bannerbannerbanner
полная версияՍատանան մայրամուտին

Դօրիան ․
Սատանան մայրամուտին

Полная версия

8. Վերջին հանդիպումը

Տիկին Սաթենիկին զարմացրեց, որ Դավիթը լիքը-լիքը տոպրակներով եկավ: Լավ տեսք ուներ որդին ու, կարծես թե, գոհ էր կայացած հանդիպումից: Փաստորեն ամեն ինչ ստացվել է և պարոնն աշխատանք է տվել նրան: Դավիթը տոպրակները սեղանին դրեց, համբուրեց մորը, ապա, չսպասելով նրա հարցերին, որոշեց կանխավ որևէ սուտ հորինել:

– Պարոնն ինձ կանխավճար տվեց: Ստուգվեցի բժշկի մոտ, մամ, տենում ես, դեղեր էլ եմ առել: Շատ թանկ էին, բայց ի՞նչ անեմ, պտի շուտ դզվեմ, որ կարանամ աշխատեմ:

– Աստված պահի էդ մարդու զավակին: Անունն ի՞նչ էր: Չհասցրեցի էլ հարցնեմ:

– Վարդգես, – ստեց Դավիթը, կարծելով, թե այդպես ավելի հեռու կպահի իրեն այդ մարդուց:

Մինչ ոտքով տուն էր գալիս, որպեսզի տաքսու համար հատկացված գումարով առևտուր անի, շատ էր խորհել: Որոշել էր վերջ դնել ամեն ինչին: Հարկավոր էր շնորհակալություն հայտնել Ալեքին այն ամենի համար, ինչ արել է ու ընդմիշտ հրաժեշտ տալ նրան: Այդ մարդն անառողջ հետաքրքրություն էր ցուցաբերում իր հանդեպ` դա պարզից էլ պարզ էր: Եվ, ո՞վ գիտե, թե հետո ինչ կարող էր պահանջել` արված լավության դիմաց: Հարկավոր էր ամեն ինչ իր տեղը դնել, քանի դեռ շուտ էր: Նա հիշում էր հասցեն` «Ակապելլա»: Որոշել էր այնտեղ գնալ, ամեն ինչ ասել Ալեքին, բացատրել, որ այլևս չի կարող կատարել նրա պահանջները, որ շնորհակալ է ու պարտական նրան, բայց պիտի էլ երբեք չհանդիպեն: Վատ մարդ չէր Ալեքը, Դավիթը դա զգում էր ու, անկախ ամեն ինչից, չէր ուզում ցավ պատճառել նրան: Ինքն իր աչքին ծիծաղելի էր երևում: Վախենում էր անգամ մտքում արտասանել այդ բառը` արվամոլ: Գրողը տանի, Ալեքն արավամոլ էր: Դեռ երեկ նա կարծում էր, թե պատրաստ է սպանել ցանկացած արվամոլի, իսկ այսօր․․․ Այսօր այդ արվամոլն անուն ունի` Ալեք: Հրաշալի մարդ, բարեսիրտ ու հոգատար, զգույշ ու ըմբռնող: Միակ ելքը հրաժեշտն էր: Այլ վերջաբան այս պատմությունը չէր կարող ունենալ:

Երկու ժամ անց արդեն «Ակապելլայում» էր: Հարմարավետ ու շքեղ գրասենյակ էր, ուր հաճախ կարելի էր հանդիպել որևէ հայտնի մարդու: Կենտրոնը մեծ հեղինակություն էր վայելում քաղաքում, իսկ նրա տնօրենին` Ալեքին հարգում ու վստահում էին գրեթե բոլոր հռչակավոր մարդիկ: Դավիթն այդ մասին չգիտեր, իհարկե: Նրա համար Ալեքը սովորական մի պարոն էր մնում, ով մի օր իրեն աշխատանք առաջարկեց, ով լավ վճարեց իրեն, ով իրականում վատ մարդ չէ ու ով․․․ արվամոլ է:

Ալեքին զարմացրեց Դավիթի այցը: Չնայած դրան` նա անկարող էր թաքցնել, որ երիտասարդի ներկայությունն հաճելի է իրեն:

– Ինչ-որ բա՞ն ա եղել, Դավիթ:

– Հա, պարոն․․․ Ալեք․․․

Ալեքն անհանգստացած վերկացավ տեղից:

– Ասա, տեսնեմ:

– Եկել եմ Ձեզ հրաժեշտ տալու:

Դավիթը մի պահ լռեց: Ալեքն ուշադրությունը սևեռեց երիտասարդի վրա:

– Հասկանում եք, Ալեք, ես չեմ կարող: Դա վիրավորական ա ինձ համար: Ես էդպիսին չեմ: Դե…

– Հերիք ա, Դավիթ: Ես քեզ հասկացա, – ժպտաց Ալեքը, – Դու ոչ մի բան պարտավոր չես բացատրել: Շնորհակալ եմ, որ ըմբռնումով մոտեցար հարցին: Քո փոխարեն մեկ ուրիշը կարար մատներ ինձ:

– Չէ, ես երախտապարտ եմ ձեզ։

– Էս ընդամենը խաղ ա, Դավիթ: Ես օգնեցի քեզ` առանց որևէ ակնկալիքի: Էդ կապ չունի նրա հետ, ինչ տեղի ունեցավ նախորդ գիշերները: Հասկանու՞մ ես: Առավոտը ես մաքրում եմ իմ կյանքից էն ամենն, ինչ տեղի ա ունենում գիշերը: Ոչ ոք դա չի տեսել, չի լսել դրա մասին: Ու ես շարունակում եմ մնալ պրոդյուսեր Ալեք Արսենյանը, ում բոլորը հարգում են ու սիրում: Ես հաճույք եմ ստանում կյանքիս մութ կողմով, իսկ դու դրանով ստանում էիր եկամուտ: Էդ կապ չունի նրա հետ, ինչ տեղի ա ունենում ցերեկը: Ես քեզ ընդունում եմ, որպես ընկեր ու լավ մարդ: Հարգում եմ քեզ։ Մարմնավաճառ չեմ համարում։

– Բա խիղճը, պարոն, չի՞ տանջում։

– Սկզբում տանջում էր: Հետո հասկացա ու ընդունեցի իմ էությունը: Ես էնպիսին եմ, ինչպիսին որ կամ: Որևէ մեկը չի կարող մեղադրել ինձ: Ու քեզ էլ, Դավիթ, եթե գիշերվա դեպքերը ցերեկ չտանես:

Պարոնը մոտեցավ դռանը և կողպեց այն, ապա քայլեց Դավիթի կողմ:

– Սա խաղ ա, երիտասարդ: Եթե ես հիմա քեզ վիրավորեմ, քեզ նվաստացնեմ, կամ նվաստանամ քո առաջ, չի նշանակում, որ վաղը ես ինձ վատ եմ զգալու, որ վաղը խիղճս տանջելու ա: Ես ամեն ինչ հանուն ինձ եմ արել: Որովհետև ես սիրում եմ ինձ: Ես ուզում եմ ունենալ ամեն ինչ ու թքած ունեմ, դա կարելի ա, թե՝ չէ: Ես թքած ունեմ, թե ինչ կասեն մարդիկ, որովհետև ես իմ կյանքն եմ ապրում՝ իմ համար, Դավիթ, ոչ թե ինչ-որ մեկին գոհացնելու: Մենակ շներն են վազում փայտիկների հետևից, որ ինչ-որ մեկը շոյի գլուխները: Ես չեմ սողում հայացքների տակ, չեմ ենթարկվում: Սխա՞լ ա: Իսկ ո՞վ որոշեց: Աստվա՞ծ, թե՞ մարդիկ: Հենց նույն Աստվա՞ծ չորոշեց, որ մայրդ ապրի կարիքի մեջ, որ ստիպված լինի մինչև օր ծերություն քրտինք թափել: Աստվա՞ծ չորոշեց, որ հայրդ մեռնի` թողնելով ձեզ մենակ` բախտի քմահաճույքին: Իսկ հիմա ասա` սիրու՞մ ա քեզ Աստված, թե` չէ: Ի՞նքը չէր, որ քեզ կյանքի անդունդը շպրտեց, անելանելի դրության մեջ: Իրա պատճառո՞վ չէր, որ դիմեցիր էն քայլերին, որոնց չպիտի դիմեիր: Ի՞նքն ա ամեն ինչ որոշում: Ուրեմն խի՞ ա քո համար սխալ որոշում ընդունում: Քո՝ նորմալ մարդկանց զավակի, խելացի ու զուսպ մարդու, ով իրա կյանքում, երևի, ճանճ էլ չի սպանել, ով էկել ա ստեղ մարդավարի հրաժեշտ տալու նրան, ով վիրավորել ա իր ինքնասիրությունը` չնայած կարար թքեր իմ նմանի վրա: Ու գիտե՞ս, թե ում ա նախապատվություն տալիս քո էդ Աստված: Իմ նմանին: Հարբեցող վայրենու տղուն, ով ամբողջ կյանքում ատել ա ծնողներին ու նրանց մահն ա երազել: Ով չի հետևել պատվիրաններին, ով շնացել ա, ստել ա, չի սիրել մերձավորին, չի պատվել իրա Տեր Աստծուն։ Որ հիմա էլ նույն իրա Աստծո դեմ ա խոսում: Բա ու՞ր ա իմ պատիժը: Ես հանգիստ եմ, երիտասարդ, որովհետև, եթե ձեր այդ Աստված կա էլ, նա անմեղի հախից ա գալու, թույլին ա խփելու, որովհետև ինքն էլ ա թույլ: Աղքատից եղածն էլ վերցնելու ա ու հարուստին տա: Ու՞մ, եթե ոչ քո նմանների հաշվին եմ ես էսօր նստում էս շքեզ զիբիլանոցում, օրական մի մեքենա վարում ու ուզածիս պես ապրում: Ո՞վ տվեց ինձ էս ամեն ինչը: Լավ չի՞, որ չլիներ քո էդ Աստվածը, քան թե սենցը լիներ․․․

Դավիթը լուռ լսում էլ Ալեքին` փախցնելով նրանից հայացքը:

– Դու դրախտի ու դժոխքի մասին կխոսաս, հավիտենական կյանքի․․․ Դու չապացուցված մի բանի համար կզոհես էն, ինչը վաղուց ապացուցված ա` կյանքդ: Դու չգիտես էլ, թե ինչ կա մահից հետո, կամ կա՞ ինչ-որ բան, ու հանուն էդ եղած կամ չեղածի կորցնում ես էն, ինչ ունես: Եթե էսօր ուզում ես սուտ խոսալ, տղա, սուտ խոսա: Դրա համար մարդը չի պատժում: Մենակ մարդու պատժից վախեցի: Աստված անզոր ա արդեն։ Եթե ուզում ես չսիրել ընկերոջդ, չհարգել ծնողիդ` մի հարգի: Մարդը դրա համար էլ չի պատժում: Մարդն ավելի խելացի ա, քան Աստված: Նա արգելում ա սպանել, գողանալ, բռնանալ: Ուրիշ մեղքերի համար չկա իրական պատիժ: Ոչ ոք ինձ չի պատժել նրա համար, թե ով եմ ես, ու չի կարա պատժի: Քեզ էլ որևէ մեկը չի պատժելու նրա համար, ինչ արել ես ու չի էլ կարա, մինչև ինքդ չուզես: Հա, դու փող ես աշխատել ու, ասեմ քեզ, քիչ փող չէ: Հիմա հարևանիդ համաձայնությու՞նը պտի խնդրես, որ մորդ նոր շոր առնես, որ էլ սև գործ չանես, որ օրահաց ու հանգստություն ունենաս, որ օտգվես կյանքի վայելքներից: Թե՞ պտի հարցնես դիմացինիդ: Տղա, մեր մեջ էնքան կյանք կա, մենք կարանք էնքան բարձրանանք, բայց․․․ բայց մեզ կապել են գետնից: Վերջ տուր ենթարկվել կյանքին, հասարակությանը, չապացուցված քո էդ Աստծուն: Ստիպի, որ կյանքն ինքը ենթարկվի քեզ: Որոշի ինքդ քո փոխարեն: Սխալ ես համարում մի բան` ուրեմն սխալ ա, ճիշտ ես համարում` ուրեմն ճիշտ ա: Ճիշտ ա, որովհետև օգնում ա քեզ, որովհետև քեզ դրանից ավելի լավ ա լինում: Ի՞նչ դու կորցրեցիր էն գիշերները: Անու՞նդ, պատի՞վդ, ինքնասիրությու՞նդ, ունեցվա՞ծքդ: Ոչ մի բան: Դու շարունակում ես նույնը մնալ: Դու չես դարձել ավելի վատը: Եթե ինքդ քեզ չմեղադրես, ոչ մեկ չի մեղադրի: Մեղադրի էլ, թքիր բոլորի վրա: Մարդիկ սովոր են անմեղներին էլ մեղադրել: Ավելի լավ չի՞ մեղադրվես նրա մեջ, ինչ արել ես, քան թե պատժվես առանց հանցանքի:

– Չգիտեմ, Ալեք: Բայց էդ սխալ ա, հաճելի չի ինձ:

– Իսկ դու անում ես, որ հաճու՞յք ստանաս: Քեզ, տղա, փող ա պետք: Դու կարաս բանվորություն անես, բայց չե՞ս կարա անես էն, ինչ ես եմ ուզում` իմանալով, որ հետո չեմ մեղադրելու քեզ դրա համար: Թե՞ հյուրանոցում հաճույքի համար ես սպասարկում:

– Ախր, սխալ ա․․․

– Ո՞վ ասեց: Քեզ գումա՞ր ա պետք: Ստանում ես: Թե ոնց, էդ արդեն քո գործն ա ու էլ ոչ մեկի: Թող բարոյականության, ճշտի ու սխալի մասին ճառերն իրանց պահեն: Թող դրանք ուտացնեն իրանց զավակներին, ովքեր մի ամոթանքի պատճառով կարան հրաժարվեն անձնական կյանքից, ովքեր պատրաստ են կուլ գնալ: Մարդիկ պահանջում են, որ մենք ճիշտ ապրենք: Ուզում են, որ մենք պոռնկություն չանենք, որ մենք չլինենք չար, չկամենանք վատը, օգնենք, սիրենք․․․ Բայց զարմանալի ա, որ քեզանից ճիշտ կյանք պահանջող նույն հարևանդ ոչ մի բան չի տալիս փոխարենը: Շնորհակալություն չի ասում, երբ դու արդար քրտինքով ես աշխատում: Որովհետ կենտրոնացած ա մենակ քո սխալները գտնելու վրա: Ու դու դեռ նայում ես, թե ի՞նչ կմտածեն:

– Ես ինքս ինձանից եմ ամաչում…

– Էդ արդեն ուրիշ: Եթե պտի հետո տանջես քեզ, խնդրեմ, գնա: Իսկ եթե կարաս անջատել էդ ապուշ կոճակը, որը մեզ խանգարում ա ապրել ու նախապաշարմունքների զոհ դարձնում` մնա մոտս: Դու էդ կոճակը հեշտ կգտնես: Դրա վրա սխալմամբ գրել ու փակցրել են «ինքնասիրություն»: Բայց, չգիտես խի, հենց էդ կոճակն ա մեզ անհաջողակ դարձնում: Հենց էդ կոճակն ա ասում «սխալ ա», երբ որ հաջողության ճանապարհին ես, երջանկության ճանապարհին, բավարարվածության ճանապարհին: Էդ կոճակն արձագանքում ա նրան, ինչ դու լսել ես ուրիշներից: Էդ կոճակը դու չես ստեղծել, տղա՝ էդ էլ են քեզ ստիպողաբար տվել: Բայց որոշողը դու ես: Կարաս գնաս: Ես քեզ չեմ պահում: Ու կարաս նաև մի քանի հարյուր եվրո աշխատել: Հիմա ես էն մարդը չեմ, որ հոգատար հոր պես քո համար բժիշկ կանչեց: Հիմա ես պատվիրատու եմ: Կեղտոտ արվամոլ, եթե ուզում ես` մարդ, որին պետք ա միայն տեսնել քեզ, հպվել, զգալ մարմնիդ ջերմությունը, ով դա ա ցանկանում ու, եթե մերժես, կստանա դա մեկ ուրիշից:

Ապա Ալեքը մի բաժակ կոնյակ լցրեց իրեն ու սկսեց անթարթ նայել Դավիթին:

– Ինչի՞ ես սպասում: Ես վճարում եմ: 500 եվրո:

Ալեքի խոսքերն համոզել էին Դավիթին: Նա ճիշտ էր, թեկուզ միայն այնքանով, որ ոչ ոք իր փոխարեն չի որոշում ճիշտն ու սխալը, որ մարդիկ, ինչպես չեն խրախուսում իրեն ճշտի համար, նույնպես և սխալի համար պատժելու իրավունք չունեն: Նա ճիշտ էր այնքանով, որ Աստված միայն զրկում էր իրենց և, նույն այն մարդկանց պես, միայն ու միայն պահանջում հետևել իր կանոններին: «Դե, Դավիթ, – մտքի մեջ դիմեց ինքն իրեն, – թքիր ամեն ինչի վրա և սկսիր լավ ապրել էս պարոնի հաշվին: Ունեցիր էն, ինչից Աստված ու մարդիկ զրկել են քեզ: Կյանքը կարճ ա, վայելիր ամեն գնով` անտեսելով մնացած ամեն ինչը»:

Երիտասարդը սկսեց հանվել, իսկ Ալեքն իր «աշխատանքից» գոհ վայելում էր պահը: Նա մոտեցավ ու սկսեց շոշափել Դավիթի հարթ մաշկը: Մարմինը, որին դիպչելու գայթակղությանը օրեր առաջ հազիվ էր դիմանում: Հիմա նա իրենն է: Հիմա ամեն ինչ պարզ էր ու հասարակ: Դերերն ընտրված էին ու սկսված էր խաղը:

 

Դավիթը հետևում էր, թե ինչպես է Ալեքը դիպչում իրեն, շոյում, համբուրում կուրծքն ու մեջքը: Չէր կարծում, թե դա կարող էր հաճույք պատճառել, բայց դա հաճելի թվաց: Նա հիշեց Արմենի անհանգստության պատճառը, երբ իր մոտ ոչինչ չէր ստացվել ու թեթևացած շունչ քաշեց՝ ինքն իմպոտենտ չէր: Բացի այդ, ինքն արդեն նաև աղքատ չէր: 500 եվրո։ Այս անգամ կվերանորոգի բնակարանը: Համա թե կուրախանա տիկին Սաթենիկը, երբ իմանա: Ու ոնց կնախանձեն հարևանները: Վիգենն էլ, երևի, կզարմանա: Եթե այսպես գնա, կարող է նաև ընկերոջն օգնել: Նա մտքերով էր տարված, երբ զգաց պարոնի շուրթերի հպումն իր շուրթերին: Չհասկացավ, թե ինչու պատասխանեց համբույրին: Ցանկությունը, կիրքը սկսել էին կառավարել իրեն: Բայց նա պարոնի՛ն չէր ցանկանում, նա պարզապես ցանկանում էր։

Рейтинг@Mail.ru