bannerbannerbanner
полная версияՍատանան մայրամուտին

Դօրիան ․
Սատանան մայրամուտին

Полная версия

9. Նոր կյանք

Անցյալում էր երբեմնի աղքատությունը: Դավիթը գիտեր, որ Ալեքի հետ ցանակացած հանդիպում է՛լ ավելի հարուստ է դարձնելու իրեն: Հոգու խորքում նա սպանել էր այն, ինչ նախկինում տանջում էր իրեն՝ արածի մասին մտածելիս: Նա արդարացում էր գտել ամեն ինչին: Ալեքի խոսքերն ազդել էին երիտասարդի վրա, համոզել նրան: Ու երջանկության զգացումն այդ խոսքերի ճշմարիտ ապացույցն էր: Դավիթը զգում էր, որ գնալով ավելի է երջանկանում:

Թվում էր, թե շատ բան չի փոխվել: Վերանորոգում էր սկսել տանը և մի քանի նոր հագուստ առել, բայց իրականում փոխվել էր ամեն ինչ: Նախանձոտ հարևանները սկսել էին մտովի հաշվել իր ծախսերը և էլ ավելի մեծ եռանդով իր մոտ գովազդել իրենց՝ տանը մնացած աղջիկներին: «Դավիթս լավ գործ է ճարել»,– չգիտես` ինչու դրկիցների մոտ արդարանում էր տիկին Սաթենիկը: Հավանաբար, վախենալով, որ որդուն որևէ կեղտոտ գործի մեջ կկասկածեն: Վերացել էր գլխացավը և քիչ-քիչ կարգավորվում էր ինքնազգացողությունը: Ամեն ինչ իր հունի մեջ էր ընկնում: Փոխվել էին հարաբերություններն ընկերների ու բարեկամների հետ: Ու պատճառը հենց իր` Դավիթի մեջ էր: Նա սկսել էր ստել: Ճշմարտությունը չէր կարող վստահել ոչ ոքի: Այժմ նա երկու կյանք ուներ: Ապրում էր մեկով, որպեսզի կարողանա ապրել երկրորդով: Ալեքի հետ մի քանի անգամ էլ էր հանդիպել: Դեպքերը կրկնվել էին: Այլևս չէր խուսափում պարոնի համբույրներից: «Դա արդեն տեղի է ունեցել, Դավիթ, խոնավ մարդը անձրևից վախենալու կարիք չունի: Ի՞նչ տարբերություն մեկ անգամ, թե միլիոն: Դա եղել է ու վերջ: Պատահածը չես կարող ջնջել: Գիծն անցած է: Ուրեմն ինչու՞ ես խուսափում նորից անցնել այն, թեկուզ և միայն հանուն ինձ: Ո՞րն է կորուստդ: Եթե որևէ բան դրանից կորցնեիր էլ` արդեն կորցրած կլինեիր»: Եվ Դավիթը կուլ էր գնում Ալեքի խոսքերին: Նա այնքան համոզիչ էր խոսում, նա օգնում էր այլ կողմից նայել կյանքին, հասկանալ, թե ինչքան կարևոր է ապրել սեփական կանոններով, ապրել ուզածի պես:

Իսկ Սաթենիկը շարունակում էր լուռ ու թաքուն հետևել որդուն: Թեկուզ Ալեքն իր վստահությանն էր արժանացել, Սաթենիկը շարունակում էր անհանգստանալ: «Այ կին, – ինքն իրեն փորձում էր մխիթարել, – քանի նեղության մեջ էր որդիդ, տանջվում էիր, որ չես կարող օգնել, իսկ հիմա, երբ արդեն Աստված բարեհաճ է ձեր հանդեպ, նոր վախ է քեզ համակել: Ի՞նչ է ուզածդ»: Իսկ նրա ուզածը մեկ բան էր, որպեսզի տա հարց և ստանա ճշմարիտ պատասխան: Արդա՞ր էին արդյոք այն փողերը, որ ծախսում է որդին:

– Դավի՞թ, – կամուկացով վերջապես որդուն դիմեց Սաթենիկը:

– Հա, մամ:

– Բալես, ճիշտն ասա, գործիդ անունն ի՞նչ ա: Ամբողջ օրը տանն ես, բայց վճարում են: Տենց լինու՞մ ա:

– Այ մամ, խի՞ ես բողոքում: Բողոքելու տեղ չունես, – փորձեց պատասխանից խուսափել Դավիթը:

Սաթենիկը զգաց, որ այլևս անիմաստ է շարունակելը: Որդու պատասխաններն ավելի ու ավելի էին համոզում կնոջը, որ մի բան այն չէ: Չգիտեր` ինչ անել: Ինչպե՞ս ետ պահել որդուն սխալ քայլերից, ինչպե՞ս օգնել նրան: Միակ հույսը Վիգենն էր: Սաթենիկը երկար ծանր ու թեթև արեց ու որոշեց ամեն ինչ պատմել Վիգենին: Նա պիտի որ օգներ: Կարող էր խոսել Դավիթի հետ: Գուցե որդին նրան վստահեր, պատմեր ամեն ինչ ու լսեր խորհուրդները: Հա, Վիգենը պիտի խոսեր ընկերոջ հետ: Բայց Սաթենիկը դեռ չգիտեր, որ դա ընկերների վերջին խոսակցությունն է լինելու։

10. Ծանոթ անծանոթը

Հերթական հանդիպումը նշանակված էր: Դավիթը մի պահ զարմացավ` լսելով, որ Ալեքի հետ «Շյուղերում» պիտի հանդիպեն: Այնտեղ բոլորը ճանաչում էին իրեն: Դա ծանրագույն խոչընդոտն էր, որին նա կարող էր հանդիպել: Ալեքը սպասում էր իրեն: Որքա՞ն հարցեր են տեղալու հյուրանոցի անձնակազմի կողմից: Ի՞նչ կմտածեն նրանք: Չէ՞ որ քաջատեղյակ են այցելուների բոլոր գործողություններին: Եվ ահա ինքը` Դավիթը որպես հյուր տեղակայվում է նույն համարում, ուր Ալեք Արսենյանն է կանգ առել: Չէ, սրանից լավ հոտ չէր գալիս: Դիտմամբ էր դա արել Ալեքը, թե` ոչ, Դավիթը չգիտեր: Բայց հույս ուներ, որ պարոնը պարզապես անզգույշ է գտնվել, չի մտածել, թե ինչ է անում:

Բարեբախտաբար, Արսենյանը հյուրանոցի ռեստորանում էր սպասում իրեն՝ նախկին գործընկերների հետ դեմ առ դեմ հանդիպումից կարելի էր խուսափել: Դավիթը խորը շունչ քաշեց և քայլեց դեպի Ալեքի սեղանը: Աչքի տակով տեսավ, որ Արմենը նկատել է իրեն և հետևից է գալիս: Արագացրեց քայլերն, հուսալով, որ պարոնի մոտ Արմենը հարցեր չի տա: Ալեքը զգաց յուրօրինակ այդ հետապնդումը: Նա այնպես ժպտաց, ասես հաճույք է ստանում տեսածից: Վերջապես Դավիթը, խույս տալով Արմենից, մոտեցավ Արսենյանի սեղանին և, նստելով նրա դիմաց, սկսեց արագ-արագ խոսել:

– Չէի՞ր հիշում, որ ստեղ եմ աշխատել: Էն տղուն նայի: Հետևիցս ա գալիս: Ի՞նչ եմ ասելու:

Ալեքը նույնպիսի շտապողականությամբ պատասխանեց` ջանալով ավարտել խոսքը նախքան Արմենի մոտենալը:

– Ձևացրու, թե չես ճանաչում: Դու արդեն ուրիշ մարդ ես, Դավիթ: Մի դարձի հայացքների զոհը: Նա քո պոտենցիալ թշնամին ա:

– Նա իմ թշնամին չի:

– Ուրեմն խի՞ էիր փախչում: Կանգնեիր: Ընկերներից բա՞ փախչում են:

– Բարև ձեզ, – սեղանին մոտեցավ Արմենը: Նա ձեռքը պարզեց Դավիթի կողմ, – Դավ, բարև: Ու՞ր ես կորել, կարոտել ենք:

Դավիթը հազիվ կուլ տվեց թուքը: Չգիտեր, թե ինչ պիտի պատասխանի, ինչ պիտի անի: Նա այդպես էլ չպարզեց ձեռքն Արմենին:

– Բարև:

Արմենին մի պահ զարմացրեց ընկերոջ պահվածքը: Ապա նա հայացքը գցեց Դավիթի նոր հագուստին, նրա կեցվածքին ու, կարծես, ամեն ինչ հասկացավ: «Դե իհարկե, – ասաց ինքն իրեն, – հարուստ գործարարի հետ է ճաշում, գործերը լավ են ընթանում, թանկացնում է իրեն»:

– Ի՞նչ կպատվիրեք, – խիստ պաշտոնական ու զզվանք արտահայտող ձայնով դիմեց Արմենը:

– Երկու գարեջուր, – պատասխանեց Ալեքն ու նշան արեց, որպեսզի Արմենն հեռանա:

– Հը, ի՞նչ էղավ, – Արմենի գնալուց հետո անձայն նստած Դավիթին դիմեց Ալեքը:

– Չտեսա՞ր, թե ինչ էղավ: Իմ ընկերն էր:

– Ուրեմն խի՞ տենց խոսեցիր, խի՞ չպատասխանեցիր բարևին:

– Որովհետև հարցեր էր տալու, Ալեք, շատ լավ էլ գիտես: Որովհետև հետաքրքրվելու էր, թե խի եմ քո հետ համար բարձրանում: Մի բան կասկածելու էր: Լավ չի՞, որ հետևիցս խոսի, քանս թե աչքերի մեջ նայելով:

– Դե, եթե քեզ թվում ա, թե ինչ-որ ամոթալի բան ես անում․․․

– Քեզ տենց չի՞ թվում: Դե ուրեմն վեր կաց ու բղավիր, թե ինչով ես զբաղվում: Հայտնի ընտանիքիդ, ընկերներիդ, անծանոթներին: Թող իմանան, որ դու ոչ մի ամոթալի բան չես անում:

– Իսկ ինձ դրանից ի՞նչ օգուտ կլինի: Եթե իմանայի, որ ներքին հպարտություն, հիացմքունք կզգայի` կանեի: Բայց ես ոչ մի բան չեմ զգա:

– Ոչ մի բան չե՞ս զգա, Ալեք: Քեզ զզվելի տականք չե՞ս զգա: Չե՞ս ամաչի նայել մարդկանց աչքերի մեջ:

– Ինչի՞ համար ամաչեմ: Նրա համար, որ վճռակա՞ն եմ: Որ, ի տարբերություն իրանց, անում եմ էն, ինչ ուզում եմ, որ թքած ունեմ իրանց կանոնների ու նախապաշարամունքների վրա: Չէ, գիտես, Դավիթ, ես սխալվեցի։ Կարող ա և հպարտ զգամ ինձ:

Արմենը՝ սկուտեղը ձեռքին, մոտեցավ Դավիթի և Ալեքի սեղանին:

– Շնորհակալ եմ, – դիմեց նրան Ալեքը, – Գիտե՞ք որ ես հոմոսեքսուալ եմ:

Արմենն ապշահար նայեց Ալեքին: Էլ ավելի ապշած էր Դավիթը: Մի վայրկյանի մեջ ասես դժոխքի միջով անցավ: Քրտինքը խփեց ճակատին, բերանը զարմանքից բաց մնաց: Ուզում էր բղավել, վեր կենալ ու հարվածել Ալեքին: Ցանկանում էր հերքել, պաշտպանվել։

– Հը, ի՞նչ կասեք էդ մասին, պարոն մատուցող:

Արմենը շարունակում էր լռել:

– Դե, իհարկե, ոչմի բան էլ չեք կարող ասել: Որովհետև դուք այստեղի մատուցողն եք, սպասարկողը: Իսկ ես Ալեք Արսենյանն եմ, հարուստ և իշխանություն ունեցող մարդ: Դուք ստիպված կլինեք լռել: Գնացեք, ազատ եք:

Արմենն էլ ավելի մեծ նողկանքով նայեց զույգին ու հեռացավ սեղանից: Դավիթը շարունակում էր լռել: Հոգեկան հիվանդի պես հայացքն հառել էր Ալեքին ու ասես նրա միջով ինչ-որ տեղ նայեր:

– Ի՞նչ, Դավիթ: Է՞ս չէիր ուզում:

Դավիթը միայն օրորեց գլուխը:

– Բա՞, – խիստ ձայնով դիմեց Ալեքը:

– Դու իմ բախտի գլխին քար ես գցում, Ալեք: Դու գետնով ես տալիս իմ պատիվը, իմ անունն ու հեղինակությունը: Ո՞վ ես դու էդքանից հետո: Մա՞րդ ես: Խի՞ արեցիր: Խի՞ հենց Արմենին ասեցիր: Խի՞ հենց իմ բախտի հետ խաղացիր, եթե կարայիր սեփականի հետ խաղայիր: Թակարդ ես լարել: Ես թակարդի մեջ եմ, Ալեք: Դու ոչ մի սուրբ բան չունես:

– Հա, Դավիթ: Իրավունք ունես: Քո խոսքերն արդարացված են: Բայց չե՞ս մտածել, թե խի մենք չունենք ազատ ապրելու իրավունք: Չե՞ս մտածել, թե խի մենակ ալեքարսենյանները կարան անեն էն, ինչ ուզում են, իսկ քո նմանները ստիպված են թաքնվել իրանց պատյաններում, գծել իրենց աշխարհների սահմանները, առանձնանալ, խուսափել, ապրել վախի մեջ: Արդա՞ր ա արդյոք, Դավիթ, որ անձնական կյանքդ զոհում ես էս տղայի նմաններին, որոնք պատրաստ են խոնարհվել ալեքների դիմաց ու մենակ քեզպեսների վրա են կարում: Արդա՞ր ա, որ դու վախենում ես նրանցից, նրանց հայացքներից ու խոսքերից, իսկ նույն էդ ժամանակ վերջին տականք Ալեք Արսենյանը գլուխը բարձր քայլում ա, թեկուզ ձեր մեղքերն հավասար են: Արժանի՞ են դրանք, որ կուլ գնաս իրանց կանոններին, եթե իրենց են կուլ տալիս հղփացած, չգիտես, թե ինչ գնով իշխանության հասած արսենյանները: Չէ, Դավիթ, արդար չի: Ու գիտե՞ս` էդ ինչից ա: Որովհետև դու ես խոնարհվում, որովհետև դու ես վատը, ոչ թե պարոն Արսենյանն ա էնքան լավը, որ արժանանում ա հարգանքի: Որովհետև գլուխ խոնարհելով հենց ինքդ ես մատնանշում, որ ամոթալի ինչ-որ բան ես անում, ինքդ ես ստիպում նրանց կենտրոնանալ քո վրա: Չես հարգում քեզ, չունես ինքնասիրություն: Դու ես վատը, Դավիթ: Դու ես վատը, որ թույլ ես տալիս կառավարեն կյանքդ:

Ալեքը վերկացավ տեղից և, հինգ հազար դրամ սեղանին դնելով, դիմեց Դավիթին.

– Մտածիր ինչքան կուզես: Վեր ընկիր էդ աթոռին ու «Տեր, ողորմեա» երգի քո կորցրած պատվի վրա: Արա՝ ինչ ուզում ես: Բայց եթե որոշես բարձրանալ, իմացի որ ես տղամարդու եմ սպասում: Ես սպասում եմ կայացած մարդու, ոչ թե սողունի, որ ավելի ա բարդացնելու կյանքս: Ես սպասում եմ տղամարդու, ով գիտի իրա գինը, ով թույլ չի տալիս ոտնահարել իրա արժանապատվությունը, ով չի պարում ուրիշի դուդուկի տակ: Հակառակ դեպքում` վեր կաց տեղիցդ ու փախուստի դիմի: Փախի նախ էս մատուցողից, հետո հարևանների հայացքներից: Հետնամուտքով մտի սեփական տուն ու սպիտակ կտորով փակի սաղ հայլիները՝ դու դրանց մեջ համ պատվազուրկ արվամոլի ես տեսնելու, համ էլ անողնաշար վախկոտի: Ինքդ որոշի:

Ալեքը թողեց Դավիթին ռեստորանի սեղանի մոտ և բարձրացավ իր համարը: Նրա խոսքերը բավական էին, որպեսզի Դավիթն անհրաժեշտ եզրահանգման գար: Նա այս անգամ էլ ընդունել էր Ալեքի բառերը: Պարոնն անխուսափելիորեն ճիշտ էր: Դահլիճի վերջում կանգնած Արմենն ուշադրությամբ զննում էր միայնակ մնացած Դավիթին: Մի պահ Դավիթը որոշեց վեր կենալ և գնալ տուն, ցույց տալու համար, որ պարզապես զրուցելու էր եկել պարոնի հետ, որ ուրիշ ոչինչ չի կապում իրենց: Բայց հասկացավ, որ խղճահարության է արժանի: Որ էլ ավելի կատի իրեն, եթե ևս մի ձևական քայլ անի, ևս մի արարք ուրիշների համար, ևս մի պատվերով համերգ տա: Նա անձեռոցիկով սրբեց ճակատի քրտինքը, վերկացավ և քայլեց դեպի երկրորդ հարկ: Արմենն աստիճանների մոտ էր: Դավիթն արհամարհական նայեց նրան:

 

– Խնդրում եմ ոչ մի հարցով չդիմել 16-րդ համար, – դիմեց նախկին ընկերոջը, – եթե ինչ-որ բան անհրաժեշտ լինի, մենք կասենք էդ մասին, չանհանգստացնեք:

Եթե մինչ այդ Արմենը ներքին արդարացումներ էր փնտրում ընկերոջ համար, հիմա արդեն փաստերն անհերքելի էին: Դավիթի խոսքերն ապացուցելու եկան, որ նա խայտառակ կապի մեջ է պարոն Արսենյանի հետ: Արմենը չգիտեր, թե ինչ զգար` հիասթափություն, նողկանք, ատելություն: Չգիտեր, թե ինչն է առավել ցավալի` Դավիթի նույնասեռակա՞ն, թե՞ անշնորհակալ լինելը:

Рейтинг@Mail.ru