bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

Որևէ մեկից բաժանվելիս՝ մենք երբեք չենք մտածում այն մասին, որ էլ չենք տեսնելու նրան: Ավաղ, մենք այդպես էլ այլևս չտեսանք նրան:

Հեռվից նայում էինք, Հուրունցը մտավ մետրոյի նախասրահ, շրջվեց, մենք ձեռքով հրաժեշտ տվեցինք միմյանց:

– Ինչքան գիտեմ նրան՝ միշտ այդպիսին է եղել, – Հուրունցի մասին ասաց Սաղումյանը, ափով մտախոհ շփելով մորուքը, – ծնողներին երեսունյոթին աքսորել են, ինքը պատերազմի թոհուբոհով է անցել, հասել մինչև Բեռլին, բայց նույնն է մնացել միշտ՝ ուղղամիտ, սկզբունքային, համարձակ ու անհաշտվողական: Նույնքան ժամանակ էլ Սամվելին գիտեմ՝ ստորաքարշ ու խեղճացած՝ եթե իրեն պետք է, եթե տասը կոպեկի շահ ունի, անողորմ ու դաժան՝ խեղճերի գլխին: Երկու տարբեր բևեռներ ու տես, թե ինչպես է դասավորված նրանց կյանքը, մեկը՝ ճոխության, պատվի ու հարգանքի մեջ, մյուսը՝ տասը տարի նույն մաշված վերարկուն ուսերից կախ:

* * * * *

Մինչ ուշ գիշեր պատրաստեցի հեռուստահաղորդման սցենարը՝ նվիրված Բեգում-Սարով գյուղի հուշարձանի բացմանը, առավոտյան տարա Արինային՝ մեքենագրելու:

Արինայի՝ դեպի ընդհանուր բաժին տանող դուռը կիսաբաց էր, լսվում էր՝ քթի տակ երգ էր դնդնում.«Միայն դու եկ, հետս խոսիր, բարևե, էդ ինձ համար կյանք է և թե արև է»:

– Առավոտ-առավոտ սոխակ է կտրել, չի թողնում աշխատենք, – անչար ասաց Լորաննան, ժպտաց: – Երեկ նախկինը կոմպլիմենտ է արել, երևի գլուխը կորցրել է:

– Երգի դակը ավելի ախորժալիա ախշադվում, – հարեց Թելման Կարաբաղլի-Չալյան-Սալվադոր Դալին: – Ճիրին ասալ են թա, հինչի՞ էս վշվշում, ասալա՝ հինգերս քարն ա: Էդ Կևորկ Ատաճանյան զիբիլը էնքան սրա-նրա գնանոցը հեդը խոսեց՝ թելեպոնը փչացրավ, չի ախշադում, – ասես արդարանալով ավելացրեց նա, – եգա էսդեղիցը զանկ դամ:

Մեր խոսակցության վրա Արինան բացեց իր սենյակի դուռը, լայն ժպտալով նայեց ինձ:

– Արինա, այդ ո՞վ է, որի խոսքն ու բարևը քեզ համար կյանք ու արև է:

– Արև է… Ո՞վ պիտի լինի՝ դու ես, – շեշտակի նայելով ծիծաղեց նա: – Մտնում ես ու չես բարևում:

– Բարև:

– Ողջույն, – կոտրատվելով պատասխանեց նա: – Ոչ մի տեղ չե՞ս գնալու՝ Սիլվան գալու է այսօր:

– Ո՞ր ժամին, գնանք առաջին հարկ՝ դիմավորելու:

Արինան շուրթերը ծռմռեց՝ պատասխան էր որոնում:

– Առանց մեր ընտանիքին կպչելու չե՞ս կարող:

– Կարող եմ, – ժպտացի ես, հաղորդման տեքստը տալով նրան: – Երկու օրինակից, մի օրինակը կտաս ռեժիսորին:

Թելմանը գնաց իր աշխատասենյակը, մնացինք երեքով:

– Արինա, այս ինչե՞ր եմ լսում. նախկինը վերջերս քեզ ինչ-որ կոմպլիմենտներ է շռայլում, դա ինչպե՞ս հասկանալ:

Արինան մի կատաղի հայացք նետեց Լորաննայի վրա, բայց հարմար գտավ իմ ներկայությամբ ոչինչ չասել:

– Ախր, ասա, ի՞նչ գործ ունես էդ երեխայի հետ, – շինծու սրտացավությամբ՝ հեռակա կարգով նախկինին կշտամբեց Լորաննան՝ դիտավորյալ բորբոքելով խոսակցությունը:

– Դե լավ՝ ի՞նչ է ասել:

– Ինչ է ասել… Ասաց՝ էդ ի¯նչ սիրուն սև աչքեր ունես, – ի վերջո գոհունակ ժպիտով խոստովանեց Արինան:

– Ում ասաց՝ քե՞զ:

– Ինձ, – ժպտերես պարծանքով գլխով արեց նա:

– Անճաշակ մարդ է, մի հավատա, – ասացի ես: – Նա արդեն այնպիսի մի վտանգավոր տարիքի է հասել, երբ բոլոր կանայք գեղեցկուհի են թվում: Մի հավատա:

– Մի հավատա… – շուրթերը ծամածռելով տնազեց Արինան՝ ակնդետ նայելով ինձ:

– Հուրունցը շատ լավ արեց, որ երեկ շշպռեց նրան, – ասաց Լորաննան: – Ոնց էր կատաղել: Եփած խեցգետինի պես կարմրել էր:

– Թող իմանա, – աչքով անելով Լորաննային՝ ասացի ես, – թե ինչ է նշանակում անմեղ տեղը մարդուն վիրավորել՝ «Էդ ինչ սիրուն սև աչքեր ունես»:

– Իսկ ի՞նչ է, Արինայի աչքերը սիրո՞ւն չեն, – իբր պաշտպանում էր՝ խորամանկորեն ժպտալով ասաց Լորաննան: – Մի նայիր՝ կուզես դեմուղիղ, կուզես՝ կիսադեմից, ոնց որ Սողոմոնի երգ-երգոցից իջած՝ սև եմ ես, բայց գեղեցիկ, ով Երուսաղեմի աղջկունք. ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների շուշանն եմ, եթե գտնեք իմ սիրեկանին, ի՞նչ եք ասելու նորան, ասացեք, թե սիրով հիվանդ եմ ես… Լեո,նայիր, մի՞թե սիրուն չեն այդ աչքերը:

– Եթե մոտ ութսուն տարեկան կնամեծար մարդը գտնում է, որ սիրուն են, – ժպտալով ասացի ես, – ուրեմն պիտի հաշվենք, թե սիրուն են:

Արինան շրխկոցով փակեց դուռը, իսկ Լորաննան մեղավոր ժպիտով աղերսաձայն ասաց.

– Լեո, խեղճ ես՝ Արինայի ձեռքին, ինձ սպանելու է: Ինչո՞ւ մատնեցիր:

Ես գիտեի Արինայի պոռթկումները, որոնք անցնում էին նույնքան արագ, ինչպես սկսվում էին:

– Մի վախենա, – ասացի, – երկու րոպեից հետո մոռանալու է:

Եվ, իրոք, չանցած մեկ րոպե, նա դուրս եկավ իր սենյակից, ձեռքին մեքենագիր մի թուղթ:

– Լսեք, էդ մարդը լրիվ ցնդել է: Եվ ո՞նց է ձեռքերը դողացնելով վերջում հավաքում թղթերը: Ասում եմ՝ Սամվել Աթանեսովիչ, նեղություն մի քաշեք ամեն օր գալ, ձեռագիրը թողեք, ես կմեքենագրեմ՝ կգաք, կտանեք, չէ, ասում է, չեմ կարող, մտքերս այստեղ կգողանան: Թաղեմ ես քո մտքերը, – սրտանց վրա բերեց Արինան: – Նայեք, մի երկու պարբերություն մեքենագրել, պահել եմ: «Քառասուներկու թվականի աշունն էր, – սկսեց կարդալ Արինան, – սեպտեմբեր, թե հոկտեմբեր ամիսը: Կինս՝ Անյան, առավոտյան ասաց, որ տերևով տոլմա է եփելու, որը ես շատ եմ սիրում: («Հուշերի մեծ մասը ուտելու կամ խմելու մասին է», – մեկնաբանեց Արինան): Ռադիոկոմիտեում էի աշխատում, աշխատանքից տուն եկա ու դեռ մուտքում զգացի եփած տոլմայի հոտը: Բարձրացա երկրորդ հարկ, կոմունալ բնակարանում էինք ապրում, նախկին Կասպիյսկայա, այժմ՝ Շմիդտի փողոցի վրա, և ի¯նչ տեսնեմ՝ զինվորական շինելով, անթացուպը թևի տակ, ձեռքի մեկը կտրած մի ջահել մարդ, երևի բանակից փախած դեզերտիր, կերոսինկայի առաջ կանգնած արագ-արագ մեր տոլման ուտում է: Վազեցի մեր սենյակը, դռան ետևում մի երկար փայտ էի պահում, վերցրի այդ փայտն ու եկա՝ տալիս եմ, ոնց եմ տալիս՝ մեջքին, գլխին, ուր պատահի, գլուխը երկու տեղից ճղվեց, արյուն է, որ հոսում է, ուզում է պաշտպանվել՝ չի կարողանում: Ո՞նց պաշտպանվի՝ ձեռքի մեկը կտրած, ոտքը կաղ՝ անթացուպը թևատակին: Աղմուկ-աղաղակ. հարևանները դուրս են թափվել և, անիրավները, փոխանակ շնորհակալ լինելու, որ գող եմ բռնել, ինձ վրա էին խոսում, անպատվում: Զանգեցի, միլիցիան եկավ տարավ: Հետո ի՞նչ եղավ այդ գողի հետ, այդպես էլ չիմացանք»:

– Այսպիսի մարդիկ մի՞թե իրավունք ունեն ապրելու, – հուզմունքից գունատված ասաց Լորաննան: – Արինա, այդ ապուշությունները ո՞նց ես մեքենագրում:

– Գերագույն խորհրդի դեպուտատ, նախագահության անդամ, հողս անխիղճ գլխիդ, – տաքացավ Արինան: – Հաստատ՝ ծալը պակասել է:

– Դա նրա կոմպլիմենտներից էլ է երևում, – լրացրի ես:

Արինան ծիծաղեց, նայեց առանց չարության, հետո հիշեց.

– Լեո, Սիլվան գալու է, գնա խոսիր էլի գործի մասին:

– Լավ, կգնամ:

Անցնելով հաշվապահություն, պայմանավորվեցի Սեիդոզաևայի հետ: Հաշվետարի տեղն ազատ էր, և Սաիդան խոստացավ անպայման աջակցել, իսկ երբ վերադարձա, Լորաննան եկավ ինձ մոտ՝ շուրթերը վառ կարմիր ներկած, թանկարժեք օծանելիքների բուրմունքով, ձեռքին ինչ-որ թղթեր:

– Լեո, գլխավորն ասաց, որ քեզ հետ միասին նայենք այս նյութը:

– Ի՞նչ նյութ է:

– Հեռուստահաղորդում է, ես եմ պատրաստել՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հյուրախաղերի մասին Բաքվում:

– Լավ, նստիր կարդանք:

Ես նստեցի իմ տեղը, Լորաննան՝ իմ դիմաց, անփութորեն ոտքը ոտքին գցելով:

– Լեո, ի՞նչ գեղեցիկ ձեռքեր ունես, – ասաց նա:

Ես նայեցի նրան, ժպտացի.

– Եթե հաղորդումը լավը չեղավ, միևնույն է, խոտանելու եմ:

Լորաննան ծիծաղեց, ասաց.

– Եվ մատներդ նույնպես գեղեցիկ են: Ամեն անգամ հիանում ու նախանձում եմ, նայելով նրբավուն ու սիրուն մատներիդ:

– Այդքա՞նը միայն: Ուրիշ արժանիքներ չունե՞մ:

– Արժանիքներ շատ ունես:

Լորաննան նայեց ինձ իր մեղմ, բարեսիրտ հայացքով, ժպտաց.

– Բարձր, առնական, նրբակիրթ ու նրբազգաց, գեղեցիկ: Ու նաև սրտաբաց, կարեկից, ոչ ժլատ: Էլի՞ ասեմ… Լեո, երբեմն, մտածում եմ, ինչքան քիչ բան է անհրաժեշտ մարդուն՝ իրեն երջանիկ զգալու համար. ինչ որ հաճելի բառ, արտահայտություն, կամ նույնիսկ հայացք, կամ, ասենք, ժպիտ, ու կարծես միանգամից աշխարհը քեզ է պատկանում… Մոռացա արժանիքներիդ մասին. արտասովոր գեղեցիկ ու սքանչելի է և ժպիտդ, երբ հոնքերիդ տակից թեք նայում, բարեհաճ ներողամտությամբ ժպտում ես: Ինչ-որ առինքնող բան կա դրա մեջ:

– Տասնյակ կոմպլիմենտներ արա կնոջը՝ թեթևակի շնորհակալություն կհայտնի և վերջ, տղամարդուն չնչին մի հաճոյախոսությունը բավական է, որպեսզի նա ամբողջ կյանքում հիշի:

– Եթե երբևէ ինձ մոռանաս, կոմպլիմենտներս գոնե կհիշես, – ծիծաղեց Լորաննան: – Արինան գիտե՞ս ինչ էր պատմում քո մասին: Ասում է, երբ առաջին անգամ Լեոին տեսա, մի այնպիսի այրող հարված զգացի կրծքումս, որ մի րոպե թվաց, թե կանգ առավ սիրտս:

– Լավ, տուր հաղորդումը, – ասացի ես: – Ե՞ս եմ կարդում, թե դու:

– Դու: Ես ուզում եմ շարունակ լսել քո ախորժելի ձայնը… Մի բան ասեմ, Լեո, չծիծաղես, թե ինչո՞ւ է այդպես, ինքս էլ չեմ հասկանում. տասը սիրահար տղամարդ ընկնում են ոտքերդ, ու դու նրանց չես էլ նկատում, նրանք քեզ պետք չեն, քեզ անհրաժեշտ է այն մեկը, տասնմեկերորդը, որը չի էլ նայում քո կողմը: Զարմանալի է, չէ՞… Կարելի՞ է ծխել:

– Ծխիր: Բայց անջատիր օդորակիչը:

Լորաննան ամբողջ մարմնով ձգվեց, ճերմակ ազդրերը բացելով, սակայն ձեռքը չհասավ օդորակիչին, ելավ, օդորակիչն անջատեց, լուսամուտի մոտ կանգնած վառեց սիգարետը:

– Ե՞րբ են հյուրախաղերը:

– Դրանք, ճիշտն ասած, հյուրախաղային ներկայացումներ չեն, – պարզաբանեց Լորաննան: – Ընդամենը մի ներկայացում կլինի՝ Հրանտ Մաթևոսյանի «Մեծ աշխարհի մեր անկյունը», բայց ես պատմում եմ ընդհանրապես այդ թատրոնի անցած ուղու, խաղացանկի և, մասնավորապես, այդ ներկայացման մասին: Ես թատրոնն ընկալում եմ որպես հասարակական գիտակցության ձև, իբրև անձնավորման արվեստ, այսինքն բեմից հնչող բանավոր լեզվի արվեստ: Երեկ առավոտյան հյուրանոցում հանդիպեցի գլխավոր ռեժիսորին: Նրանք պատրաստի ժապավեն ունեն, այդ ժապավենը կտանք և հարցազրույց՝ ռեժիսորի և ներկայացման առաջատար դերասանների հետ: Հաղորդումն ուղիղ եթեր է տրվում, գլխավորն ուզում է, որ նրանց հետ հարցազրույցը դու վարես:

Հաղորդումը վատ չէր գրված, մի երկու աննշան դիտողություն արեցի, որին Լորաննան համաձայնեց:

– Դերասաններից ովքե՞ր են մասնակցում հաղորդմանը:

– Վիոլետա Գևորգյանը, Կիմ Երիցյանը, Վեհմիր Խաչիկյանը, Ժասմեն Մսրյանը և ինքը՝ բեմադրության ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը:

Ես ներքին հեռախոսով կապվեցի գլխավորի հետ:

– Վլադիմիր Գուրգենովիչ, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի մասին նյութը Լորաննայի հետ նայեցինք, վատ չէ գրված և, կարծում եմ, արժե, որ հենց ինքը՝ Լորաննան էլ վարի հաղորդումը:

Լորաննան գորովանքով նայեց ինձ, ժպտաց:

– Եթե գտնում ես, որ այդպես ավելի նպատակահարմար է, – արձագանքեց գլխավորը, – ես դեմ չեմ: Իսկ դու, Լեո ջան, եթե ազատ ես, մի րոպեով անցիր ինձ մոտ, ասելիք ունեմ:

Լորաննայի հետ միաժամանակ ելանք տեղից: Դռան մոտ, համարյա հպվելով ինձ ու պարուրելով իր բուրմունքով, նա հայացքը բարձրացրեց, շփոթ վարանանքով նայեց, մեղմաձայն ասաց.

 

– Լեո, ինչո՞ւ դու այդքան լավն ես:

Հանկարծակի շառագունած դեմքին մի տեսակ տարակա, գաղտնի բան հայտնվեց: Շնչում էր ծանր, խաժ աչքերում ու կիսաբաց, կտրուկ գծագրված կամակոր շրթունքների վրա հմայուն ժպիտ՝ նա նայում էր շեղակի, կկոցված աչքերով…

Գլխավորի ասելիքը Թելման Կարաբաղլի-Չալյանին էր վերաբերում, ավելի ճիշտ՝ հեռուստատեսությամբ երեկվա նրա մանկական հաղորդմանը:

– Նայե՞լ ես հաղորդումը, – հարցրեց գլխավորը:

Չէի նայել: Նա օրորեց գլուխը՝ ընդարձակ առանձնասենյակում ետ ու առաջ քայլելով:

– Կոմիտեում հրաշալի ժապավեններ կան, երկու հոգով անգործ նստած, ծուլանում են անգամ մտնել ֆիլմադարան, նայել հավաքածուն, ընտրել համապատասխան ժապավենը, լուսանկարների ֆոնի վրա մանուկների համար տաղտուկ հաղորդում են տալիս, մի՞թե կարելի է այդպես: Ոչ միայն ընդհանրապես երեխաների, մինչև մսուրային տարիքի մանուկների համար անգամ ձանձրալի են նրանց հաղորդումները, – չէր հանգստանում գլխավորը: – Խայտառակություն է, ուղղակի խայտառակություն:

– Վլադիմիր Գուրգենովիչ, – միջամտեցի ես, – անձամբ ինքս մի քանի անգամ խոսել եմ ձեզ հետ այդ թեմայով, ինչպես ասում են՝ անօգուտ, կոլեգիայում նույնպես քանիցս խոսք է եղել՝ ծույլ ու անկարողի մեկն է, ոչինչ չի ուզում անել: Եթե, իրոք, անհնարին է ուրիշ խմբագրություն տեղափոխել, եթե մենք, չգիտես ինչու, պարտավոր ենք նրան պահել մեզ մոտ՝ ապահովելով հոնորարներով, ապա իմ առաջարկությունն այսպիսին է. այլևս նրա հեղինակությամբ ոչ մի մանկական հաղորդում չտալ հեռուստատեսությամբ: Ինչ ուզում է գրի՝ հեքիաթ, մանկական պատմվածք՝ հաղորդել միայն ռադիոյով: Ուրիշ ելք ես չեմ տեսնում, չնայած ռադիոլսողներն էլ մեղք են:

– Համաձայն եմ: Առաջիկա կոլեգիայում որոշում կընդունենք: Մի հնար լիներ՝ երկուսից էլ ազատվեինք:

* * * * *

Սիլվան եկավ ընդմիջումից անմիջապես հետո:

– Ահա և Սիլվան, – ներկայացնելով նրան, ասաց Արինան:

Կրծքի վրա խոր բացվածքով շոր էր հագել: Ոչ այնքան բարձրահասակ, խոշոր այտոսկրերով, շրջազգեստի կտրվածքից երևացող փարթամ կրծքերով, պագշոտ բերանի մի անկյունում, վերին շրթունքի վրա, գնդասեղի մեծության արհեստական սև խալով, շուրթերը բալի գույնի շրթներկով հաստացրած, աչքերը տուշով եզրագծած, կոպերին՝ վառ ստվերաներկ, արտևանունքները երկար ու խնամքով կորացրած. երևում էր, ահագին ջանք էր թափել տպավորություն գործելու համար:

– Բերե՞լ եք փաստաթղթերը:

– Այո, – դուր գալու բնազդային զգացումով ակնապիշ նայելով ինձ՝ նա ժպտաց, պայուսակից հանդիսավորությամբ, դանդաղ հանեց դրանք՝ անձնագիր, աշխատանքային գրքույկ, դիպլոմ, և դրեց իմ սեղանին:

– Գնանք, – վերցնելով փաստաթղթերը՝ ասացի ես:

– Ես սպասե՞մ այստեղ, – չգիտես ինչու շփոթված ու մի տեսակ ընկճված տոնով հարցրեց Արինան ու ինքն էլ պատասխանեց, – չէ, ավելի լավ է գնամ, մեքենագրելու բան ունեմ: Սիլվա, կգաս ինձ մոտ:

Մենք քայլեցինք մարդաշատ երկար միջանցքով, վերելակի մոտ աստիճաններով իջանք չորրորդ հարկ, հետո՝ ձախ, անցանք վառ լուսավորված, երկու կողմում անվերջանալի դռներով, ընդարձակ միջանցքով, միջանցքի վերջում՝ նորից ձախ, փակ դռների ցուցանակներին նայելով հասանք սևատառ ցուցանակին՝ «Հաշվապահություն»: Ես բացեցի դուռը՝ առաջ թողնելով Սիլվային: Նախասենյակից երևում էին հաշվապահության երեք սենյակները: Սեիդոզաևայի առանձնասենյակում՝ սեղանին թափած զանազան թղթերով, հաստ թղթապանակների կույտերով, համակարգիչով՝ էկրանին թրթռացող գունավոր գծերով, ոչ-ոք չկար:

– Հիմա կգա, – կողքի սենյակից ծամոնը բերանում, վիզը երկարած՝ էրոտիկ դնչիկին արեգակնային ժպիտ, ասաց Ալվինա Օսիպովան, աչքերով չարաճճիորեն հարցնելով՝ էդ ո՞վ է:

Մենք կրկին դուրս եկանք աղմկոտ միջանցք՝ սպասելով գլխավոր հաշվապահին:

Փորձադահլիճներից երգ ու նվագի պատառիկներ էին հասնում: Ինչ-որ տեղ, հաստ պատերից այն կողմ, խուլ ու տաք ղողանջում էր մանկական երգչախումբը. «Ջյու-ջյու, ջյուջյալյարիմ, մյանիմ գյաշյանգ ջյուջյալյարիմ, ջյու-ջյու-ջյու, ջյուջյալյարիմ…»: Հետո միանգամից քաղցրածոր կլկլացրեց Բաբա Միրզոևը. «Աման Թելլո¯, Թելլո ջան, Թելլո¯…»:

– Ողջույն, ծերուկ: – Սիավուշն էր՝ ռուսական հեռուստահաղորդումների խմբագրությունից:

Սիավուշի ձայնի վրա ետ շրջվեցի:

– Բարև, Սիավուշ, – ուրախ ողջունեցի, – որտե՞ղ ես, երկու շաբաթ է, չեմ տեսնում քեզ:

– Գրողների միություն եմ փոխադրվել, – պատասխնեց նա՝ թռուցիկ մի հայացք ձգելով Սիլվայի վրա ու գլխով բարևելով նրան:

– Ինչո՞ւ, – վշտացա ես: – Մի՞թե այստեղ վատ էր:

– Այնտեղ ավելի ազատ եմ: Գրողների միությունում աշխատանքը սկսվում է ժամը տասին, ավարտվում՝ չորսին: Ընդամենը վեց ժամ՝ ընդմիջման հետ միասին: Շաբաթվա մի օրն էլ՝ ստեղծագործական օր: Գրելու հնարավորություններն ավելի շատ են: Գրողների միության նախագահի խորհրդական՝ թեթև գործ: Լսիր, ծերուկ, – ցուցամատով ակնոցն ուղղելով ավելացրեց Սիավուշը: – Մի չորս հարյուր ռուբլի փող ունեմ ստանալու՝ սցենարի դիմաց, երկու անգամ է գալիս եմ, ասում են՝ փող չկա: Խոսիր Սաիդայի հետ, նա քեզ սիրում է, չի մերժի:

– Կխոսեմ:

– Հարյուրը խմում ենք, երեք հարյուրը տալիս եմ տուն: Դու գիտես, Սիավուշն իր խոսքի տերն է:

Նա մեկ-մեկ իր մասին երրորդ դեմքով էր խոսում:

– Ասացի՝ կխոսեմ: Ես էլ եմ նրան սպասում: Երեկոյան զանգիր:

– Էհ, դու տանը նստո՞ւմ ես որ, – բազմանշանակ նայելով՝ ասաց Սիավուշը, ծիծաղեց, իբր, տեսնում եմ՝ ինչով ես զբաղված:

– Այդ ո՞վ էր, – նրա գնալուց հետո հարցրեց Սիլվան:

– Սիավուշ Մամեդզադեն է: Բանաստեղծ է, համաշխարհային գրականության ինստիտուտն է ավարտել Մոսկվայում: Սքանչելի տղա է: Նմանը չկա:

– Դեմքը շատ դուրեկան ու ծանոթ է:

– Հեռուստատեսությամբ եք տեսել: Գրական հաղորդումներ է վարում:

– Երևի… Արինան ձեր մասին ինձ շատ է պատմել, – անսպասելի ասաց Սիլվան և, աչքերը բարձրացնելով, դարձյալ ակնապիշ նայեց:

Դադար:

– Գիտե՞ք, նա կարող է ժամերով խոսել ձեր մասին:

Նորից դադար:

– Ես հիմա եմ հասկանում նրան, – կրկին խոսեց նա և հանկարծակի ավելացրեց, – իսկ ես գլուխս չե՞մ կորցնի այստեղ:

– Ի՞նչ իմաստով, – չհասկացա ես:

Սիլվան փռթկաց, կկոցեց աչքերը՝ լիաշուրթ շառագույն բերանն այս ու այն կողմ տանելով.

– Այն իմաստով, ինչ իմաստով գեղեցիկ կինը կարող է գլուխը կորցնել գեղեցիկ տղամարդկանց շրջապատւմ:

– Կարող եք չանհանգստանալ, – ասացի ես քմծիծաղով: – Հաշվապահությունում բոլորը կանայք են:

– Այդ լավ է, – թեթև հոգոցով արտասանեց Սիլվան: – Թե չէ, գիտե՞ք, ամուսինս աներևակայելի խանդոտ է:

Նա պարզամիտ անպատկառությամբ սիրասուն կին էր խաղում. ես այդ հասկանում էի, բայց լռեցի, որովհետև դա բոլորովին ինձ չէր վերաբերում:

– Գիտե՞ք ինչ, – շրթունքները կիսաբաց ու հնազանդ հայացքով տակնիվեր նայելով՝ շարունակեց Սիլվան, – եթե հազար մարդ քո մասին լավ խոսի ու միայն մեկը՝ վատ, հենց այդ մեկին էլ մարդիկ կհավատան և կուրախանան: Էհ, երևելի մարդկանց ու գեղեցիկ կանանց շուրջը բամբասանքներ միշտ էլ լինում են:

Կադրերի բաժնի դուռը բացվեց, այնտեղից շորորալով դուրս եկավ Սեիդոզաևան:

– Սաիդա, ձեզ ենք սպասում, – ասացի ես:

Նրա բերանում ևս ծամոն կար, շրթունքները փակ, ծամելուն հանգույն՝ ծնոտներն ալարկոտ շարժելով, մոտենում էր:

– Էս աղջի՞կն է, – հավասարվելով մեզ՝ հայերեն հարցրեց նա:

Սաիդայի մայրը հայուհի էր, և նա ազատ խոսում էր հայերեն:

– Այո, այն նույն աղջիկն է, ում մասին ձեզ ասել եմ, այսպես ասած, քաղաքացուհի Դարբինյանը, ահա փաստաթղթերը:

– Գնանք, – ասաց Սաիդան՝ գնահատող հայացքով նայելով Սիլվային, հետո նայեց ինձ, երկիմաստ ժպտաց:

Սաիդան վրան քիփ նստած մոխրակապտավուն տաբատով էր, տաբատը պատռտվում էր նրա կոնքերի պրկությունից:

Առանձնասենյակում Սաիդան աչքի անցկացրեց Սիլվայի փաստաթղթերը:

– Հաշվապահական ստաժ չունեք, – աշխատանքային գրքույկը թերթելով՝ ասաց Սաիդան գործնականորեն, – կընդունենք որպես հաշվետար, կսովորեք, իսկ մի քանի ամիս անց կփոխադրենք հաշվապահի օգնական: Ես կխոսեմ կադրերի բաժնում, կարծում եմ, կոմիտեի նախագահը նույնպես չի առարկի: Արդյունքների մասին ես կհայտնեմ Լեոյին: Հարկավոր կլինի դիմում գրել, անկետա լրացնել: Այդ ամենը հետո, իհարկե: Այժմ այսքանը: Էլ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

Սա արդեն ինձ էր վերաբերում: Նա ժպտալով նայում էր:

– Սաիդա, Սիավուշ Մամեդզադեն ձեզ մոտ փող ունի ստանալու, եթե հնարավոր է, օգնեք այդ հարցում, խնդրում եմ:

– Ասեք թող գա, – լայն ժպտաց նա: – Խմելիս չմոռանաք իմ կենացը:

– Շնորհակալ եմ: Չենք մոռանա:

Օրվա վերջում Արինան եկավ ինձ մոտ: Անտրամադիր էր:

– Ի՞նչ է եղել, Արինա, – հարցրի անհանգստացած: – Բա՞ն է պատահել:

– Պատահել… ոչինչ էլ չի պատահել, պարզապես ես նրան այստեղ չպիտի բերեի:

– Ո՞ւմ, – հարցրի ես՝ հասկանալով, իհարկե, որ խոսքը Սիլվային է վերաբերում:

– Սիլվային:

– Ինչո՞ւ:

– Ինչու… որովհետև բոզի հայացքով էր նայում քեզ, – կատաղի պոռթկաց նա:

Ես անկարող եղա զսպել ինձ, բարձր ծիծաղեցի: Հետո տուն գնալիս և նույնիսկ ավտոբուսում՝ Սումգայիթի ճանապարհին, հիշում էի Արինայի խոսքը, նրա կատաղի պոռթկումը՝ միանգամայն անսպասելի՝ ինչպես պայթյուն, և դարձյալ ծիծաղում էի, ինչ-որ հարազատություն ու անհուն քնքշանք զգալով նրա հանդեպ:

* * * * *

Հայրս աշխատանքից վաղուց էր եկել, բայց չէր նստել ճաշի, սպասում էր ինձ: Գրկեց, թփթփացրեց մեջքս, ուրախացած ետ ու առաջ էր քայլում սենյակում, մինչև ես կփոխեի շորերս:

– Անցած շաբաթ էինք սպասում, – ոչ չար հանդիմանությամբ նայեց ու, չսպասելով պատասխանի, շարունակեց, – բա չգիտե՞ս, որ մի ամիս չենք տեսնում՝ էլ չենք դիմանում:

Մայրս ծիծաղեց, խոհանոցից ներս մտնելով ասաց.

– Սա չգիտեմ ում է եկել: Այ մարդ, քու ախպեր Վալոդը երկու կիլովանոց հավը դնում է առաջը, երեխեքը բերանները բաց նայում են, մինչև ինքը չկշտանա, մի կտոր չի տա նրանց, իսկ սա՝ ասես մի մորից չեն ծնվել, երեխոց համար ուշքը գնում է: Մեր փողերը, Լեո, լրիվ հեռախոսազրույցների են գնում, շաբաթվա տակին-գլխին՝ Չարենցավան, Ստավրոպոլ, Բաքու՝ էս է:

– Կնկան խոսք չի հասնում, գործիդ կաց, – աչքով անելով ինձ, սաստեց հայրս, – մի տես ինչ կոնյակ եմ առել՝ «Հոբելյանական»: – Ոսկեզօծ հայերեն տառերով շիշը բուֆետից հանեց, դրեց սեղանին: – Տղաս եկել է, միասին խմելու ենք:

– Էնպես է խոսում, ասես մի տարի չի տեսել, – խոհանոցից հնչեց մորս ձայնը, – այստեղից Բաքու՝ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է:

– Ծամը երկար, խելքը՝ կարճ, ո՞ւմ մասին են ասել, – ասաց հայրս ժպտալով: – Ինձ համար մի ամիսը՝ մի տարի է, ես սրտից թույլ եմ, չեմ դիմանում, պրծա՞նք:

– Պրծանք, – ներս գալով ծիծաղեց մայրս և սկսեց գցել սեղանը: – Անցած շաբաթ ինչո՞ւ չէիր եկել:

– Հյուր ունեի Երևանից:

– Ո՞վ էր, – հարևանցիորեն հարցրեց հայրս:

Հո չէ՞ի պատմելու Արմենի մասին:

– Գրող Լեոնիդ Հուրունցը:

– Հուրո՞ւնցը, – զարմացած ասաց հայրս:

– Այո,– պատասխանեցի: – Ասում է հաջորդ անգամ եկա՝ ամուսնացած լինես:

– Մի տես է, տես ինչ լավ մարդ է, է¯, – գլուխը գոհ շարժեց հայրս, – տես ինչ բարի սիրտ ունի: Մարդ էդպիսին պիտի լինի: Գիտե՞ս քանիսներին է նա լավություն արել: Ուրեմն Հուրունցին տեսել ես:

– Սուրեն Այվազյանն է մեկ-մեկ գալիս: Վերջերս Սերո Խանզադյանն էր մեզ մոտ: Մեր բարբառով է խոսում:

Հայրս հպարտությամբ նայեց մորս:

– Մի տես տղադ ի¯նչ մարդկանց հետ է ծանոթ: – Նա լցրեց բաժակները: – Արի մի բաժակ էլ դու խմիր:

– Գժվե՞լ ես, այ մարդ, – ջղայնացավ մայրս: – Էդ էր պակաս:

– Էհ, մի խմիր,– տեղի տվեց հայրս, – ավելի լավ՝ մեզ կմնա, – ծիծաղեց նա, նստեց սեղանի գլխավերևում, բարձրացրեց բաժակը:

– Խմենք էն ծնողի կենացը, որ նամուսով զավակ ունի ու էն զավակի կենացը, որ ինքը բարձրանալով վեր, բարձրացնում է իր ծնողաց անունը, – հայրս ակնհայտ գոհունակությամբ նայեց ինձ, բաժակը խփեց իմ բաժակին, բայց չխմեց: – Ես մի մարդ գիտեմ, – ասաց նա, – նամուսով, ղեյրաթով մարդ, որը երեսուն տարեկան իր անբան ու հարբեցող որդու երեսին, արցունքն աչքին, ասել է. «Քո ծնված օրը, ես մեռած պիտեի»: Սողոմոն իմաստունը մի իմաստուն խոսք ունի, ասում է՝ նամուսով որդին հոր համար բախտավորություն է, աննամուսը՝ մոր դժբախտությունն է: Էդպես է, մատտաղ, զավակի բերած ցավը ամենեծանրն է, էդ ցավին դժվար է դիմանալ: Հորը թվացել է, թե չարչարանքով տղա է մեծացնում, բայց չէ՝ գետի վրա նստած ալյուր է մաղել: Կարծում ես նրա ասած խոսքն ազդե՞լ է որդու վրա: Ամենևին: Բա դա էլ կա է, մատտաղ: Մարդ կա, որ հազար արժե, հազար մարդ կա, որ միասին վերցրած՝ մի քոռ կոպեկ չարժեն: Լավ ժառանգ լինելն ու լավ ժառանգ ունենալն էլ բախտի բան է: Թե չէ՝ աշխարհիս ստեղծման օրից էդպես եղել ու էդպես էլ կշարունակվի՝ հասկացողը միշտ տանջվել է անհասկացողի ձեռքին: – Նա մի ումպով խմեց կոնյակը: Խմեց, կնճռոտեց դեմքը: – Չէ, սրանից թախտաբիթիի հոտ է գալիս, – ասաց նա, վեր կացավ, բուֆետից մի շիշ օղի հանեց: – Մարդիկ սա ո՞նց են խմում, – շարունակեց հայրս գլուխն օրորելով: – Դու կոնյակ կխմես, ես՝ օղի: Չնայած շատ չեմ խմում՝ երկու-երեք բաժակ: – Ուրեմն Հուրունցին տեսել ես, – քիչ առաջվա խոսակցությանը վերադառնալով՝ ասաց նա: – Ղարաբաղում նրա անունով երդում են ուտում, քանի անմեղ մարդու է բանտից ազատել տվել, գիտե՞ս: Բա թթի այգինե՞րը: «Իզվեստիա» թերթում մի քանի հոդված տպագրեց, չթողեց, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը վերացնի թթի այգիները, ոնց որ հետո խաղողի այգիները վերացրին: Առանց թթատերևի ո՞նց կլինի՝ Ղարմետաքսկոմբինատը կկանգներ, նրա մասնաճյուղերը՝ Խնձրիստան, Տումի, Չանախչի ու Քարինտակ գյուղերում, նույնպես կկանգնեին: Հարյուրավոր մարդիկ անգործ կմնային: Բա թո՞ւթը, դոշա՞բը, չամի՞չը, թթի անմահական արա՞ղը: Մտածում եմ՝ ինչքան խիղճը կորցրած մարդիկ պիտի լինեն, որ նստեն որոշում հանեն՝ հազար տարվա էդ այգիները ոչնչացնելու մասին, փաստորեն մարդկանց զրկելով ապրուստից: Ասենք, մեր բոլոր որոշումներն էլ միշտ հասարակ մարդկանց դեմ են եղել: Ինչը մարդկանց օգտին է՝ չի գործում, ինչը դեմ է՝ տեղնուտեղը:

 

– Այ մարդ, քիչ խոսիր, թող երեխան մի քիչ հաց ուտի:

– Ես խանգարո՞ւմ եմ՝ թող ուտի: Զրուցում ենք, սեղանը հո նրա համա՞ր չի, որ նստես ու միայն մտածես ուտելու մասին, – բացատրեց հայրս: – Զրույցի համար է նաև. խոսք ասես, խոսք լսես, բան սովորեցնես ու բան սովորես: Ձին էլ է ուտում, կովն էլ է ուտում, բայց մարդ անասունից ինչո՞վ է տարբերվում՝ բանականությամբ՝ մտածելով, ասելով ու լսելով, հիշողությամբ ու հասկացողությամբ: Թե չէ՝ նույն անասունն է: Աստված սիրես, մի խանգարիր, թե չէ՝ վեր եմ կացել, հա¯… – շինծու զայրութով հոխորտաց հայրս:

– Մի լսող էլ լինի, կասի՝ էս ի՞նչ գազան մարդ է, – ծիծաղեց մայրս՝ սիրով լի հայացքով նայելով հորս, – հարցնող լինի՝ կյանքում գոնե մի անգամ մատով կպած կա՞ս: Մի չոր խոսք ասած կա՞ս:

– Ինչո՞ւ պիտի կպչեմ ու ինչո՞ւ պիտի ասեմ, – ժպտերես նայելով մորս՝ խաղաղ ասաց հայրս: – Իմ հասկացող սիրելի կնիկս ես ու իմ լավ ու վատ օրերի հավատարիմ ընկերը:

Մայրս շոյված, խոր հիացմունքով ու քնքշանքով նայեց հորս, հետո նայեց ինձ, շփոթված ժպտաց:

– Հայ ճանաչված գրողներից ես մենակ Սիլվա Կապուտիկյանին եմ տեսել մոտ երեսուն տարի առաջ, մեր դպրոցում: Բագրատ Ուլուբաբյանի ու Սարգիս Աբրահամյանի հետ էր եկել: Ջահել, սիրուն՝ բա ոնց էր խոսում, ոնց էր արտասանում, մնացել էինք փշաքաղած: Նա առաջին հայ գրողն էր, որ Իսահակյանից հետո եկել էր Ղարաբաղ: Իսահակյանին քառասունութին լավ չէին ընդունել, մարզկոմի էշ քարտուղար Տիգրան Գրիգորյանը նրան հարցրել է. «Ղարաբաղ մտնելու թույլտվություն ունե՞ք»: Հայ մարզի հայ քարտուղարը յոթանասուներկուամյա հայ մեծ բանաստեղծին էդպիսի հարց է տվել: Մի բան ասեմ, կարող է չիմանաս, – աշխուժացավ հայրս,– մեր շրջանի Թալիշ գյուղում Իսահակյանը խլեղը հագին մի շա¯տ պառավ կնոջ ձեռքը համբուրում է: «Կյանքումս երկու հոգի են ձեռքս պաչել, – ասում է պառավը: – Մեկը դու ես, մեկն էլ մորուքով մի մարդ էր»: Րաֆֆին է եղել: Պատկերացնո՞ւմ ես: Զորայր Խալափյանն էլ էդ գյուղից է, գիտե՞ս, – հանկարծակի հիշելով ավելացրեց հայրս, – շատ տաղանդավոր գրող է, շա¯տ, նրա գրվածքները երբ եմ, է¯, կարդացել, բայց մինչև հիմա լրիվ հիշում եմ: Նրա հերոսները՝ Ստեփանը, Անտիկը, Նորան, Վասիլը, Հաբեթը, Հունանի երեք որդիները, մյուսները, բոլորն աչքիս առաջ են… Մարդ երանի թե կարողանար էդպես գրել:

Հայրս օղի լցրեց, հոտ քաշեց, հրեց մի կողմ.

– Չէ, չեմ խառնելու: Տղաս կոնյակ է խմում, ես էլ եմ կոնյակ խմում, ախպերություն պիտի անենք:

Ես հորս համար կոնյակ լցրի: Նա վերցրեց բաժակը, ասաց.

– Ոմանք կարծում են, թե կյանքը շա¯տ երկար է: Էդպես չի: Աշխարհն է հավիտենական, իսկ կյանքը կարճ է: Մարդիկ չեն հասկանում, ընդհակառակը՝ ոչ թե կարճ է, այլ շատ կարճ է: Ջահել ժամանակ է թվում, թե կյանքը երկար է, այնինչ՝ չէ¯, իրոք որ շատ կարճ է, մի սխալմունք արեցիր՝ վերջ, չես հասցնի ուղղել: Դրա համար էնպես պիտի ապրես, որ էդ սխալմունքը չանես, չնայած, իհարկե, դժվար խնդիր է, բայց պիտի ձգտես, պիտի միշտ մաքուր լինես, ինչքան էլ անմաքուր լինի շուրջդ, անարդար չլինելու համար, պիտի որ արդար լինես, ուրիշ կերպ չի լինի, պիտի ամեն ինչ անես, որպեսզի հետո, կյանքիդ մայրամուտին, ոչ թե մեկ ուրիշին, այլ ինքդ քեզ ասես՝ ճիշտ ապրեցի կյանքս, հալալ քրտինքով ապրեցի ու ոչ ոքի ոչ մի վնաս չտվի, որովհետև կյանքն իսկականից մի անգամ է տրվում, երկրորդ կյանք չկա: Ավելի ճիշտ, կարևոր էլ չէ՝ կյանքը կա՞րճ է, թե երկար: Կարևորն անսխալ ապրելն է: Բայց դե, ափսոս, որ մարդ շատ ուշ է զգում դա, երբ ետ գնալու ո՛չ հնար կա, ո՛չ ժամանակ: Աստծու խոսքն Ադամին՝ քու հացը երեսիդ քրտինքով վաստակես, մարդ չպիտի մոռանա, որովհետև անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա: Հրեն, նայիր, քո նվիրած Աստվածաշունչն էն մյուս սենյակում դրած, միշտ կարդում եմ. աշխարհիս ամենահնագույն ու ամենախելոք գիրքն է: Էնտեղ եմ կարդացել. հողին թափված ջրի պես լինենք, այլ ոչ թե քամու բերանն ընկած ավազի նման: Բա սա՝ սիրէցէք զմիմեանս… Ի միջի այլոց, սրբազան ղուրանում էլ նույնն է ասվում՝ օգնեցեք միմյանց բարության ու բարեպաշտության, բայց ոչ չարության ու թշնամության մեջ: Մի տես թե ի¯նչ խոսքեր են… Կենացդ, պապան մատտաղ, Աստված թող շառ ու փորձանքից հեռու պահի քեզ, որովհետև ազնիվ մարդու համար ամենամեծ վիրավորանքն անազնվության մեջ անհիմն ու նաև երբեմն միտումնավոր կերպով մեղադրվելն է: Թող նա քեզ արդարության ճանապարհով միշտ առաջնորդի, որպեսզի ոտքդ քարի չկպչի երբեք, որովհետև երանելի է էն մարդը, ով ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում իր արած բարի գործերից, քաջ գիտենալով, որ իր արած բարությունը վաղն իր առաջն է գալու: Ոնց որ էդ սուրբ գրքերում է ասված, որ նման մարդը նման է ջրերի հոսանքի վրա տնկված բարատու ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի ու ամեն բան, ինչ էլ որ անի, կհաջողվի: Կենացդ, շուտ-շուտ արի, որ շատ չկարոտենք…

Հայրս խմեց, նորից կնճռոտվեց: Բայց չդժգոհեց:

– Ոնց որ թե էլ հոտ չկա, – ասաց նա:

– Որ մի բաժակ էլ խմես, մանուշակի հոտ է գալու, – լրացրեց մայրս ծիծաղելով:

– Ճիշտ է ասում, – բարեհոգի ժպտաց հայրս: – Լցրու, լավ է մարդու գլուխը դատարկ լինի, քան թե բաժակը:

Մայրս տապակած կանաչ լոբի բերեց: Խորունկ պնակի վրայից գոլորշի էր ելնում: Թարմ լոբու բուրմունքը տարածվեց սենյակում:

– Փա¯հ… Ղարաբաղի հոտ եկավ, – ոգևորված ասաց հայրս: – Բայց, դե, Ղարաբաղի լոբու համն ուրիշ է, օդն ու ջուրն ուրիշ է: Համեմատել չի լինի: Ժողովուրդն էլ ուրիշ է՝ ազնիվ, աշխատասեր, խիզախ ու հերոսական: Հայրենական մեծ պատերազմում ո՞ր փոքր ժողովուրդն էդքան հերոս տվեց: Բա մարշալնե՞րը: Բա գեներալնե՞րը՝ մի քանի տասնյակ: Սովետական Միության քսանից ավելի հերոս, մեկն էլ կրկնակի՝ Նելսոն Ստեփանյանը: Բա ցարական բանակի մեր փառապանծ զորավարնե՞րը՝ Մադաթով, Բեհբութով, Տեր-Ղուկասով, Լազարև, Շելկովնիկով՝ ո՞ր մեկն ասես: Բա Մյուրա՞տը, Նապոլեոնի մամլյուկներ Ռուստամն ու Պետրո՞սը… Իսկ բնակչությունը՝ ընդամենը հարյուր երեսուն հազար, որևէ տեղ էդպիսի բան տեսե՞լ ես: Չես տեսել:

Հայրս խոժոռվեց, մտախոհ նայում էր մի կետի, հետո ծանր օրորեց գլուխը, տրտմագին ավելացրեց.

– Բայց գնահատող չկա: Մոսկվան հայերի դարավոր նվիրվածությունը, հավատարմությունը չի գնահատել ու չի գնահատում: Մեծ հայրենասեր Տարաս Շևչենկոյի ասած՝ «Խոհեր իմ, օհ, մռայլ խոհեր, ցավ եք դուք ինձ և վիշտ դժխեմ»: – Նա մի կարճ պահ դադար տվեց, հոգոցով ասաց, – դատարկվում է Ղարաբաղը, Նախիջևանի պես դատարկվում է, ջահելները գնում են Երևան, կրթություն են ստանում, հետ գալ Ղարաբաղ՝ չի թույլատրվում: Որ գան էլ՝ որտե՞ղ պիտի աշխատեն, ի՞նչ պիտի անեն՝ արդյունաբերություն չկա, շինարարություն չկա, գործարան ու ֆաբրիկա չկա, ճանապարհ չկա, ոչինչ չկա, մարդիկ ճարահատյալ բողոքում են, պահանջում միացնել Հայաստանին, բողոքողներին էլ կամ վտարում են մարզից, կամ՝ նստեցնում: Էդ ճանապարհին գիտե՞ս ինչքան մարդ է զոհվել, ինչքան մարդկանց են քշել, կորցրել սիբիրներում: Անհաշիվ: Խանջյանին էլ դրա համար սպանեցին: Ես որ Ղարաբաղի տերը լինեի, մի բարձր հուշարձան կկանգնեցնեի Ղարաբաղի կենտրոնում, վրան մե¯ծ-մեծ տառերով կփորագրեի. «Ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր զոհվել են և կզոհվեն հանուն Ղարաբաղի»:

– Ա¯յ մարդ, երեխի հոգին մի պղտորիր, – բարկացած խառնվեց մայրս: – Քո էդ պատմությունները հազար անգամ լսել ենք, օգուտ չկա, փոխիր թեմադ:

– Լավ, – համաձայնեց հայրս, – թեման փոխենք: Վերջերս նորից կարդացի «Գիքորը» ու գիտե՞ս ինչ եզրակացության եկա, ինչ մտածեցի: Մեր բոլոր գրողների ու բանաստեղծների մեջ մենք ամենաշատը Թումանյանին ենք սիրում: Էդ լուսեղեն մարդու բոլոր գործերը՝ թե՛ չափածո, թե՛ արձակ, մեր սրտից են բխում: «Գիքորը» մեր ժողովրդի սրտովն է, գիտե՞ս ինչու: Որովհետև ազգովին Գիքոր ենք՝ փոքր ժամանակ, և Համբո՝ արդեն մեծացած: Իմ հայրը, քո պապ Ոսկանն այսինքն, տեղով մեկ Համբո է՝ միամիտ, խեղճ, միշտ գլուխը կախ՝ տանջող մտքերի մեջ կորած: Ամբողջ կյանքը կոլխոզին նվիրած՝ դառը դատած, դատարկ նստած, մի լավ օր չտեսավ: Իսահակյանը կարծես նրա մասին է գրել՝ «Ախ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ, օր ու արև չտեսանք»: Ո՞նց տեսներ, երբ հարազատ կոչված պետությունը սաղ-սաղ մաշկում էր գյուղացուն. կով պահել չէին թողնում, բայց յուղի պլան էին գցում, ոչխար չունես՝ բրդի պլան, այծ չունես՝ մազի պլան, պիտի տաս, հավ չունես՝ ձվի պլան, տնամերձ հողամասը տարին չորս անգամ չափում էին, ավել մետրի համար՝ տուգանք, պտղատու ծառի համար՝ հարկ: Մի տես մարդու տեղն ինչքան նեղ պիտի լինի, որ տասնչորս ու տասնհինգ տարեկան աղջիկ երեխոցը վերցնի ուղարկի փեզո՝ հավաքագրման այսինքն: Իսկ մենք սոված, տկլոր, կարմիր փողկապները կապած քայլում էինք երթաքայլ՝ շեփորների ու թմբուկների ուղեկցությամբ, երգելով՝ լայնարձակ է հայրենի երկիրն իմ, երգում էինք ու հավատում, որ, իրոք, աշխարհում չկա նման մի այլ երկիր, ուր մարդը այդպես շունչ քաշեր ազատ, քայլում էինք հեռու լեռներում ծվարած մեր գյուղում, ձեններս գլուխներս գցած, հավատով, որ այդ երջանիկ կյանքը մեզ ընկեր Ստալինն է տվել: Մեր տունը քանդողը Ստալինն է եղել: Նա ու Լենինը: Տասնութ թվականին առաջին դեկրետներից մեկը համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու մասին է եղել:

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru