Տասնմեկն անց կես էր, երբ պարոնը «Շյուղեր» մտավ: Նկատելով նրան` Դավիթը առաջ գնաց, որպեսզի ողջունի: Արդեն ուզում էր ձեռքը մեկնել, երբ պարոնը, առանց իր վրա նայելու, կարգադրեց.
– Ինձ համար այն նույն համարը պատրաստեք, ինչ անցած անգամ:
Դավիթը ապշած էր: Չէր կարծում, որ խոսակցությունն այսպիսի ընթացք կունենար:
– Միայնա՞կ եք գիշերելու:
– Այո:
Եվ պարոնը բառի կողմ գնաց:
Դավիթը վերցրեց 16-րդ համարի բանալին և բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ էլ գտնվում էր սենյակների մեծամասնությունը: Բացեց դուռը, ստուգեց սենյակի մաքրությունն ու հիգիենայի միջոցների առկայությունը: Ամեն ինչ աչքի անցկացրեց և ուզում էր դուրս գալ, բայց մի պահ մեջը կասկած առաջացավ: Եթե պարոնը նարկոբիզնեսով է զբաղվում, նա, բնականաբար, պիտի խուսափեր օտար աչքերից: Հենց դրա համար էր ամբողջ այս թատրոնը: Իսկ ի՞նչ, եթե նա դիտմամբ է վերև ուղարկել իրեն: Դավիթը որոշեց սենյակում սպասել պարոնին: Քսան րոպե, կես ժամ, քառասուն րոպե, բայց պարոնը չկար: Ի վերջո, երիտասարդը որոշեց դուրս գալ: Նոր էր դուռը բաց արել, երբ իր առաջ դուրս եկավ Ռուբիկը: Հարբած։ Հազիվ էր ոտքերի վրա կանգնում:
– Այ Դավիթ, էս ո՞նց վախացրիր:
– Ի՞նչ ա եղել, Ռուբիկ:
Ռուբիկը ցուցամատը շուրթերին մոտեցրեց:
– Շշշ: Վերևում մարդ կա՞:
– Չկա, բայց գալու ա:
– Ձենդ, Դավիթ, ձենդ… Շատ ապասնի գործ ենք ֆռցընում: Բայց ես Ռուբիկը չըլնեմ, եթե էս գործը գլուխ չհանեմ: Այ, կտենաս: Ասա, էղե՞լ ա էսքան վախտ, որ մի բան ասեմ ու չանեմ: Դու ասա:
– Չէ, Ռուբիկ, չի եղել: Արի ներքև իջնենք: Հիմա հաճախորդ ա բարձրանալու:
– Արա, Դավիթ: Արա, քաշու՞մ ես, արա: Արա, չեմ ջոգում, արա, դու իմ վա՞տն ես ուզում, արա: Է՞դ ենք էղել:
– Չէ, Ռուբիկ: Քո մասին եմ մտածում, դրա համար էլ ասում եմ: Արի ներքև իջնենք:
– Չե՞ս զգում:
– Ի՞նչ:
– Որ ստեղ մի բան պտի կատարվի, Դավիթ:
Դավիթի սիրտը կասկած ընկավ: Մինչ այս կարծում էր, թե Ռուբիկի փոխարեն օղին է խոսում: Բայց տարօրինակ զգացում ունեցավ՝ մարմնով սարսուռ անցավ, աչքերի առաջ ասես ամպ լիներ: Ձեռքը հենեց պատին, որպեսզի վայր չընկնի:
– Ջան, ջան, – սկսեց աղմկել Ռուբիկը, – Էկան նորապսակները: Տղեք, մի հատ շախո՜վ:
– Ձենդ, Ռուբիկ, – մի կնոջ թևանցուկ արած մոտեցավ Արմենը, – Փոխանակ ծածկես, շուխու՞ռ ես անում:
– Վայ, մեռնեմ հոգուդ, հորս արև, թե ուզելով եմ արել: Չուզելով արեցի:
– Լավ, լավ, ներքև իջի, ապրես: Դավ, հելանք:
Դավիթը նոր-նոր էր սկսել հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջը: Մտքերը բոլորովին այլ կողմ էին, մի պահ չցանկացավ հավատալ, որ Ռուբիկը Արմենի արարքի մասին էր խոսում: Կարծում էր, թե որևէ գերբնական բան պիտի տեղի ունենար: Բայց արի ու տես, որ ոչ:
– Դավիթ, – կանչեց Արմենը, որն իր ուղեկցորդուհուն արդեն մտցրել էր համարներից մեկը, – Դե արի, հո տաս ժամ չե՞նք սպասելու:
Դավիթը գնաց այն սենյակ, որտեղ իրեն էին սպասում Արմենն ու մարմնավաճառուհին:
– Առաջինը ես եմ, – աչքով արեց Արմենը, – Նայու՞մ ես, թե՞…
– Գնամ լվացվեմ:
Դավիթը լոգարան մտավ: Հայելու մեջ նայեց իրեն: Աչքերի մեջ արյուն էր հավաքվել: Առաջին անգամ մտքով անցավ, որ, հնարավոր է` հիվանդ է: Ամեն ինչ դրա մասին էր խոսում: Չէր ցանկանում հավատալ: Նա չպիտի հիվանդանար: Նյարդերից շնչառությունն արագացավ: Անհնար էր ժխտել, որ իր հետ մի բան այն չէր: Վատ էր ու գնալով ավելի էր ծանրանում վիճակը: Գլուխը ջրի սառը շթի տակ պահեց: Կարծես միայն այդ պահին ուշքի եկավ: Չգիտեր, թե ինչքան ժամանակ էր, ինչ լոգարանում էր: Ասես այնտեղ քնած լիներ: Պատահմամբ հիշեց իրեն սպասող պարոնի մասին: Նույն րոպեին դուռը բաց արեց Արմենը: Մերկ էր ու քրտնած:
– Թռար ստուց, – դիմեց նա Դավիթին, – Պտի լողանամ ու ներքև իջնեմ: Թե չէ` Մարգոն կջոկի: Պահպանակն էդ քածին տվեցի, կվերցնես:
Դավիթը թողեց Արմենին և դուրս եկավ: Կինը նստած էր անկողնու վրա: Դավիթը մոլորված սեղանին մոտեցավ:
– Է՜ – կանչեց նրան կինը և երբ երիտասարդն իր կողմ շրջվեց, ցույց տվեց նրան ձեռքի պահպանակը, – Արի, իմ մոտ ա:
Դավիթը մոտեցավ կնոջը և սկսեց արձակել տաբատը: Այդ ժամանակ միայն հասկացավ, որ ոչինչ չէր զգում: Մտածեց, թե կինն այնքան էլ համակրելի չէր ու սկսեց վերհիշել տեսած բոլոր պոռնոֆիլմերը ու իր նախորդ անգամները, բայց ոչինչ չէր ստացվում: Լարված էր: Մտքերը շեղվում էին: Չէ, անհնար էր: Առաջին անգամ կյանքում նման խնդրի առաջ կանգնեց: Նա կոճկեց տաբատն ու դուրս եկավ սենյակից:
Միջանցքում էր, երբ պարոնի սենյակում շարժ լսեց: Մոտեցավ և թակեց դուռը:
– Մտեք, – ներսից ձայն տվեց պարոնը:
Դավիթը երկմտանքով ներս մտավ: Պարոնը նստած էր բազկաթոռին և ինչ-որ հեռուստածրագիր էր նայում:
– Փակեք դուռը, խնդրում եմ:
Դավիթը փակեց դուռը և հարցական հայացքով նայեց պարոնին: Պարոնը լուռ էր:
– Դուք ինձ չասեցիք, թե ինչ աշխատանք է:
Տղամարդը նայեց նրան ու ժպտաց:
– Հանիր վերնաշապիկդ:
– Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:
– Երիտասարդ, ես ասեցի հանիր վերնաշապիկդ:
– Ինչի՞ համար:
– Տղա չե՞ս: Ի՞նչ ես ամաչում:
Դավիթը որոշեց չշարունակել հարց ու փորձը: Վատ բան չկար նրանում, որ իրեն խնդրում էին հանել վերնաշապիկը: Հեղինակության վրա դրանից բիծ չէր լինի: Ճիշտ է, դա տարօրինակ խնդրանք էր, բայց քանզի պարոնը ոչինչ չէր բացատրում… Ո՞վ գիտե, գուցե իրեն էր փորձում: Տղան հանեց վերնաշապիկը և մոտակա աթոռի վրա դրեց: Պարոնը գրպանից հանեց դրամապանակը, փորփրեց այն և 50 եվրո դրեց սեղանի վրա:
– Շապիկդ էլ հանիր:
Դավիթը ոչինչ չէր հասկանում: Մի՞թե հիսուն եվրոն իրենն էր: Ինչի՞ համար: Միայն նրա՞, որ հանեց վերնաշապիկը: Նա շտապ մի կողմ նետեց շապիկը: Պարոնը դրամապանակից ևս հիսուն եվրո հանեց ու դրեց մյուսի վրա:
– Վերցրու: Կարող ես հագնվել և գնալ:
Տիկին Սաթենիկը հալվա էր պատրաստել․ որդին շատ էր սիրում: Ուզում էր, որ գոնե կիրակի օրը մի յուրահատուկ բան ունենային տանը: Բացի այդ, Դավիթը վատ էր սնվում, իրեն բոլորովին չէր հետևում: Սաթենիկը նկատում էր, թե ինչպես է աչքերի առաջ նիհարում որդին: «Պիտի ամուսնանա»,– պնդում էին հարևանուհիները և առաջարկում իրենց աղջիկների թեկնածությունը: Իհարկե: Ոչ միայն համակրելի տղա էր, այլ նաև սովորող ու պիտի որ լավ ապագա ունենար: Բոլոր նրանց համար, ովքեր հարուստ փեսաների հույս չունեին, Դավիթը լավագույն տարբերակն էր: Սաթենիկն ինքն էլ էր արդեն եկել այն համոզմանը, որ որդուն հարսնացու է պետք: Երբ հարևանների տուն էր գնում, կամ բակում նստած էր, աչքի տակ էր առնում ջահել աղջիկներին ու փորձում պարզել, թե ինչ ընտանիքից են, ով են, ծնողներն ովքեր են: Հարկավոր էր հնարավորինս շուտ հարս գտնել, այլապես որդին լրիվ հյուծվում էր: Ուր որ է քսան տարեկան էր դառնալու: Հարևան Վարսիկն ասում էր, եթե տղամարդն այդ տարիքում չսկսի սեռական կյանք վարել, հետագայում լուրջ հիվանդություններ ձեռք կբերի: Ու Սաթենիկի սիրտը վախ էր ընկել: Իր որդին հո այն անդաստիարակներից մեկը չէր, ով քարշ է գալիս մարմնավաճառուհիների հետ ու խաբում ջահել աղջիկներին: Նրան օրինական կին էր հարկավոր:
Լսվեց դռան ձայնը: Սաթենիկը առաջ գնաց և տեսավ որդուն` ձեռքին տոպրակներ:
– Էս ի՞նչ ա, Դավիթ:
– Մեր համար հագուստ եմ առել, մամ: Ինչքա՞ն պտի էս հին քրջերով ման գանք:
Դավիթը տոպրակները բազմոցի վրա դատարկեց ու սկսեց ցույց տալ, թե ինչ է գնել:
– Ճիշտ ա, մամ, թանկանոց շորեր չեն, բայց վատն էլ չեն: Նայի, թե ինձ ինչ վերնաշապիկ եմ առել: Սազում ա, չէ՞:
Սաթենիկն ապշած էր: Վաղուց է, ինչ նոր շորեր չուներ: Չէր էլ մտածում այդ մասին: Ի՞նչ էր անում տարատեսակ հագուստը: Ախր, հարևանի տանից այն կողմ չէր գնում: Ինչի՞ն էր պետք: Նա զարմացած ուսումնասիրում էր որդու գնումները, իսկ մտքում միայն մի հարց էր` «Որտեղի՞ց»:
– Բա փողը որտեղի՞ց, այ բալա, – վերջապես իրեն հավաքելով, հարցրեց Սաթենիկը:
– Մի հատ մարդ տվեց: Մնացել էր մեր հյուրանոցում, առավոտը գնալուց հարյուր եվրո էր թողել սեղանի վրա: Բախտս բերեց ե՛ս մտա սենյակը նայելու, ոչ թե Արմենը:
– Այ Դավիթ ջան, մոռացած կլինի: Էդքան մեծ գումարը ո՞վ կթողներ: Ով գիտի արդեն ետ ա եկել, որ ման գա: Իզուր ես վերցրել:
– Չէ, մամ, չէ, առխային: Շատ հարուստ մարդ էր: Առաջին անգամ չի նման բան անում:
Միայն այդ խոսքերից հետո Սաթենիկը կռացավ և բազմոցի վրայից վերցրեց իր համար գնված հագուստը:
– Ղսմաթ ա տղես, ղսմաթ ա: Բայց իզուր ես սենց ծախսել: Պահեիր, համալսարանի վարձի վրա դնեիր: Կարող ա շուտ հավաքեիր փողը ու կարենայիր գոնե էրկու օրը մեկ աշխատել:
– Է, մամ: Ի՞նչ ես ասում: Ջրի բերածը ջուրն էլ տանում ա: Փոխանակ ուրախանաս…
– Վայ, չէ, ուրախ եմ, Դավիթ ջան, ապրես բալես: Հպարտ եմ քեզանով, տղես:
Վաղուց մորն այդքան անկեղծ ժպտալիս չէր տեսել: Ու եթե մինչ այս կասկածում էր` ճիշտ էր ծախսել գումարը, թե` ոչ, հիմա համոզված էր, որ ճիշտ է վարվել:
Դեռ չէր հասցրել մարսել կատարվածը: Մի պահ, ու նա 100 եվրո ունի: Կարծում էր, թե այդպես միայն կինոներում է լինում: Իրեն լիարժեք էր զգում այժմ, ասես 100 եվրոն անսպառ էր: Միայն երբ առանձնացավ իր սենյակում, զգաց, որ, առաջվա պես, ոչինչ չունի: Ու եթե նա երեկ սովորական աղքատ էր, այսօր` գեղեցիկ հագուստներով աղքատ:
Մեծ գումար` ընդամենը վերնաշապիկն հանելու դիմաց: Գրողը տանի, նա պատրաստ էր երկու հարյուր անգամ հանել այդ անիծյալ վերնաշապիկը, միայն թե նորից վճարեին: Հետաքրքիր էր` այդ մարդը կրկին կզանգեր, թե՝ ոչ: Նա կարող էր միայն երազել այդ մասին: Արդեն որոշել էր` հաջորդ անգամ հաստատ հեռուստացույց էր գնելու: «Շյուղերի» աշխատակիցներն ու հարևանները հաստատ նախանձասրտությամբ էին նայելու իրեն: Սկսելու էին փսփսալ, թե որտեղից այդ խղճուկին այդքան փող: Չնայած, նրանք այժմ էլ սկսելու էին փսփսալ` տեսնելով իր նոր հագուստները: Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե Դավիթը միայն նեղություն էր մոր համար, կիմանան, թե իրականում ինչ լավ որդի է: «Չէ, բայց ես իրոք բախտավոր եմ, – մտածեց Դավիթը, – ամեն մեկի հետ չի նման բան պատահում»: Ժպտաց: Թող մտածեն, ինչ ուզում են, այժմ նա էլ ունի իր փոքրիկ գաղտնիքը:
«Շյուղերը» երբեք այդքան ձանձրալի չէր թվացել Դավիթին: Նախկինում, կարծես չէր տեսնում, թե ինչ միօրինակ ու տաղտուկ է այնտեղ: Ու միայն այսօր նկատեց դա: Դեռ նոր էր հանդերձարան մտել և արդեն Արմենի ու Մարգոյի հերթական վեճի ականատեսը դարձավ: Երիտասարդը փակվել էր հանդերձախցում, իսկ համառ Մարգոն համարյա կոտրում էր դրա դուռը:
– Բարև Մարգո, – ժպտաց Դավիթը ռուսախոս մենեջերին:
– Բարև, – մի վայրկյանով շեղվեց Մարգոն իր գործից, ապա նույն եռանդով սկսեց բախել հանդերձախցի դուռը:
– Դու հլը դուռս առի, Առմեն տղա, все лицо выцарапаю.
– Ի՞նչ կանես, – ներսից գոռաց Արմենը:
– Դուռս առի կտենաս:
– Յա… Չի՞ ըլնի դու ներս գաս իրար հետ ստեղ տենանք:
– Кретин, – բղավեց Մարգոն ու ոտքով հարվածեց դռանը, – Վաղ թե ուշ դուռս ես գալու: Вот тогда посмотрим.
– Յա, Մարգո: Բա որ իմանայի սաղ-սաղ ուզում ես նայես, շուտ դուրս կգայի:
– Հլա սռան:
Դավիթը ժպիտը դեմքին հետևում էր «մարտի» ընթացքին: Վերջապես Արմենը բացեց դուռը: Հագին միայն ներքնազգեստ էր ու ապուշի պես ժպտում էր:
– Առ, նայի:
– Урод, – բղավեց Մարգոն ու ձեռքի տակ ընկած համազգեստը շպրտեց Արմենի վրա, – Դու համառի, թե առդեն уволен:
Երբ Մարգոն լքեց «մարտադաշտը», Արմենը սկսեց անկուշտ ծիծաղել:
– Բայց դու դրա դեմքը տեսա՞ր, Դավ:
– Հա, – ի պատասխան ծիծաղեց Դավիթը:
Արմենն հանկարծակի լրջացավ: Կարծես նոր-նոր էր տեսնում, որ իր առջև Դավիթն է: Դավիթը միանգամից որսաց նրա տարօրինակ հայացքը: «Աստված իմ, – մտածեց նա, – մի՞թե գիտի, թե ինչ է կատարվել անցած հերթապահության ժամանակ»:
– Դավիթ, ես գիտեմ, թե ինչ ա էղել էն գիշեր:
Քրտինքը խփեց Դավիթի ճակատին: Նրան չէր թվում, թե ինչ-որ ամոթալի բան է տեղի ունեցել, սակայն չէր էլ ուզում, որ իմանային, թե որտեղից էր այդքան փող ճարել: Ո՞վ կմտածեր, որ իրեն վճարել էին միայն վերնաշապիկը հանելու դիմաց: Կկարծեին, թե որևէ կեղտոտ գործով է զբաղվում` թմրանյութեր է վաճառում կամ ինչ-որ սադրանքի մասնակցում: Ո՞վ կհավատար իրականությանը: Իհարկե, Արմենը չգիտեր, թե ինչ է կատարվել այն սենյակում, նա, հավանաբար, միայն հետևություններ է արել: Դավիթին սարսափեցնում էին հենց այդ հետևությունները:
– Լսի, Դավ, – շարունակեց Արմենը, – Գիտեմ, որ անցած գիշեր… դե, ո՞նց ասեմ… չես կարացել: Ինձ էն քածն ասեց: Ես զգում էի, որ ինչ-որ խնդիր ունես: Կուզե՞ս` հետդ բժշկի գամ: Անպայման ստուգվի:
Ասես քար ընկավ Դավիթի ուսերից: Փաստորեն Արմենն ամենևին էլ տեղյակ չէր հարուստ պարոնի առաջարկած «աշխատանքի» մասին: Ամեն ինչ անցել-գնացել էր: Հիմա միայն մնում էր փակել նրա բացած այս տհաճ խոսակցությունը:
– Ամեն ինչ կարգին ա, Արմ: Ապրես, որ անհանգստանում ես: Գլխացավի պատճառով էր՝ սպանում էր, չէի կենտրոնանում: Աչքերիս առաջ մթնում էր:
Արմենը կասկածամիտ հայացքով նայեց գործընկերոջ վրա:
– Դավ, դրանից հետո կանգնե՞լ ա:
– Հա, – ծիծաղեց Դավիթը, – Ի՞նչ հիմար հարցեր ես տալիս:
– Դե, չէր դզի էլի, որ ընգերս իմպոտենտ լիներ: Հասկանում ես, էլի:
– Չհասկացա, – հանդերձարան մտավ Մարգոն, – Один еще в трусах стоит, другой вообще не переоделся… 16 համառը պիտի սպասառկեք, շուշուտ:
– Հլը ճիշտն ասա, Մարգո, – մենեջերին դիմեց Արմենը, – Կուզեիր, չէ՞, որ «ադնավո սավսեմ նե բիլո, դրուգոյ բիլ վաբշե բեզ տռուսով»:
– Гусак, – արհամարհական շպրտեց Մարգոն և դուրս եկավ:
– 16 համառը պիտի սըպասառկեք, – փորձեց Մարգոյի տնազն անել Արմենը:
– Ես կսպասարկեմ, – անմիջապես արձագանքեց Դավիթը:
Ծածուկ հույսն էր ստիպում Դավիթին նորից այդ սենյակ գնալ: Սպասում էր էլի այն հարուստ պարոնին տեսնել: Չէր հասկանում, թե ինչ է նրա ուզածը: Իսկ երբ հիշում էր իրեն վճարված գումարը, չէր էլ փորձում հասկանալ: Հիմա կարևոր էր մի բան՝ որ այն պարոնը կրկին սենյակում լիներ:
Երբ բաց արեց 16-րդ համարի դուռը, ոգևորության ալիքն անմիջապես հարվածեց ճակատին: Զգաց այն հոսանքը, որը բնորոշ է զգալ երջանիկ մարդկանց: Պարոնն այնտեղ էր, նստած նույն բազկաթոռին և, տեսնելով իրեն, համաձայնության նշան ցույց տվեց` փոքր-ինչ խոնարհելով գլուխը: Դավիթը ներս մտավ ու ետևից փակեց դուռը: Չգիտեր, թե ինչից սկսեր, ինչ ասեր: Միայն նայում էր պարոնի աչքերի մեջ ու սպասում կարգադրություններին:
– Լավ ա, որ դու եկար, – վերջապես խոսեց պարոնը:
– Չէի սպասում ձեզ էստեղ տեսնել:
– Դե… Ես, ամեն դեպքում, էստեղ եմ: Կուզե՞ս էլի փող աշխատել:
Դավիթը մի պահ ուզեց «ոչ» ասել, պարզապես իր կարիքը զգացնել չտալու համար, բայց կարծեց, որ այդպես կարող է կորցնել հարստանալու միակ հնարավորությունը:
– Իհարկե, կուզեմ:
– Դե՞, – այնպիսի տոնով արտասանեց պարոնը, որն հավանաբար նշանակում էր. «Ինչի՞ ես սպասում»:
Երիտասարդն արձակեց վերնաշապիկի կոճակները: Համոզված չէր, որ պարոնի ուզածը դա է, բայց քանի որ նա լռում էր, շարունակեց: Հանեց վերնաշապիկն ու աթոռի վրա գցեց: Ապա սպասեց, մինչև պարոնը կհանի դրամապանակը: Բայց, ի զարմանս իրեն, այս ամգամ 50 եվրոյի փոխարեն սեղանին տեսավ ընդամենը 10-ը: Նախ որոշեց կանգ առնել: Հետո մտածեց, որ չեղած տեղից քսան եվրոն էլ փող է: Նա շտապ հանեց շապիկը և վերնաշապիկի վրա շպրտեց: Պարոնը ժպտաց և ևս 20 եվրո ավելացրեց: Դավիթին դա ոգևորեց: Նա մոտեցավ, որպեսզի վերցնի գումարը:
– Սպասիր, սպասիր, – կանգնեցրեց նրան պարոնը, – Տաբատդ հանիր:
– Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:
Պարոնն այնպես նայեց, որ ամեն ինչ պարզ էր: Դավիթը լուռ հանեց կոշիկներն ու տաբատը: Եվս 50 եվրո սեղանին հայտնվեց: Արդեն 80:
– Լողազգեստը, – ժպտաց պարոնը:
Թեկուզ ներքին մի ուժ վիճում էր Դավիթի հետ, այն միտքը, որ վայրկյաններ անց ամեն ինչ ավարտվելու է՝ թողնելով միայն 100 եվրո, ստիպեց նրան շարունակել: Հանեց լողազգեստը և հատակին նետեց:
Պարոնն անկուշտ հայացքով սկսեց ուսումնասիրել Դավիթին: Միայն այդ ժամանակ երիտասարդն հասկացավ, թե ինչ է կատարվում: Նա մի քանի վայրկյան էլ մերկ կանգնեց պարոնի առաջ` սպասելով վերջնական գումարին: Հաստատ որոշեց այլևս ոչ մի անգամ չկատարել խելագարի քմահաճույքները, սկսեց մեղադրել իրեն, որ 100 եվրոյի համար այսքան ցածրանում է: Պարոնը դրամապանակից 120 եվրո հանեց և դրեց մնացած գումարի վրա: