bannerbannerbanner
полная версияՍատանան մայրամուտին

Դօրիան ․
Սատանան մայրամուտին

Полная версия

– Կարող ես հագնվել և գնալ:

Դավիթն իրեն նվաստացած էր զգում, ցածր: Այդ պահին ատում էր իրեն ու փողը: Շտապ հագավ շորերը ու, գումարը գրպանը դնելով՝ դուրս եկավ սենյակից: Միջանցքում արդեն ճնշող զգացումները լքեցին նրան: Միայն այն էր պարզ, որ գրպանում 200 եվրո կա: Հենց վաղը առավոտյան կգնա խանութ ու հեռուստացույց կգնի: Ամենալավ հեռուստացույցը:

6. Բացթողնված զանգեր

Տիկին Սաթենիկն ուշադիր զննեց հեռուստացույցի էկրանի ներքևում գրված երեք տառը, որոնք ոչ այն է հայերեն էին, ոչ այն է՝ ռուսերեն, ու զարմանքով նկատեց.

– Վարսիկենց տելեվիզրից ա:

Ու Դավիթն ավելի մեծ հպարտությամբ լցվեց այն պատճառով, որ մոր կարծիքով՝ իրենց տանն էլ փողոցի ամենահարուստ մարդն համարվող Արտաշի` Վարսիկի ամուսնու հեռուստացույցից է դրված: Սաթենիկը մի պահ մոռացավ հարցերը, որոնք գուցե կտար ցանկացած մայր օրական 3000 դրամ վաստակող որդուն, ով որևէ թանկարժեք իր է տուն բերում: Նրան, իհարկե, հետաքրքիր էր, թե այս անգամ փողը որտեղի՞ց, ո՞վ է տվել, ինչի՞ համար: Աստված մի արասցե, որդին ճիշտ ճանապարհից շեղված լինի, խախտած մարդու կամ Աստծո կողմից գրված օրենքները: Բայց` սթափվելով, հասկացավ, որ ինչ հարց էլ տար, խաբված էր դուրս գալու: Եթե որդին շեղվել էր ճանապարհից, ոչ մի դեպքում չէր ընդունի դա: Սաթենիկը որոշեց թաքուն հետևել:

Տասը րոպե չկար, ինչ միացրել էին իրենց նոր ձեռքբերումը, երբ անտանելի գլխացավը նորից սկսեց տանջել Դավիթին: Աչքերն արցունքոտվում էին, ու արցունքների մեջից անհնար էր դառնում որևէ բան տեսնել: Նա մի քանի վայրկյան նյարդային թարթում էր կոպերը, արցունքները ցրվում էին ու աչքերի առաջ նորից ինչ-որ պատկերներ էին գալիս: Որոշեց վեր կենալ ու սենյակ գնալ, պառկել: Գուցե հոգնածությունն էր պատճառը, անքնությունը:

Սաթենիկը նկատեց, թե ինչպես է Դավիթը ճոճվում ոտքի վրա:

– Բալա, տե՞ղ է ցավում:

Ցավոք, Դավիթը ոչինչ չլսեց: Այժմ նա միայն խշշոցներ էր լսում, ինչպիսիք լինում են ջրի տակ: Համաչափ խշշոցներ, որոնք խլացնում էին մնացած ամեն ինչը:

– Դավիթ, – բղավեց Սաթենիկը` որդու հետ խոսելու վերջին ճիգն անելով:

Ու Դավիթն ընկավ հատակին: Սաթենիկը վեր թռավ տեղից ու դեպի որդին վազեց՝ չհասցնելով անգամ լաց լինել:

Երբ Դավիթը բացեց աչքերը, մայրն ու Վիգենը կողքին էին: Սաթենիկն արդեն հոգնել էր արցունքներից, Վիգենը` նրան սփոփելուց: Երկուսն էլ լուռ էին:

– Ի՞նչ է եղել, – հարցրեց Դավիթը, կարծելով, թե քնած էր:

Վիգենը խիստ հայացքով նայեց նրա վրա:

– Ե՞րբ ես վերջին անգամ հաց կերել:

Դավիթը լռեց: Վաղուց է, ինչ համարյա ոչինչ չէր ուտում: Օրերն այնքան արագ էին անցնում, նա չէր էլ հասցնում նկատել: Արդեն, անգամ, ուտելու կարիք չէր զգում: Մի պատառ հացն հերիք էր, որպեսզի կշտացած զգա իրեն, հագեցած: Թերևս, այդ զգացումին էլ խաբնվում ու օրերով ոչինչ չէր ուտում: Ինչ սկսել էին իր առողջական խնդիրները, չէր էլ կասկածում, որ դրանք մեկը մյուսի հետ կարող են կապ ունենալ: Վերջիվերջո, նա երբեք սոված չէր մնում, ինչպե՞ս դա կարող էր ազդել վրան: Սակայն Վիգենի այս հարցը, կարծես, իր բոլոր կասկածների պատասխանը դարձավ:

– Ի՞նչ հիմար հարց ա, Վիգ: Առավոտն եմ հաց կերել՝ գործի տեղը:

– Սուտ ես ասում: Մենք բժիշկ էինք կանչել:

– Ո՞նց, – զարմացավ Դավիթը, – Ո՞վ վճարեց: Շալվարիս գրպանում փող կա, մամ, տուր Վիգենին:

– Պրծի: Մի փախիր խոսակցությունից: Խելքդ հացի հե՞տ ես կերել… Վայ չէ, պիտի հաց ուտեիր, որ խելքդ էլ հետն ուտեիր։ Դու ինչո՞վ ես մտածում:

– Լավ էլի, Վիգ, մնում էր, որ դու գլխիս քարոզ կարդայիր:

– Որ ճիշտ բան ա ասում, ուրեմն քարո՞զ ա կարդում, այ բալա: Էս ի՞նչ ես քո հետ անում:

Ու Սաթենիկը նորից թրջեց աչքերը:

– Սաթիկ տոտա, մի քանի րոպեով դուրս կգաս, – դիմեց նրան Վիգենը, – Ես Դավիթի հետ պտի առանձին խոսամ:

Սաթենիկը ոչինչ չասաց: Վերկացավ ու դուրս եկավ` նույն խոհեմությամբ կատարելով Վիգենի խնդրանքը, ինչպիսի խոհեմությամբ կատարում էր ցանկացած խնդրանք:

– Բայց դու ինչ եզ դուրս եկար՝ մորդ էլ չես խղճում, – բարկացած՝ Դավիթին դիմեց ընկերը, երբ Սաթենիկն արդեն դուրս էր եկել ու իր հետևից փակել դուռը:

Դավիթը ոչինչ չպատասխանեց:

– Եթե պրոբլեմներ ունես, ասա: Մինիստր չենք, բայց էդքան էլ հավայի դեմքեր չենք, որ չկարանանք լուծենք: Էսքան վախտ մի հարց էղե՞լ ա, որ չենք լուծել: Մեղքս գալիս ես: Լուրջ եմ ասում, խղճում եմ քեզ: Չեմ հասկանում, թե խի՞, էլի: Վաբշե գլխումս տեղ չի անում: Պատճառը ո՞րն ա:

– Պատճառ չկա, Վիգեն: Ես էլ չեմ նկատել, թե ինչ եմ անում, չեմ հասկացել: Էս վերջերս էի ինձ վատ զգում, բայց չէի մտածում, որ քիչ ուտելուց․․․

– Չուտելուց, Դավիթ, ոչ թե քիչ ուտելուց: Հասկանու՞մ ես, որ էդ արդեն հիվանդություն ա: Արա, էրեխա էլ չես է, որ զոռենք, գլուխդ բան մտցնենք, գոռանք վրեդ: Եքա մարդ ես, խելքդ էլ գլուխդ ա, կարգին էլ հասկացող ես: Դավ, ինչ-որ բան էն չի՞:

– Վիգ, քո արև, թե ինչ-որ խնդիր կա:

Վիգենը նստեց բազկաթոռին, հայացքն առաստաղին ուղղեց ու խորը շունչ քաշեց:

– Ի՞նչ անեմ ես քո հետ:

– Ոչ մի բան էլ պետք չի անել: Խոստանում եմ, որ ամեն ինչ լավ կլնի:

– Գոնե գիտես, թե ինչքա՞ն դեղ ա նշանակել: Որտեղի՞ց իմանաս:

– Դեղ-մեղ չկա։

– Կա, էն էլ ոնց կա: Արդեն էնքան էս քեզ քայքայել, որ մենակ բթվելը չի օգնի: Հինգշաբթի օրն էլ ստուգման ես: Դե հաշվի, թե ինչքան ա վրեդ նստելու:

– Ես մի քիչ փող ունեմ: Բացի էդ կարելի ա հեռուստացույցը ծախել:

– Պրծի: Քանի կկարողանամ, ես կտամ փող: Որ չի լինի, նոր արա, ինչ ուզում ես: Հա, ու ոչ մի գիշերային աշխատանք: Էսօրվանից սկսած գիշերները քնելու համար են:

Վիգենը Դավիթի տաբատի գրպանից հանեց բջջային հեռախոսը ու նետեց նրա կողմ:

– Առ, զանգի զգուշացրու, որ էլ չես կարա աշխատես:

Դավիթը վերցրեց հեռախոսը ու կամուկացով միացրեց այն: Երեք բացթողնված զանգ: Երեքն էլ նույն համարից: Այն պարոնի համարն էր:

7. Երրորդը

Հեռուստացույցով երեկոյան սերիալների կրկնությունն էր: Դավիթը, թեկուզ դրանք չէր սիրում, բայց գիշերվա այդ ուշ ժամին այլընտրանք չկար` դիտում էր: Սաթենիկը վաղուց քնած էր: Մեկ ժամ առաջ արթնացել էր, հյուրասենյակ եկել ու նախատել որդուն չքնելու համար: Սակայն Դավիթն արդեն սովոր էր այդ ռեժիմին: Հանգցրել էր լույսը, հուսալով, որ գոնե այդպես քունը կտանի, բայց ապարդյուն: Նայում էր հեռուստացույցին ու ոչինչ չէր ընկալում: Մտքերը ցաքուցրիվ էին՝ ինչ-որ տեղ անցյալում: Մարմնավաճառուհու հետ ունեցած անհաջողությունը, հարուստ պարոնի վիրավորական պահանջների կատարումը, կորցրած աշխատանքը, հիվանդությունը: Կարծես թե ոչ մի լավ բան: Թերևս բացի այն նույն պարոնի զանգերից: Տեսնես ի՞նչ էր ասելու: Հավանաբար նորից «աշխատանք» էր առաջարկելու: Ամեն անգամ` հիշելով 16-րդ համարում կատարվածը, Դավիթը նվաստացած էր զգում իրեն, ցածր: Բայց այժմ ամեն ինչ փոխվել էր: Նրան մեծ գումար էր հարկավոր, իսկ աշխատանք չկար: Կասկածներն իրենց «այո»-ներն ու «ոչ»-երն էին հաշվում Դավիթի գիտակցության մեջ և շուտով «այո»-ի վրա կանգ առան: Երիտասարդը վերցրեց բջջայինն ու հավաքեց պարոնի համարը: Չնայած ուշ ժամին` պարոնը շուտ պատասխանեց:

– Քնած չէի՞ք:

– Ո՞վ է:

– Դավիթն է։

– Հա: Ինչպե՞ս ես:

– Ոչինչ: Ինչի՞ համար էիք զանգել:

– Ուզում էի հանդիպել հետդ:

– Հանդիպե՞լ: Ես էլ «Շյուղերում» չեմ աշխատում:

– Ի՞նչ է, ուրիշ տեղ չենք կարող հանդիպել:

Դավիթը երկար լռեց` մտածելով, թե ինչ պիտի պատասխանի:

– Դավիթ, – կանչեց պարոնը, որին զարմացրեց երիտասարդի հանկարծակի լռությունը:

– Հա:

– Ի՞նչ կասես:

– Կարող ենք հանդիպել: Ասեք հասցեն:

– Դու ասա հասցեդ:

– Էստեղ անհնար ա:

– Չէ, – քմծիծաղ տվեց պարոնը, – Ես քո ետևից կգամ:

Դավիթը թելադրեց հասցեն, անջատեց հեռախոսն ու սկսեց հաջորդ վարձատրման մասին մտածել: Պատկերացնում էր, թե ինչպես հապճեպ կկատարի պարոնի տհաճ կարգադրությունները, կվերցնի փողն ու նորից մարդ կզգա իրեն:

«Մոռացիր տհաճ զգացումները, Դավիթ, – կրկնում էր մտքում, – դրանք ընդամենը մի քանի րոպե են տևում: Ոչ ոք չի իմանում այդ խայտառակության մասին, միայն դու: Ոչ ոք քեզ չի կարող մեղադրել: Բացի այդ` ի՞նչ է արածդ: Հազարավոր մարդիկ են գումար վաստակում ստրիպտիզ պարելով ու, ինչն ավելի վատ է, մարմնավաճառությամբ: Իսկ դու ընդամենը մի մարդու, այն էլ տղամարդու մոտ հանվում ես: Մի՞թե դա կարող է ազդել մարդկային արժեքներիդ վրա: Քավ լիցի: Մտերիմների համար դու մնում ես նույն Դավիթը: Դու չես փոխվում: 10 րոպեի նվաստացումը քեզ մի ամբողջ կյանք է տալիս, օգնում, որ ավելի կարևոր լինես, ավելի լիարժեք, պետքական: Ոչինչ ձրի չէ»:

Նա մտքերով ընկած քնեց և արթնացավ Սաթենիկի ձայնից:

– Դավիթ, Դավիթ, վեր կաց:

Դավիթը դժվարությամբ բաց արեց աչքերը:

– Մամ, ի՞նչ ա եղել:

– Մի մարդ ա եկել: Շատ թանկ ավտոյով: Քեզ ա հարցնում, բալա, հել տես` ի՞նչ ա ուզում:

Դավիթն անհամբեր վեր թռավ տեղից ու պատուհանի մոտ վազեց: Բակում կանգնած էր մի շքեղ մեքենա, որի նմանները ինքն ու Վիգենը տեսնում էին ամսագրերում ու երազում, թե ինչպես են նստելու ղեկին: Դավիթի դեմքին ակամայից ժպիտ հայտնվեց: Երբ շրջվեց, պարոնն արդեն ներսում էր:

– Ի՞նչ եք անում ստեղ, – հանկարծակիի գալով` նրան դիմեց երիտասարդը:

– Դավիթ, – զարմանքով ու նախատիքով որդուն դիմեց տիկին Սաթենիկը:

– Բարև, Դավիթ: Եկա, որ միասին քննարկենք մեր աշխատանքը: Դուք խոստումնալից երիտասարդ եք և մեծ հեռանկար ունեք: Մեր կազմակերպության համար կարևոր է ձեզ նման աշխատակից ունենալը:

Դավիթն ապշած էր: Իհարկե, հասկանում էր, որ այդ ամենը մոր համար նախատեսված գեղեցիկ սուտ էր, բայց, ամեն դեպքում, մի տեսակ հպարտ զգաց իրեն, ու ցանկություն առաջացավ երախտագիտություն հայտնել պարոնին: Ժպտաց նրան: Պարոնը ժպտաց` ի պատասխան:

– Գնա փոխվիր, պիտի զրուցենք քո պայմանագրի մասին:

Դավիթը խորամանկ հայացքով պարոնին նայեց ու սենյակ գնաց: Սաթենիկը շտապեց օգտվել որդու բացակայությունից և հարցուփորձ անել պարոնին, զգուշացնել որդու խնդիրների մասին:

– Գիտեք, պարոն, Դավիթս հիվանդ է, չի կարող գիշերներն աշխատել:

– Հիվա՞նդ է, – վախեցած հարցրեց պարոնը:

– Հա: Երեկ ուշագնաց եղավ: Շատ թույլ է, հաց չի ուտում, չի քնում: Էդ ի՞նչ աշխատանք եք առաջարկում նրան:

– Անհանգստանալու կարիք չկա: Դավիթը հարմարավետ գրասենյակում է աշխատելու, ցերեկային ժամերին: Ես ձեզ խոստանում եմ ընդմիջումներին նրա հետ մեկ սեղանի շուրջ նստել և հետևել, որպեսզի լավ սնվի:

– Ախ, – հանգստացած հոգոց հանեց Սաթենիկը, – Փառք Աստծո, որ Ձեզ պես լավ մարդիկ էլ կան:

– Ի՞նչ եք ասում: Ես էլ հայր եմ ու գիտեմ, թե ինչ է նշանակում անհանգստանալ զավակի համար:

Այդ խոսքերի վրա սենյակ մտավ Դավիթը: Զարմացած էր: Կարծեց, թե պարոնը ստում է, որ հայր է: Ինչպե՞ս կարող են նրա նմաններն ամուսնանալ և երեխաներ ունենալ: Այդ պատմությունն էլ, երևի, իր մորն հանգստացնելու համար էր:

 

– Գնա՞նք, պարոն:

– Գնանք, Դավիթ:

Պարոնը ցտեսություն ասաց տիկին Սաթենիկին և դուրս եկավ: Մինչ Դավիթը հրաժեշտ կտար մորը, պարոնն ինչ-որ տեղ զանգեց և նստեց մեքենան: Դավիթը հետևեց նրան:

Մեքենան կանգ առավ շքեղ հյուրանոցի դիմաց, ուր աշխատանքի ակնկալիքով մի քանի ամիս առաջ դիմել էր Դավիթը և մերժում ստացել: Իսկ հիմա, ահա, նա այստեղ է որպես հյուր: Ի զարմանս Դավիթի` պարոնը չբարձրացավ համարներից մեկը, այլ ուղեկցեց իրեն հյուրանոցի ռեստորան և լավագույն սեղանի մոտ հրավիրեց («Շյուղերում» ունեցած փորձը բավական էր, որպեսզի Դավիթը հաշվեր սեղանի արժեքը):

– Ի՞նչ կպատվիրես:

– Դուք պատվիրեք:

Պարոնն արհամարհեց ճաշացանկը և մատուցողին խնդրեց շամպայն ու թխվածք բերել: Դավիթը տարակուսանքի մեջ էր: Նախքան այստեղ հասնելը մի բանի մասին էր միայն մտածում` թե երբ է ավարտվելու հանդիպումը և երբ է ստանալու բաղձալի վճարը: Բայց հանդիպումը, կարծես, ձգձգվելու էր:

– Սովորում ես, չէ՞:

– Հա, պարոն…

– Ալեք` Արսենյան Ալեք` «Ակապելլա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը:

– Հա, պարոն Ալեք, սովորում եմ:

Ալեքը ժպտաց Դավիթի անմեղ «պարոնի» համար: Դավիթն հասկացավ, թե ինչու է նա ժպտում:

– Ալեք, – շփոթված ինքն իրեն ուղղեց նա, – Ապագա տնտեսագետ եմ:

– Փաստորեն խելքը գլխին տղա ես: Ո՞նց ընկար էդ աղբանոցը։ «Շյուղերը» նկատի ունեմ:

– Աշխատանք էր պետք: «Շյուղերում» չէ, թող ուրիշ տեղ լիներ, թեկուզ ինչ-որ փախած մոթելում: Պիտի վճարեի՞ ուսման վարձը, թե` չէ: Էն էլ սենց ստացվեց` փողոցում հայտնվեցի:

– Հոգ մի արա, – պարոնը ցանկանում էր շարունակել, սակայն ինչ-որ մեկին նկատեց և ձեռքը նրա կողմը պարզեց: Դավիթը շրջվեց. լուրջ տեսքով մի տղամարդ էր` կոստյումով, սպիտակ մազերով, գործնական: Տղամարդը մոտեցավ նրանց, ձեռքով բարևեց երկուսին էլ և նստեց սեղանի առաջ:

– Նա՞ է, – դիմեց անծանոթն Ալեքին:

– Հա, ինքը, – պատասխանեց Ալեքը:

Քրտինքը Դավիթի ճակատին խփեց: Փաստորեն իրեն ներկայացնում են ինչպես Աստված գիտե, թե ում: Այլևս անհնարին էր փախչելը: Նա հարուստ տղամարդկանց խամաճիկին էր վերածվել, նրանց նոր զվարճալիքին: Եվ ինչպե՞ս նա չէր կռահում, որ պարոնը կանգ չէր առնելու իրեն մերկացնելով միայն: Ինչպե՞ս չէր կռահում, որ պահանջները գնալով ավելի ծանր ու վիրավորական էին դառնալու: Ուզում էր վերկենալ սեղանի առջևից, թքել այդ երկուսի վրա և հեռանալ: Բայց ներքին անհանգստությունը, անհարմարության զգացումն ասես գամել էին երիտասարդին աթոռին, կորցրել մտքերի մեջ, հեռացրել էին իրականությունից ու պահում էին այդտեղ՝ հյուրանոցի ռեստորանում:

– Դավիթ, պարոն Գաբրիելյանն իմ ընկերն ա, – դիմեց երիտասարդին Ալեքը:

Դավիթը խիստ հայացք նետեց Գաբրիելյանի վրա ու ոչինչ չասաց: Ալեքը զարմացած նրան նայեց:

– Ուրախ եմ, – առաջին քայլն արեց Գաբրիելյանը:

Դավիթը շարունակում էր լռել:

– Ես ուզում եմ, – նկատելով երիտասարդի ընկճվածությունը, շարունակեց Ալեքը, – Որպեսզի դու ստուգվես նրա մոտ: Մայրդ ինձ պատմեց, որ խնդիրներ ունես առողջության հետ:

Թեթևության զգացումը կամ, գուցե, Ալեքի հանդեպ անարդար գտնվելու միտքը ավելի ընկճեց Դավիթին: Արցունքներն հավաքվեցին աչքերի մեջ: Եթե միայն նա չլիներ այդքան անվճռական, կգրկեր Ալեքին, կլացեր ու ներողություն կխնդրեր այն բանի համար, որ տականք է, այն բանի համար, որ կորցրել է հավատն առ մարդկանց: Նա հազիվ կուլ տվեց թուքը:

– Շնորհակալ եմ, Ալեք:

– Դե: Պարոն Գաբրիելյանը կուղեկցի քեզ իր ընդունարան: Իսկ ես շտապում եմ:

Ալեքը գրպանից 20000 դրամ հանեց, թողեց սեղանին, ապա վերկացավ և թեթև խփելով Դավիթի ուսին, նշան արեց, որպեսզի նա էլ մեկ վայրկյանով հեռանա սեղանից, ցտեսություն ասաց Գաբրիելյանին ու սեղանից փոքր ինչ հեռու Դավիթին սպասեց: Դավիթը հետևեց նրան: Ալեքը ժպտաց:

– Վրադ գույն չկար, մտածեցի՞ր․․․

– Կներեք, պարոն։

– Լավ: Անցած լինի: Դու ինձ չես ճանաչում` իրավունք ունես: Անպայման գնա բժշկի հետ, ստուգվիր, քեզ բոլոր անհրաժեշտ դեղերը կտա ու ոչ մի դրամ չի պահանջի:

Ապա պարոնը դրամապանակից մի թղթադրամ հանեց և զգույշ` օտար հայացքներից խուսափելով, Դավիթի գրպանը դրեց:

– Տաքսիով տուն կգնաս:

– Ինչի՞ համար, պարոն:

– Չունենալը մեռնելու պատճառ չի, Դավիթ: Իսկ օգնելը․․․ Իսկ օգնելն ընդհանրապես պատճառներ չունի: Համենայն դեպս՝ իմ համար:

Ալեքը ձեռքով հրաժեշտ տվեց ու հեռացավ: Դավիթը չգիտեր, թե ինչ մտածեր: Ամեն ինչ չափազանց բարդ էր:

Рейтинг@Mail.ru