bannerbannerbanner
Խնդուն օրերի թույնը բոսոր

Էդուարդ Գրիգորյան
Խնդուն օրերի թույնը բոսոր

Полная версия

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրակ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ…

Եղիշե Չարենց


I

Մենք ընդառաջ էինք գնում միմյանց ուրախ, վստահ և վսեմ քայլերով։ Մենք ընդառաջ էինք գնում միմյանց, նախօրոք որոշված ու պայմանավորված փողոցով։ Մենք ընդառաջ էինք գնում միմյանց, միմյանց հանդիպելու անառարկելի միտումով՝ ոգևորված իրար տեսնելու հզորագույն ներքին տենչով։

– Ողջո՜ւյն, Ժան։

– Ողջո՜ւյն, Աննա։

Անցնելով մյուս մայթ` ես Էռնեստ Հեմինգուեի նման թևանցուկ արի Աննային ու մայթի արտաքին կողը թողեցի ինձնից հետո, հետո թեքվեցինք աջ ու բարձրահարկերի` սառը, գունեղ շենքերի արանքից, սրճարանային անուշ բույրը դիպավ ռունգերիս, ու գլխի ընկա, որ նորից ստիպված եմ լինելու սառնարանից թռցնել պառավիս ձվերն ու աղ դրած պանիրը, մինչև գյուղից որևէ բան ստանալս՝ «թռցնել»-ն այստեղ, ամենայն հավանականությամբ, արտահայտչական ձև է, քանզի պառավս շատ լավ տեղյակ է այդ մասին և ներողամտաբար հանդուրժում է իմ հարկադրված ավազակությունը, մանավանդ որ, ես չափը երբեք չեմ անցնում։ Տան վարձը տվել ու ամաչելու ոչինչ չունեմ, իսկ դուռն ամեն անգամ ամուր, բանալիով փակելուց հետո, շատ որոշակի կերպով հոգիս լցվում է հաճելի այն ենթագիտակցությամբ, որ գոնե մեկ ամսով, այդ ուրիշի բնակարանում ապրելու իրավունքն ունեմ։ Գյուղից ստանալիք երկու գլուխ ոչխարի պանիրն ու մի տոպրակ կարտոֆիլը լիուլի ինձ կբավականացնի մինչև աշուն, այնպես որ, ապրելու միջոց կա։ Ես դեռ կարող էի վսատահ լինել և հույսս դնել թոշակիս վրա, եթե այսքան ձրիակերների, կեղծ խոստումների ու պորտվեյններով առատ սրճարանների արանքում, թոշակս երեք քառորդով բարձր լիներ՝ բայց լավ է լինել հոգով հարուստ, կյանքը նվիրել արվեստին, ընծայաբերման կարգով պատկանել Աննային ու, վերջին ռուբլիանոցի հոժար ծախսումով, հեռու-մոտիկ զգալ Էլիզաբեթ Թեյլորի պիրկ իգությունը երկու կեսարների անկողիններում։

Մենք քայլում էինք գլուխներս բարձր, առույգ, ձեռքներս գրպաններում ամփոփած, այնքան գեղեցիկ, այնքան բարեկազմ, այնքան երիտասարդ ու առողջ, որ գլխապտույտ առաջացնող խելահեղ բավականությունն այդ տարածվում, անցնում էր լեռներ ու ձորեր՝ ի լուր աշխարհի, որ թարմ օդի շփումը ծխախոտի ծխից չսևացած առողջ թոքերիդ ու Աննայի ո՛չ հանկարծակի, ո՛չ իմիջիայլոց, գայթակղիչ գոյությունը կողքիդ՝ պատահական երևույթ չէ՛ր։

– Սա պատմվածքի սկիզբ չէ, – ասաց իմ ծեր բարեկամ Դանիելյանը, – սկսել պատմվածքն այդպես անհեռանկար ձևով, դա փակուղի տանող ճանապարհ է, ավելի քան համոզված եմ, որ շարունակելու մտադրություն չունես, որովհետև այլևս գրելու բան չկա՝ ասենք թե, կարող ես քամել, լավագույն դեպքում, ևս մի երկու պարբերություն, ու թերևս վերջ, ասելիքդ ասված՝ միտքդ շարադրված, իսկ պատմվածք, որպես այդպիսին, չկա ու չկա։

Ես նրան չէի հակադարձում, քանզի դա անիմաստ զբաղմունք էր, նա արդեն մտքում գծած ուներ իր տեսանկյունն ու նպատակասլաց շարժվում էր այդ ուղղությամբ, ինձ մնում էր սպասել մինչև կավարտի իր երկարաշունչ մենախոսությունն ու կկարողանամ իմ բաժին քսան կոպեկը ներմուծել պատկերն ընդհանրացնելու համար։

– Հիմա կասես, սա պատմվածք է ռոմանտիկ սիրո մասին, – շարունակեց նա իր մենախոսությունը, – և ամենևին գաղափար չունես անգամ, որ ռոմանտիկ սիրո հիմքում ընկած է սեռական անսահման կրքի հագուրդը, իսկ իմ համեստ կարծիքով, քո հերոսը, հաջորդ տեսարանում դրանով զբաղվելու ցանկություն բնավ չունի։ Առանց սեքսի սեր, դա ամենավատ տարբերակն է, քանզի սեքսը հեռացնում է աչքերիդ վարդագույն փառը և վերադարձնում մտածելու, ստեղծագործելու ունակությունը, չես հավատում ինձ, հարցրու ծերուկ Քիփլինգին, թե ի՞նչ կատարվեց այն պատանու հետ, որի առջև բաց էին նախորդ կյանքի հիշողության դռները, երբ նա հանկարծ սիրահարվեց։ Մյուս կողմից, անկողինն անշուշտ կգռեհկացներ քո պատմվածքը, քանզի քո շարահյուսությունն անտարակույս պոետիկ է, և մխտրել այն բիրտ տեսարաններով` ամենևին տեղին չէ, այնպես որ, շարունակիր գիրդ` տեսնենք ուր կբերի այն։ Միայն շատ եմ խնդրում, առանց այդ մերկանտիլ, հակամարդկային, ոչ մեկին պետք չեկող պոստմոդեռնիզմի, երբ հանկարծ, չգիտես ինչու, կպարզվի, որ քո հերոսուհին վհուկ է և կարողանում է ճախրել երկնքում։ Ես ատում եմ Ռավելին իր «Բոլերոյով», ով քանդեց այն ամենը, ինչ գնահատում եմ դասական երաժշտության մեջ, մասնավորապես, դանդաղ սոնատային սկիզբ, ռոնդո՛, հիմնական թեմայի կուռ զարգացմամբ՝ թախծոտ կամ ողբերգական տրամադրությամբ, այնուհետև հզոր, կուլմինացիոն կրեսչենդո և վերջապես` արագ, հանդիսավոր ֆինալ: Իմ սիրած հեղինակը Սարտրն է և նրա «Սրտխառնոց»-ը, ինչպես ես եմ հասկանում Սարտրին, երևի ոչ ոք ի վիճակի չէ ընկալել նրան, քանզի ես ծնվել և, ամենայն հավանականությամբ, կմեռնեմ այս անտանելի ռեժիմի օրոք, որը, սրտխառնոցից բացի, ոչինչ չի առաջացնում, և ես ողջ գիտակցական կյանքս ապրել եմ այդ զգացումով, մշտական սրտխառնոցի զգացումով՝ շատ լավ հասկանալով, որ ի զորու չեմ որևէ բան փոխել, իսկ Սարտրը սկզբում շատ լոյալ էր, ես կասեի, նույնիսկ սիրահարված էր իմ ապաշնորհ երկրի գաղափարախոսությանը, որտեղ մարդկային կյանքի գինը ձևավորվում է համաշխարհային պրոլետարիատի մեծ առաջնորդի ուղեղում։

Հեռախոսազանգն ասես փորձ արեց ընդհատել նրա մենախոսությունը, և դա սաստիկ զայրացրեց նրան։

– Ի՞նչ եք ասում, – քամահրանքով գրեթե գոռաց զանգող հեռախոսին։ – Զբաղված եմ, չե՛մ կարող, – հետո մոտեցավ լսափողին և մի ակնթարթ թվաց, թե այնուամենայնիվ կբարձրացնի ընկալուչը։ – Ո՛չ։ Չեմ կարող, զբաղվա՛ծ եմ, – շարունակեց գոռալ նա, – ի՞նչ եք ուզում, ես ձեզ հարյուր անգամ նախապես խնդրել, զգուշացրել եմ չզանգել` երբ զբաղված եմ։

Դա տևեց երկար։ Այնքան, որ հանգիստ կարող էր բարձրացնել ընկալուչն ու ազդարարել, որ ինքը սաստիկ զբաղված է և լսափողը երկար պահելու հնարավորություն չունի։ Հետո դարձավ ինձ։

– Գիտեմ` թե ո՞վ է։ Գիտե՛մ։

– Գուցե այնուամենայնիվ պատասխանեի՛ք, – ասացի ես։

– Հիմա՛, – ասաց նա։ – Հիմա՛, – մոտեցավ, քաշեց, արմատախիլ արեց հեռախոսալարը հիմքից ու կարծես հանգստացավ, վրայից մի հսկա բեռ ընկավ։

– Ահա՛, – շունչ քաշեց նա։ – Ահա՛, գրողը ձեզ բոլորիդ տանի։ Խմել ուզո՞ւմ ես, – թեքվեց նա ինձ։ – Հիմա՛, հիմա՛, – կռացավ, բացեց փոքրիկ պահարանն ու կոնյակ և երկու բաժակ հանեց։ – Դե՛, իհարկե, գնում կորչում և չեք երևում։ Երբ ծանոթացանք, կարծեցի, թե ահա այսպե՛ս կլինենք, այսպե՛ս…

Նա բացեց ձայնապնակների պահարանը ու, գտնելով անհրաժեշտ ձայնապնակը, մեկնեց ինձ։

– Ահա, նայի՛ր։ Կարծում էի` այսպես կլինենք, – ակնոցները հանելով` ժպտաց նա, ու հասկացա, որ արդեն տաս տարուց ավելի` կոշտ բան չէր դրել բերանը։ Հասկացա, երբ ժպտալիս նկատվեց, որ բերանում գրեթե ատամ չէր մնացել, իսկ կեղծ ատամներ չէր կրում։

Ես վերցրի ձայնապնակն ու նրա կազմին երկու տղամարդկային ձեռք և ջերմ ձեռքսեղմում տեսա։ Ծիծաղս զսպել չկարողացա, իսկ նա, երկու շիշ սառը լիմոնադը մի ձեռքում, բացիչն ու մի քանի սալիկ շոկոլադը մյուսում, լուռ կանգնած գլխավերևումս` հետևում էր։

– Դե՛, իհարկե, կարող ես ծաղրել ծեր մարդուս, – նա ինձ ճիշտ չհասկացավ, մեղավորը գուցե այն քառասուն տարին էր, որը մեզ բաժանում էր միմյանցից։

– Ոչի՛նչ, – շարունակեց նա։ – Ոչի՛նչ, երիտասարդ ես ու շատ բան չես հասկանում, կծերանաս` նոր կհականաս, թե ի՞նչ բան է իմ տարիքում քեզ հետ ընկերություն անելը։

Նա պահարանից լիմոնադի համար ևս երկու բաժակ ու շոկոլադի ափսե հանեց։ Բաժակների մեջ փրփրեց, ապա անմիջապես հանդարտվեց բավականին սառը լիմոնադը։ Կոնյակը վատը չէր։ Ես ինձ համար լցրի երկրորդ բաժինը, իսկ նա դանդաղ, կում-կում ներս էր առնում իր առաջին բաժինը։

Նրա զորակոչիկային տարիքն ուղիղ համընկել էր պատերազմի սկզբի հետ, որի մասին աշխատում էր լռել՝ հավելելով, որ ամեն ինչ այդքան հերոսական ու միանշանակ չէր, ինչպես պատկերվում են ֆիլմերում, հատկապես` Բեռլին մտնելուց հետո, երբ թույլատրվեց փոստային ծանրոցներ ուղարկել տուն։ – Սկսվեց տարերային, անկառավարելի մի քաոս, զանգվածային բռնաբարություններ ու թալան, չէին օգնում նույնիսկ բարձրագույն հրամանատարության հրամաններն ու տրիբունալի դատավճիռները՝ տեղի կանանց հետ «շփվելու» և թալանի արգելումները, քանզի բարձրագույն հրամանատարությունն ինքն էր վագոններով կրում-տանում գերմանական տոհմական դղյակների ու թանգարանների թանկարժեք գույքը։

– Պատերազմից վերադառնալուն պես, առաջին բանը, որ շրխկացրին երեսիս. դա այն էր, որ բնակարան այլևս չունեի։ Բարի մայրիկս, գցել-բռնելով, որ ինձ տուն այլևս հարկավոր չէ, քանզի պետությունն ինձ պարտավոր է ապահովել բնակարանով, մեր կենտրոնում գտնվող չորս սենյականոց բնակարանն անդարձ նվիրել էր իր անտուն բարեկամներին։ Ինձ ժառանգություն հասավ միայն` 1874-ին Բերի և Հերմանի տպարանում լույս տեսած, ամուր կաշվե կազմով և փղոսկրե առանձին թերթերին դրոշմված, Գուստավ Դորեի օֆորտներով ձևավորված, Դանթեի «Դժոխքը» և վերջ, իսկ այս բնակարանը կնոջս է, և նա ինձանից երկար է ապրելու, այդ անիծյալները միշտ երկար են ապրում, հետո ինչ, որ անհաջող է եղել մեր ամուսնությունը, նա իմ կինն է, և ապրում ենք միևնույն՝ նրա բնակարանում, ես այստեղ հյուր եմ, հյո՛ւր, կմեռնեմ ու ինձանից հետո լռություն և ամայություն միայն։ Ես դա քեզ պատմում եմ, քանզի հաստատ համոզված եմ, որ դու բառերի արանքում ընդունակ ես գտնել այն խորը ցավը, որն այրում է իմ հոգին և, եթե ես շեշտում եմ, որ ծնողներիցս ժառանգել եմ միայն «Դժոխքը», ուրեմն դա հենց այն է` ինչ եղել է իրականում։ Գուցե մի օր, հեռու ապագայում, կցանկանաս պատմվածք գրել մի մարդու մասին, ում վիճակված էր արծիվ ծնվել և ազատ ճախրել բարձր երկնքում, բայց որի թևերը կտրեցին՝ վերածելով նրան թշվառ, ընտանի կենդանու։

Առավոտից վիզս սաստիկ բռնվել ու ցավում էր, երևի գիշերը բարձը գլխիս տակից փախել էր ու հիմա, գայլի նման չէի կարողանում վիզս տարուբերել, ստիպված ամբողջ մարմնով էի թեքվում նրան լսելու համար։

– Ու մի օր, – անցնելով երկրորդ բաժին կոնյակին և ինձ շոկոլադ առաջարկելով, շարունակեց նա, – մի օր, երբ ծանոթ գտնելու հույսով բացեցի հեռախոսի գրքույկը, հասկացա, որ այս հսկա քաղաքում, բոլորովին մենակ եմ, որովհետև բազմաթիվ, հազարավոր համարների մեջ, չկարողացա գտնել այն մի հատիկ հարազատ համարը, որից կկարողանայի օգնություն և խորհուրդ աղերսել։

Մեկ սենյականոց նրա բնակարանը, որն իր ասելով պատկանում էր կնոջը, ու ինքն այնտեղ անմասն էր, կահավորված էր. ինչ կահավորանքի մասին կարող է խոսք լինել, եթե նրա ուշքն ու միտքը միայն երաժշտությունն էր։ Հեռավոր անկյունում՝ պատին մոտիկ, բազմոց-մահճակալն էր։ Կենտրոնում` սեղանը` իր երեք աթոռներով։ Ետին պատին, փոքրիկ զգեստապահարանը, ու վերջ։ Դիմացի պատն ամբողջովին նվիրված էր երաժշտությանը։ Ես ստիպված եմ ավելի հանգամանորեն ու մանրակրկիտ նկարագրել այն, քանզի հենց այդ պատի նկարագրման մեջ է թաքնված նրա ողջ էությունը։ Չարլի Փարքերի հսկայական աֆիշը` թվիդե լայնփեղկ պիջակով, սև վերնաշիկով ու նույն գույնի փողկապով, որտեղ նրա հայացքը սևեռված է սաքսաֆոնին՝ աստվածային հնչյուններ կորզելու պահին, ապակեպատ, նրբաճաշակ շրջանակով բոլորված՝ կախված է այդ պատի աջակողմյան մասում։ «Ինչու հատկապես Չարլի Փարքե՞ր, որովհետև հենց նա է, անկասկած, անսպառ ոգեշնչման աղբյուր հանդիսանում հարյուրավոր երաժիշտների համար»։ Նեղ-բարձր, ձայնային սարքավորումների համար նախատեսված դարակների առաջին հարկում, ունեցած ձայնապնակների զտված ընտրանին է, քանզի նա պահում է միայն այն ձայնապնակները, որոնք լսում է պարբերաբար, ավելորդը վաճառվում կամ փոխանակվում է։ Երկրորդ հարկում լամպային նախաուժեղարարն է, որը, սովորական տափակ ձայների փոխարեն, հնչեցնում է վառ և թափանցիկ գույներ, վերացնում ռեզոնանսային աղմուկներն ու այլ աղավաղումները` հագեցնելով երաժշտությունն անհամեմատելի հնչողությամբ։ Երրորդ հարկում վերջնական ուժեղարարն է` իր հրաշալի ձայնածավալով, այնուհետև կասետային դեքը և վերևում` նվագարկիչը։ Երկու կողմերից՝ անվակների վրա, եռաշերտ ակուստիկային սիստեմը՝ հսկայական բասերով, որի թանձր, ցածր հնչյուններն ասես ներխուժում են էությանդ մեջ և հնչում են այնտեղ՝ հեռու ներսում։ Աջ անկյունում, Չարլի Փարքերի տակ, ոչ բարձր գրապահարանն է, ու վերջ։ Հեռուստացույց նա չուներ։

 

– Ինչի՞ մասին ես մտածում, – երկար լռությունից հետո, հարցրեց նա։

– Ոչ մի առանձնահատուկ բան, հենց այնպես, – պատասխանեցի ես:

– Ես զգում եմ, որ դա «հենց այնպես» չէ, ասա՛։

– Կարծում եմ` պետք չէ՛։

– Պե՛տք է։ Ես զգում եմ, որ ինչ-որ բան քեզ տանջում է, տագնապեցնում, ասա՛, ազատվիր նրանից, – պնդեց նա։

– Չգիտեմ` ինչպե՞ս ձևակերպել, – ասացի ես։

– Խոսիր ուղիղ, ինչպես որ կա։ Միշտ էլ նախընտրելի է ճշմարտությունն ասել, որպեսզի խուսափես ստի մեջ թաթախվելուց և չտանջվես ժամանակի ընթացքում՝ հիշելով, թե ինչպե՞ս ես ստել, քանզի սուտը, հավատա ինձ, սովորություն ունի` վաղ թե ուշ ջրի երես դուրս գալու։

Ես երկար մտածում էի, ասե՞մ, թե՞ չասեմ: Հետո, իհարկե, ես զղջացի այդ մասին` համարելով բոլորովին անիմաստ և հիմար գաղափար, բայց մյուս կողմից, պետք էր ինչ-որ կերպ նշել իմ դիրքորոշումը այդ նուրբ թեմայի վերաբերյալ:

– Խոսակցություններ կան, որ դուք արվամոլ եք, – ասացի ես:

– Հա՜, – քմծիծաղ տվեց նա և ավելացրեց, – և դու միանգամից մտար թփերը՝ լյումպեն-խաժամուժ ասես, որպեսզի Աստված չանի, հանկարծ դա չանդրադառնա քո փսևդո-մտավորական կերպարի վրա, որը նկարում ես ինքդ քեզ համար, սակայն վախկոտ ես, ինչպես նապաստակը։ Ահա թե ինչու, այսքան օր չկայիր, կորե՛լ էիր։ Արվամոլի հետ բարեկամությունն, անշուշտ, պլաններիդ մեջ չէ՛ր մտնում:

Ես ոչինչ չպատասխանեցի, քանի որ դա անիմաստ էր, նա պատկանում էր այն մարդկանց թվին, որոնց ականջները փակվում են խոսելու ժամանակ, հրետանավորի նման, ով համազարկի ժամանակ բացում է բերանը արկի հարվածային ձայնը մեղմելու համար։ «Պետք է սպասել, մինչև նա կավարտի իր երկարաշունչ մենախոսությունը», – ասացի ես ինքս ինձ։

– Դու պետք է բոլորին գրողի ծոցն ուղարկեիր, – շարունակեց նա։ – Ի՞նչ իրենց շան գործն է, թե ում հետ ես ընկերություն անում, կամ ոչ։ Նախ թող լվանան նեխած գուլպաները, նախքան բերանները բացելն ու երկար քիթն ուրիշի կեղտոտ ներքնաշորերի մեջ խոթելը՝ դա հենց այնպես, որպես նախերգանք, իսկ հիմա` ինչ վերաբերում է ինձ, ո՛չ, ես արվամոլ չեմ, ես սիրում եմ կանացի գեղեցկությունն ու կին ընդհանրապես՝ տղամարդկանց նկատմամբ ոչ մի հակում չունեմ, բայց դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ քո արարքը զզվելի է։

Նա խորը շունչ քաշեց։

– Լռում ես, որովհետև ասելիք չունես, – ասաց նա և ինքն էլ պատասխանեց, – Իսկ ի՞նչ կարող ես ասել քո արդարացման համար, թե ինչպես էիր դողում թփերո՞ւմ:

– Իսկ այն, որ առավոտից ձեզ մոտ եմ, կարդում եմ իմ պատմվածքը, հենց ձեզ և ուրիշ ոչ մեկին, դա ոչինչ չի նշանակո՞ւմ:

– Ես չգիտեմ, թե ինչ է դա նշանակում, – ուսերը թոթվեց նա։

– Դա նշանակում է, որ ես թքած ունեմ, թե ով` ինչ է մտածում ձեր մասին։ Ինձ ամենևին հետաքրքիր չէ՛, դուք կի՞ն եք սիրում, թե՞ տղամարդ, ես պարզապես ուզում եմ ձեզ ասել, որ ձեր մտավորական կեցվածքը, ձեր հագնելաձևը՝ պարանոցային թաշկինակներն ու երգեցիկ վանկը, հավելումս այն, որ հրաժեշտ տալիս, համբուրում եք բոլոր կանանց ձեռքերն անխտիր՝ արժանի-անարժան, բնութագրվում և կարդացվում է աղճատված, ոչ միանշանակ, և ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ձեզ տեղյակ պահել այդ մասին, որպեսզի խոզերի առջև մարգարիտներ չփռեք այլևս։

– Դու կարծում ես, որ ես տեղյակ չե՞մ այդ մասին: Դու ենթադրում ես, որ կբացես իմ աչքերը, և ես կդադարեմ պարանոցային թաշկինակներ կրել և համբուրել կանանց ձեռքե՞րը։

– Ես դա չեմ ասում։

– Ո՛ չ, խելոքս, դու հենց դա ես ասում։

– Դժվար է ձեզ հետ, – ասացի ես։

– Իհարկե, դժվար է, – չարախնդությամբ ժպտաց նա։ – Հեշտ է նրանց՝ այն կենսազանգվածի հետ, որը նման լուրեր է տարածում և խոսում է պարզունակ, միատարր բարբաջանքով:

– Ծխախոտ ունե՞ս, – մի փոքր անց, հարցրեց նա։

– Ես չե՛մ ծխում, – պատասխանեցի ես։

– Իհարկե՛։ «Չե՛մ ծխում», կարող էիր ասել չունեմ, և վերջ։ Այդպես է, հնչած հարցը միշտ երկրորդական է, պատասխանում կարևորը ինքնագովերգումն է։ Փող ունե՞ս։

– Ունե՛մ։

– Փա՜ռք Աստծո։ Ինձ տասնհինգ կոպեկ տուր, կվերադարձնե՛մ, երկու օրից կենսաթոշակս եմ ստանալու։

Ինձ նրա տասնհինգ կոպեկը հարկավոր չէր, բայց նման բան ասել, նշանակում էր նոր պատերազմ։

– Գնացի՛նք, – ասաց նա։

– Ո՞ւր, – չհասկացա ես։

– Գնացինք։ Հիմա կտեսնես, թե տասնհինգ կոպեկով ինչպե՞ս եմ կարողանում վաթսուն կոպեկանոց ծխախոտ ստանալ։

– Ինչպե՞ս, – հարցրի ես։

– Կտեսնե՛ս։

Մենք դուրս եկանք փողոց։ Առավոտից անձրև էր մաղում՝ ոչ այն անձրևներից, որոնք ստիպում են անհապաղ վազել և շտապ կերպով որևէ թաքստոց կամ ծածկ գտնել գլխավերևում՝ ծայրահեղ դեպքում հովանոց ծածանել, թեև իմ բնակելի միջավայրում, մենակ տղամարդը` հովանոցով, առանց կնոջ, որի առկայությունը տղամարդուն թույլ է տալիս ձեռքում հովանոց պահել՝ բացառապես տիկնոջ գլխին, կամ հովանոցի թույլատրելի չափսերի դեպքում՝ նաև լինել համատեղ ընդհանուր ծածկի տակ, և ոչ մի դեպքում այլ կերպ՝ դա վատաբարո, անվայելուչ տեսարան է։ Այս կողմերում մարդիկ ծնվում և մահանում են իրենց նախապաշարմունքներով և սնահավատությամբ, իրենց պատվի և արժանապատվության օրենսգրքով, որը ոչ մի տեղ գրված չէ, բայց հայտնի է ծննդյան օրից ի վեր, և անհետանում, թողնում է քեզ լիովին, երբ ազատվում ես այդ համընդհանուր օրգանիզմից, նույնաձև, ինչպես երամի յուրաքանչյուր թռչուն, որը միայնակ՝ երամից զատ, երբեք չգիտի չուի ճանապարհը։

Դիմացի կինոթատրոնի նախասրահում, ավտոմատ խաղեր էին տեղակայված։ Կինոթատրոնում ինչ-որ արևմտյան ֆիլմ էին ցուցադրում, և հոծ բազմությունը` խռնված տոմսարկղերի առջև, գոռում-գոչյուններով և ձեռքից ձեռք թռցնելով կանաչ տոմսակները, անխնա իրար հրում-հրմշտում էր։ Ձեռք բերած տոմսերով, հարկավոր էր ձախ և մի փոքր վեր բարձրանալ աստիճաններով, այնուհետև այն ներկայացնել ավտոկանգառի պահակատուն հիշեցնող, փոքրիկ սենյակում նստած ստուգող-հսկիչին, ու նոր միայն… սակայն վերջինս, անվրդով ունկնդրում էր գոռգոռացող և թևի ժամացույցը շեշտող մորուքավոր երիտասարդի խռպոտ, անկանոն բացականչությունները։ Խոսակցության բեկորներից հասկացվեց, որ մորուքավորին ոչ թե ֆիլմն էր հետաքրքրում, այլ ներսում գտնվող զուգարանը, որն այցելելուց հետո, կարելի էր անարգել թափանցել կինոսրահ և անխռով դիտել ցուցադրվող ֆիլմը, այդ իսկ պատճառով շեշտում էր ձեռքի ժամացույցը` որպես գրավական, սակայն հսկիչը համաձայն չէր՝ ըստ երևույթին փչացած ժամացույց էր։ Ըմբռնելով իրավիճակի անելանելիությունը` երիտասարդն արագորեն հանեց մաքուր, կոկիկ արդուկած թվիդե բաճկոնն ու, նետելով հսկիչին, ուժով ներս խցկվեց։ Հսկիչը փորձեց վազել նրա ետևից, բայց իրավիճակից կարող էին օգտվել ուրիշները, և թվիդե բաճկոնն էլ կարծես վատը չէր։

Դիմացի պատին մոտիկ, որտեղ ճանաչված դերասան-դերասանուհիների գունավոր նկարներն են փակցված, ապակեպատ, թափանցիկ մի արկղ էր տեղակայված, որում գտնվող զանազան իրերը, կարելի էր դուրս կորզել տասնհինգ կոպեկանոց մանրադրամի ծախսումով։ Դանիելյանը փող մանրողին ցույց տվեց բռան մեջ շիկացած տասնհինգ կոպեկանոցը` հասկացնելով, որ մանրելու կարիք չունենք։ Դիմացի երիտասարդն այնպիսի հայացքով նայեց վրաս, կարծես ամեն ոք, ով մուտք է գործում այս տարածք, պետք է ամպայման ծանոթ լինի իրեն։ Դանիելյանն անխռով մոտեցավ արկղին, գցեց մանրադրամը, ապա սեղմելով կոճակը, սևեռուն կերպով սկսեց կառավարել մագիլներ հիշեցնող բռնակը։ Նրա բռնակը շատ դանդաղ առաջ էր գնում, հետո կանգնում ու նորից շարժվում էր ցանկալի ուղղությամբ։ Այդ ավտոմատում նման բան բացառված էր ի սկզբանե, բայց նա, ինչ-որ անհասկանալի, մոգական ուժով, կարողանում էր շրջանցել այդ արգելքը։ Ես զարմանքով նայում էի նրան, իսկ նա ուշադիր կենտրոնացած էր ծխախոտատուփի ու մեկ էլ բռնակի վրա։ Նա բռնակն իջեցրեց ուղիղ այնտեղ, ուր իրար կպած երկու ծխախոտատուփ էր տեղադրված։ Մագիլները ճանկեցին երկուսն էլ ու շարժվեցին դեպի արտաքին դուռ ունեցող պահարանը, որը բացելուց հետո ծխախոտը մերն էր, բայց կես ճանապարհին մեկը վայր ընկավ, իսկ մյուսը բարեհաջող տեղ հասավ։

– Թո՜ւհ, ես քո, – բացականչեց նա, ապա ավելացրեց, – ոչի՛նչ, մեկն էլ բավական է։

– Ինչպե՞ս ստացվեց, – չհասկացա ես։

– Ի՞նչը, – հարցրեց նա։

– Այն, որ շարժվում, հետո կանգնում ու նորից շարժվում էր։

– Ա՜, – ծոր տվեց նա, – Իմ մեթոդն է, օգտվում եմ, երբ դրամս վերջանում է։

Մենք դուրս եկանք կինոթատրոնից։ Անձրևը դադարել էր, այլևս չէր մաղում: Մենք քայլում էինք` շրջանցելով անձրևից հետո առաջացած բազմաքանակ ջրափոսերը։ Մեր կողքից դանդաղորեն, երթուղային տաքսու նմանվող մի ավտոմեքանա անցավ, ու ես հասցրեցի նկատել, որ ներսում գտնվողներն անխտիր սևազգեստ տղամարդիկ էին՝ ծխախոտի ծխով շղարշված, որոնք անընդհատ, անհասկանալի ամպլիտուդայով ճոճվում և ձեռքերի ագրեսիվ շարժում-թափահարումներով վիճում էին միմյանց հետ։ Իմ հարուստ երևակայությունն ուզում էր կառչել այդ տեսարանից և զարգացնել ապագա պատմվածքիս համար՝ հետաքրքիր նյութ որպես, բայց չգիտես ինչու, հրաժարվեցի այդ մտքից և ուղղակի, մեր զրույցը շարունակելու համար, ասացի։

– Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է անձրևից հետո հողը բուրում։

– Հողը երբեք չի բուրում, – առարկեց նա, – որոշ բույսեր, չորային ժամանակահատվածում արտադրում են յուղեր, որոնք կլանվում են կավահողի կողմից։ Անձրևների ժամանակ, այդ յուղերը խառնվում են ջրին` ստեղծելով աէրոզոլ, որը և բարձրանում է օդ՝ տարածելով այդ բնորոշ բուրմունքը, – բացատրեց նա և ավելացրեց, – իսկ դու գիտեի՞ր, որ XVII դարում Մեծ Բրիտանիայում օրենք էր ընդունված անձրևի մասին, ըստ որի, անձրևի սխալ կանխատեսման համար, օդերևութաբանին մահապատժի էին ենթարկում։

– Ո՛չ։ Ես դա չգիտեի, – պատասխանեցի ես։ – Խե՜ղճ օդերևութաբան։

– Ոչ մի խեղճ, ոչ մի բան։ Թող քիթը չխոթեր այնտեղ, որտեղ իր տեղը չէր:

– Օդերևութաբան չեն ծնվում, – հակադարձեցի ես: – Դա մասնագիտություն է, սխալվելով են սովորում, իսկ այս դեպքում, նրան զրկել են սխալվելու իրավունքից, և անմիջապես կառափնարան, դա բոլորովին էլ արդար չէ:

– Բանն էլ հենց այն է, որ օդերևութաբան ծնվում են, և հետքագետ նույնպես ծնվում են, չի կարելի արթնանալ մի գեղեցիկ օր և ասել` ես ուզում եմ դառնալ հետքագետ կամ բանաստեղծ, դա Աստծո պարգև է, որը չի բաժանվում ում պատահի։ Առաջընթացը՝ պրոգրեսը, որը դու նկատի ունես, միայն ժամանակակից դատարկ խոսք է, ներկայիս մարդն իր արժեքներով շատ ավելի ցածր է, քան վերածննդինը, և դա անառարկելի փաստ է. ցույց տուր ինձ հիմա Լեոնարդո կամ Միքելանջելո:

– Աշխարհը զարգանում է պարույրաձև և ոչ թե ուղղահայաց։

– Հենց այդպես։ Կա սահման, որից բարձր չես ցատկի։

– Իսկ դրա ցանկությունը միշտ կա, – նկատեցի ես։

– Որովհետև երիտասարդ ես, և դա հրաշալի է։ Բայց գիտցիր մի բան, որ ինչ էլ անես, քեզանից առաջ, ինչ-որ մեկն արդեն արել է, հիմա դու կասես` Իսկ Նյուտո՞նը, չէ՞ որ նա է տվել այն, ինչ իրենից առաջ երբեք չի եղել։ Նյուտոնը ոչինչ չի տվել, նա պարզապես առաջինն է կռահել և գրի առել այն երևույթը, որը ստեղծվել է աստվածային ուժով, Նյուտոնը չէ, որ ստիպել է խնձորին վայր ընկնել, և ոչ թե հակառակը՝ վեր խոյանալ: Այն, ինչ անձեռակերտ է՝ հոգևոր է, այն, ինչ ձեռակերտ է` ստեղծված է մարդու ձեռքերով, զուրկ է հոգևորից, բացի պոեզիայից, երաժշտությունից ու գեղանկարից, բայց այնտեղ մի մոռացիր, որ բուն սկիզբն է աստվածային, նկարիչը միայն կապում է այն գծերը, որոնք նրան գծում է Ամենաբարձրյալը։

Ես սաստիկ տխրեցի նրա բոլոր այդ խոսքերից։ Ես չէի կամենում վեճի բռնվել իմ երիտասարդական մաքսիմալիզմով և մտածեցի, – մի՞թե ես էլ նրա տարիքում, նրա նման թերահավատ, սկեպտիկ եմ լինելու: – Նա, կարծես, կարդաց իմ մտքերը և ասաց։

– Դատարկ բան է այս ամենը, ապրիր և վայելիր կյանքը, և դա կլինի ճիշտը, – իսկ հետո ժպտալով հարցրեց, – Ես իսկապես նման եմ արվամոլի՞:

– Եթե հաշվի առնենք ձեր հիգիենիկ տեսքն, ու թե ի՞նչ թանկ պարֆյումով եք բուրում, միանշանա՛կ, – խայթեցի ես։

– Խայթո՞ւմ ես, – աչքերը կլորացնելով ու տարակուսանքով զարմացավ նա։

– Իհարկե՛, – պատասխանեցի ես: – Միայն ձեզ չի տրված խայթելու իրավունքը:

– Կորիր գրողի ծոցը, – քամահրեց նա։

Рейтинг@Mail.ru