bannerbannerbanner
полная версияՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Լևոն Ադյան
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Полная версия

Ես կրկին ու կրկին համբուրում էի Ռենային, Ռենան իմ այդ համբույրներին տրվում էր ինքնամոռաց քնքշանքով, առաջ մղվելով ու ինձ ավելի ու ավելի սեղմելով, ձգելով դեպի իրեն… Տեր Աստված, քնքուշ զգայականության ի¯նչ անուշ երանություն էր այդ, դրախտային ինչպիսի զմայլեցուցիչ պարգև՝ անդադար տեղացող այդ տաք անձրևի տակ:

Հետո, ինչպես միանգամից սկսվել, այդպես միանգամից էլ կտրվեց անձրևը, ձիթենու մանրիկ տերևների արանքից արևի պայծառ շողն ընկավ Ռենայի դեմքին, նա աչքերը կկոցեց արևից, ծիծաղեց արևոտ դյութիչ ծիծաղով, ես գրկեցի տաքություն բուրող նրա մերկ ուսերը, և մենք դուրս եկանք զբոսայգուց: Եվ այդտեղ, «Մոսկվա» հյուրանոցի մոտ, բարձունքում, պատահաբար տեսա Յաշարին՝ լուսանկարչական խցիկը վզից կախ: Մամլո ասուլիսից էր դուրս եկել: Ես նրան խնդրեցի լուսանկարել մեզ:

Սկզբում Ռենան իմ աջ կողմն էր կանգնած, հետո արագ փոխեց տեղը, կանգնեց ձախ կողմում՝ պատրաստ կրկին նկարվելու: «Այսպես ավելի մոտ եմ սրտիդ», – ծիծաղեց նա: Ռենան դա ասաց ոչ բարձր, բայց Յաշարը լսեց երևի, ժպտաց, մի անգամ ևս լուսանկարեց:

Երկու օր անց, երբ գունավոր լուսանկարները ցույց տվեցի Ռենային, նա մի պահ հմայված նայում էր, հետո անսպասելի հանդիմանեց. «Ինչո՞ւ է այսպես, – խռովկան ասաց նա, – ես թեթևամիտի պես ժպտում եմ, իսկ դու երկու նկարում էլ պարկեշտ տեսքով կանգնած ես… Ոնց որ թե նույնիսկ ուրախ չես, որ միասին նկարվում ենք: Չէի՞ր կարող ասել, որ ես էլ ինձ լուրջ պահեի: Տեսնողն ի՞նչ կասի»: «Ի՞նչ պիտի ասի, – կրծքիս սեղմելով նրան, ծիծաղեցի ես: – Պիտի ասի՝ այս սիրուն աղջիկն ի¯նչ սիրուն մազեր ունի, ի¯նչ սիրուն աչքեր, սիրուն ժպիտ ու սիրուն թալիսման ունի»: «Իրոք, – սրտանց ուրախացավ Ռենան: – Թալիսմանը լավ երևում է: Գլխավորը դա է», – լրացրեց նա խնդուն հրճվանքով: «Նայիր, – ասացի ես, – ամբողջ քաղաքն է երևում՝ ծովափնյա զբոսայգին, Կույսի աշտարակը, հեռուստակոմիտեի մեր շենքը, «Նոր ինտուրիստը», ծովը, հետո պիտի նայենք ու հիշենք, որ այդ ամենն անսահման հարազատ ու թանկ էր մեզ համար»: Այդպես ասացի ես Ռենային այն ժամանակ: Այնտեղ կան, մնում են ստվերախիտ մութ ծառուղիները, ուր համբուրվում էինք՝ ուրիշ աչքից թաքուն: Այդ ծանոթ, հարազատ վայրերի անհաղթահարելի կարոտը սողոսկում էր սիրտս, տակնուվրա անում հոգիս: Աստված իմ, մի՞թե այդ ամենը, իրոք, եղել է, և մի՞թե ես վաղը կհանդիպեմ իմ չքնաղ, իմ աննման Ռենային:

Սիմֆոնիկ երաժշտություն միացրի: Մեռյալ բնակարանն ասես շունչ առավ, կենդանացավ: Նվագի բոլոր գեղգեղանքներն ու որոտներն ասես երազի թևով ինձ տանում էին մի ուրիշ՝ զարմանահրաշ ու անիրական աշխարհ՝ անսպասելի որոտով ու տեղատարափ տաք անձրևով, ձյան աստղաթև փաթիլների հուշիկ վայրէջքով՝ Ռենայի անուշիկ դեմքին, երերուն մշուշի մեջ ղողանջում էր բխոված ձիու ոտնակապանքի զնգոցը, զանգուլակները զնգզնգում էին, երբ կովերը դանդաղ շարժվում էին անտառամերձ բացատում… Բազմաթիվ պատկերներ էին ստեղծվում՝ մեկ Ռենայի հետ Բիլգիայի ծովափին էինք, մեկ՝ Նաբրանում, մեկ նրա հետ քայլում էինք ծովափնյա զբոսայգում, և ես նրան սիրո քաղցր խոսքեր էի շշնջում: Մեղեդին մերթ հետզհետե իջնում, մարում էր տերևների սոսափյունի մեջ, մերթ զվարթ ու թեթև ճախրում, բարձրանում էր, ջրվեժի պես գահավիժում, մերթ ասես հովի թեթև հպանքով անցնելով անտառի վրայով, օրոր էր ասում նրան, և մենք Ռենայի հետ այդ անտառում էինք, և կարմիր կտուցով փոքրիկ թռչնակն անուշ դայլայլում էր հատուկ Ռենայի համար, և այդ թեթև, շնկշնկան հովից ծառերն օրորվում, հառաչում էին լարային նվագախմբի ձայներով, և այդ ամենը, հնչյունների այդ հեղեղն ու հոգեցունց ալեկոծումը ոչ թե մեկ ուրիշ տեղ, այլ իմ ներսում էր, իմ հոգու խորքում…

Ուշ պառկեցի քնելու, իսկ առավոտյան արթնացա ինչ-որ տարօրինակ ձայներից:

Ցուցարարների մի հոծ բազմություն խրոխտ բացականչություններով գնում էր ծովի կողմը, դեպի կառավարական տուն:

* * * * *

Հագնվելով, մի բաժակ սուրճ խմելուց հետո, գնացի խնայդրամարկղ: Հանձնելով խնայգրքույկս, սկսեցի սպասել: Սպասարկող կինը, խնայգրքույկս ձեռքին, սրահից վեր ելնող փայտե սանդուղքներով բարձրացավ երկրորդ հարկ, որոշ ժամանակ անց վերադարձավ, իմ նկատմամբ ընդգծված սիրալիր էր, նա գտավ իմ քարտը, գումարը գրեց թղթի վրա՝ 40917 ռուբլի, և մեկնեց ինձ:

– Լրացրեք ծախսի օրդերը, – ասաց նա նույն ընդգծված շողոմքոր սիրալիրությամբ, – և եկեք ընդմիջումից հետո՝ ժամը երեքին:

«Փողը կստանամ, սպիտակ վարդեր կառնեմ և՝ ուղիղ Կարինայի մոտ», – Ռենայի հետ մոտալուտ հանդիպման քաղցր անրջանքով ներշնչված՝ հրճվանքի դողով ու խանդավառությամբ մտածեցի ես, և այն մտքից, որ, իրոք, շուտով, շատ շուտով պիտի տեսնեմ Ռենային, ես պատրաստ էի ակնածանքի խոսքեր ասել այս անչափ բարի, սիրալիր կնոջը: Մտածում էի, փողը ստանալիս՝ անպայման մի երկու հարյուր ռուբլի թողնել նրան:

Ժամը երեքին մի քանի րոպե պակաս ես արդեն խնայդրամարկղի մոտ էի: Վերևից, Արմենիքենդի կողմից Լենինի պողոտայով ափերից ելած պղտոր սև գետի պես մի բազմամբոխ էր իջնում գոռում-գոչյուններով՝ «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղը մերն է», «Ալլահու աքբար, ալլահու աքբար, օրդումուզ դահիմա օլսուն մուզաֆար*», «Կեցցե Թուրքիան», «Վերադարձրեք Ալիևին», «Փառք Սումգայիթի հերոսներին»: Նրանց մեջ կանայք ու դպրոցահասակ երեխաներ կային:

Ես արագ անցա փողոցը և խնայդրամարկղի մուտքի մոտ, սանդուղքներին, տեսա ինձ ծանոթ կնոջը, որն այնպես հարգալից էր իմ հանդեպ: Նրա հայացքն ամբոխի կողմն էր, և ես տեսա, որ նա աչքերով ինձ էր ցույց տալիս:

Դա մի կիսավայրկյան տևեց միայն, հաջորդ վայրկյանին ամբոխից մի քանիսը շրջվեցին, նրան նայելով, և վազեցին իմ կողմը:

Ու դա այնպես արագ տեղի ունեցավ, որ ես չհասցրի անգամ նորից նայել այդ կնոջը: Առաջին հարվածը գլխիս իջավ: Ես իմ դեմքին զգացի արյան տաքությունը: Իրար հրմշտելով՝ նրանցից յուրաքանչյուրն ինքն էր ուզում ինձ խփել: Նորից հարվածեցին, այս անգամ դեմքիս, և զարմանալի էր, իմ միտքը գործում էր պարզ, հստակ: «Սպանում են, – մտածեցի, – հիմա կսպանեն…»:

Վախի, սարսափի ոչ մի զգացում: Եվ զարմանալի էր նաև, որ ցավ չէի զգում բոլորովին: Չորս կողմից հարվածներ էին տեղում:

Ինձ հրելով, ինձ հետ ընկնելով ու ելնելով, նրանք ինձ առաջ էին հրում դեպի փողոցի մեջտեղը: Ինչ-որ կարծր բանով խփեցին ձախ աչքիս, թվաց՝ աչքս պայթեց: Ես ջանք էի գործադրում բացել աչքս, բայց չէր հաջողվում: Նրանք միաժամանակ գոռգոռում, հայոյում էին, բայց ես ոչինչ չէի հասկանում նրանց ասածներից:

Հարվածում էին բոլոր կողմերից, ինձ թվաց բերանս աղի արյուն է լցվում: Դարձյալ զգացի տաք արյան հոսքը, բայց այս անգամ մարմնիս վրա: Ինչ-որ մեկը բարձրացրեց ձեռքի մետաղաձողը, ես մի կիսավայրկյան տեսա նրան՝ լողլող, լորձոտ բերանով, զայրագին ծռմռված այլայլված դեմքով, «Էրմյանի սյան՝ օլմյալի սյան**», – կատաղած ասաց նա, մետաղաձողը թափով իջեցրեց վրաս, ես խույս տվեցի, այն իջավ յուրայիններից մեկի գլխին, և նա վայրենի բղավոցով թավալվեց գետնին, հաջորդ հարվածը, բայց դա

*Բարձր է Ալլահը, Ալլահն՝ հզորազոր,

Հաղթանակը կուղեկցի բանակին մեր հզոր (ադրբ.)

**Հայ ես՝ պիտի մեռնես (ադրբ.)

երկաթաձողի հարված չէր, ես դա զգացի, կպավ ձեռքիս, մատիս մատանի կար, թռավ մի կողմ, մի քանիսը վազեցին մատանու ետևից: Ես ուզում էի օգտվել առիթից, պոկվել նրանցից, բայց չստացվեց, երեք հոգի պահում էին ինձ ու միաժամանակ խփում էին: Ես թափով շրջվեցի և այդ կարճ ակնթարթում տեսա խնայդրամարկղի կնոջը՝ սանդուղքներին կանգնած ժպտալիս:

«Նրանք այս ամենը գիտեին, – կայծակնային արագությամբ անցավ իմ մտքով: – Նրանք ամեն ինչ նախօրոք գիտեին»: Կատաղությունից մի տեսակ ասես ուժ առա, թափ տվեցի ինձ, երկուսը մի պահ պոկվեցին ինձնից, ընկան, բայց մեկը մնաց պինդ կառչած, որ չփախչեմ: Հագիս արտասահմանյան կոճակագամ բաճկոն էր, ես տառացիորեն դուրս սահեցի պիջակից ու բաճկոնից, դրանք մնացին ինձ պահող տղայի ձեռքին, և, օգտվելով վայրկենական իրարանցումից, երբ ինձ ծեծող այդ երեքը տարված էին իմ գրպանները խուզարկելով, մի մասը ուշքի էր բերում արյունաշաղախ ընկերոջը, իսկ մյուսները մատանին էին փնտրում, ես ինձ գցեցի դիմացի շենքի բակը: Ուշքի գալով՝ նրանք աղաղակելով վազեցին իմ ետևից, մատանի փնտրողներն էլ երևի հասան, բայց բակ չմտան, աղմկում էին մուտքի մոտ: Ամենայն հավանականությամբ, նրանք տեղանքին ծանոթ չէին, չգիտեին, որ

բակը թափանցանց ելք ունի դեպի Լենինի պողոտա:

Ձեռքով երեսիս արյունը սրբելով, այդ երկրորդ դռնով ես դուրս եկա փողոց և գլխակորույս վազեցի ուղիղ միլիցիայի ութերորդ բաժանմունք, որի մուտքի մոտ միլիցիոներ էր կանգնած և անտարբեր հայացքով դիտում էր այդ ամենը: Ես հասկացա, որ փրկության միակ ելքն այն է, որ չասեմ թե հայ եմ: «Ես հրեա եմ, – հասնելով միլիցիոներին՝ ասացի ես: – Նրանք կարծում էին, թե հայ եմ»: «Այսօր ամեն ինչ հնարավոր է», – պատասխանեց միլիցիոները՝ հրելով ինձ կողքի շքամուտքն ու իմ ետևից փակելով դուռը:

Ես լսեցի, թե ինչպես մի քանի հոգի, մոտ վազելով նրան, հարցրին. «Մի հայ չտեսա՞ր այստեղ»: «Ոչ», – ասաց միլիցիոները: «Բայց նա այս կողմ եկավ», – լսեցի ես: «Այստեղ ոչ մի հայ չկա», – կտրուկ պատասխանեց միլիցիոները:

Այդ պահին, մուտքից մի քանի քայլ այն կողմ, ամբոխը նոր զոհ գտավ: Դռան ճեղքից ես տեսա, թե ինչպես տասնյակ ոտքեր կոխկրտում էին գետնին ընկած մարդուն: Ինձ որոնողները ևս վազեցին դեպի հերթական զոհը:

Ես մի կերպ կանգնած դիմանում էի՝ մեջքով հենված շքամուտքի սառը պատին, ծնկածալերս սաստիկ դողում էին, գիտեի, որ եթե նստեմ կամ ընկնեմ գետնին, այլևս չեմ կարողանա ոտքի կանգնել: Ամբողջ մարմնով դողում, ցնցվում էի, ատամներս իրար էին խփվում, բայց չգիտեի՝ ցրտի՞ց էր դա, թե ստացված վերքերից:

– Ո՞ղջ ես դեռ, – արագ մտնելով ներս՝ հարցրեց միլիցիոները:

– Այո, – ասացի ես, – ողջ եմ:

– Հիմա ես շտապ օգնություն կկանչեմ: Հենց որ մեքենան եկավ, ես իսկույն կբացեմ դուռը, դու պետք է մի ակնթարթում հասցնես քեզ գցել մեքենայի մեջ, հասկացա՞ր:

– Հասկացա:

Միլիցիոները շտապ դուրս եկավ մուտքից, ես մնացի նույն դիրքում կանգնած: Լենինի պողոտան ի վար, սպիտակին տվող մետաղաձողերը գլխավերևներում թափահարելով, նոր բազմություն էր իջնում: Անթիվ, անհամար ոռնացող գազանների ոհմակ էր դա, նրանց վերջը չէր երևում, գալիս էին ու գալիս, նրանց գոռում-գոչյուններից, ճիչ ու աղաղակներից պատերը դղրդում էին՝ «Կեցցե Թուրքիան», «Գորբաչովը մեզ հետ է», «Գըրըն էրմանիլարի*», «Էրմանիլար ռադդ օլսուն**», «Մահ հայերին», «Փառք հերոս քաղաք Սումգայիթին»: Ինչ-որ մեկին գետնին տապալեցին, հետո նա հայտնվեց ամբոխի գլխավերևում, ասես բազմությունն ի վեր լողալով, նա գնում էր՝ խելագար աչքերով, բերանն անսովոր լայն բացած, մի կարճ ակնթարթ երևաց միայն, ջահել տղա էր, նրան նետեցին ցած, այդ տեղում մի պահ ժողովուրդը խտացավ, կանգ առավ, մի րոպե ևս՝ տղան փռված էր

*Կոտորեք հայերին (ադրբ.)

 

**Հայերը կորչեն (ադրբ.)

գետնին՝ գլուխն արյան լճում:

Միլիցիայի շենքի դիմաց, «Շաֆագ» կինոթատրոնին կպած տնից դղրդյունով դաշնամուր գցեցին ցած, դաշնամուրի ետևից՝ բազկաթոռի հետ ճերմակահեր մի կնոջ նետեցին ներքև: Կինն այդ ծվվոցով ընկավ ասֆալտին, բազկաթոռից երկու քայլ հեռու, արյան մեջ էր, բայց շարժվում էր. սողալով քիչ առաջ գնաց, հավանորեն ցնցակաթվածի մեջ՝ նա փորձում էր ելնել: Երկու տղա, մազերից

բռնած, կնոջը քարշ տվեցին դաշնամուրի մոտ, հրհռալով, դա նույնպես լսվում ու երևում էր, կապկպեցին դաշնամուրին, ինչ-որ մեկը բենզին լցրեց, և կինն ու դաշնամուրը միանգամից բոցավառվեցին: Վերևից, երկրորդ հարկի պատշգամբից, աղմուկ-աղաղակով գրքեր ու զանազան իրեր էին նետում խարույկի մեջ: Փողոցից թե մոտիկ տներից մերթ ընդ մերթ սարսափելի սուր, հուսահատական ճիչեր էին հասնում ինձ: Տղաների մի խումբ «Շաֆագի» առջև շրջապատեց մի ծեր կնոջ, կարծես թե հանգիստ խոսում էին, ես դա տեսնում էի, մի երկու րոպե անց տղաները հեռացան, իսկ ծեր կինը մնաց մայթին մեկնված: Դարձյալ կանացի աղիողորմ ճիչ լսվեց, մանկական աղեկտուր լացի, կրակոցների ձայներ եկան:

Դռան ճեղքից ես տեսա շտապ օգնության մեքենան, վարորդն արագորեն բաց արեց ետևի դռնակը, իսկ միլիցիոները, նույնպես արագորեն, շքամուտքի դուռը բացեց, և ես համարյա մի ոստյունով ինձ գցեցի մեքենայի մեջ: Հետագայում զարմանում էի ու հիմա էլ զարմանում եմ՝ որտեղի՞ց ուժասպառ ու արնաքամ մարդու մեջ այդ անբնական ուժը:

Շտապ օգնության վարորդն ուղղակի, առանց ետևի դուռը փակելու, միանգամից պոկվեց տեղից, և մեքենան քշեց երթևեկության դեմ հանդիման:

– Գազաններ են դրանք, – ասաց շտապ օգնության ռուս բժշկուհին, – մարդու տեսքով, բայց գազաններ: – Նա շրջվեց իմ կողմը, կարեկցանքով օրորեց գլուխը, ասաց, – դիմացեք, շուտով կհասնենք:

Զգում էի, որ ուժերը լքում են ինձ, կարծես թե արնաքամ էի լինում:

Նասիմիի կուսշրջկոմի շենքի մոտից տղա երեխայի սիրտ կտրատող ճիչ լսվեց: Մեքենան Լենինի պողոտայից կտրուկ թեքվեց դեպի Սուրեն Հովսեփյան փողոց և սլացավ վեր: Դարձյալ աղմուկ-աղաղակ էր, ես սեղմվեցի ապակուն և իսկույն էլ սարսափահար ետ քաշվեցի: Հովսեփյան-Բաքիխանով փողոցների խաչմերուկում, վերևի հարկից ոտքը կտրած մի մարդու նետեցին ցած, ես տեսա նրան. օդում գլխիվայր գնում էր դեպի ներքև՝ առանց ձեռքից բաց թողնելու անթացուպը: Երևանյան նրբանցքում՝ «Մուղան» ռեստորանի մոտ, մի մարդ կար ընկած, նա դանդաղ, չորեքթաթ տալով մի կերպ ելավ տեղից, բարձրացավ, մի պահ այդպես մնաց կանգնած՝ ամբողջովին արնաշաղախ, և տապալվող ծառի պես միանգամից երեսնիվայր փռվեց գետնին՝ ձեռքերն առաջ տարածած:

Շահումյանի անվան մշակույթի տան մոտ մեքենան թեքվեց ձախ և Չորրորդ Նագորնայա փողոցով, հենց տրամվայի գծերի վրայով, սլացավ դեպի Սեմաշկոյի անվան հիվանդանոց: Տների արանքով ինչ-որ տղաներ գրկած հեռուստացույց էին տանում, այս ու այնտեղ մարդիկ կային անշարժ ընկած: Սամեդ Վուրղուն փողոցի հատման կետում, Նասիմիի շրջգործկոմի շենքի մոտ, չորրորդ հարկի պատշգամբից ու պատուհաններից իրեր էին գցում ցած, ներքևում ամբոխը՝ մեծ ու փոքր, հինայած մազերով կանայք նույնպես կային, խլխլում էր ընկնող ճամպրուկները, գորգերն ու վազում: Այս ամենն ասես իրական կյանքում չէր տեղի ունենում, թվում էր երազ է, մղձավանջային սարսափելի երազ:

Ես շարունակ մտածում էի՝ ինչպե՞ս ներկայանալ հիվանդանոցում: Հայկական ազգանունով վտանգավոր էր, բայց ուրիշ ազգանուն տալ նույնպես չէի ուզում: Զարմանալի է, բայց ինձ այնքան մահը չէր սարսափեցնում, որքան այն, որ կարող էի մեռնել անհայտության մեջ, ուրիշի անուն-ազգանունով: Վերջապես վճռեցի իմ ազգանունն այնպիսի փոփոխության ենթարկել, որ ինձ իմացողն իսկույն հասկանար, թե ում մասին է խոսքը:

– Ազգությո՞ւնդ, – Սեմաշկոյի անվան հիվանդանոցի ընդունարանում դա էր ինձ տրված առաջին հարցը:

– Հրեա, – պատասխանեցի ես: – Ադունցման Լեո:

– Հայրանո՞ւն:

– Լեոնիդովիչ, – անվարան ասացի ես:

Բժշկուհին՝ տղամարդու պես մարմնեղ, հինայած մազերով, թերահավատությամբ նայեց ինձ:

– Լավ, – ասաց նա և, դառնալով, ինչ-որ մեկին կարգադրեց, – կանչիր հրեա բժիշկներից մեկնումեկին:

– Ինչո՞ւ, – հարցրեց մեկ ուրիշը:

– Թող հրեաների լեզվով խոսեն, – եղավ պատասխանը:

Պարզ էր, խոսքը եվրոպական հրեաների մասին էր, որոնց լեզուն իդիշն է՝ հիմնված գերմանական ինչ-որ բարբառի վրա: Դա ինձ բոլորովին չընկճեց, մի ժամանակ մտքիս դրել էի Գյոթեի «Ֆաուստը» կարդալ բնագրով, մի քանի ամիս լրջորեն գերմաներեն էի պարապում, նույնիսկ «Մարիենբադյան էլեգիան» անգիր գիտեի գերմաներեն: «Հրեաները խելացի ժողովուրդ են, – ոգի առա ես, – եթե ես գերմաներեն որոշ բառեր ասեմ, նա իսկույն կհասկանա իրադրությունը և կօգնի ինձ»:

Հրեա բժշկի ետևից ուղարկված սանիտարը վերադարձավ ձեռնունայն:

– Բոլոր հրեաները փախել են տները, – ասաց նա:

– Բոլո՞րը, – խստորեն հարցրեց բժշկուհին:

– Բոլորը, – հաստատեց սանիտարը:

– Լավ, – քիչ մտածելուց հետո տեղի տվեց բժշկուհին: – Երկուշաբթի կպարզենք: Չէ՞ որ երկուշաբթի առավոտյան, մեկ է, նրանք գալու են աշխատանքի:

Արյունաթաթախ շորերը լրիվ հանեցին վրայիցս, բայց փոխարենը ոչինչ չտվին: Մնացի կիսավարտիքով ու ոտաբոբիկ: Կանգնած եմ ցուրտ ընդունարանում, արյունը շարունակում է կաթկթել իմ գլխից ու կողքիցս: Շուրջը ժխոր է, լաց ու հառաչանք, վայնասուն:

– Բու էրմանիդի*, – անսպասելի ու ճվաղուն ձայնով ճչաց ==============================

*Սա հայ է (ադրբ.)

բուժքույրերից մեկը՝ մատը մեկնելով իմ կողմը, – էրմանիդի:

Բուժքրոջ լղար դեմքը՝ աչքերի ծակուն նայվածքով, ինձ նույնպես ծանոթ թվաց, բայց թե որտե՞ղ էի տեսել՝ մտաբերել չկարողացա:

– Սա հայ է, – կրկնում էր նա ցասումնալից պոռթկումով, – հայ է:

– Գուցե սխալվո՞ւմ ես, – ասաց նրան ինչ-որ կին: – Էդ տեսքով դու դրան ո՞նց ճանաչեցիր, դեմքը լրիվ ուռած, համարյա մի սաղ տեղ չունի:

– Նա ինձ շփոթում է ուրիշի հետ, – լիովին ուժահատ՝ փորձեցի պաշտպանվել:

– Ոչ, հայ է, էրմանիդի, – ատելությամբ կրկնում էր նա:-էրմանիդի:       Եվ քանի որ հրեական իմ ծագումը, այնուամենայնիվ, բացառված չէր՝ չնայած բուժքրոջ բողոքներին, ինձ ուղարկեցին վիրահատական բաժանմունք:

Վիրաբույժը լեռնաբնակ հրեաներից էր: Նա անմիջապես սկսեց զբաղվել գլխիս վերքերով: Այդ պահին ներս խուժեց անդադրում բուժքույրը:

– Դա հայ է, – գոչեց նա նույն ճվաղուն, ծղրտան ձայնով: – Դրան պետք չէ վիրակապել:

– Թե ում պետք է ուղարկել ինձ մոտ՝ դա ոչ թե իմ, այլ ձեր գործն է, – անվրդով պատասխանեց վիրաբույժն առանց ընդհատելու վերքի

մշակումը: – Բայց եթե մարդն արդեն ընկել է այստեղ, թեկուզ և աֆրիկացի լինի, ես անելու եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է:

– Շնից շուն է ծնվում, մարդուց՝ մարդ, – բուժքրոջ գնալուց հետո խորը հոգոցով ասաց բժիշկը: – Այդպիսներից գազան կարող է ծնվել միայն: Գազանից բացի ոչինչ չի ծնվի: Երկոտանի գազան, Բաքվի փողոցներն այսօր լիքն են դրանցով: Սրանց նմաններն են ցնկնել… Հիմնականը գլխի վերքերի մշակումն է, – ավելացրեց նա ուշացումով, – կողքիդ վերքը ես արդեն չեմ հասցնի մշակել, տեսնո՞ւմ ես ինչքան մարդ կա:

Միջանցքում ահավոր տեսարան էր. արյունաշաղախ, ցավից կիսախելագար մարդիկ՝ դեմքներին ծեծ ու ջարդի հետքեր, տնքոցներ, ճիչ, լաց ու շիվան:

– Այս բոլորը հիմնականում ձեր հայրենակիցներն են, – նորից խոսեց բժիշկը, – վախից թաքցնում են իրենց ազգությունը, բայց ձեր հայրենակիցներն են, – և կարճատև դադարից հետո, ասես ինքն իրեն, մրմնջաց, – Աստված ինչո՞ւ է նման ծանր փորձության ենթարկում իր հպատակներին, նրանց ո՞ր մեղքի համար:

Վիրաբույժը վեց տեղում կարեց գլուխս, մի քանի կար դրեց նաև աչքիս տակ ու ծնոտիս:

Դեռևս մերկ, ոտաբոբիկ՝ ես մի կերպ, դռներից կառչելով դուրս եկա միջանցք և, մեջքով պատին կպած, դանդաղ քաշվեցի մի կողմ: Ցուրտ էր, ողջ մարմնով մեկ դողում էի, երբեմն կարծես թե քունը հաղթում էր, մղձավանջ էր պարուրում, անդիմադրելի գայթակղությամբ քաշում, ձգում էր ինձ հատակը, բայց մնում էի կանգնած: Հետզհետե ուժերս չդիմացան, հոգնած, թուլացած՝ ծնկներս իրենք իրենց ծալվեցին, իջա հատակին, միանգամից զգալով նրա սառնությունը, ու մնացի այդպես նստած՝ մերկ ու ոտաբոբիկ: Ամբողջ մարմինս կոտրատվում էր, բերանս՝ շարունակ չորանում: Ուշադրություն դարձնող չկար: Կցկտուր խոսակցություններ էին հասնում՝ հայերով լցված ինչ-որ նավի խորտակման, Պերվոմայսկի նրբանցքում մորթոտված երեխաների ու առևանգված մի քանի տասնյակ փոքրահասակ գեղեցիկ հայ աղջիկների մասին, որոնց պիտի տանեին Թուրքիա՝ գիշերային ակումբների համար:

Ես մահու չափ հոգնել, ուժասպառ էի եղել այս անվերջ տառապանքից, անդադրում աղաղակներից, լացից, ծանր տնքոցներից ու բացականչություններից: Հետո այդ աղաղակները, տնքոցները, լացն ու բացականչությունները գնալով ձուլվում էին հեռավոր ու անորոշ ձայների մեջ: Ես պարզ տեսնում էի, որ գիտակցությունս երբեմն լքում է ինձ, և հասկանում էի նաև, որ իմ վերքից դանդաղ ծորում է արյունը, ես այդ արյան տաքությունը կարծես շարունակ զգում էի մարմնիս վրա: Ինձ թվաց, թե ինչ-որ մեկը տվեց իմ անունը: Ես ցնցվեցի, որովհետև ես իմ անունը չէի ասել բժիշկներին: Հետո սիրտս սկսեց խառնել, գլուխս տաքացավ, թմրեց, փափուկ կիսանիրհի, թմբիրի մեջ ես չափազանցված պարզությամբ կրկին տեսա խնայդրամարկղի կնոջը՝ սանդուղքներին կանգնած ժպտալիս, հետո վարագույրների հազիվ նշմարելի ծփանքից հովհարվեց դեմքս, հետո բուժքրոջ ու խնայդրամարկղի կնոջ դիմագծերը շարունակ խառնվում էին իրար, և ես ջանում ու չէի կարողանում զանազանել, թե նրանցից որն է բուժքույրը և որը՝ խնայդրամարկղի կինը, որն այնպես հարգալից, սիրալիր էր իմ նկատմամբ: Ես գտնվում էի տենդային, զառանցական ու կիսագիտակից վիճակում, երբեմն մոռանում էի, թե որտեղ եմ և այդ ինչ աղմուկ է շուրջս, թվում էր՝ երկար ժամանակ է, ինչ այստեղ եմ, երբեմն էլ թվում էր, թե շարունակ միևնույն օրն է ընթանում: Հետո օրը մթնեց, լուսացավ, նորից մթնեց, թե՞ լույսերն էին վառում-հանգցնում: Մեկ թվում էր՝ ինձ ուզում էին վերցնել ու տանել ինչ-որ տեղ, իմ պատճառով, կարծես թե վիճում, կռվում էին: Համապարփակ թմբիրի, նիրհի շղարշի միջից հեռվում, լուսամուտների մոտ հավաքված տղաների ու աղջիկների մի խումբ գծագրվեց՝ բոլորը սպիտակ խալաթներով: Ես, չգիտեմ ինչու, համոզված էի, որ բժշկական ինստիտուտի ուսանողներ են, և որ Ռենան նույնպես այնտեղ է… Այո, նա այնտեղ էր, ես տեսա նրան… միայն թե չգար, չգար այստեղ, չտեսներ ինձ… Հետո ինձ թվաց՝ ես պարզորոշ լսեցի Ռենայի ձայնը, Աստված իմ, ախր, ես չէի ուզում, որ նա ինձ տեսներ այս վիճակում, չէի ուզում, ես աչքերս չէի կարողանում բացել՝ նրան տեսնելու համար, ես միայն նրա ձայնն էի լսում: «Ես կարոտել եմ քեզ, – ասաց Ռենան, շատ հստակ լսեցի նրա ձայնը, – կարոտել եմ, – ասաց, – բայց, ահա, ոչինչ անել չեմ կարող, ձեռքս չի հասնում քեզ…»: Ռենայի ձայնը հեռանում էր և, չգիտես ինչու, ինձ թվաց վշտոտ էր նրա ձայնը: «Արի, արի ինձ հետ, – ասաց նա, – մենք կգնանք ուրիշ մոլորակ, այնտեղ, ուր օրենքները կլինեն ուրիշ, մարդիկ նույնպես ուրիշ կլինեն, և ոչ նման այս աշխարհի մարդկանց»: Ես ջանում էի ելնել, մոտենալ Ռենային, բայց ոտքերս չէին ենթարկվում: Հետո կարծես թե սգո երաժշտություն էր հնչում, ես ուզում էի կանչել, ետ պահել Ռենային, բայց չէի կարողանում, շուրթերս չէին բացվում, «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ», – մրմնջացի ես մարող հուսահատությամբ և զգացի նաև, որ այտիս վրայով արտասուք է հոսում՝ խոշոր, ծանր: Իսկ հետո միանգամից ամեն ինչ գահավիժեց, ընկղմվեց թանձր խավարի մեջ:

* * * * *

Ես ուշքի եկա հիվանդասենյակում: Ձախ աչքս չէր տեսնում, աջը՝ կիսախուփ թարթիչների արանքից միայն: Այո, հիվանդասենյակ էր, չորս մահճակալով, պատերը կրաշաղախով ներկված հիվանդասենյակ՝ կենտրոնում տեղ-տեղ մերկացած էլեկտրալարից կախված հարյուրհիսունվատտանոց լամպով: Բոլոր մահճակալները՝ պահարանիկներով, երկուսը պատի աջ կողմում, երկուսը՝ ձախ, զբաղված էին: Իմ մահճակալը դռան աջ կողմում էր: Ես հիվանդներին մտովի բաժանեցի ըստ թվերի: Դռան ձախ կողմում առաջինը՝ թիվ մեկ, նրա հաջորդը, դեպի պատուհանը՝ թիվ երկու: Թիվ երկուսի դիմաց, արդեն աջ կողմում՝ թիվ երեք: Ես թիվ չորրորդն էի:

– Այ Հաֆիզ, մի տես էս տղային ի՞նչ օրի են գցել, ոնց են նախշել, – մահճակալից իջնելով՝ ծիծաղելով ասաց թիվ մեկ հիվանդը: – Մի նայիր, վալլահ, ոնց որ թե մի հազար հատ մեղրաճանճ միանգամից թափված լինեն վրան:

– Այ Ալլահվերդի, Աթաղանըն ջանը*, մի տես ինչ ահավոր բան է Բաքվում հայ լինելը, և ոչ միայն հայ լինելը, այլև հայի նման լինելը: – Սա թիվ երկրորդ հիվանդն էր:

– Կարո՞ղ է՝ մեռած է: – Ալլահվերդի կոչվածը զգուշորեն մոտեցավ, քիչ կանգնեց ինձ մոտ: – Չէ, մեռած չի, շնչում է: Ջահել տղա է: Լավ դնքսել են: Կարծել են, թե հայ է:

Հողաթափերի քստքստոցից զգացի, որ կրկին ետ գնաց, նստեց իր մահճակալին:

*Աթաղանըն ջանը (ադրբ.) – Աթաղանի արևը վկա: Աթաղանը՝ Միր Մովսում իրական անվամբ, շիա մահմեդական հավատակիցների շրջանում հայտնի էր իբրև անոսկոր մարդ, ինչի համար կոչվում էր Աթաղան, այսինքն՝ միայն մսից կազմված, ապրել է 20-րդ դարում՝ Ապշերոնի թերակղզու Շուվելյան ավանում, որի գերեզմանատանն էլ թաղված է, վայելում է սրբի համբավ, որի անունով երդվում են, իսկ դամբարանի վերածված գերեզմանի մոտ մատաղ են անում:

– Աթաղանըն ջանը, քաղաքում ուժեղ ջարդ ու թալան է գնում: Մարդ կա՝ մի օրում միլիոնատեր է դառնում:

Ես արդեն նրանց ձայները զանազանում էի. սա Հաֆիզն էր:

– Հա, ուժեղ կոտորած ու թալան է, – հաստատեց Ալլահվերդին, ասես ափսոսալով, որ այսպիսի մի պատեհ ժամանակ իրենք հիվանդանոցում պառկած են: – Էստեղ չի, պիտի գնաս Ղարաբաղ՝ կոտորես: Աղդամում տասնմեկ հազար վագոն զենք կա՝ Իրանի դեմ: Եթե Աղդամում էդքան կա, պատկերացրու՝ ուրիշ տեղերում ինչքան է: Ահա էդ զենքը պետք է ուղղել ոչ թե Իրանի, այլ Ղարաբաղի խռովարար հայության դեմ: Ժաննա Գալուստյան,

Զորի Բալայան, Սերժ Սարկիսյան, Ռոբերթ Քոչարյան, Մաքսիմ Միրզոյան, Մանուչարով, Իգոր Մուրադյան, բոլորին կոտորես ու թալանես: Հարկավոր է գաղտնի կերպով մեկ-մեկ ոչնչացնել էդ սեպարատիստներին: Դրանք են ջուր պղտորողները: Եկել են՝ մեր հողում տեղ ենք տվել, հիմի էլ մտքներում դրել են տեր կանգնել էդ հողերին, միանալ Հայաստանին: Ինչ է, մեռե՞լ են էդ հողերի տերերը:

 

– Իհարկե, – լրացրեց Հաֆիզը: – Խաչքարերը ինքնաթիռներով բերում, անտառներում թափում են, հետո թե՝ մեր հողն է, տեսեք՝ պատմաճարտարապետական հուշարձաններ կան:

– Այ Հաֆիզ, ի՞նչ հուշարձան, ինչ բան: Պետք լինի՝ կպայթեցնենք, հողին կհավասարեցնենք, ոնց որ Ջուլֆայում, նայողն ո՞վ է: Ուժեղ ես՝ տերը դու ես, ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր: Թույլին, անզորին չկա ոչ մի տեղ սեր ու փրկություն: Սա ես չեմ ասում, Նեկրասովն է ասել անցյալ դարի կեսերին: Արիստոտելի խոսքը, թե՝ ճշմարտությունը վեր է ամեն ինչից, հիմարություն է: Հասկացիր, նավթը թանկ է ճշմարտությունից: Այդպես եղել է, այդպես էլ կլինի միշտ: Ղարաբաղի հարցն էլ Ղարաբաղը Ադրբեջանի մեջ պահելու խնդիր չէ սոսկ, չնայած քսան թվականի դեկտեմբերի մեկին Բաքվի խորհուրդների հանդիսավոր նիստում Նարիման Նարիմանովի և Օրջոնիկիձեի վերամբարձ հռետորությամբ արտասանած ճառերին ու հեղկոմի ընդունած դեկլարացիային, որ Խորհրդային Ադրբեջանը հոժար կամքով հրաժարվում է վիճելի գավառներից և հայտարարում է Զանգեզուրի, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի հանձնումը Խորհրդային Հայաստանին, նույնիսկ Ստալինը «Պրավդայում» հանդես եկավ այդ առթիվ, իմացիր, այդ բոլորը, Հաֆիզ, զուտ դիվանագիտական քայլեր էին՝ հանրային կարծիք ստեղծելու համար, և, այո, այսօր Ղարաբաղը Ադրբեջանի մեջ պահելու խնդիր չէ միայն, այլ Զանգեզուրն Ադրբեջանին վերադարձնելու խնդիր, որով մենք վերջապես կհասնենք մեր նպատակներին՝ Զանգեզուրով միանալ մեր եղբայներին… Դեմիրելն ասում է, որ քսանմեկերորդ դարը թուրքերի դարն է, – մի փոքր դադարից հետո շարունակեց Ալլահվերդին, – մեր դարը, Հաֆիզ, որովհետև մենք ադրբեջանցի չենք, դա Ստալինի հորինածն է, Էլչիբեյն էլ է դա հաստատում, մենք թուրք ենք, ասիլ* թուրք, և ոչ թե ադրբեջանցի… Հարբեցողությունը, թմրամոլությունը, կաշառակերությունն ու բարոյականության անկումը կործանեց հզոր Բյուզանդիան՝ ճանապարհ բացելով թուրքերի համար: Այսօր նույն անփառունակ կործանման եզրին է կանգնած Ռուսաստանը: Ալեքսանդր Երկրորդ ցարը յոթ միլիոն դոլլարով Ալյասկան ծախեց Ամերիկային: Մեկուկես միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ ձկան ու ոսկու վիթխարի պաշարներով՝ մի այդպիսի չնչին գումարով: Էդպիսի պետությունից ի՞նչ ես սպասում: Ղրիմը տվեցին Ուկրաինային, հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր տարածություններ՝ Ղազախստանին: Աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Ղարաբաղից վեց անգամ ավել և նավթով ու գազով հարուստ մի տարածք՝ Բերինգի ծովում, հենց վերջրերս Գորբաչովն ու Շևարդնաձեն նվիրեցին էդ նույն Ամերիկային: Ռուսաստանի վրա խաչ դիր, Ռուսաստան չկա: Սաղ ռուս ազգը խմած-փռված է պատերի տակ, ջահելությունը՝ տղա, աղջիկ, փրթվում են արաղից ու նարկոտիկից: Նրանց երգը երգված է. աճ չկա: Ռուս ազգաբնակչությունը տարեկան երկու-երեք միլիոնով պակասում է, իսկ դա, գիտե՞ս, ինչ է նշանակում. մի հիսուն-վաթսուն տարուց հետո նրանք այլևս մեծամասնություն չեն կազմի

*ասիլ (ադրբ.) – իսկական, զտարյուն

իրենց երկրում: Ահա թե որտեղ է մեր երկրորդ խնդիրը, ազիզըմ* Հաֆիզ… Այո, մեծ ապագա է սպասում մեզ քսանմեկերորդ դարում: Մեծ ու լուսավոր ապագա: Առայժմ մեզ խանգարողը մանկուրտ հայերն են… մեր ժամանակավոր հարևանները:

– Ախ, մերոնց ի¯նչն ասեմ, – տնքաց Հաֆիզը, – տասնհինգ-քսան թվերին ինչո՞ւ դրանց վերջը լրիվ չտվին, որ էսօր նորից գլուխ են բարձրացրել… 1942-ի հոկտեմբերի տասնյոթին Թուրքիան պիտի մտներ Հայաստան, Իսմեթ Իմենյուն բանակն արդեն սահմանագլխին պատրաստ կանգնեցրել էր, բայց Ստալինգրադն

ամեն ինչ փչացրեց… Աթաղանըն ջանը, ես հենց առաջին հեռագրասյունից կկախեի Զորի Բալայանին, երկրորդ հեռագրասյունից՝ Աբել Աղանբեկյանին, հետո՝ Սերո Խանզադյանին, Սիլվա Կապուտիկյանին, Բրուտենցին, Շահնազարովին, Թոքմաջյանին, Սիթարյանին, Քըրքորյանին, Շառլ Ազնավուրին, Գյուլբենկյանին, Ալիխանյանին, Խաչատուրովին…

– Նրանց մեծամեծ մարդիկ այնքան շատ են, որ ձեր հեռագրասյուները չեն հերիքի, – խոսակցությանը խառնվեց թիվ երրորդ հիվանդը:

– Ա¯, վեր եք կացել արդեն,– ասաց Ալլահվերդին:– Մենք էլ կարծում էինք՝ քնած եք:

– Որ կարծում էիք քնած եմ՝ ինչո՞ւ էիք այդքան բարձր խոսում, – դիտողություն արեց Երրորդը:

– Կներեք, ճիշտ եք ասում, – համաձայնեց Հաֆիզը: – Աթաղանըն ջանը, վալլահ, շատ ճիշտ եք ասում:

– Անունս Միրալի մուալլիմ է: – Երրորդը քիչ դադար տվեց, ասաց, – Միրալի Սեիդով: Ակադեմիայում եմ աշխատում: Ձեր անուններն ինչպե՞ս են:

Հաֆիզն ու Ալլահվերդին ասացին իրենց անուն-ազգանունները: Պարզվեց, որ Հաֆիզը տաքսամոտորային հավաքակայանում է

*ազիզըմ (ադրբ.) – թանկագինս

աշխատում, իսկ Ալլահվերդին ինչ-որ հրատարակչությունում խմբագիր է:

– Երբ ինձ բերեցին, դուք քնած էիք, – ասաց Երրորդը հանդարտ ձայնով: – Վաղուց ե՞ք այստեղ:

– Մի երկու շաբաթ կլինի: Ես ու Հաֆիզը համարյա միասին ենք ընդունվել, երևի միասին էլ դուրս գրվենք, – լայն ժպտաց Ալլահվեր դին: – Ձանձրացել ենք արդեն, բուժումն էլ վերջանալու վրա է: Դեղեր են՝ տանն էլ կընդունենք:

– Իմը ճնշումս է, – բողոքեց Երրորդը՝ Միրալի մուալլիմը: – Պատահում է՝ երկու հարյուրից անցնում է: Սարսափելի բան է, վզիցս բռնում է, ա¯յ, էսպես գալիս, քիչ է մնում գլուխս տեղից պոկվի: Այս ընկերն ո՞վ է, – երևի իմ մասին հարցրեց: – Վիճակը վատ է երևում, շարունակ տնքում, զառանցում է:

– Ոնց որ թե ջուհուդ է: Նոր են բերել: Երկու օրվա մեջ այդ մահճակալին չորս հոգի գնացին էն աշխարհը: Բոլորն էլ հայեր, բոլորն էլ ծեծված, զզվելի կերպով այլանդակված: Մեկի անունը Վոլոդյա էր, ազգանունը Սարգիսյան, մեկի անունը՝ Միխայիլ Սարուխանյան, մեկն էլ լրիվ պառավ մարդ էր, փչեիր՝ քամին կտաներ, տվել աչքը տեղից հանել էին: Նրա անունն էլ Գալուստ էր, ազգանունն էլ Նալբանդյան: Մեկն էլ՝ Պյոտր Նալբանդյան էր: Անունները գրած մոտս կա, պիտի տամ տղերքին:

– Մի տես է, «նալբանդ» բառը մեզնից են գողացել, – հրհռաց Հաֆիզը: – Հետաքրքիր է, ի՞նչ են սրսկում դրանց, որ մի քանի ժամվա մեջ՝ հայդա, գնում են: Աթաղանըն ջանը, գլխավոր բժիշկ Ջհանգիր Հյուսեյնովին ազգային հերոսի կոչում պիտի տալ: Հաստատ:

– Կարծում էինք՝ դա էլ է մեռել, – ծիծաղեց Ալլահվերդին, – բայց տեսանք, որ չէ, շնչում է:

– Դե որ շնչում է՝ կարող է դեռ չի մեռել, – սրախոսեց Հաֆիզը, քահ-քահ ծիծաղեց իր սրամտության վրա: – Երևում է, լավ ջարդել են:

Մի պահ լռություն տիրեց: Այն երկուսին չէի տեսնում, բայց Ալլահվերդին իմ դիմացն էր, տեսնում էի: Հաստաշուրթ, բրդոտ հոնքերով, ասես հաշիշից ննջակոխ, պղտոր աչքերով, երեսունհինգին մոտ տղամարդ էր՝ ադամախնձորը ցցված, լայն ռունգերով: Նոսր մազերը գահավեժ իջնում էին գլխից, նա ձեռքով երբեմն ետ էր տանում դրանք: Խոսում էր դանդաղ, բառերն ասես ծուլորեն թափվում էին ծխախոտից դեղնած բեղերի տակից:

– Հաֆիզ, գնա՞նք ծխելու, – առաջարկեց Ալլահվերդին և դարձյալ հատակին քստքստացին հողաթափերը:

Հաֆիզին նույնպես տեսա՝ միջահասակ, մանր կնճիռներով ծածկված չորուկ դեմքով, էլեկտրական լամպի տակ շողշողացող սեխանման երկարուկ ճաղատ գլխով: Նրանք դուրս եկան: Երկարատև լռություն էր: Երրորդ հիվանդը, հավանաբար, խորասուզված էր ընթերցանության մեջ, հստակ լսվում էր, թե ինչպես էր շրջվում գրքի հերթական էջը:

* * * * *

– Յա ալլահի բիսմիլլահի ռահմանի ռահիմ*: Աթաղանըն ջանը, էս ինչե¯ր են պատմում, – որոշ ժամանակ անց ներս մտնելով՝ խանդավառ ոգևորությամբ ասաց Հաֆիզը: – Ծովափին, ոնց որ տասնութ թվի սեպտեմբերին, իրարանցում է, հարազատներն

իրար կորցնում են՝ ծնողներն իրենց երեխաներին, եղբայրը՝ քրոջը, ամուսինները՝ միմյանց: Ով փող չունի՝ նավի ետևից իրեն նետում է

ծովը, գլուխը կորցրած լողում նավի ետևից, խորտակվում: Հայերին վերևի հարկերից վառված շպրտում են ցած, սպանվածներին ինքնաթափ բեռնատարներով շտապ հավաքում են փողոցներից ու բակերից, իսկ Սաբունչու կայարանի առջևում, ասում են, հայ աղջիկներից խորոված սարքած՝ քեֆ են անում:

– Հայ գեղեցիկ աղջկա խորոված կերած կա՞ս, Հաֆիզ, – բեղի տակ ծիծաղելով՝ հարցրեց Ալլահվերդին:

– Չէ, – գլուխը տարուբերելով պատասխանեց Հաֆիզը և գնաց դեպի իր մահճակալը: – Հետաքրքիր է, ի՞նչ համ ունի, – արդեն այնտեղից եկավ նրա ձայնը: – Աթաղանըն ջանը, ո՛չ հայ աղջկա, և ո՛չ էլ խոզի խորոված՝ կերած չկամ, – քրքռաց նա: – Դրանց դա քիչ է դեռ, լրիվ պիտի վերացնես, գերմանական կայզեր Վիլհելմի ասած՝ թողնելով

*մահմեդական աղոթքի խոսքեր՝ նամազի ժամանակ, նշանակում է՝ հանուն մեծ ու բարեհոգի Աստծո (արաբ.)

**Հասարակական արտաքնոց (ռուս.)

միայն մեկին՝ որպես թանգարանային նմուշ:

– Եղբորս զանգեցի, – շարունակեց Ալլահվերդին: – Ասում է՝ 26 կոմիսարների հուշահամալիրը լրիվ քարուքանդ են արել, Մերկուրևի քանդակները կոտրատել, արդեն երկու ժամ է, ասում է, հայկական եկեղեցու դուռը ջարդում են, չի ջարդվում: Մի քանի հոգի տղաներից բարձրացել, պոկել են խաչը, վերևից մտել ներս, ամեն ինչ՝ խաչերով գրքեր, տարբեր նկարներ-բան, վերևից թափում են փողոց, վառում: Ասում է ինչ-որ մեկը ածուխով եկեղեցու պատին մեծ-մեծ տառերով գրել է. «Абшествении тувалет*»: Ժողովուրդը հավաքված ծափահարում, ծիծաղում են: Կիրովի ու

1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  20  21 
Рейтинг@Mail.ru