կիլոգրամ բամբակ է քաղում»: «Քաղում» բառում «ղ»-ի փոխարեն ուրիշ տառ էր տպել: Սրան էլ՝ հինգ տարի: Պատկերացնո՞ւմ եք, մի տառի համար: Իմ հարցին, թե օրգաններին ո՞վ հայտնեց այդ տառասխալների մասին, առանց ամոթի ասաց՝ ես: Պատկերացնո՞ւմ եք: Ասում է՝ չնայած տարբեր ժամանակ, բայց երկու դեպքն էլ իմ հերթապահության ժամանակ է եղել, իրավունք չունեի չհաղորդելու, դիտմամբ էին արել: Որ ասեմ էլ ինչ ասաց՝ կշշմեք:

– Նրանից ամեն ինչ սպասելի է, – ասաց Լորաննան: – Ի՞նչ է ասել:

– Ասում է՝ դիմել եմ քաղսովետ, որպեսզի հայկական եկեղեցու զանգը հանեն, ինձ խանգարում է:

– Եվ այդպիսի մարդուն բարևում ենք, – ասաց Լորաննան վշտագին տեսքով, – աթոռ ենք առաջարկում, հարգում ենք ծերությունը:

– Էլի ծերությունից էր խոսում, – ասաց Արինան: – Ավելի սարսափելի բան չկա, ասաց, քան այն, որ գիտես, որ արդեն ծեր ես: Ասում է՝ բոլորն ասում են ամուսնացիր, բա ո՞նց ամուսնանամ, ասում է, հիմա փոխադարձ սե՞ր կա որ, – սրտանց ծիծաղեց Արինան: – Ոտի մեկը գերեզմանում՝ փոխադարձ սիրուց է խոսում, մոխրվես դու: Գիտե՞ք էլ ինչ ասաց, – նորից ծիծաղեց Արինան իր անբռնազբոս ծիծաղով, – ասում է՝ Աթանես Սենալը մի կարգին բանաստեղծ չէր, բայց, տես, որտեղ է թաղված՝ հայկական գերեզմանատան մուտքի մոտ: Մի դրա բախտին նայիր, ասում է:

– Աթանես Սենալն իրենից տասնհինգ տարով փոքր էր, կամավոր ռազմաճակատ է մեկնել ու իրենից էլ հազարապատիկ լավ բանաստեղծ էր: Մեռած մարդկանց էլ է նախանձում, ի՞նչ փչացած մարդ է: – Լորաննան շրջվեց Արինայի կողմը: – Արինա, բախտդ բերել է, ազատվել ես նրանից: Հրավիրում եմ, գնում ենք պաղպաղակ ուտելու: «Գրական Ադրբեջանի» վերջին համարում բանաստեղծություններս տպագրվել են, խմբագիրն ասաց, որ հանդեսի տպաքանակն այս տարի տասներկու հազար է, բայց կասկած չունի, ասաց, որ իմ բանաստեղծությունների շարքը տպագրելուց հետո տպաքանակը եկող տարի կհասնի տասնհինգ հազարի: – Նա ծիծաղեց, ավելացրեց, – այնպես որ, հոնարար եմ ստացել, ես եմ վճարում: Հանուն քո խաթեր, Արինա:

 

– Ոչ, ես պիտի վճարեմ, – առարկեց Արինան:

– Մի վիճեք, ինքս կվճարեմ, – ասացի ես: – Մի քանի տուգրիկն ինչ է, որ ես ափսոսամ Արինայի համար: Վեր կացեք:

– Ոչ՝ ես, – դարձյալ ընդդիմացավ Արինան:

Դուռն անսպասելիորեն բացվեց, ներս մտավ Թելման Կարաբաղլի-Չալյան-Սալվադոր Դալին՝ դեղին փողկապով, չգիտես ումից վերցրած չվառած սիգարետը մատների արանքում, մազերը ցից:

Մշտական միջանցքում կանգնած՝ որևէ մեկից սիգարետ խնդրելու, մշտական պատրաստ՝ ծամածռված շուրթերով ժպտալու, կորամեջք խոնարհվելու, գլուխ տալու աջ ու ահյակ, կամացուկ բամբասելու դիմացից եկողին. «Օ¯հ, վա¯ր գիդաք դա հինչ փիս մարթ ա, ագնոցավոր օխցա, օխց», և դարձյալ, մինչև գետին քծնաժպիտ խոնարհվելով այդ նույն մարդուն՝ «նեջյա՞ սյան, ազիզըմ»* ու դարձյալ, նրա անցնելուց հետո՝ «ո¯ւհ, թույնավոր գյուրզա օխցա, օխց»:

– Էս հի՞նչ գռիվ ա, – հարցրեց նա՝ խոր ընկած աչքերը վազեցնելով սենյակում ու մի այնպիսի ստրկամիտ ժպիտով, որ չէր հասկացվում՝ իսկապես ժպտո՞ւմ է, թե ուզում է լալ:

– Թելման Հայրապետովիչ, կռիվ չկա, վեճ է, – ասաց Լորաննան և հանկարծակի առկայծած ինչ-որ մտքից պայծառացած դեմքով ավելացրեց, – հոդված ենք ստացել, դրա շուրջն էր վեճը: Եվ դու, որպես հին դատավոր ու դատախազ, պետք է քո հեղինակավոր կարծիքն ասես՝ արժե՞ այն հաղորդել ռադիոյով:

– Ես՝ բադրասդ, – ասաց Թելմանը՝ սպասողական դիրքով ու դեմքին մտածող մարդու արտահայտություն տալով:

Լորաննան իր սեղանի վրայից ինչ-որ մեքենագիր թղթեր վերցրեց,

մի երկու վայրկան պահեց աչքերի դեմ:

* ինչպե՞ս ես, թանկագինս (ադրբ.)

– Սա, ճիշտն ասած, հոդված էլ չէ, որպես այդպիսին, դոկտորական դիսերտացիայից մի գլուխ է՝ նվիրված ժողովուրդների բարեկամությանը: Հեղինակը հայտնի մարդ է, դոցենտ:

– Գարևոր չի, գարթա:

– Կարդում եմ, սկիզբն ուշադիր լսիր:

Թելմանը համակ ուշադրություն դարձած լսում էր:

– Կարդում եմ, սկիզբն ուշադիր լսիր:

Թելմանը համակ ուշադրություն դարձած լսում էր:

– Վարդանանց պատերազմի ժամանակ Երևանի բերդի գրավումը իրականացվեց ռուսական բանակի, հայ կամավորական ջոկատների և վրացական միլիցիայի անձնազոհ մարտիկների արյան գնով, – դանդաղ, բառ առ բառ շեշտելով կարդաց Լորաննան, հետո աչքերը բարձրացրեց, նայեց Թելմանին: – Արժե՞ շարունակել:

– Պա, իհարգե, – անվարան ասաց Թելմանը: – Պա, ոնս չարժի, ժողովուրթների պարեգամություն ա, չէ՞:

– Իմ կարծիքով, – ասաց Լորաննան, և ես զարմացա, թե նա ինչպես էր կարողանում հանգիստ ձևանալ, թե իրոք ինչ-որ նյութ է կարդում, – ահա այստեղ, ուր խոսվում է վրացական միլիցիայի մասին, պետք է խոսվի նաև ադրբեջանական միլիցիայի սխրագործությունների մասին:

– Ջիշդա, – գլխով արեց Թելմանը: – Մալադես, գլոխդ լավ ախշադումա, խելունք ըս նգադալ:

– Լսիր շարունակությունը. այդ ժամանակ, այսինքն՝ չորս հարյուր հիսունմեկ թվականին, երբ ռուսները, հայ կամավորականները, վրացական և… ավելացնենք այստեղ՝ ադրբեջանական միլիցիայի մարտիկները, հերոսաբար կռվում էին բերդի պարիսպների մոտ, Հայաստանը դեռևս գտնվում էր Պարսկաստանի և Թուրքիայի լծի տակ:

– Դա ջիշդ չի, – մտազբաղ, աչքերը առաստաղից իջեցնելով, իմաստուն տեսքով ասաց Թելմանը:

«Փառք աստծո, վեջապես հասկացավ», – մտածեցի ես:

– Հատկապես ի՞նչը, – վարանոտ հարցրեց Լորաննան՝ կրքոտ բերանը կիսաբաց, խաժ աչքերում ծիծաղ:

– Բեդի լինի՝ ծա¯նդր լուձի դակ, – ասաց Թելմանը:

– Ապրես, – գովեց Լորաննան, – դա կուղղեմ, մնացածը ոչի՞նչ, կարելի՞ է հաղորդել: Ամբողջ հոդվածն այս մակարդակով է գրված:

– Ամբայման, – իր հեղինակավոր կարծիքն ասաց Թելմանը, – իրեք ազկերը միասին՝ ճագադ-ճագադի դված գռվում են, խելունք հոտվաձ ա, լավ գանարար բիդի տալ: – Ձեռքը դնելով լերկ գլխին, նա ավելացրեց, – հոկնաձ եմ, շադ հոկնաձ եմ, էս քիշեր չեմ քնալ, էրեխոսը համար կիրք եմ կիրում, էրգու հայրուր վասունվես էճ կիրալ եմ, մնասալ ա հայրուր տասներգուսը:

Լորանան ժպտուն հետաքրքրասիրությամբ նայեց նրան:

– Ի՞նչ գիրք է, – այնուամենայնիվ հարցրեց նա:

– Գռվի մասին, բադերազմ, – երազկոտ, աչքերը կիսափակ մրմնջաց նա, – երգու զորքեր գադաղաձ իրար վրա գրագում են… հյունի գորիզներով:

Լորանան կարկաչուն ծիծաղեց, ասաց.

– Թելման, կներես, մի բան եմ ուզում հարցնել:

– Դու քու էդ ղաշանգ աշկերովդ ինձ մի նայի, – կռվի ահեղ դաշտից վերադառնալով առօրյա կյանքին՝ արտասանեց Թելմանը: – Ղաշանգ աշկերիցը էլ վախում եմ: Սև օխցից վախաձ մարթը՝ սև չաթուից էլ ա վախում: Ասա, հի՞նչ ես ասում:

– Ճիշտն ասա, Թելման, դու դպրոցն ավարտելուց հետո՞ ես համալսարան մտել, թե հենց ուղղակի մանկապարտեզից:

– Այ ախճի, – ջղայնացավ Թելմանը, – խելք չունիս՝ թաքավոր ես, բադերազմի դարիներին հի՞նչ մանգաբարդեզ, հինչ պան, էն սով ժամանագ մանգաբարդեզ որդեղա՞ն: – Ասաց ու գնաց դեպի դուռը, հետո, դռան մոտ շրջվեց, ասաց, – փորս ու գլոխս շադ փիս սավում ա, առավոդը գանուխ քինասալըմ դոխտուրի մոդը, լավ դոխտուր ա, վաղուսվա հինգերներ ենք, մի դեղահադիկ երգու գես արեց, դվես ինձ, ասում ա՝ սա գլոխի համար ա, սա՝ փորի, բայս նայի, ասում ա, որ հանգարձ չխառնես: Խմալ եմ, բայց օգուդ չի դամ, էլի սավում ա: – Ասաց, գլուխը վշտագին օրորելով դուրս եկավ, մոռանալով, թե ինչու էր եկել:

Ելնելով միջանցք, մենք քայլեցինք դեպի վերելակ:

– Այդ ցնորված մանկուրտին գիտե՞ք ինչի են հանել դատախազի պաշտոնից, – ծիծաղելով ասաց Լորաննան: – Ռեստորանից հետո խմած, առանց խմելու էլ խեղկատակի մեկն է, պատկերացրեք՝ խմած ժամանակ ինչ վիճակում պիտի լինի, գլխարկն իր գլխին՝ հանդերձապահից պահանջել է գլխարկը, սպառնալով միլիցիայի կարգախումբ կանչել ու կալանքի ենթարկել բոլոր աշխատողներին: Շրջկոմի առաջին քարտուղարը հրավիրում է իր մոտ ու ասում՝ որպեսզի վաղը չտեսնեմ քեզ շրջանում:

Մենք վերելակի չսպասեցինք, ոտքով սկսեցինք իջնել առաջին հարկ: Երրորդ հարկում, կիսամութ միջանցքի հենասյան ետևում, երկու հոգի կանգնած զրուցում էին: Լորաննան դանդաղեցրեց քայլը, չգիտես ինչու, ուշադիր նայելով այդ երկուսի կողմը: Ես նույնպես ակամա ետ նայեցի. մեր աշխատակից Գևորգ Աթաջանյանն էր մեկը, մյուսը՝ կանգնած էր թիկունքով դեպի մեզ: Գևորգը, դա պարզ երևաց, փորձ արեց անցնել հենասյան ետևը, բայց, ըստ երևույթին, հասկացավ, որ նկատել ենք իրեն, շփոթմունքը թաքցնելու նպատակով, սկսեց կենսախինդ տոնով.

– Այս ո՞ւր ենք գնում այսպես խմբովին, ինձ էլ տանեիք ձեզ հետ կամովին:

– Այնտեղ, ուր գնում ենք՝ տեղ չկա քեզ համար, – չգիտես ինչու, սառնորեն վրա բերեց Լորաննան:

– Ինչո՞ւ, – գլուխը թեքած՝ շինծու զարմանք արտահայտեց Աթաջանյանը:

– «Ինչու»-ի պատասխանն ինքդ մտածիր:

– Նեղացնում ես, Լորիկ, կաղաչեմ՝ մի կոտրիր այն սիրտը, որի մեջ դու ես… – իբր իրոք նեղացած, բայց նույն շինծու ժպիտով՝ նա շարունակեց, – մի՞թե չգիտես, Լորիկ, որ ինձ համար աշխարհում ամեն ինչ քեզնով է ծաղկում ու բուրում, առանց քեզ՝ գիշերն աննինջ, օրս՝ անցնում է տրտում: Գևորգն է սա քեզ ասում, հավատա, առանց քո սիրուն անունի՝ արևն անգամ հմայք չունի…

Առեղծվածային կիսաժպիտով՝ Լորաննան լուռ նայում էր նրան:

– Օվսաննա մի երգիր ինձ, – ի վերջո ասաց նա,– գնա Նորա Բաղդասարյանին երգիր, նա քեզ գուցե հասկանա, ամուսնացած կին եմ ես…

– Ա¯խ, դու ամուսնացած, ա¯խ, դու ուրիշի սիրած, – շարունակեց Աթաջանյանը նույն ոգով, – իսկ ես մենակ ու անտեր, ա¯խ, երազ իմ կորած, ա¯խ հույսի կանթեղ իմ մարած…

Վերելակն անսպասելիորեն կանգ առավ երրորդ հարկում, մի կին դուրս եկավ այնտեղից, մենք արագ մտանք ներս:

– Տանել չեմ կարող վավաշոտ ու ծախու սրիկաներին: Գիտե՞ք ում հետ էր կանգնած:

– Ո՞ւմ հետ էր, – հետաքրքրվեց Արինան:

– Թելմանի կնոջ սիրեկանի՝ Սաֆար Ալիևի հետ:

– Տեսնես ո՞ւմ ոտքի տակն էր քանդում, – վշտոտ արձագանքեց Արինան:

Մենք դուրս եկանք փողոց, անցնելով լայն պողոտան, մտանք զբոսայգի և զրուցելով գնացինք սրճարան՝ պաղպաղակ ուտելու: Մենք գտանք, որ նախկինի այրող հուշերից, նենգադավ Գևորգ Աթաջանյանից ու խեղկատակ Թելման Կարաբաղլի-Չալյանից հետո սառը պաղպաղակը սփոփիչ դարման է:

Այդպես էլ կար:

* * * * *

Իմ օրերը, այո, չէին անցնում՝ թռչում էին, ինչպես իմ սիրավառ սիրտն էր անդիմադրելի մղումով թռչում իմ չքնաղագեղ Ռենային ընդառաջ:

Արար աշխարհ՝ մարդիկ, որ ահա լողանում էին ծովում, ուրախ ձայնում իրար, ծիծաղում՝ ճողփյունով ընկնելով զովասուն ջրերի մեջ, բարձր ու ջինջ երկնքով հարավից հյուսիս անցնող կռունկների անկյունաշար շղթան՝ կարոտակեզ կանչերով, ժայռի բարձունքին համրորեն կանգնած մենավոր բարդին, որ ճկվում, թեթև տարուբերվում էր մեղմ զեփյուռից, և նրա տերևներն անընդհատ թրթռում էին, ամեն ինչ նոր իմաստ էր ստանում Ռենայի ներկայությամբ: Մինչ նա՝ այս ամենն անըմբռնելի էր ինձ համար, իսկ հիմա… ես այնքան երջանիկ եմ, որ չեմ կարող մտածել անգամ, թե այս երջանկությունը կարող էր չլինել:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru